Պահոց | 8:25 ե.

Միջամտվածները և միջամտողը

5 Հկտ

Թերևս հարկ չլիներ մեկ անգամ ևս խոսել Գերմանիայի դեսպան- Լևոն Տեր-Պետրոսյան բանակռվի մասին, եթե Հայ Ազգային Կոնգրեսը երեկ տարածած չլիներ իր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունած հայտարարությունը վերոնշյալի մասին: Այնտեղ ասվում էր, թե Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտը անվայել արտահայտություններ է թույլ տվել առաջին նախագահի հասցեին, իսկ մեկ այլ վայրում հաստատել նախկին ասածները: Որպեսզի ընթերցողի մոտ տպավորություն չստեղծվի, թե օտարերկրացի դիվանագետը գործածում է փողոցի բառապաշարը, անմիջապես ասնենք, որ ՀԱԿ-ը «անվայել» ասելով նկատի ունի Յոխեն Շմիդտի մտքերն այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանն է այսօրվա դժվար իրավիճակը որպես ժառանգություն թողել Հայաստանին և հենց նրա ղեկավարության օրոք են դրվել այն «օլիգոպոլիայի» հիմքերը, որի քննադատությամբ հաճախ հանդես է գալիս ՀՀ առաջին նախագահը:
Բոլորովին նպատակ չունենք վիճարկելու կամ հաստատելու դեսպանի պնդումների հավաստիությունը: Ի վերջո յուրաքանչյուր ոք, ով վերջին 15-20 տարիներին ապրել է Հայաստանում, հրաշալի գիտի, թե բանավիճող կողմերից որ մեկն է կեղծում և ով է ասում ճշմարտությունը: Փոխարենը մեզ անմիջապես գրավեց այն սկզբունքը, որի վրա կառուցված էր ՀԱԿ-ի մեղադրանքների «փաթեթը»: Եվ դա հենց առաջին հայացքից այնքան հատկանշական թվաց, որ պահանջ առաջացավ կատարելու այս փորձը՝ հասկանալու մտքի տրամաբանությունը սոսկ փաստերը համադրելու միջոցով:
Եվ այսպես, ՀԱԿ-ի ներկայացուցիչները ասում են, որ Գերմանիայի դեսպանի արտառոց պահվածքը կոպտագույն միջամտություն է Հայաստանի ներքին գործերին և բացահայտ աջակցություն Հայաստանի հանցավոր ռեժիմին, ինչի վրա էլ հրավիրում են Գերմանիայի կառավարության ուշադրությունը։ «Նա երբեք հրապարակային քննադատության չի ենթարկել Հայաստանի իշխանություններին, ավելին, երբևէ իր վերաբերմունքը չի արտահայտել մարդու իրավունքների ոտնահարումների աղաղակող փաստերի նկատմամբ, ինչն արդեն, իրոք, դեսպանի կոչումն ու պարտականությունն է»,- գրված է այնտեղ:
Զարմանալի դատողություն է: Ստացվում է, որ օտար դիվանագետի կողմից տվյալ երկրի իշխանության քննադատությունը ներքին գործերի միջամտություն չի դիտվում, իսկ ահա ընդդիմության քննադատությունը միջամտություն է: Բացի այդ, պարզվում է նաև, որ դեսպանները նրա համար են, որպեսզի այլ երկրներում հսկեն օրինականությունն ու մարդու իրավունքների պահպանումը: Տեսնես այս տողերի հեղինակները կարո՞ղ են հիշել որևէ հայ դեսպանի, ով երբևէ համարձաված լինի քննադատել մեկ այլ երկրում տիրող կարգն ու անարդարությունները: Հազիվ թե: Սակայն օտարներից դա ոչ միայն պահանջում ենք, այլև մեղադրում այն բանի համար, որ «երբևէ իր վերաբերմունքը չի արտահայտել մարդու իրավունքների ոտնահարումների աղաղակող փաստերի նկատմամբ»:
ՀԱԿ-ն այս հարցում անարդար է և անարդար է երիցս: Ով՝ ով, սակայն Հանս Յոխեն Շմիդտի մասին նման խոսքերը հնչում են անտեղի: Շատերն են հիշում, որ բոլորովին վերջերս հայտնի դարձավ, թե ում ջանքերի շնորհիվ ընդդիմության առաջ կրկին բացվեց Ազատության հրապարակը և տրվեց այնտեղ հանրահավաքներ անցկացնելու արտոնություն: Դա հենց Յոխեն Շմիդտն էր և նրա շուրթերից են հնչել այս խոսքերը. «Իմ կարծիքով` շատ կարևոր քայլ էր Ազատության հրապարակում հանրահավաքների թույլատրումը, չնայած, ես կարծում եմ, որ քաղաքական տեսանկյունից պարզամտություն է միայն Ազատության հրապարակում հավաքների անցկացում պահանջելը: Եթե մարդիկ ցանկանում են հավաքներ իրականացնել, դա կարող են անել ցանկացած վայրում և հրապարակում»,- ասել էր Գերմանիայի դեսպանը: Բայց ոչ միայն ասել էր: Ու՞մ համար է այսօր գաղտնիք, որ Գերմանիայի դեսպանը պարբերաբար այցելում էր ՀԱԿ-ի հանրահավաքներին, նույնիսկ կանգնում էր հարթակի վրա, և նրա յուրաքանչյուր հայտնություն բուռն ծափողջույններով էր ընդունվում հավաքվածների ու նրանց խմբավարների կողմից: Այդ պահերին նա յուրային էր ու մարդու իրավունքների նվիրյալ: Իսկ այն, որ դեսպանի մասնակցությունը տարբեր մեկնաբանությունների առիթ էր տալիս քաղաքական շրջանակներում, այն, որ ականատեսների վկայությամբ, մինչ հանրահավաքի սկսելը հնչող երաժշտության տակ Յոխեն Շմիդտը նույնիսկ պարային շարժումներ էր անում, այսօր վերհիշելը տեղին չէ: Սակայն մենք սա հիշեցնում ենք, և հիշեցնում ենք ևս մի փաստ: Այս տարվա հունիսին Դաշնակցության թերթերում տպագրվեց մի հոդված, որը հետևյալ վերնագիրն ուներ. «Ի՞նչ գործ ունի Հայաստանում Գերմանիայի դեսպանը ՀԱԿ-ի հանրահավաքի հարթակում»: Եվ գիտե՞ք, թե ինչ էր ասվում այդ հոդվածում: Կզարմանաք, բայց այնտեղ բառ առ բառ կրկնվում էր այն նույն միտքը, որն այսօր տեղ է գրավել ՀԱԿ-ի հայտարարությունում: Նույնիսկ քիչ է մնում մտածել, որ ընդդիմության ներկայացուցիչները դաշնակների տեքստն են օգտագործել իբրև սկզնաղբյուր: Հրապարակման մեջ բառացիորեն այս միտքն էր գրված. «… Հարթակ բարձրացող Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանը, խախտելով դիվանագիտական էթիկայի բոլոր գրված ու չգրված կանոնները, կոպտորեն միջամտում է Հայաստանի ներքաղաքական կյանքին. ավելին, հստակ դիրքորոշվել է իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում` հօգուտ վերջինի»:
Ահա այսպիսի բաներ: Ստացվում է, որ դեսպանը պարբերաբար միջամտում է մեր ներքին գործերին, բայց եթե ամռանը դա ՀԱԿ-ի սրտով էր, ապա աշնանը նույն սիրտն այլ բաներ է պահանջում: Ու քանի որ խոսում ենք միջամտության մասին, վերհիշենք ևս մի հանգմանք: Կարելի է վերջին ամիսների ընթացքում տպագրված մի քանի հաղորդագրություններ հիշատակել, որտեղ ասվում էր, որ «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտի հետ: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական խնդիրները` մասնավորապես Հայաստանում ժողովրդավրության ու քաղբանտարկյալների ազատ արձակման հարցերը»: Մարդը մտահոգվել է, այցելել, զրուցել, թերևս հետո նաև ինչ-որ կերպ արձագանքել, և այն ժամանակ դա չի համարվել ոչ ներքին գործերին խառնվել, ոչ էլ անտարբեր վերաբերմունք մարդու իրավունքների ոտնահարման փաստերի նկատմամբ, սակայն այսօր իրավիճակի փոփոխությունը դրդել է ուրանալ ամեն բան՝ հանուն մի նպատակի. պաշտպանել Լևոն Տեր-Պետրոսյանին ու մեղադրել դեսպանին իր լիազորությունների չարաշահման համար: Սա համարվում է պարկե՞շտ:
Երկու օր առաջ Հանս Յոհեն Շմիդտն կրկին այցելել էր Ազատության հրապարակ, որտեղ շուրջօրյա հանրահավաքներ է անցկացնում ՀԱԿ-ը: Նա հանդիպել էր Տեր-Պետրոսյանին, զրույցել, ինչը, ըստ ներկաների, ջերմ տպավորություն էր թողել, թեև որոշ ականատեսներ էլ նշում են, որ ՀՀ առաջին նախագահը խիստ է խոսել դեսպանի հետ: Ոմանք ասում են, որ լսել են, թե ինչպես է Տեր-Պետրոսյանը դեսպանին ասել. «Вы должны меня учить?»: Իհարկե, դեսպանի պատասխանը ոչ ոք չի լսել, բայց այն կռահելն այլևս դժվար չէ:
Մի դրվագ ևս: «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկմանը Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը ասել է, որ հաստատում է Գերմանիայի դեսպանի ասածները՝ խոսելով 1994-1996 թթ. ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների մասին։ Դեսպան Էվանսը նաև նշել է, որ այդ. ընտրությունների մասին գոյություն ունեն միջազգային դիտորդների զեկույցներ:
Հիմա ի՞նչ, ՀԱԿ-ը մի հայտարաություն էլ Էվանսի՞ն պիտի հասցեագրի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: