Պահոց | 9:38 ա.

ԺԱՆ ԿՈԿՏՈ

26 Օգս

Աստված մտածում է մեզ համար, բայց չի մտածում մեր փոխարեն: Իսկ ի՞նչ է մտածում մարմարը, երբ քանդակագործը նրանից գլուխգործոց է կերտում: Նա մտածում է. «Ինձ հարվածում են, փշրում են, ինձ անարգանքի են ենթարկում, ես կործանվում եմ»: Բայց մարմարը հիմար է: Կյանքը քանդակում է ինձ, նա ինձնից գլուխգործոց է ստեղծում: Ու ես պետք է դիմանամ բոլոր հարվածներին, եթե նույնիսկ չեմ հասկանում նրանց: Պիտի ամուր լինեմ: Պիտի հանգստորեն ընդունեմ ամեն բան, օգնեմ նրանց, համագործակցեմ նրանց հետ, որպեսզի կարողանան ավարտել իրենց գործը: Կամքը կարող է նույնիսկ մեր ձեռքի ափի գծերն ուղղել…
Արթնացման պահերին մեր ներսում խորհում է կենդանին, բույսը: Միտքը նախաստեղծ է՝ ոնչով չգունազարդված: Մենք տեսնում ենք ահավոր աշխարհը, քանի որ տեսնում ենք այն, ինչ կա: Փոքր-ինչ անց գիտակցությունը աղբով է խցանում մեր հայացքն իր հնարանքներով: Նա մատուցում է փոքրիկ զարդեր, խաղալիքներ, որ մարդը պատրաստում է, որպեսզի քողարկի դատարկությունը: Եվ մեզ այնպես է թվում, թե ահա հիմա մենք ճիշտ ենք տեսնում: Ի՞նչ գիտենք մենք: Ի՞նչ ենք ասում: Մենք նստել ենք գերբնականի հենց պարանոցին: Մենք աստվածների հետ պահմտոցի ենք խաղում: Մենք ոչինչ չգիտենք: Ոչինչ: Ոչինչ…

ԱՄԲՐՈԶ ԲԻՐՍ

26 Օգս

… Հրելը կյանքում հաջողության հասնելու երկու միջոցներից մեկն է: Երկրորդ միջոցը դեպի քեզ քաշելն է: Եղեք երկու չարիքներից փոքրագույնը: Հնարավորությունը հիասթափություն ստանալու բարենպաստ պատահմունքն է: Եթե դուք հիվանդացել եք՝ շտապեք ներել ձեր թշնամիներին: Չէ՞որ կարող եք նաև առողջանալ: Ի վերջո, դժբախտությունը լինում է երկու տեսակի՝ մեր սեփական անհաջողությունը և ուրիշների հաջողությունը: Այն, ինչը մենք չենք ցանկանում տեսնել, սովորաբար օժտված է լինում մի ինչ-որ տարօրինակ ձգողական ուժով՝ երբեմն անհաղթահարելի: Եվ ես պիտի նկատեմ, որ չարժե խիստ դատել կնոջը, երբ նա ձեռքերով փակում է դեմքը, բայց ծիկրակում է իր մատների արանքից…
Մենք ոչինչ չգիտենք պատճառի մասին, բացի այն, որ դա նախորդում է ինչ-որ բանի: Ոչինչ չգիտենք հետևանքի մասին, բացի այն, որ դա ինչ-որ բանի հաջորդում է: Կան երևույթներ, որոնք գոյություն ունենալ չեն կարող առանց մեկը մյուսի, թեև նրանց միջև ոչ մի ընդհանուր բան չկա: Ժամանակային առումով սկզբում մենք ունենում ենք պատճառը, այնուհետև հետևանքը: Այսպիսով, ով շատ անգամներ տեսել է նապաստակին, որ հետապնդվում է շան կողմից և երբեք չի տեսել նապաստակին ու շանը առանձին-առանձին, կարող է համարել, որ նապաստակը շան պատճառն է:

ՍԵՆ-ԺՈՆ ՊԵՐՍ

26 Օգս

Լվացեք, օ, Անձրևներ, քարաշեն տեղ բացեք ուժեղների համար: Մեծ սեղանների շուրջ, իրենց ուժի հովանու ներքո կնստեն նրանք, ովքեր չեն արբել գինուց մարդկային, ովքեր չեն պղծվել ոչ արցունքների, ոչ էլ անուրջի գաղջ դառնահամից, ովքեր մտահոգ չեն, թե անուններն իրենց աղավաղվում են ոսկրե շեփորականչերում… մեծ սեղանների շուրջ կնստեն նրանք, իրենց ուժի հովանու ներքո, քարաշեն տեղում՝ ուժեղների համար:

Լվացեք կասկածն ու խոհեմությունը գործի ընթացքում, լվացեք կասկածն ու պարկեշտությունը ձեր տեսադաշտում: Լվացեք, օ, Անձրևներ, ակնափառը բարեգործ մարդու, ակնափառը բարեխոհ մարդու, լվացեք ակնափառը նրբաճաշակ մարդու, ակնափառը նրբակիրթ մարդու, ակնափառը արժանավոր մարդու, ակնափառը տաղանդավոր մարդու, լվացեք աչքի եղջերաթաղանթը Վարպետի ու Մեկենասի, ակնահատը Արդարադատի ու Տիտղոսավորի… ակնահատը մարդկանց՝ խոհեմ ու պարկեշտ հորջորջված:

Լվացեք, լվացեք բարեսիրությունը մեծ Հովանավորների սրտում, լվացեք բարեձևությունը մեծ Դաստիարակների դեմքին և լեզվի ախտը՝ հասարակաց շուրթերին: Լվացեք, օ, Անձրևներ, ձեռքը Դատավորի ու Վերակացուի, ձեռքը տատմերի ու պատանքողի, անկյալի ու կույրի լիզված ձեռքերը, լվացեք նաև այն ստոր ձեռքը՝ մարդու ճակատին, որը երազում է նորից մտրակ, երասան… մեծ Հովանավորների ու մեծ Դաստիարակների բարեհաճությամբ:

Լվացեք, լվացեք ժողովուրդների պատմությունը հիշողության ամենաբարձր հարթակներին, հսկա տարեգրքերը պաշտոնական, մեծ ժամանակագրությունները Կղերականների և տեղեկագրերը ակադեմիական: Լվացեք կոնդակներն ու հրովարտակները, նաև Տետրականները Երրորդ դասի, Դաշինքները, Ուխտագրերը միաբանական և մեծ պայմանագրերը դաշնակցային: Լվացեք, լվացեք, օ, Անձրևներ, բոլոր մագաղաթներն ու մորթագրերը՝ անկելարանների ու բորոտանոցների պատերի գույնի, փղոսկրե բրածոյի և ջորիների հին ատամների գույնի… Լվացեք, լվացեք, օ, Անձրևներ, ամենաբարձր հարթակները հիշողության…

%d bloggers like this: