Պահոց | 4:17 ե.

Լեֆորտի ֆակուլտատիվ պարապմունքները Կովկասում

8 Սպտ

Եվրամիությունն այնուամենայնիվ որոշեց կրկին գոյության իրավունք տալ Հարավային Կովկասում իր ներկայացուցչի պաշտոնին, ինչի մասին այստեղ վաղուց ի վեր մոռացել էին: Եվ ահա, այժմ արդեն Հարավային Կովկասի, Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ նորանշանակ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը մեր տարածաշրջանում է: Վերջինիս մանդատը գործում է սեպտեմբերի 1-ից, սակայն այն այժմ կրկնակի մանդատի ուժ ունի, քանի որ փոխարինում է ինչպես Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին, այնպես էլ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիեռ Մորելին։ Պաշտոնի անվանումն առաջին հայացքից փոքր-ինչ անհեթեթ է հնչում: Կարելի է կարծել, որ Վրաստանը ոչ թե Կովկասում է, այլ մոլորակի մեկ այլ անկյունում: Սակայն միտումը հասկանալի է: Եվրոպան շարունակում է առավելագույն ուշադրությունը հատկացնել հենց այդ երկրին՝ մնացածի հետ զբաղվելով այնպես՝ ձեռքի հետ, իբրև Վրաստանի հարևաններ և Կովկասի լրացուցիչ տարածություն: Ինչ վերաբերում է Լեֆորտին, ապա նա ֆրանսիացի դիվանագետ է, շուրջ 20-ամյա դիվանագիտական աշխատանքի փորձ ունի։ Նա 2004-2007 թվականներին զբաղեցնում էր Վրաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը, հետո տեղափոխվեց Ռուսաստան: Մի խոսքով, Կովկասին բավարար չափով ծանոթ է: Պատահական չէ, որ Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ գերագույն կոմիսար Քեթրին Էշթոնի ընտրությունը կանգ առավ հենց նրա վրա, և Էշթոնն էլ իր նշանակումը գնահատեց իդեալական:
Իսկ եթե սա դիտարկենք առավել համապարփակ տեսանկյունից, ապա տպավորություն է ստեղծվում, որ Եվրոպայում Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունը համարում են հիմնավորապես ձախողված և կարծում են, թե առաջ է եկել այդ դաշտում լրացուցիչ՝ երրորդ խաղացող ունենալու անհրաժեշտություն: Եթե ընդունենք, որ այդ երրորդ ուժը տվյալ պարագայում կարող է լինել միայն ԵՄ-ն, ապա չենք կարող նաև չարձանագրել, որ դա նաև Ֆրանսիան է, ով տվյալ պարագայում պիտի դառնա Եվրամիության շահերի արտահայտիչը: Ի դեպ, Ֆիլիպ Լեֆորտը նույնպես դա չհերքեց: Նա, որ բավական տեղեկացված է տարածաշրջանի խնդիրներով, խոստովանեց, որ իր պաշտոնի պահպանման շուրջ երկար քննարկումներ են եղել ԵՄ-ում և ի վերջո որոշել են այն պահպանել՝ կցելով Վրաստանի ճգնաժամի հարցերով ուղղությունը: Այժմ Լեֆորտը պնդում է, թե ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում այս տարածաշրջանին, այն դիտարկում է որպես բավական հետաքրքիր գոտի նաև ծրագրերի իրականացման տեսանկյունից, և նպատակ ունի աջակցել աշխարհի այս կետում խաղաղության հաստատմանը:
«Խաղաղություն հաստատել» ասելով եվրոպացիներն առաջին հերթին հասկանում են Ղարաբաղի հարցը: Բայց այդ նպատակի համար արդեն գործում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ուրեմն ո՞րն է լինելու նոր մանդատի գործառույթը: Լեֆորտը դրա համար պատասխան ունի: Պարզվում է, որ, այո, Մինսկի խումբը այդ հարցում ունի հիմնարար առաքելություն, իսկ ԵՄ-ն ցանկանում է ֆակուլտատիվ դեր ունենալ գործընթացում, աջակցել Հայաստանին և Ադրբեջանին, քանի որ, ըստ նրա, երկու երկրներն էլ Ղարաբաղյան հակամարտությանը զոհ են դարձել: Ստացվում է, որ իր առաջին այցի ժամանակ եվրոպացի պաշտոնյան արդեն իսկ հավասարության նշան է դնում հակամարտող կողմերի միջև: Սակայն սա այնքան էլ մեծ դժբախտություն չէ, եթե այդ նույնացումը կարող է առողջ պտուղներ տալ: «ԵՄ-ն հակամարտությունների կարգավորման մեխանիզմներ ու փորձ ունի, որոնք կարող են նպաստել այդ հարցի լուծմանը»«-ասում է Լեֆորտը՝ մասամբ բացելով փակագծերը:
Փոքր-ինչ դժվար է վերհիշել, թե Եվրամիությանը աշխարհի հատկապես ո՞ր անկյունում է հաջողվել կարգավորել որևէ հակամարտություն՝ առանց ծանր հետևանքների: Բացի այդ, եթե հատուկ ներկայացուցիչը կարծում է, թե Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկները հիանալի են, ապա այդ դեպքում որտե՞ղ է հիացմունքի արգասիքը և ի՞նչ նոր բան նա պիտի հավելի այդ չնաշխարհիկ առաջարկներին: Սրանց արձագանքն առայժմ լռությունն է, իսկ մինչ այդ բարձրաստիճան հյուրը առիթն օգտագործում է կրկնելու, թե ներկա պահին ԵՄ ցանկությունն է առավել կարևոր դեր խաղալ՝ աջակցելու այն ձևաչափին, որն արդեն գոյություն ունի բանակցային գործընթացում, այսինքն Մինսկի խմբի եռանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման նպատակով: Որպես այդպիսի պահանջ, նա վերհիշում է դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու և հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ առաջարկները:
Թող մեզ ների հարգարժան պարոնը, սակայն նախնական տպավորություններին չենք կարող չխառնել թերահավատության չափաբաժինը: Չենք կարող նաև չնկատել, որ, օրինակ, Բաքվում նա հանդիպեց Ղարաբաղի այսպես կոչված «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ, սակայն Հայաստանում կարծես թե առանձնապես հետևողական չգտնվեց տեսակցել ադրբեջանահայ փախստականների հետ: Այդ դեպքում էլ ու՞ր մնաց նրա հավասարության նշանը:
Ամեն դեպքում, Լեֆորտի այցի օրակարգը շատ ավելի ընդարձակ էր, քան սոսկ հակամարտության հիմնախնդիրը: Վերջինս Հայաստանի իշխանությունների հետ քննարկել է «Արևելյան գործընկերություն» ծրագրի, Վարշավայում կայանալիք գագաթնաժողովից առաջ վիզային ռեժիմի դյուրացման հետ կապված հարցերը, հատուկ ընդգծել, թե կովկասյան տարածաշրջանը կամուրջի դեր է կատարում ծովային ու մայրցամաքայի տարածաշրջանների միջև, և այն տրանզիտային, մշակութային բազմազանության գոտի է: Սահմանելով ԵՄ-Հայաստան մերձեցման նախապայմանը, Լեֆորտը կրկնել է. «Միայն մի բան կասեմ, որ Եվրոպական Միության մերձեցման ամենակարճ ուղին հակամարտությունների կարգավորումն է», այսինքն քանի դեռ կա պատերազմի վտանգ, մենք եվրոպական ընտանիքի դռներին մոտենալու հույսը չպիտի փայփայենք:
Անդրադառնալով այն բանակցություններին, որոնք վարվում են Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ, նշենք, որ այդ հարցում այժմ բավական առաջընթաց է արձանագրվել: Համարյա նույնը կարելի է ասել նաև համապարփակ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքների մասին: Պաշտոնական Երևանը հույս ունի, որ վիզային ռեժիմի դյուրացման բանակցությունների մանդատը իրեն կտրվի մինչև Վարշավայի գագաթնաժողովը, որից հետո նախադրյալներ կստեղծվեն անցնելու նոր փուլին՝ ապագայում վերացնել վիզաները ԵՄ ու Հայաստանի միջև:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: