Պահոց | 9:00 ե.

«Наверно завтра или послезавтра…»

13 Սպտ

Հայաստանում Սարկոզի անունով մարզ չկա, ինչպես Ժակ Շիրակի դեպքում էր, բայց այս հանգամանքը չի խանգարի, որպեսզի Ֆրանսիայի նախագահին մեր երկրում ընդունեն նույնքան գրկաբաց, որքան նրա նախորդին: Մնում է միայն համոզվել, թե արդյո՞ք նա պատրաստվում է ժամանել Հայաստան և երբ: Բանն այն է, որ հավատարիմ մնալով տարօրինակ ու անհասկանալի օրինաչափությանը, մենք կրկին այս մասին իմանում ենք վերջինը, այն էլ՝ օտար աղբյուրներից: Մինչ արտգործնախարարությունը՝ բերանը ջուր առած, չհիմնավորված լռություն է պահպանում, այդ ընթացքում լրատվամիջոցներում մեկը մյուսին են հաջորդում տեղեկություններն այն մասին, թե հոկտեմբերի 7-9-ը Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: Այս ամսաթիվն, ինչ խոսք, խիստ պայմանական է, քանի որ որևէ ծանրակշիռ ապացույց չունի: Իսկ եթե նաև հիշենք, որ Սարկոզիի այցելությունը մեր երկիր արդեն մի քանի անգամ հետաձգվել է, ապա յուրաքանչյուր շրջադարձ միանգամայն հնարավոր է դառնում: Ամեն դեպքում ստիպված ենք ականջ դնել նաև վրացական աղբյուրներին, որոնք գրեցին, թե բարձրաստիճան հյուրը այցելելու է Վրաստան, ապա գալու է Հայաստան և կարճատև այց է ունենալու նաև Ադրբեջանում: Դրա մասին հայտնեց Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավան։ Վրացի դեսպանի խոսքերով, Սարկոզիի այցը Հարավային Կովկաս կլինի «շատ կարևոր», սակայն վրացական տարբերակում նույնպես ասվում էր, որ հստակեցված չեն այցի ժամկետները։ Պակաս անորոշ չէր նաև Բաքվի տեղեկությունը: Ադրբեջանցիները գրեցին, որ Սարկոզին իրենց մոտ կլինի հոկտեմբերի առաջին տասնօրյակին, ծրագիրն ու կոնկրետ ժամկետը դեռ գտնվում են մշակման փուլում և հայտնի կդառնան ավելի ուշ։ Նույնիսկ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, որին վկայակոչել էր «Nouvelles d’Armenie» հանդեսը, նոր լույս չսփռեց այս խորհրդավոր ուղևորության մանրամասների վրա: Իսկ այն ամենը, ինչ մնաց ենթադրությունների դաշտում, դարձավ շատ ավելի տարողունակ ու բազմաշերտ: Օրինակ, Թբիլիսին պատրաստվում է բանակցությունների ժամանակ պնդել ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման Մեդվեդև-Սարկոզի ձախողված պլանի կատարման խնդիրներին վերադառնալու անհրաժեշտությունը: Գալով Հայաստանին ու Ադրբեջանին, այստեղ կռահելն առանձնապես դժվար չէ: Հաշվի առնելով Ֆրանսիայի ունեցած միջնորդական դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, կարելի է միանշանակ ասել, որ ի թիվս այլ հարցերի՝ Ֆրանսիայի նախագահը հիմնավորապես քննարկելու է այս թեման: Նման համոզվածության են մղում նաև վերջին շրջանում լայն տարածում գտած այն տեղեկությունները, թե իբր պաշտոնական Փարիզը պատրաստվում է վերանայել իր մասնակցության որակն ու կարգավիճակը: Նմանատիպ լուրերի շարքում առանձնակի արձագանքի արժանացավ անանուն դիվանագիտական աղբյուրից քաղված այն «արտահոսքը», թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների որոշմամբ յուրահատուկ փոփոխություն կարող է տեղի ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորված «ռոտացիայի» շրջանակը, այսուհետ առաջատար միջնորդի գործառույթները Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևից կարող են անցնել Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին։ Այս տեղեկությանը գումարված էր նաև լրացուցիչ ենթադրություն առ այն, որ Մադրիդյան սկզբունքների իրագործման փոխարեն կարող են գործի դրվել «խաղաղության հարկադրման» միջազգային նոր մեխանիզմներ։ Դրանց թվում նշվում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի տարածքում «ՄԱԿ-ի ենթամանդատային տարածքի» ձևավորումը, որին հաջորդելու է միջազգային խաղաղապահների տեղակայումը։
Կարծես եղածը քիչ էր, հաջորդ քայլը դարձավ այն, որ լուրեր տարածվեցին, թե կարող է փոփոխության ենթարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմը: Սակայն վերջին «նորամուծությունը» շատ արագ հերքվեց, քանի որ ընդամենը մի քանի օր առաջ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն տարածեցին, ուր նշված էր, որ «համանախագահող երկրների կառավարությունները կշարունակեն բարձր մակարդակով իրենց ներգրավածությունը հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաեւ կավելացվեն ջանքերը` հրադադարը պահպանելու և Հիմնարար սկզբունքների շրջանակում համապարփակ խաղաղության հասնելու համար»։ Այնսինքն՝ կազմն առաջվանն է, ծրագրերն՝ անփոփոխ:
Ինչ վերաբերում է Սարկոզիի դերակատարությանը, ապա դժվար է նրան համարել ԼՂՀ-ի ճակատագրով մտահոգված կամ ամենաակտիվ միջնորդներից մեկը: Մինչ այժմ նա հետևողականորեն իր ստորագրությունն է թողել բոլոր համատեղ հայտարարությունների ներքո և ընդամենը այդքանը: Բացառություն կազմեց այս տարվա հունիսին նրա ուղերձը՝ հասցեագրված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Դա Կազանի եռակողմ հադիպումի նախօրեին էր: Այն ժամանակ Սարկոզին գրում էր, որ եկել է պահը ամրագրելու այն սկզբունքները, որոնց հիման վրա կարող են այնուհետև ծավալվել կարգավորման բուն բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի խոսքով, պատմության ընթացքում լինում են պահեր, երբ պետության ղեկավարներն իրենց ժողովրդին պետք է ցույց տան խիզախության, իմաստնության ու խաղաղության ճանապարհը: Եվ ահա Սարկոզին կարծում էր, թե վրա է հասել հենց այդ պահը: «Իմացեք, որ բոլոր դեպքերում ես՝ որպես բարեկամ և ինձ հետ է Ֆրանսիան, որն իրեն համարում է քույրը Հայաստանի, հղում ենք Ձեզ այս վճռորոշ հանդիպման հաջողության ամենաանկեղծ մաղթանքներ: Իմ երկիրը ջանք չի խնայի սատարելու Ձեզ այդ ճանապարհին»,- հուզախառ հնչերանգներով իր ուղերձն էր եզրափակել Ֆրանսիայի նախագահը: Թե ինչ եղավ այնուհետև, արդեն հայտնի է: Եվ այժմ նա թերևս պատրաստվում է տեղում հստակեցնել պատմական պահի հնարավորությունները:
Այն, որ Սարկոզին կժամանի տարածաշրջան, կասկածից վեր է: Այդ մասին են վկայում նաև վերջերս Ֆրանսիայի ու Ռուսաստանի ԱԳ և պաշտպանության նախարարների կայացած բանակցությունները, որոնց ընթացքում անդրադարձ է եղել Ղարաբաղի խնդրին: Միևնույն ժամանակ օրերս Սերժ Սարգսյանն ընդունեց Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Թիերի Մարիանիին: Հանդիպմանը զրուցակիցները ընդգծեցին, որ առաջիկայում նախատեսվող Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների փոխայցելությունները կարևոր նշանակություն կունենան երկկողմ հարաբերությունների խորացման և առավել ամրապնդման համար: Սովորաբար նման ժլատ խոսքերի թիկունքում է քողարկվում այն ողջ ծանրությունը, որն անբաժան է բարդ հարցերի շուրջ ուժեղների ու թույլերի երկխոսությունից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: