Կարմիր գիծ, թե՞ փակուղի

2 Սպտ

Նրանք, ովքեր փորձում են կանխատեսել, թե մոտ ժամանակներս հնարավոր է ղարաբաղյան բանակցությունների վերսկսումը, չափից ավելի լավատես են, քանի որ այդպես կարծելու համար ոչ միայն հիմքեր չկան, այլև կան հակառակը պնդելու դրդապատճառներ: Ներկա պահին ամեն ինչ մղում է դեպի լարվածության խորացմանը և չի գծագրվում այն հեռանկարը, որն ի վիճակի է արմատապես շտկել կացությունը: Բավականին երկար ժամանակ է, ինչ միջնորդ երկրները բազմիմաստ լռություն են պահպանում: Որևէ ակտիվություն չեն ցուցաբերում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Իսկ եթե ժամանակ առ ժամանակ ինչ-որ մեկն այնուամենայնիվ հիշում է խնդրի մասին, ապա սովորաբար դրանք լինում են կամ հերթապահ ասույթներ ու կոչեր, կամ հակամարտող կողմերից փոխադարձվող մեղադրանքներ: Սրան զուգահեռ մեծ ու փոքր քաղաքական ինտրիգներն ու իրադարձությունները էլ ավելի են պղտորում ընդհանուր պատկերի հստակությունը: Օրինակ, հենց այսօր Դուշանբեում ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստն է, որին մասնակցելու համար Տաջիկստան է մեկնում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Իսկ ահա նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովը վերջին պահին հայտարարեց, որ ներկա չի գտնվի այդ հավաքին: Բոլոր հարթություններում շփումները բացառելու միտումը տարածվելու է նաև սեպտեմբերի 23-ին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի վրա: Արդեն տեղեկություններ կան, որ Նյու-Յորքում չի նախատեսվում Հայաստանի նախագահ Սերժ Սագսյանի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ: Ավելորդ չէ հիշեցնել նաև, որ ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, թե Մինսկի խումբը պատրաստվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպվել: Սակայն այս լուրն անմիջապես հերքվեց: Հանդիպման մասին լրատվությունը, որը գրել էր հայաստանյան թերթերից մեկը, ավելի շուտ ապատեղակատվություն էր, «մատից ծծած» ինֆորմացիա, որը ոչ միայն փաստարկված չէր, այլև կառուցված էր «ես ասեմ՝ դու հերքիր» էժանագին հնարանքի վրա: Ու հերքեցին: «Ես տեղեկատվություն չունեմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման վերաբերյալ: Այդ մասին ես իմացել եմ մամուլից»,- արձագանքեց Ադրբեջանի արտգործնախարարը:
Եվ մինչ ծանր դադարը նույնքան ծանր քայլերով դոփում է նույն կետի վրա, կողմերը փորձում են մեկ անգամ ևս հիշեցնել իրենց կարծր դիրքորոշման անփոփոխության մասին: Հայաստանի նախագահն այդ իմաստով ունի մի շարք կատեգորիկ սահմանումներ, որոնք հանգեցնում են հետևյալին. անխուսափելի է համարվում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը և, բացի այդ, «մենք ունենք կարմիր գիծ, որ չենք կարող երբեք հատել»: Առավել միանշանակ հազիվ թե հնարավոր լինի ասել: Այդ իսկ պատճառով էլ, մեկնաբանելով Սարգսյանի հայտարարությունը` Ադրբեջանում այլ միջոց չգտան, քան պնդելը, թե իբր դրանք նախատեսված են ներքին օգտագործման համար, իսկ արտաքին մակարդակում ամեն ինչ այլ կերպ է քննարկվում:
Նախ նկատենք, որ ներքին օգտագործման համար մտքերը չեն հաղորդվում ԱԳ նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ, ինչն արդեն իսկ վկայությունն է այն բանի, որ դրանք ուղենիշ պիտի հանդիսանան դրսում տարվող աշխատանքների համար: Մյուս կողմից Բաքուն ևս ոչ պակաս համառ է փորձում ձևանալ, երբ հայտարարում է. «Մեր դիրքորոշումը անփոփոխ է: Հակամարտության կարգավորման համար Հայաստանը նախ պետք է դուրս բերի իր զորքերը օկուպացված տարածքներից: Այդ քայլը տարածաշրջանում իրավիճակի կանխատեսելիություն կստեղծի»:
Անշուշտ, իրավիճակն այդ դեպքում լիովին կփոխվի, եթե հաղթող կողմը հանկարծ որոշի, որ իր ձեռքբերումները սկուտեղի վրա մատուցում է թշնամուն ու սուսուփուս նահանջում ազատագրված տարածքներից: Մնում է միայն, որ ադրբեջանցիները գտնեն այդ միամիտին: Բայց մինչ այդ Բաքուն գործադրում է այնպիսի մի քայլ, որ ամենևին ներդաշնակ չէ նրանց մարտաշունչ, գոռոզ պահվածքին: «Կարող եմ հաստատել, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները»,- հայտարարում է Ադրբեջանը՝ մոռանալով, որ հաշված շաբաթներ առաջ Կազանում ունեցել էր նման հնարավորություն, սակայն սեփական կամքով ձախողել էր այն: Հենց դրա մասին էր, որ երեկ Է. Նալբանդյանը պատմում էր ուսանողներին. «Հասել էինք մի հանգրվանի, երբ միջնորդները, միջազգային հանրությունը և նրանց հետ համահունչ դիրքորոշում ունեցող Հայաստանը գտնում էին, որ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ու ներկայությամբ Կազանի հանդիպմանը եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքները կարող են հիմք հանդիսանալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար: Սակայն Ադրբեջանի մերժողական և ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չեղավ առաջընթաց արձանագրել»,-նշել էր նախարարը:
Եվ ուրեմն ի՞նչ է հիմա կատարվում ադրբեջանցիների հետ, ինչու՞ նրանք այսպես անսպասելի որոշեցին վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ: Հայերի սահմանած կարմիր գի՞ծն է նրանց անհանգստացրել, թե՞ այն հեռանկարը, որ հերթական փակուղին կամ սառեցումը ձեռնտու է բոլորին, բայց ոչ իրենց: «Հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա փուլային հիմքի` Մադրիդյան սկզբունքների բազայի վրա»,- այսպես են ասում Բաքվում: Միայն թե այս պնդումներում կարևոր մի բան բացակայում է՝ ազնվությունը: Վերջին շրջանում միակ բանը, որ ձգտում են անել մեր հարևանները՝ դա նրանց խաղն է Ռուսաստանի ու Արևմուտքի՝ Հարավային Կովկասում ունեցած շահերի նուրբ լարերի վրա: Ադրբեջանական կողմը չի էլ թաքցնում, որ կասկածանքով է վերաբերվում Կրեմլի անկողմնակալ միջնորդությանը, սակայն չունի այնչափ համարձակություն, որպեսզի բացահայտ ձևով դեմ արտահայտվի նրա մասնակցությանը: Իբրև այլընտրանքային տարբերակ Բաքուն կամ պիտի փոխի երկրի արտաքին կուրսը՝ ճանապարհ վերցնելով դեպի ՆԱՏՕ և Արևմուտք, կամ հաշտվի եղածի հետ: Սակայն Արևմուտքում ևս բարի խոստումներ չեն շռայլում: Օրերս այդ մասին հիշեցրեց նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան՝ ասելով, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան փաթեթը, որ ներառում է խնդրի խաղաղ լուծման համար անհրաժեշտ բոլոր սկզբունքները, հիմնարար է:
Ի՞նչ է ստացվում: Եթե հարցին փոքր-ինչ տարողունակ հայացքով դիտենք, ապա պիտի փաստենք, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ղարաբաղյան հակամարտության կողմերց ոչ մեկին՝ ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին, Մադրիդյան սկզբունքները ձեռնտու չեն: Երևանում այդ մասին չեն ասում, քանի որ այն առայժմ մեծ հոգսեր չի պատճառում: Մինչդեռ ադրբեջանցիներին Մադրիդյան ծուղակը նետել է անելանելի կացության մեջ, որտեղից ելք այս պահին նա չի տեսնում: Այդ պատճառով էլ գնալ նոր բանակցությունների՝ անպտուղ զբաղմունք է: Մնում է միայն ժամանակ ձգել, վիրավորված կողմ խաղալ, քարոզչական ձեռնածությունով զբաղվել, մինչև որ փոփոխական իրավիճակները իրենք կհուշեն հերթական անելիքը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s