Պահոց | 10:56 ե.

NON DOLET

19 Օգս

Ինքնազոհ սիրո մասին բազմաթիվ հուժիչ պատմություններ կան: Պատմեմ դրանցից ևս մեկը՝ հռոմեուհի Առիայի և նրա ամուսնու՝ կոնսուլ Պետիուսի մասին: Կայսր Կլավդիոսը իր դեմ կազմակերպված խռովությանը մասնակցելու համար Պետիուսին մահվան դատապարտեց: Համաձայն ընդունված կարգի, վերջինս պետք է ինքնասպան լիներ: Իսկ Պետիուսը վախենում էր ոչ թե մահից, այլ ցավից: Եվ որպեսզի դատապարտված ամուսնուն համարձակություն ներշնչի, Առիան առաջինը վերցրեց դաշույնը և հարվածեց իր կրծքին: Վերջին շնչում նա արտաբերեց այս երկու բառը՝ «Non dolet»՝ «Չի ցավում…»:

Հովիկ Չարխչյան

ԲՈՆԱՊԱՐՏՆ ՈՒ ՄԱՄՈՒԼԸ

19 Օգս

Մամուլի և լրագրողների մասին խոսելիս կամա թե ակամա մտաբերում եմ պատմության մի դրվագ, որ առնչվում է Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի հռչակավոր «Հարյուր օրերի» հետ: 1815 թվին Նապոլեոնը փախուստ տվեց իր աքսորավայր Էլբա կղզուց և մի խումբ համախոհների հետ ոտք դրեց Ֆրանսիայի ափերին: Իսկ այնուհետ գահընկեց կայսրի հաղթահարած յուրաքանչյուր կիլոմետրի հետ փոփոխվում էր նաև այդ մասին տեղեկություն հաղորդող թերթերի վերնագրերի հնչերանգն ու վերաբերմունքը. «Հրեշը ազատ է արձակվել», «Բորենին Կաննում է», «Բռնակալը Լիոնում է», «Ուզուրպատորը գտնվում է մայրաքաղաքից վաթսուն ժամ հեռավորության վրա», «Բոնապարտը մոտենում է արագընթաց երթով», «Նորին Մեծությունը Ֆոնտենբլոյում է»… Ահա այսպես: Անցել է ավելի քան 200 տարի, սակայն այս ընթացքում քիչ բան է փոխվել: Կամ համարյա ոչինչ էլ չի փոխվել…

Հ. Չարխչյան

%d bloggers like this: