Պահոց | 4:55 ե.

ՄԻԽԱՅԻԼ ԺՎԱՆԵՑԿԻ

3 Հկտ

ՑՈՒԼԸ

Եվ ահա նոր մարդիկ, առանց ազգությունը պարզելուց շեղվելու, հետաքրքրվեցին էկոլոգիայով: Նոր առարկան, ի տարբերություն պատմության և փիլիսոփայության, կյանքը չի բացառում, այլ կարճացնում է: Արտաշնչվածը ներշնչվածից մաքուր է: Խմելու ջուրը` ֆենոլներից և նիտրատներից, եռացման ենթակա չէ:
Ցուլի մկաններում չկա առաջվա կատաղությունն ու ուժը` դրանք ներծծված են անտիբիոտիկներով, անաբոլիկներով և պեստիցիդներով: Մարդիկ, ուտելով ցուլի մկանները, իրենց մեջ կրում են նրա անեծքն ու ուղերձը. «Բոլոր, բոլոր ինձ ուտողներին իմ վերջին վրեժը: Ես ողջ կյանքում հիվանդ եմ եղել: Ես վազել չեմ կարողացել: Ես կանգնել եմ: Իսկ հետո պառկել: Ուտելիք չի եղել կոլտնտեսությունների շնորհիվ: Սեր չի եղել արհեստական բեղմնավորման շնորհիվ: Շարժում չի եղել պահելու նոր մեթոդների շնորհիվ: Ես ձեզանից չեմ վախենում, ես պարզապես անիծում եմ ձեզ և վերջ: Բայց դա դեռ բոլորը չէ: Մի կարծեք, թե հանգուցյալի դժբախտությունը հեռանում է նրա հետ միասին: Հանգուցյալները մաքուր են հեռանում: Ձեզ են մնում նրանց հիվանդությունները, անախորժությունները, ինչպես որ այն ամենը, ինչ դուք կառուցել եք, կփոխանցվի հաջորդ սերունդներին, որոնք կփորձեն ձեզ հասկանալ և այն աշխարհում: Կներեք ինձ, շուտով կհանդիպենք»:
Իսկ մենք վրդովվում ենք. Ինչու՞ կովի օրգանիզմն ամեն ինչ չի կարող վերջնականապես վերամշակել: Ինչո՞ւ ջուրը, հողը, օդը չեն կարող ամեն ինչ վերջնականապես վերամշակել: Մենք բոլորս վրդովված ենք:
Դե, իսկապես չի կարելի խմել, ուտել, շնչել ու լողանալ, բայց մենք այդ ամենն անում ենք: Երբ այնքան չի կարելի, որ չի կարելի ապրել, մարդիկ հենց այդ ժամանակ ապրում են, և բանաստեղծները գրում են. «Մարդը պողպատից ավելի պինդ է»… Նա ավելի պինդ չէ, պարզապես նա ավելի հաճախ է մեկը մյուսին փոխարինում: Մարդը ոնց որ ամբողջ ժամանակ կա: Բայց դա արդեն այն չէ, այլ ուրիշը: Երաժշտությունը նույնն է, բանաստեղծությունները` նույնը, քարերը` նույնը, իսկ մարդիկ արդեն ուրիշ են… Այդպես էլ պիտի լինի, որպեսզի կողքից թվա, թե նրանք միշտ կան:
Ծայր Հյուսիսում չումը ծխում է, բայց նրանում 40 տարում արդեն երեք սերունդ է ծխում և երկու սերունդ կոճի տակ է պառկած, իսկ երրորդը կարծես թե երթևեկում է:
Չես հասցնում մարդուն բացատրել՝ ինչպես է նա ապրում, երբ լսարանը փոխվում է, և դասախոսն ուրիշ է:
Առաջ «Էխ, քու մերը» արտահայտությունը մեկն էր ասում, հիմա` երեքը:
Անտիբիոտիկը թոքախտից փրկում է, իսկ անտիբիոտիկից փրկություն չկա: Եթե այս ուտելիքի քանակն ավելացնեն, ավելի լայնորեն ու հաճախ կմահանաք: Պեստիցիդն ուտելիքը փրկում է, իսկ ուտելիքից փրկություն չկա: Նույնիսկ արտազատվածն է թունավոր դարձել: Այնպես որ մտածել է պետք:
Կյանքն առանց այդ էլ կարճ է, իսկ երկրորդ կուրսում ջրվեժի նման է գնում:
Արժեքների սանդղակը փոխվում է: Արդապրանքների համար կարող ենք կյանք խլել: Չարժե: Իսկ գուցե և արժե: Ինչն է ավելի թանկ` հետզհետե անհայտ դարձավ: Քսանից անմիջապես հետո սկսվում է կյանքի երկրորդ կեսը:
Մենք նավթից զգեստ և օճառ ենք ստանում, իսկ հետո նավթի պաշարները լրացնում ենք մեզանով, և հաջորդները մեզ վառում են բենզաբաքում:
— Ինչու՞ բենզին չկա:
— Հիմա կհասցնեն…- Եվ բաք գնաց մ.թ.ա. հինգերորդ դարն՝ իր բոլոր կրքերով ու հուզումներով:
Դրա համար նավթից էլ ամեն ինչ կործանվում է, նախկին կյանքն է ճնշում: Նախկին թախիծը, կրոնական մոլեռանդությունը, գյուղական կյանքի ձանձրույթը, հետախոսի, ավտոմեքենայի բացակայությունը` այդ ամենը խեղդում ու ճնշում է հաջորդի կյանքը:
Մենք ավելի արագ կդառնանք նավթ, որովհետև մենք ներծծված ենք նրանով: Եվ մենք կճնշենք հաջորդներին մեր թախիծով, վերակառուցմամբ , խուճապով, ավտոմեքենաներով, հեռախոսներով, խանութներով, թղթադրամներով, միմյանց հանդեպ չարությամբ…
Մեզ բաք կլցնեն` մենք ատելությունից ծառս կլինենք: Դրա համար էլ բենզինն այդպես կատաղի է վառվում, նրանում ատելությունն է բոլոր նախորդների ու հաջորդների: Իսկ հաջորդները մխոցագլան են քշում.
— Չէ, սրիկաներ, սպիտակեղեն կլվանաք, հոսանք կտաք, դինամո կպտտեք, և մի անգամ էլ կմեռնեք խեղդուկ գլաններում և, մեռնելով` վերջին անգամ կհրեք մխոցը և կտանեք:
Իսկ մեզ կայծը բավական է: Կպայթենք և տանում ենք…
Իսկ երբ նավթը թափվում է, ոչ ոք կենդանի չի հեռանում: Կյանքի, կենցաղի բացակայությունը, խավարը, ուրիշ ժողովուրդների հանդեպ ատելությունը պառկած է` սևով փայլատակելով: Շատ սերունդներ են նրանում, և ոչ մի նոր բան, ամեն ինչ սևով է փայլատակում…

Հայաստանի երկու «ոչ»-ը և մեկ «այո»-ն

3 Հկտ

Եվրամիությունում նախագահող երկրի` Լեհաստանի մայրաքաղաքում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքից և Ասոցացման համաձայնագրի բանակցություններում գրանցված դրական տեղաշարժերից Հայաստանն ընդհանուր առմամբ գոհ էր: Արևելյան գործընկերության պատմության մեջ երկրորդ մեծամասշտաբ գագաթնաժողովը (առաջինը տեղի էր ունեցել Պրահայում, 2009 թվականի մայիսին), որին մասնակցում էին Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարներն ու գործընկերության ծրագրում ընդգրկված վեց երկրների ներկայացուցիչները, ավարտվեց ամփոփիչ հռչակագրի ընդունմամբ: Այն սահմանում էր, որ այսուհետ Եվրամիությունն ավելի տարբերակված մոտեցում կցուցաբերի գործընկեր երկրների նկատմամբ: Դա խոստում էր այն մասին, թե այն երկրները, որոնք կիրականացնեն իրապես լուրջ տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ, կկարողանան ավելի արագ և խորը ինտեգրվել Եվրամիությանը: Միաժամանակ հռչակագրում նշվում էր լիակատար հավասարության ու հակամարտությունների խաղաղ կագավորման մասին, ինչը մեր տեսանկյունից ևս խրախուսելի էր` հաշվի առնելով ղարաբաղյան խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը:
Սակայն եթե փորձենք իրերը կոչել իրենց անուններով, ապա առաջին հերթին հարկ է նկատել, որ ընդունված փաստաթուղթը ուներ դեկլարատիվ բնույթ: Ինչ վերաբերում է Ղարաբաղի ճակատագրին, ապա այս պարագայում նույնպես հազիվ թե խելամիտ է ԵՄ-ի կողմից ակնկալել լուծման արդյունավետ «դեղամիջոցներ», քանի որ գեղեցիկ ցանկությունների առկայությամբ հանդերձ եվրոպացիները դեռևս հակամարտությունների նկատմամբ միասնական դիրքորոշում ու գործողությունների կոնկրետ ծրագիր չեն մշակել, իսկ այդ հանգամանքն արդեն բավական է, որպեսզի նրանց յուրաքանչյուր հայտարարություն ընկալվի ոչ այլ կերպ, քան մերկապարանոց: Այս տեսանկյունից դիտելու դեպքում գագաթաժողովի վերաբերյալ դրական արձագանքները և, ի մասնավորի՝ Հայաստանի «այո»-ն կարող է բացատրվել սոսկ այն բանով, որ Եվրոպան եթե չի էլ օգնում, ապա գոնե չի փորձում խանգարել: Ու եթե նրանք այսօր ջանում են ավելացնել իրենց մասնակցության չափաբաժինը մեզ համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներում, ապա սա ևս հնարավոր է անցկացնել նույն տրամաբանության պրիզմայով:
Քաղաքական վերլուծաբաններն այս օրերին համոզված պնդում են, թե իբր ոչ պաշտոնապես ընդունված է Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը դասել Արևելյան Եվրոպայի շարքին, այսինքն, եթե այս երկրներն ընդգրկվում են եվրոպական տարածության մեջ, ապա ենթադրվում է, որ դա դրականորեն կանդրադառնա հարավկովկասյան հակամարտությունների կարգավորման հեռանկարների վրա: Բայց եվրոպացիները հարկ չեն համարում հաշվի առնել այն փաստը, որ Կովկասն իր հերթին որոշակի վերաբերմունք ունի ինչպես Եվրոպայի, այնպես էլ նրանց վերաբերմունքի նկատմամբ: Կովկասն այլևս նախկին միամիտը չէ և հրաշալի հասկանում է, որ իր տարածքը եվրոպացիներին նախ և առաջ հետաքրքրում է էներգետիկ նախագծերի իրականացման տեսակետից: Իսկ երբ մոլորակի որևէ կետում խոսք է գնում էներգակիրների մասին, ապա անմիջապես երկրորդ պլան են մղվում այնպիսի արժեքներ ու հասկացություններ, ինչպիսինք են, ասենք, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները կամ հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Ահա հենց այս ուղղորդված շահագրգռվածության ֆոնի վրա էլ խոսել համահավասարության մասին՝ այլևս լուրջ դիտվել չի կարող: Այն, որ Ադրբեջանի տնտեսական պոտենցիալն անպայման կխաղա իր դերը վճռորոշ պահերին, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Միայն այս հանգամանքով կարելի է բացատրել, թե ինչու, կանխագուշակելով դեպքերի նման զարգացումը, Վարշավայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անհրաժեշտ համարեց հայտարարել, որ թե եվրոպական, թե տարածաշրջանային մակարդակում համագործակցության պատրաստակամություն կարող է լինել միայն այն պայմանով, որ ԵՄ ծրագրերը ապահովեն տարածաշրջանի երկրների հավասար զարգացումը` արտոնյալ պայմաններ չստեղծելով առանձին երկրների համար:
Հռչակագրում տեղ գտած դրական նոտաներն ու ոգևորությունը որոշակի վերապահումներով ընդունեցին նաև տնտեսագետները: Վերջիններս շարունակում են մնալ այն կարծիքին, որ իրատես լինելու դեպքում Հարավային Կովկասի ինտեգրման գործընթացում հազիվ թե կարելի է մեծ առաջընթաց ակնկալել, իսկ կիրառվող քայլերի արդյունավետությունն էլ քիչ հավանական է մոտ ապագայում: Ինչ վերաբերվում է ազատ առևտրի գոտիների ստեղծմանը, ապա Հայաստանից կպահանջվի շատ ջանքեր գործադրել ամբողջությամբ մենաշնորհացված շուկայի ձևափոխման համար, որից հետո միայն բանակցությունները կարող են անցնել գործնական փուլ:
Վարշավյան գագաթնաժողովի ընթացքը առանձնացավ երկու աղմկահարույց դրվագներով՝ բացահայտելով ինչպես այդ նախագծի խոցելի կետերը, այնպես էլ ի ցույց դնելով առկա հակասությունների ամբողջ «պոտենցիալը»: Դրանցից առաջինը վերաբերում էր Բելառուսին, ով հայտնվել էր «Արևելյան գործընկերության» անառակ որդու կարգավիճակում: Բայց երբ գագաթնաժողովը ցանկացավ դատապարտող հռչակագիր ընդունել այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման փաստերի վերաբերյալ, հանկարծ պարզվեց, որ փաստաթուղթը պատրաստ են ստորագրել միայն ԵՄ անդամ երկրները, իսկ ահա Հայաստանը՝ Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի ու Ուկրաինայի հետ միասին հրաժարվեցին բացահայտ կերպով դատապարտել Բելառուսին: Նման միասնական «ոչ»-ը ի ցույց դրեց գործընկերության ևս մի էական կողմը՝ այն, որ նախկին ԽՍՀՄ տարածքի երկրները շարունակում են պահպանել ընդհանուր շահերի որոշակի շրջանակ և այդ թելերը մի հարվածով ոչնչացնելու միտումները դատապարտված են ձախողման:
Հայաստանի մյուս «ոչ»-ը հնչեց այն ժամանակ, երբ լեհական կողմը փորձ արեց իր հովանու ներքո գումարել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի նախագահների հանդիպում: Ավելի ուշ Բաքվի ներկայացուցիչը պիտի ասեր. «Եվրամիության նախաձեռնությամբ պետք է հանդիպում տեղի ունենար Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Մենք համաձայնել էինք: Սակայն, ցավոք, Հայաստանը, ի լուր ողջ աշխարհի հայտարարելով, թե իբր Ադրբեջանը ցուցադրում է ոչ կառուցողական դիրքորոշում, հրաժարվեց դրանից»:
Իրականության մեջ Հայաստանի մերժումը միայն Բաքվի պահվածքով չէ, որ պայմանավորված էր: Պաշտոնական Երևանն իր այս քայլով ցուցադրեց, որ առայժմ չի ցանկանում տեսնել կարգավորման այլ միջնորդների, քան նրանք, որոնք գործում են: Իսկ եթե ասվածին հավելենք նաև այն փաստը, որ նախօրեին հնչել էր Ռուսաստանի ԱԳՆ-ի կոշտ արձագանքը, ապա պատկերն առավել հստակ կներկայանա: Այս արձագանքում Մոսկվան ասում էր, որ «Արևելյան գործընկերության» շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները չպետք է խանգարեն ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում նմանատիպ գործընթացներին: Հայաստանն այդ առումով հավելյալ հիշեցման կարիք թերևս չէր զգում: Առ այսօր հայերը հավատարիմ են մնացել ռուսական գծին և եվրոպական հեքիաթային ապագա նրանց չի կտրում իրական հողից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: