Պահոց | 7:27 ե.

ԱՆՐԻ ԱՄԻԵԼ

12 Սպտ

Անկարգությունը մեզ ստրուկ է դարձնում: Այսօրվա անկարգությունը նվազեցնում է մեր վաղվա ազատությունը: Առավել շատ մենք դժգոհ ենք ուրիշներից, երբ դժգոհ ենք ինքներս մեզնից: Մեղքի գիտակցումը մեզ դարձնում է անհանդուրժող: Եբվ մոլորությունն այնքան ավելի վտանգավոր է, որքան մեծ է նրա մեջ ճշմարտության բաժինը:
Բայց ժամանակը մեծագույն խաբկանք է: Այն սոսկ մի ներքին պրիզմա է, որի միջով մենք բեկում ենք կեցությունն ու կյանքը, կերպար, որի ներքո մենք հետզհետե տեսնում ենք այն, ինչը ժամանակից դուրս է, գաղափարների մեջ: Մեր գիտակցության կենտրոնը անգիտակցական է, ճիշտ այնպես, ինչպես արեգակի միջուկն է մութ: Անհայտությունը հույսի ապաստարանն է: Հավատը արժանահավատությունն է՝ առանց ապացույցների: Րոպեները դանդաղ են, իսկ տարիներն՝ արագընթաց: Հազար քայլ առաջ, ինը հարյուր իննսունութ քայլ ետ՝ ահա թե ինչ բան է առաջընթացը: Յուրաքանչյուր կյանք արարում է իր ճակատագիրը: Իսկ ճակատագիրը կործանում է մեզ երկակի ձևով՝ մերժելով մեր ցանկությունները և ի կատար ածելով դրանք: Կարողանալ ծերանալ՝ իմաստնության բարձրակետն է և դժվարագույն կողմերից մեկը կյանքի մեծագույն արվեստում: Հերոսությունը հոգու հաղթանակն է մարմնի նկատմամբ: Հեշտությամբ անել այն, ինչն ուրիշների համար դժվար է, դա տաղանդ է: Անել այն, ինչ տաղանդի համար անհնար է, դա հանճարեղ է:

Ճանաչումը՝ օվկիանոսի այն ափից

12 Սպտ

Ուրուգվայի մասին հայաստանցիներս շատ բան չգիտենք՝ բացառությամբ թերևս նրա, որ այս երկիրը 1965 թ. աշխարհում առաջինը պետականորեն ճանաչեց 1915 թ. հայերի Ցեղասպանությունը, իսկ 2004-ին վերահաստատեց այդ որոշումը: Թե ինչու Ուրուգվայն այն ժամանակ որոշեց ստանձնել առաջամարտիկի դերը, այլ խոսակցության նյութ է: Սակայն այն, որ այժմ նույն երկիրը պատրաստվում է հայերիս համար մատուցել ևս մի մեծ անակնկալ, դառնում է ոչ միայն հետաքրքիր, այլև երևութին լրջորեն անդրադառնալու առիթ է տալիս:
Եվ այսպես, մի քանի օր առաջ Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական խմբի կողմից նախաձեռնված համաժողովի ժամանակ, խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին, հանկարծ մի աննախադեպ հայտարարություն արեց: Նա բառացիորեն հետևյալն ասաց. «Այսօր մենք ուսումնասիրում են հարցը` պետականորեն տեսակետ հայտնելու համար, սակայն ես անձամբ համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մաս է կազմում և պետք է լինի անկախ կամ կարճ ժամանակում կցվի Հայաստանին: Սա է Արցախյան խնդրի միակ լուծումը»: Նախարարն այս հայտարարությունը արեց Ուրուգվայի խորհրդարանում, որտեղ ներկա էին այդ երկրի փոխնախագահը, խորհրդարանի նախագահը, խորհրդարանականներ ու լրագրողներ: Առաջին անգամ ժողովրդավար մի երկիր պաշտոնապես հայտնում էր Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորության մասին որպես իշխող քաղաքական ուժերի դիրքորոշում: Հասկանալի է, որ սա դեռևս վերջնական լուծում չէ, հայտարարությունը պետք է քննարկվի, այն կարող է նաև մերժվել: Բայց և այնպես եղածն էլ բավական էր, որ ունենար պայթող ռումբի ազդեցություն ինչպես Հայաստանում, այնպես էլ հարևան երկրներում:
Առաջինններից մեկը (ինչպես և պետք էր սպասել) Ուրուգվայի կեցվածքը ողջունեց պաշտոնական Ստեփանակերտը: Ըստ ԼՂՀ իշխանությունների, սա չի նշանակում, որ Ուրուգվայը ավտոմատ կերպով կճանաչի ԼՂՀ անկախությունը, բայց դա նշանակում է, որ միջազգային հանրությունը լուրջ է վերաբերում ճանաչման գործընթացին, քանի որ նոր պետությունների ճանաչման փուլը, որը բացվեց Կոսովոյով, այնուհետ շարունակվեց Հարավային Օսիայով, Աբխազիայով, Հարավային Սուդանով, չի կարող շրջանցել Լեռնային Ղարաբաղը:
Առաջիններից մեկը (ինչպես և պետք էր սպասել) Ուրուգվայի քայլը դատապարտեց Ադրբեջանը: Հայտարարությունից ժամեր անց Բուենոս Այրեսում գտնվող ադրբեջանական դեսպանատունը կապվեց Ուրուգվայի ԱԳ նախարարության հետ: Դեսպանը զրուցեց փոխնախարար Ռոբերտո Կարերասի հետ, սակայն նրանից ոչինչ ավելի լսել չկարողացավ, բացի այն, որ Ուրուգվայը հարգում է միջազգային իրավունքի սկզբունքները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեությունը: Տեսնելով, որ իրավիճակը դառնում է աննախանձելի, Բաքվում ուրիշ խելամիտ որևէ բան չմտածեցին, քան պաշտպանություն գտնել ամերիկացիներից: Սակայն այստեղ էլ նրանց սպասվում էր խոր հիասթափություն: Երբ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից պահանջեցին մեկնաբանել Ղարաբաղի անկախությունը ճանաչելու գործընթաց սկսելու Ուրուգվայի մտադրությունը, ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Քիթ Բինը նրանց սոսկ պատասխանեց, որ հայտարարությունները հանդիսանում են Ադրբեջանի և Ուրուգվայի միջև երկկողմ հարաբերությունների հարց: Բինի՝ «ԱՄՆ-ը չի մեկնաբանում երկկողմ երկրների հարաբերությունները» խոսքերը ավելի ծանր էին, քան շառաչուն ապտակը: «Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծում է, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները (ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում) ապահովում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման հիմքը»,- հավելել էր Բինը:
Ադրբեջանցիների հաջորդ քայլն էլ ավելի զավեշտալի ու անիմաստ էր: Տեսնելով, որ ոչինչ փոփոխել չի կարելի, նրանք հաղորդեցին, որ Լուիս Ալմագրոն նման մտքեր չի արտահայտել, և խնդիրը նախարարի խոսքերի սխալ թարգմանության մեջ է: Բայց դա ճշտելն այնքան էլ դժվար չէր:
Կասկածից վեր է, որ հարևան երկրի հակաքարոզչական արշավը դեռ կերկարի ու նոր դրսևորումներ ի հայտ կբերի: Իսկ մինչ այդ, ոչ պակաս հետևողականությամբ Հայաստանը նույնպես փորձում է ըմբռնել փաստի էությունը և հստակեցնել իր անելիքները: Երևանում կարծում են, որ ԼՂՀ ճանաչման գործընթաց սկսելու Ուրուգվայի քայլը մեծապես պայմանավորվում է հարավամերիկյան այդ երկրի հայ համայնքի գործոնով, ինչպես նաև այն բանի գիտակցմամբ, որ Ուրուգվայի նախաձեռնությունը դեռևս հիմնավոր քաղաքական վերանայումների ու արմատական տեղաշարժերի նախանշան չի կարելի դիտարկել: Տեսակետ կա, թե գործընթաց սկսելու քայլը կարող է վարակիչ լինել այլ պետությունների համար ևս: Այսպես մտածելու հիմք է տալիս նախ և առաջ այն համոզմունքը, որ ԼՂ խնդիրը, ճանաչման առումով, այլընտրանք չի կարող ունենալ և դեռևս կողմնորոշման փուլում գտնվող մնացած երկրներն անգամ գիտակցում են, որ Լեռնային Ղարաբաղն արժանի է ճանաչման։ Միայն թե հարցը պայմանավորված է ոչ թե Ուրուգվայով, այլ գերտերություններով: Լավագույնը, որ կարելի է ակնկալել մոտ ապագայում, կարող է լինել այն, որ միջազգային հանրությունը և հատկապես Լատինական Ամերիկայի երկրները կսկսեն ավելի լուրջ վերաբերել այդ գործընթացին:
Ուրուգվայի քաղաքական դիրքորոշման առանձնահատկությունը թերևս կայանում է նրանում, որ այդ երկիրը, ի տարբերություն շատերի, չի սպասում Ամերիկայի կամ մեկ այլ պետության թելադրանքին և հենց ինքն է բարձրաձայնում իր տեսակետը։ Առավելագույնս ազատ լինելու իրավունքը նրան տալիս է նաև այն հանգամանքը, որ Ուրուգվայը չունի ոչ տարածաշրջանում աշխարհաքաղաքական, ոչ էներգետիկ հետաքրքրություններ կամ կախվածություններ, որոնք նրան կստիպեին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի ճանաչումից:
Այս օրերին Երևանում նաև վերհիշեցին, որ Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ պատրաստ էին քննարկել ԼՂՀ ճանաչման հարցը դեռևս 1990-ականներին, սակայն ինչ-ինչ հարցեր խոչընդոտ հանդիսացան այդ զարգացումներին: Երևանում նաև կարծիքներ հնչեցին, թե Արցախի անկախությունն առաջինը պետք է ճանաչի Հայաստանի Հանրապետությունը, որին կհետևի միջազգային ճանաչումը: Սակայն մեր իշխանություններն այս պնդումների հետ դեռևս համակարծիք չեն, իսկ օվկիանոսի այն կողմից հնչող հուսադրող ձայները նրանց մղելու են նոր մտորումների:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: