Պահոց | 4:58 ե.

ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿԻ

8 Հկտ

Որպեսզի ներկան դառնա ապագա, անցյալի պահանջն ունի: Գալիքը, մեղմ ասած, անհատի մասնավոր ուտոպիան է:
Որքան էլ զզվելի լինի ձեր վիճակը, ջանացեք դրա համար չմեղադրել արտաքին ուժերին՝ պատմությանը, պետությանը, ղեկավարությանը, ցողին, ծնողներին, լուսնի փուլերին, մանկությանը, գիշերանոթի վրա անժամանակ վայրէջքին և այլն: Ճաշացանկը ընդարձակ է ու ձանձրալի, և այդ ընդարձակն ու ձանձրալին բավականին վիրավորական են, որպեսզի վերականգնեն բանականությունն ընդդեմ դրա կիրառման: Այն պահին, երբ դուք մեղքը բարդում եք ինչ-որ մեկի վրա, դուք ոչնչացնում եք ինչ-որ բան փոխելու ձեր սեփական վճռականությունը:
Կյանքն այնպիսին է, ինչպիսին այն կա՝ ոչ թե պայքար Լավի ու Վատի միջև, այլ Վատի և Սարսափելիի: Եվ ներկայումս մարդկային ընտրությունը կատարվում է ոչ թե Բարու և Չարի, այլ ավելի շուտ Չարի ու Սարսափելիի միջև: Մարդկության խնդիրն այսօր դրդում է նրան, որպեսզի բարի մնան Չարիքի թագավորությունում, և ոչ թե դառնան հենց դրա՝ Չարի կրողը:

Ինչու՞ է եկել Սարկոզին

8 Հկտ

Հենց այն օրերին, երբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եվրագոտու ճակատագրի մասին թեժ քննարկումներ էր վարում, փորձում էր հարթել արտաքին ու ներքին խնդիրների կուտակումները, իսկ Ֆրանսիայում սպասվող նախագահական ընտրությունները հավելյալ լարվածություն էին հաղորդել ընդհանուր վիճակին, հանկարծ նա որոշում է պետական այցով ժամանել Հարավային Կովկաս։ Իհարկե, այցը նախապես ծրագրված էր, այլ ոչ թե ֆորսմաժորային: Իհարկե, կովկասյան երեք երկրներում էլ կգտնվեին հրատապ թեմաներ, որոնց շուրջ արժեր վերաբերմունք դրսևորել: Սակայն առաջին իսկ ժամերից հստակ դարձավ, որ նրա այցի առացքային պետությունը Հայաստանն է լինելու, և ոչ միայն այն պատճառով, որ ժամանակային առումով նա ավելի երևար պիտի գտնվեր Երևանում, քան Թբիլիսիում ու Բաքվում, այլ որովհետև կարևորության սանդղակը ի սկզբանե ձևավորված էր՝ ելնելով այն հանգամանքից, թե դա որքանով նշանակություն կունենար հենց անձամբ Սարկոզիի համար: Այժմ յուրաքանչյուրին տարբեր կերպ է ներկայանում այս այցելությունը: Սակայն կան մտադրություններ և պատկերացումներ, որոնց հարցում շատերն են համակարծիք, իսկ ֆրանսիական կողմը դրանք նույնիսկ չի էլ թաքցնում: Ի դեպ, այդ ենթադրությունները հաստատվում են Սարկոզիի՝ հայաստանյան յուրաքանչյուր ելույթից հետո, որոնք շարունակում են հաճելիորեն զարմացնել և միևնույն ժամանակ որոշ հարցերի շուրջ մտորելու տեղիք են տալիս:
Թեև նախապես նշվում էր, որ Սարկոզիի այցի ընթացքում նաև տնտեսական բնույթի խնդիրներ կարծարծվեն, սակայն, ինչպես տեսնում ենք, դրանք անթաքույց կերպով մղվել են երկրորդ պլան և համարյա թե չկան իրենցից որոշակի լրջություն ներկայացնող գործարքներ ու պայմանագրեր: Փոխարենը աշխարհի համարյա բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները միաձայն արձանագրում են, որ Ֆրանսիայի նախագահը Հարավային Կովկաս այցելել է խաղաղությանը նպաստելու և դրանով իսկ հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ սեփական վարկանիշը բարձրացնելու համար: Իբրև առաջնաքայլ, Սարկոզին այժմ փորձում է արտաքին քաղաքական հարցերում հաջողակ գործչի տպավորություն ստեղծել, որը նրան հնարավորություն կտա դրականորեն տարբերվել նախագահի մյուս և առաջին հերթին՝ սոցիալիստ թեկնածուից: Հիշենք, որ անցած ամիս Լիբիա կատարած Սարկոզիի այցը ևս պատահական չէր և վկայում էր այն մասին, որ Սարկոզիի համար որոշակի նշանակություն ունի՝ իր միջազգային լուրջ դերակատար լինելը ցուցադրելու առումով: Իսկ այս ձգտումներն իրենցից մի տեսակ կոմպեսացիոն գործընթացներ են հիշեցնում: Գաղտնիք չէ, որ Սարկոզին սեփական երկրի ներսում այդքան էլ մեծ աջակցություն չունի և ուրեմն ստիպված է իր իմիջը բարձրացնել գոնե արտաքին քաղաքական դաշտում: Ավելորդ չէ նաև հիշել, որ ընդամենը երկու շաբաթ առաջ, Ֆրանսիայի 5-րդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ, Սենատի ընտրությունների ժամանակ հաղթանակ տարան սոցիալիստները, ինչը համարվեց հարված անձամբ Նիկոլա Սարկոզիի հեղինակությանը:
Այս պարտության հանգամանքներում 500 հազար ֆրանսահայերը կարծես թե որոշակի դերակատարում էին ունեցել: Դա են վկայում անցած և ներկա իրադարձությունները: Երբ ամիսներ առաջ Սարկոզիի ջանքերով Ֆրանսիայում չընդունվեց Ցեղասպանությունը ժխտելը քրեորեն պատժելի համարող օրինագիծը, հայերը նրան ուղղակի սպառնացին, որ չեն արժանացնի ոչ մի քվեի: Այս հանգամանքից անիջապես օգտվեց Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Հոլանդը, ով իսկույն հայտարարեց, թե հանդես է գալիս ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը Սենատի օրակարգ բերելու նախաձեռնությամբ: Նիկոլա Սարկոզիի գլխավորած «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության ներսում դա մի իսկական իրարանցում հարուցեց: Եվ ահա ընդամենը 3 օր առաջ իշխանական կուսակցության պատգամավորները նախ հայերին հիշեցրեցին, որ նախորդ քվեարկության ժամանակ Սենատում սոցիալիստները դեմ էին հանդես եկել նշված օրինագծին՝ դրա հետ մեկտեղ ցանկանալով Թուրքիային դարձնել Եվրամիության անդամ, իսկ այնուհետև ասացին, թե սոցիալիստների կողմից այդ հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ դեմագոգիա և պոպուլիզմ։ Եվ որպեսզի ֆրանսահայերը, նրանց բառերով ասած, չընկնեն սոցիալիստների լարած թակարդը, ապա լավ կլինի, եթե ընկնեն Սարկոզիի թակարդը, ինչն էլ վերջինս գերազանց կատարեց՝ Երևանում հայտարարելով, որ Թուրքիային երեք ամսվա վերջնաժամկետ է տալիս՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար:
Թուրքական լրատվամիջոցներն այժմ բավական ակտիվորեն և հիվանդագին որակումներով են լուսաբանում Սարկոզիի հայաստանյան այցը՝ մատնանշելով այն նույն փաստարկներն, ինչի մասին ասացինք: Իսկ փորձագետների գնահատամամբ, և Հայաստանում ասածը, և Վրաստանում ու Ադրբեջանում ասվելիքը որևէ կերպ չեն վնասի Սարկոզիին, մինչդեռ ապրիլի 22-ին նախատեսված ընտրություններից առաջ կարող են բարձրացնել նրա վարկանիշը: Ճիշտ է, այս պահին, ըստ սոցհարցումների, նրա մրցակից Հոլանդի ժողովրդականությունն ավելի բարձր է, բայց, ինչպես գրում է թուրքական «Ihlas»-ը, Սարկոզիի` Հայաստան կատարած այցը պետք է դիտել որպես պատասխան գրոհ իր հիմնական մրցակցին:
Այստեղ ավելորդ չէ նկատել, որ եթե ցեղասպանության և թուրքական թեմատիկայի առումով Սարկոզին առավել քան առատախոս է, ապա Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում նա սահմափակվեց սոսկ ընդհանուր կարգի ձևակերպումներով, ինչը վկայում է, որ նման գերխնդրի հանգուցալուծում Ֆրանսիան առայժմ չի պատրաստվում ստանձնել: Նույնիսկ այցի նախօրեին միջազգային լրատվամիջոցները թերահավատությամբ նշեցին, որ հարցական է, թե արդյոք Սարկոզին ընդհանրապես կխոսի՞ Ղարաբաղի խնդրի շուրջ սեփական դերակատարության մասին, քանզի ԵՄ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ կողմնակից են Մինսկի խմբի շրջանակներում հարցի լուծմանը. «Դժվար թե ինչ-որ էական կամ նոր բան ասի Սարկոզին»,- նկատել էր պարբերականներից մեկը և չէր սխալվել: Այս նույն՝ սակավախոսության ոգին նա ամենայն հավանականությամբ կպահպանի նաև Բաքվում՝ առավել ուշադրություն հատկացնելով էներգակիրներին ու տնտեսական համագործակցությանը: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա արժե արձանագրել այն տարածված տեսակետը, թե Վրաստանի իշխանությունները դիտավորյալ «մեծ սպասումներ» են ստեղծում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցի հետ կապված: Բան այն է, որ հաջորդ տարի այդ երկրում ևս խորհրդարանական ընտրություններ են լինելու, նախընտրական արշավն արդեն սկսվել է ու Վրաստանի ղեկավարությունը հենց սեփական նախընտրական նպատակներով էլ գովազդում է Սարկոզիի այցը: Վրացիները նույնիսկ սրտի ցավով խոստովանեցին, որ Սարկոզին առավել կարևորում է Հայաստան այցելությունը: Այժմ մնում է սպասել ու տեսնել, թե դրանից ինչ կշահի Հայաստանը և ինչ կշահի Սարկոզին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: