Պահոց | 1:39 ե.

Պուտինն ու մենք

28 Սպտ

Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության համագումարում օրերս հնչած այն հայտարարությունը, որ վարչապետ Վլադիմիր Պուտինը կառաջադրվի 2012 թվականի նախագահական ընտրություններում, իսկ գործող նախագահ Դմիտրի Մեդվեդևը կստանձնի վարչապետի պաշտոնը, աշխարհն արդեն ընկալում է ոչ թե իբրև սպասվելիք ընտրությունների արդյունքների հնարավոր տարբերակ, այլ կատարված փաստ: Եվ հենց այդ մտայնությունից էլ բխում են բոլոր կարգի ենթադրություններն ու կռահումները՝ կապված ռուսական քաղաքականության փոփոխությունների ու վերադասավորումների հետ: Ամեն պարագայում, պետք է նկատել, որ գլխավոր ներքաղաքական ինտրիգը լուծվել է, «ժողովրդավար» Մեդվեդևը պարտվել է «ավտորիտար» Պուտինին, և Ռուսաստանում վերադառնում է պուտինյան դարաշրջանը: Միայն թե որքանո՞վ է խելամիտ պնդել, թե անհատներն են, որ վճռորոշ դեր են խաղում քաղաքականությունության մեջ, և նրանց փոխատեղումները կարող են էական ազդեցություն թողնել ոչ միայն միջպետական հարաբերությունների այլև ամբողջական տարածաշրջանների գործընթացների վրա, դա խնդրի մյուս երեսն է: Բնականաբար, խոսքն առաջին հերթին մեր գոտու մասին է, և համոզմունքը, թե Պուտինի վերադարձով Ռուսաստանը կակտիվացնի իր քաղաքականությունը Հարավային Կովկասում, այդ թվում նաև` Հայաստանի հետ հարաբերություններում, նախ և առաջ ծանրակշիռ հիմնավորում է պահանջում: Առայժմ վերլուծաբաններն իրենց վարկածները խարսխում են այն տպավորության վրա, թե Պուտինը ավելի պրագմատիկ մոտեցում ուներ մեր տարածաշրջանի խնդիրներին, քան Մեդվեդևը, այդ իսկ պատճառով էլ նրա նախագահության օրոք Ռուսաստանը կկոշտացնի իր դիրքորոշումը Անդրկովկասում:
Կովկասյան երկրներն ու մերձավոր հարևաններն էլ իրենց հերթին են շտապում գնահատել նոր իրողությունները՝ մի դեպքում հանդես բերելով ընդգծված զսպվածություն և չշտապելով առաջ ընկնել ժամանակից, մեկ այլ դեպքում խախտելով ամեն կարգի պայմանականություն և արտահայտելով մտքեր, որոնք որևէ ընդհանում բան չունեն ռեալ կացության հետ: Այս իմաստով դեռևս ամենասակավախոսը թուրքերն են, որոնք բավարարվեցին սոսկ այն ենթադրությամբ, թե իշխանության փոխանցման ռուսական տարբերակը կարելի է կիրառել նաև իրենց մոտ՝ նախագահ Աբդուլահ Գյուլի ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեպքում: Վրացիներն, ընդհակառակը, ցավով արձագանքեցին կատարվածին, թեև այդ հեռանկարը նրանց համար կանխատեսելի էր: Ամեն դեպքում, Թբիլիսին հարկ համարեց նշել, որ լավատեսության համար հիմքեր չի տեսնում ու համոզված է, որ հետայսու կպահպանվի բացասական անձնավորված վերաբերմունքը Սահակաշվիլու կառավարության նկատմամբ: Իսկ ահա Բաքվում անմիջապես հանգեցին այն տեսակետին, թե Պուտինի վերադարձով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կարող է լիովին փոխվել: Ադրբեջանցիների կարծիքով, Ռուսաստանի ներկայիս նախագահը ավելի շատ է շահագրգռված հակամարտության կարգավորմամբ, քան Պուտինը: Այսինքն` զգացվում է, որ Մեդվեդևը ավելի լավատես է այդ հարցում, իսկ Պուտինը՝ հոռետես ու ներկայիս ստատուս քվոյի պահպանման կողմնակից: Ամեն դեպքում սա հազիվ թե խանգարի Ադրբեջնին՝ շարունակել իր բալանսավորված քաղաքականությունը վարելու փորձերը Արևմուտքի և Ռուսաստանի միջև, իսկ ՌԴ-ին էլ դիտել Լեռնային Ղարաբաղի հարցով միջնորդ:
Գալով Հայաստանին, թերևս հիմքեր ունենք այն տեսակետը հայտնելու, որ Ռուսաստանում իշխանական համակարգի կամ լիդերների փոփոխության հետևանքով մեր երկրի հանդեպ վերաբերմունքի էական փոփոխություններ չեն դիտվի: Երևանում այժմ շատերն են գտնում, որ գոյություն ունեցող մտայնությունն այն մասին, թե ռուս առաջնորդներից մեկն ավելի արևմտամետ է, քան մյուսը, և որ դա ինչ-որ կերպ արտացոլվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական կուրսի վրա, ոչ այլ ինչ է, քան հորինվածք: Բայց սա դեռ չի կարող նշանակել, թե ընդհանրապես պետք չէ որևէ փոփոխության սպասել: Սա նաև չի կարող նշանակել, թե Երևան-Մոսկվա հարաբերություններում չեն գծագրվելու նոր նրբերանգներ: Այլ խնդիր է, թե հատկապես որ դաշտում դրանք կդրսևորվեն:
Որքան էլ զարմանալի էր, բայց Հայաստանում առաջին հերթին սկսեցին խոսել այն մասն, թե Պուտինի թեկնածության առաջադրումը ոչ միայն կփոխի Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածության վրա, այլև կավելացնի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի շանսերը: Այդ թեզի կողմնակիցները այն տպավորությունն ունեին, որ Քոչարյանը ավանդաբար համարվել է պուտինյան ոճի գործիչ և, բացի դա, վերջին շրջանում Քոչարյանի ու նրա շրջապատի ակտիվացումը նրանց իրավունք էր տալիս այդպես ենթադրելու: Սակայն վարկածի հեղինակները շրջանցել էին մի կարևոր հանգամանք, ինչն էապես կփոխեր նրանց ենթադրությունների ուղեծիրը: Բանն այն է, որ Վլադիմիր Պուտինը չի վերադառնում քաղաքականություն, քանի որ իրականում նա չէր էլ հեռացել ու իր ազդեցությունը միշտ էլ պահպանել էր Ռուսաստանում: Իսկ ահա Քոչարյանի մասին նույն բանն ասել չի կարելի: Այս իմաստով որևէ կապ կամ ընդհանրություն Ռուսաստանի ու Հայաստանի նախընտրական գործընթացների մեջ չկա: Էլ չենք ասում, որ հնարավորությունը, թե Պուտինը կաջակցի Քոչարյանին, միֆական ժանրից է:
Իսկ եթե անհատների թեմայից անցում կատարենք ավելի ծավալուն և կարևոր հիմնախնդիրների, ապա հենց ռուսական քաղաքական շրջանակներում քիչ չեն նրանք, ովքեր կարծում են, որ Պուտինի վերադարձը Կրեմլ ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի քաղաքականությունը կդարձնի իրականությանը ավելի մոտ: Սա չի նշանակում, թե այն անմիջապես կլուծվի: Բայց ենթադրում է դրական տեղաշարժեր: Պատահական չէ, որ հատկապես հիմա վերլուծաբանները վերհիշեցին, թե ինչպես էր ժամանակին Պուտինը հայտարարում, որ պետք չէ Ղարաբաղի հարցը կապել Հայաստան-Թուրքիա հարաբերություների հետ: Վերհիշեցին նաև այն մասին, որ նախագահ Դմիտրի Մեդվեդևի շրջապատում քիչ չեն ադրբեջանամետ խորհրդականները, ովքեր փորձում են օգտագործել իրենց ազդեցությունը Կրեմլում՝ նյութականացնելով այդ կողմնակալությունը: Ինչ վերաբերում է Պուտինի գործելաոճին և նրա կողմից ձեռնարկվելիք հնարավոր քայլերին, ապա կարծիք կա, որ նրա վերադարձով նախկին ստատուս-քվոն կվերականգնվի, ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա ճնշումը կաճի` նոր պատերազմ չսանձազերծելու մտադրությամբ, իսկ ընդհանուր առմամբ Ռուսաստանը կփորձի սառեցնել գործընթացը:
Այս ենթադրությունները հաստատելու կամ մերժելու համար դեռ բավականին ժամանակ կա: Իսկ մինչ այդ լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, թե այս տարվա նոյեմբերին հնարավոր է Վլադիմիր Պուտինի աշխատանքային այցը Հայաստան: Ասվում է, որ նրա այցը պայմանավորված կլինի հայ-ռուսական ռազմավարական նոր փաստաթղթի ստորագրմամբ, որը վերաբերում է Հայաստանի էներգահամակարգին: Մեզ մնում է միայն կռահել, որ երևանյան շփումներն ու զրույցները բացառապես տնտեսական խնդիրներին չեն առնչվելու:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: