Պահոց | 11:12 ե.

ԱՅՎԱԶՈՎՍԿԻՆ ԵՎ ՍՈՒԼԹԱՆԸ

20 Օգս

… Մի չարագույժ լուր խռովեց Այվազովսկու հոգու անդորրը: Թուրքիայի բարբարոսները հայերի նոր, արյունոտ ջարդեր էին կազմակերպել: Թեոդոսիայի հայերը այգածագից հավաքվում էին Այվազովսկու ընդարձակ բակում՝ անըդդիմադրելի ցանկությամբ իմանալու Թուրքիայում կատարվող վերջին իրադարձությունները:
Մի անգամ առավոտյան, երբ վաղորդյան մեգն սկսել էր նոսրանալ, երբ խառնիճաղանջ բազմությունը սովորականի նման հավաքվել էր արվեստագետի տան մոտ և անհամբերությամբ սպասում էր Այվազովսկու երևալուն, չափազանց այլայլված տեսքով դուրս թռավ նրա խոնարհ սպասավորը՝ Եղիան և անբնական ձայնով կմկմաց.
— Օ, բարի մարդիկ, գիտե՞ք ինչ է կատարվում:
-Ի՞նչ,- զարմացած հարցրին հավաքվածները:
— Շնորհաշատ տերը՝ Հովհաննես Այվազովսկին, հանեց սուլթան Աբդուլ Ազիզի կողմից իրեն շնորհված բոլոր շքանշանները և կախեց Ռեքս շան վզից:
Սպասավորը դեռ չէր ավարտել այդ շշմեցուցիչ լուրը, երբ ծանրորեն բացվեց շքամուտքի երկաթյա դարպասը և երևաց մեծ նկարիչը՝ իր շան հետ միասին: Բոլորի հայացքներն ուղղվեցին դեպի շունը: Ռեքսի լայն վզնոցից կախված՝ օրորվում էին ադամանդներով զարդարված թուրքական «Օսմանիե» շքանշանները:
Այվազովսկին իրեն ուղեկցող բազմության հետ միասին ուղղվեց դեպի ծովափ և նստեց ծերունի Անդրեասի նավակը: Երբ լողացին դեպի ծովի հեռուները, նկարիչը Ռեքսի վրայից հանեց վզնոցը, կախեց մի քարից և զայրույթով նետեց ալեծուփ ծովը:

ԼԵՎ ՎԱԳՆԵՐ
«Պատմություններ նկարիչ Այվազովսկու մասին» գրքից

%d bloggers like this: