Պահոց | 11:58 ե.

Ռուսաստանը թայմ-աու՞թ է վերցնում

6 Հկտ

Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին Փառքի շքանշանով պարգևատրելու մասին: Ասվում էր, որ Մեդվեդևն այդ գնահատանքին արժանանում է երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերի ամրապնդման, Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային ռազմավարական հարաբերությունների խորացման ու ընդլայնման, ինչպես նաև խաղաղության և միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար: Այս ամենը և հասկանալի էր և միևնույն ժամանակ անսպասելի՝ պահի ընտրության իմաստով: Նման պարգևատրումն ավելի շատ հիշեցրեց մի իրավիճակ, երբ որևէ մեկին վաստակած հանգստի ուղարկելուց առաջ մեծարում են նրան և իբրև ջանքերի փոխհատուցում կրծքանշան փակցնում պիջակի ձախ գրպանին: Իսկ գուցե ամեն ինչ հենց այդպես էլ կա՞: Ըստ էության այն պահից ի վեր, երբ հայտարարվեց Ռուսաստանի հաջորդ նախագահի թեկնածուի անունը, Մոսկվայի հայաստանյան քաղաքականության մեջ վրա հասավ մեդվեդևյան փուլի ավարտը՝ իր տեղը զիջելով հարկադիր մի դադարի, որից խուսափելն անհնար է: Այդ վերջնագիծն ու թայմ-աութը երկու բացատրություն ունեն: Առաջինը պայմանավորված է Ռուսաստանում նախընտրական շրջանի մեկնարկով, իսկ երկրորդն այն հանգամանքով, որ թեպետ Մեդվեդևն իսկապես ցանկանում էր ամեն գնով մոտեցնել ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը, սակայն արդյունքը ստացվեց սպասվածի ճիշտ հակառակը: Արհեստական արագացումը ոչ միայն շփման գծում իրավիճակի լարվածություն բերեց, այլև կողմերը կոշտացրին իրենց դիրքորոշումները: Իսկ այստեղ միայն համառությամբ կամ ազնիվ մղումներով առաջ շարժվել չէր ստացվի:
Ասվածի տրամաբանական ելքը օրերս հաստատվեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարությամբ: Համաձայն այդ աղբյուրի, մինչ տարեվերջ ՌԴ-ի միջնորդությամբ ԼՂ հարցով ոչ նախագահների, ոչ ԱԳ նախարարների մակարդակով որևէ հանդիպում նախատեսված չէ: Որպես մխիթարանք, Լուկաշևիչը նաև հավելեց, թե ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խնդրի կարգավորման ուղղությամբ ակտիվ բանակցություններ են վարում, սակայն վերջին միտքը կարելի է ընկալել իբրև գործընթացի ցանկալի ծրագիր և ոչ ավելին:
Անուղղակի կերպով ռուսական անհաջողության մասին այսօր թափանցիկ ակնարկներ են հնչում նաև ԵԱՀԿ-ից՝ կանխորոշելով առաջիկա դադարը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը թեև կարևորել է հակամարտող կողմերի միջև փոխզիջման հասնելուն ուղղված ռուսաստանյան նախաձեռնությունը, սակայն ընդգծել է, որ գործնականում ամեն ինչ կախված է Բաքվի ու Երևանի դիրքորոշումներից: «Ձիուն կարելի է ջրելատեղ տանել, սակայն չի կարելի նրան ստիպել խմել»,- պատկերավոր համեմատությամբ իր միտքն ամփոփել է Զանիերը:
Մինչդեռ ծարավը հագեցնելու ցանկությունը սոսկ ջրին մոտ լինելով չի սահմանափակվում: Քաղաքական աշխարհի ազդեցիկ դեմքերը հրաշալի հասկանում են, որ բացի ռուսական դադարից մոտ ժամանակներս սպասվում են նաև ընտրական գործընթացներ Հայաստանում և Ադրբեջանում: Այս պայմաններում ոչ Երևանը, ոչ Բաքուն չեն դիմի կտրուկ քայլերի: Այդ պատճառով էլ հավանաբար իրավացի են նրանք, ովքեր կանխատեսում են, որ ԼՂ խնդրում մինչև 2012 թ. կեսերը որևէ տեղաշարժ չի արձանագրվի: Մյուս կողմից պետք չէ մոռանալ, որ ներկայումս համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռված է արաբական աշխարհում կատարվող իրադարձությունների վրա, և դարձյալ միայն Ռուսաստանն էր, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում քիչ թե շատ ակտիվություն էր դրսևորում:
Գալով այն հարցին, թե Ռուսաստանում ընթացող փոփոխությունները ինչ չափով կարող են ազդել Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների վրա, առայժմ չեն գտել իրենց համերաշխ ու միանշանակ պատասխանը: Ոմանք հակված են կարծելու, որ Պուտինի հնարավոր ընտրությունը նախագահի պաշտոնում էական խմբագրումներ չի բերի ղարաբաղյան հարցում ռուսական քաղաքականության մեջ, և նա կշարունակի Հարավային Կովկասի նկատմամբ Մոսկվայի որդեգրած նախկին գիծը: Պուտինին գնահատելով իբրև առավել պրագմատիկ գործիչ, վերլուծաբանները միևնույն ժամանակ կարծում են, որ Մոսկվան տվյալ փուլում շահագրգռված չէ խախտել կովկասյան երկու պետություններում հաստատված ստատուս-քվոն: Դրա հետ մեկտեղ քիչ չեն նրանք, ովքեր գտնում են, թե հաճախ գերագնահատվում է ռուսական ազդեցության չափը: Ինչպես նկատում է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը, «Կրեմլը բազմաթիվ լծակներ ունի Երևանի ու Բաքվի վրա ազդելու համար, սակայն ցանկացած լծակ երկկողմանի սուր գործիք է, որն օգտագործելիս պատասխան արդյունք ես ստանալու»:
Ահա հենց այդ դադարային իրավիճակի պայմաններում էլ հրապարակ նետվեց այն վարկածը, համաձայն որի ժամանակավորապես նահանջող Ռուսաստանին կարող է փոխարինելու գալ Ֆրանսիան: Դրանում իր դերը խաղաց նաև Սարկոզիի տարածաշրջանային այցը, որը մեկնարկեց այն պահին, երբ Մոսկվան որոշեց լվանալ ձեռքերը և զբաղվել ներքին խնդիրներով:
Միանգամից ասենք, որ հիշյալ տարբերակն ունի ինչպես հավանական, այնպես էլ անհավանական շերտեր: Նախ չպետք է մոռանալ, որ որքան էլ ռուսական մասնակցությունը հակամարտության կարգավորմանը առանձնահատուկ է, սակայն փաստ է նաև, որ նման արտոնություն նրան կարող էին տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները: Այս իմաստով հազիվ թե Ֆրանսիայի ակտիվացումը տարածաշրջանում խանդի զգացումներ առաջացնի Ռուսաստանի մոտ, առավել ևս, որ Փարիզը չի կարող ոչ արագ և ոչ էլ նշանակալի հաջողության հասնել այս տարածաշրջանում:
Լավագույն դեպքում ֆրանսիական կողմը կարող է ժամանակավորապես ստանձնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպողի գործառույթները։ Բայց այստեղ էլ առաջընթացի սպասելիքները մեծ լինել չեն կարող հենց թեկուզ այն պատճառով, որ Սարկոզին չունի այնպիսի մի թարմ ու ինքնատիպ ծրագիր, ինչը հնարավոր կլիներ դնել բանակցությունների սեղանին: Եվ այսպիսով, մենք դարձյալ հանգում ենք միևնույն մտքին, որ տարածված լուրերը, թե հնարավոր է՝ Ֆրանսիան Ռուսաստանից վերցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական միջնորդի դերը, կրում են համատեքստային բնույթ Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացի ֆոնին: Եթե նույնիսկ ռուսները հեռանում են, ապա ընդամենը կարճ ժամանակով: Այլ բան է, թե Հայաստանն ու Ադրբեջանն ինչպես կօգտագործեն կարճատև «միայնությունը»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: