Պահոց | 11:13 ա.

Խողովակային պատերազմի հաղթողներն ու պարտվողները

17 Սպտ

Արդեն հաղորդվել է այն մասին, որ այսօր Սոչիում «Հարավային հոսք» գազատարի նախագծի բաժնետերերը կտորագրեն այնքան սպասված համաձայնագիրը: Ռուսական «Գազպրոմը» իտալական ENI, ֆրանսիական EDF և գերմանական Wintershall ընկերությունների հետ կվավերացնի մի պայմանագիր, որում կնշվեն կողմերի բոլոր իրավունքներն ու պարտավորությունները: Իսկ դա արդեն պիտի նշանակի մեծ նախագծի իրականացման երաշխիք: Փաստաթուղթը կստորագրվի Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ: Հատկապես նրա «հոգեզավակն» են համարում «Հարավային հոսքը», որի նախնական արժեքը գնահատվում է 15.5 մլրդ եվրո:
Հազիվ թե այս իրադարձությանն այդչափ մեծ կարևորություն տրվեր, եթե չլիներ այն էական հանգամանքը, որ ի սկզբանե նախագիծն ուներ բազմաթիվ հակառակորդներ: Սակայն այժմ ռուսները վստահեցնում են, որ վերջիններիս ջանքերն ապարդյուն են անցել։ Հիշեցնենք, որ «Հարավային հոսք» գազամուղը Նովոռոսիյսկից Սև ծովի հատակով անցնելու է բուլղարական Վառնա նավահանգիստ, այնտեղից էլ դեպի Իտալիա, Ավստրիա ու Գերմանիա: Նրա երկու ճուղավորումները ձգվելու են Հարավային ու Կենտրոնական Եվրոպայի երկրներ: Եվ իր այս ընդարձակ ու համարձակ ձգտումներով էլ ռուսական բնական գազը դեպի Եվրոպա դիվերսիֆիկացնող նախագիծը չէր կարող մնալ առանց չարացած մրցակիցների: Խոսքն այս դեպքում նախ և առաջ Nabucco-ի մասին է:
Եվրամիության ու ԱՄՆ-ի կողմից օժանդակվող Nabucco-ն վաղուց ի վեր դադարել է սոսկ տնտեսական նշանակություն ունենալ և վերածվել է քաղաքական զսպաշապիկի: Համենայն դեպս, մինչ օրս այդպես էին մտածում Միացյալ Նահանգներում, որտեղ շահագրգռված են Nabucco-ի ապագայով հատկապես նրա համար, որպեսզի թուլացնեն Ռուսաստանի ազդեցությունը: Եվրոպայում նույնպես քիչ չեն այն քաղաքական խմբերը, ովքեր կարծում են, որ շատ մեծ է Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը և դա պատք է առավելագույնս պակասեցնել: Սակայն այլ բան է ցանկությունը և մեկ այլ բան դրա իրագործումը: Ու եթե այսօր Ռուսաստանի վարչապետ Վ. Պուտինը՝ խոսելով գազամուղերի այլընտրանքային երթուղիների մասին, հեգնաբար հարց է տալիս, թե՝ « Որտե՞ղ են այդ բոլոր այլընտրանքային նախագծերը», ապա դրա պատասխանը շտապում է առաջինը հենց ինքն էլ հնչեցնել. «Դրանք բոլորը թղթի վրա են»:
Թերևս հաղթողներին իրավունք վերապահվում է ծիծաղել իրենց ձախողված մրցակիցների վրա: Nabucco-ի շուրջ բարձրացված աղմուկն արդեն մի քանի տարի շարունակ փորձում էր խլացնել բոլոր կարգի այլ ծրագրերի հնարավորությունների մասին խոսակցությունները, սակայն որքան բարձր են ձայները, այնքան ցածր է տեղաշարժի արդյունավետությունը: Հենց սկզբնապես նպատակ ունենալով թուլացնել եվրոպական երկրների կախվածությունը Մոսկվայից, Nabucco ծրագիրը սկսեցին մշակվել 2002 թվականին: Դրա կառուցումը նախատեսվում էր սկսել այս տարի ու ավարտել 2014-ին: Սակայն շատ շուտով հայտնի դարձավ, որ այն հետաձգվել է մինչև 2017-ը: Բանն այն է, որ այն նախատեսում էր իրանական գազի մատակարարումը Եվրոպա, միայն թե Արևմուտքի հետ հակասությունների և միջուկային ծրագրի պատճառով Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հետևանքով մտադրությունները փոփոխման ենթարկվեցին՝ ի վերջո նախապատվությունը տալով այն հեռանկարին, որ կարելի է նույն գազամուղով մատակարարել գազը Ադրբեջանից և Թուրքմենստանից: Բայց հիմա էլ բազմաթիվ փորձագետներ հանգել են այն կարծիքին, որ Nabucco-ի հնարավորությունները բավարար չեն Եվրոպայի համար ու վերջինիս իրագործումը դառնում է անշահեկան ու աննպատակ:
Օրերս կատարվածի առթիվ իր զայրույթն այլևս չկարողացավ զսպել Եվրամիության էներգետիկ հարցերով կոմիսար Գյունտեր Էտինգերը և բացեիբաց ասաց այն ամենն, ինչ մտածում էր: Նա հատկապես շեշտեց, թե «Հարավային հոսք» ռուսական ծրագիրը փորձ է այլընտրանք ստեղծել Nabucco գազամուղին, որի շինարարությունը դեռ չի սկսվել, սակայն ակտիվորեն պաշտպանվում է Եվրոպայի կողմից, միայն թե, ըստ էներգոնախարարի, «Հարավային հոսք»-ը չի ստիպի ԵՄ-ին հրաժարվել Nabucco-ից, որի նպատակը եվրոպական շուկա գազի մատակարարումների դիվերսիֆիկացումն է: Էտինգերի վատ քողարկված սպառնալիքների առկայությունն առաջին իսկ վկայություններից է այն բանի, որ մեծ ցանկությունները հօդս են ցնդում և այլ բան չի մնում անել, քան հաշվի նստել առկա իրողությունների հետ: Եթե ասվածին էլ հավելենք այն, որ ռուսները նույնքան մեծ հաջողությամբ կյանքի կոչեցին նաև «Հյուսիսային հոսքը», իսկ այս նույն ժամանակ լույս աշխարհ է գալիս ևս մի մրցակից՝ հանձին Իրան-Իրաք-Սիրիա գազախողովակաշարի շինարարության, որ նախատեսված է իրանական հանքավայրից գազը Եվրոպա հասցնելու համար, ապա «խողովակային» պատերազմից տուժածներն ի հայտ պիտի գան ամենամոտ ժամանակներս:
Ի դեպ, նման մի «զոհ» արդեն իսկ գծագրվում է ասպարեզում: Հենց բոլորովին վերջերս Մոսկվան որոշում կայացրեց սառեցնել Սամսուն–Ջեյհան նախագծը՝ տհաճ անակնկալ մատուցելով Թուրքիային: Ռուսներն ասացին, որ դա տնտեսապես ձեռնտու նախագիծ չէ: Սակայն Անկարայում թերևս գլխի ընկան, որ դա կատարվեց անմիջապես այն բանից հետո, երբ Թուրքիան հանդես եկավ իր տարածքում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության տարրեր տեղակայելու մասին հայտարարությամբ, ինչի առնչությամբ Ռուսաստանը հայտնեց իր մտահոգությունը։
Այսօր վավերացվող «Հարավային հոսքը» դեռ շատ խաղաքարտեր է խառնելու: Այդ գազատարն ունենալու է տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր թողունակություն, իսկ տարեկան 15.75 մլրդ. խմ հզորությամբ առաջին ճյուղը պետք է շահագործման հանձնվի 2015 թվականից ոչ ուշ: Իր սովորության համաձայն, Եվրոպան մի-փոքր կմռայլվի, կդժգոհի, ծանրութեթև կանի, բայց ի վերջո կհամակերպվի այդ փաստի հետ, քանի որ անհաշտությամբ Եվրոպան չես ջերմացնի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: