Պահոց | 6:42 ե.

Թուրքիայի նոր աչքը, որ կարող է նաև չտեսնել

6 Սպտ

Թուրքիան ընդգծված բավականությամբ հայտարարեց այն մասին, որ հակահրթիռային պաշտպանության համակարգի շրջանակներում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից ստեղծվող հրթիռային հարձակման սպառնալիքի մասին վաղ նախազգուշացման ռադարը նախատեսվում է տեղակայել այդ երկրի տարածքում: ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, թե հիշյալ որոշումը կայացվել է ՆԱՏՕ-ի նոր ռազմավարության գործակցության շրջանակներում: «Այդ համակարգերը կուժեղացնեն ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի ազգային պաշտպանական համակարգերը: Ռադարի տեղադրման հարցի հետ կապված տեխնիկական աշխատանքներն ու բանակցություններն ընթանում են կառավարության ցուցումով՝ շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ, և վերջնական փուլ են թևակոխել»,- պարզաբանեցին թուրքերը: Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ ԵվրոՀՀՊ-ի ռադարը նախատեսվում է տեղադրել Թուրքիայի հարավ-արևելքում: Դրա գործողության շառավիղն իր մեջ կներառի ողջ Մերձավոր Արևելքը: 900 միլիոն դոլարանոց կայանի գործունեության շառավիղը կազմում է 7000 կիլոմետր: Ընդհանրապես, հակահրթիռային համակարգը կազմված է լինում երկու բաղադրիչից. առաջինը հրթիռների հայտնաբերման ռադարն է, իսկ երկրորդը հակահրթիռային համակարգն է, որը պետք է ոչնչացնի այդ հրթիռները։
Թեև որոշումը վերջնական չէ և ցանկացած վերանայում չի բացառվում, բայց և այնպես սա որևէ մեկի համար անակնկալ չէր: Համակարգի տեղադրման մասին համաձայնությունը ձեռք էր բերվել դեռ նախորդ տարի՝ Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, և Թուրքիան աջակցել էր այս նախաձեռնության իրագործման հետ կապված աշխատանքներին: Մինչ այդ ԱՄՆ-ն մտադիր էր Լեհաստանում տեղադրել հակահրթիռներ, իսկ Չեխիայում՝ ՀՀՊ համակարգի ռադար: Սակայն Մոսկվայի խիստ հակազդեցությունը, որն այս ամենը համարում էր ուղղակի սպառնալիք իր ռազմավարական ներուժին, ինչ-որ չափով (թեև ոչ լիովին) իր դերակատարումն ունեցավ: Նախագահ Բարաք Օբաման որոշեց փոփոխել ՀՀՊ-ի ռազմավարությունը, հետաձգել հին ծրագրերը՝ վերջնականապես չհրաժարվելով դրանցից, և որպես այլընտրանք առաջարկվեց Թուրքիան: Այժմ թուրքական կողմը ջանում է պատասխանատվության չափաբաժինը հավասարապես բաշխել բոլոր նախաձեռնողների միջև, որպեսզի հեռու մնա լրացուցիչ ճնշումներից: ԱԳ նախարար Ա. Դավութօղլուի մեկնաբանությամբ, հակահրթիռային համակարգը ինտեգրացիոն համակարգ է և ՆԱՏՕ-ի նախագիծն է։ Այսինքն՝ այդ համակարգը չի պատկանում որևէ երկրի։ «Այդ նախագծի մշակման ժամանակ մենք ներկայացրել ենք մեր մտահոգությունները։ Դրա համար մենք հստակեցրել ենք մի շարք սկզբունքներ. այդ համակարգերը չպետք է ուղղված լինեն որևէ երկրի դեմ, Թուրքիան պետք է ակտիվ դեր խաղա որոշումների ընդունման գործընթացում և այլն»։ Նման բացատրությունն, իհարկե, քչերին կարող է բավարարել, իսկ որևէ մեկի դեմ ուղղված չլինելու վարկածն ընդհանրապես լուրջ ուշադրության չի արժանանա: Ներկա պահին մի քանի երկրներ արդեն իսկ վիճարկում են դրա պոտենցիալ թիրախը լինելու առաջնությունը: Իսկ դրանց շարքում գլխավորները Իրանն ու Ռուսաստանն են:
Բայց մինչ դժգոհներին անցնելը նախ փաստենք այն կարևոր հանգամանքը, որ թուրքական կողմից նման որոշման ընդունումը հերթական վկայությունն է այն բանի, որ թուրքերը շարունակում են իրենց համար կարևոր գործոն համարել ՆԱՏՕ-ի անդամակցությունը և իրենց ռազմաքաղաքական տեղաշարժերը դիտարկում են հենց այդ կառույցի շրջանակներում: Սրանով իսկ Թուրքիան լրացուցիչ պարտավորություններ է ստանձնում ՆԱՏՕ-ի ու առաջին հերթին Միացյալ Նահանգների առջև։ Դա էլ իր հերթին ենթադրել է տալիս, որ նա հարկադրված կլինի հաշվի առնել ամերիկացիների կարծիքը տարածաշրջանային զանազան իրավիճակների նկատմամբ վերաբերմունք դրսևորելիս: Մինչդեռ իսլամական աշխարհին նման ենթակայությունը հազիվ թե դուր գա:
Այն, որ պաշտոնական Թեհրանը նկատելիորեն անհանգստացած է նոր իրավիճակով, ասվածի վկայություններից մեկն է: Իրանում լիովին համոզված են, որ Թուրքիայում վաղ նախազգուշացման ռադարի տեղակայումն ուղղված է հենց իրենց դեմ: Այստեղ մատնացույց են անում փաստը, որ տարիներ շարունակ արաբական ու մահմեդական աշխարհում առաջամարտիկի դեր խաղացող թուրքերն ի վերջո պատռեցին իրենց դիմակը և հիմա ակնհայտ դարձավ, որ այդ երկիրն Արևմուտքի շահերի պաշտպանն է:
Իրանի փոխարտգործնախարար Հասան Գաշգավին արդեն շտապել է զգուշացնել, որ ԱՄՆ ռադարի տեղակայումը իրանական սահմանների մերձակայքում կարող է հակասությունների հանգեցնել: Իսկ Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Ալաադին Բուրուջերդին հայտարարել է, որ մուսուլմանական երկրները չպետք է ծառայեն ՆԱՏՕ-ի շահերին: «Մուսուլմանական երկրները պետք է համագործակցության ճանապարհով բարձրացնեն իրենց անվտանգության մակարդակը և թույլ չտան, որպեսզի տարածաշրջանում այն սասանվի»,-նշել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան:
Ռուսաստանը մինչ այս պահը դեռևս ձեռնպահ է մնացել կոշտ որակումներից՝ ընդամենը հայտարարելով, որ ԱՄՆ-ի կողմից կայանի տեղակայումն իրականացվում է՝ Ռուսաստանի մասնակցությունը հաշվի չառնելով, և ըստ այդմ պահանջում է «հստակ երաշխիքներ» փոխանցել, որ դա ուղղված չէ Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերի դեմ: Նկատենք, որ այս նպատակով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նույնիսկ պատրաստվում էր այցելել Թուրքիա, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մասնակցելու է սեպտեմբերի 7-8-ը Յարոսլավլ քաղաքում տեղի ունենալիք «Գլոբալ քաղաքական ֆորումին», և ուրեմն կարելի է խնդիրը քննարկել սեփական հարկի տակ։
Պետք է նկատել նաև, որ քիչ չէ նրանց թիվը, ովքեր կարծում են, որ Թուրքիայում վաղ նախազգուշացման ռադարի տեղակայման մասին հայտարարությունները այդպես էլ կմնա որպես հայտարարություն: Վերջինններս համոզված են, որ իրականում Թուրքիան պատրաստ չէ իր տարածքում ՀՀՊ համակարգ տեղակայել և, բացի այդ, անցած 10 տարիների ընթացքում Թուրքիան փորձում է դուրս գալ ԱՄՆ ազդեցությունից, հետևաբար, նա չի ցանկանա իրեն կապել այդ երկրի նկատմամբ նոր պարտավորություններով: Իսկ թե ինչու՞ է նա այժմ նման հայտարարությամբ հանդես գալիս, փորձագետները այս հարցի մեկ պատասխան ունեն. Անկարայի այդ հայտարարությունը պայմանավորված է ինչպես Հյուսիսային Աֆրիկայի, այնպես էլ Սիրիայի իրավիճակով, ու եթե իրավիճակը Սիրիայում կարգավորվի, ապա ՀՀՊ համակարգի տեղակայման հարցն ինքն իրեն կլուծվի:
Ասվածին հավելենք, որ պաշտոնական Երևանն այդ կապակցությամբ իր դիրքորոշումը դեռ չի արտահայտել ու թերևս այդպես էլ ձեռնպահ մնա որևէ հստակ բան ասելու մտքից: Հայաստանում այն համոզմանն են, որ չնայած և Իրանը, և Ռուսաստանը դեմ են համակարգի տեղակայմանը, սակայն Հայաստանի անվտանգությանը դա ոչ մի կերպ չի սպառնում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: