ՍԱՐՈՅԱՆԻ ՀԵՏՄԱՀՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

14 Օգս

26 մայիսի, 1982 թ.
Ժամը 17-ին օդանավակայան հասանք։ Քամի էր, անձրև էր կաթկթում։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ դա կարող է խանգարել, ըստ նախնական տեղեկության, ևս 15 րոպե, և օդանավը պետք է տեղ հասնի։ Բայց… հայտնեցին՝ եղանակի պատճառով Մինվոդի քաղաքում վայրէջք է կատարէլ։ Երևանում էլ անձրևի կաթկթոցը փոխվեց տեղատարափի, ու պարզ չէր, թե Սարոյանը ե՞րբ է հասնելու իր բաղձայի հանգրվանը։
Սպասում։ Տխրություն և անորոշություն։
Եվ ծայր առան հուշերը, որտե՞ղ են հանդիպել, երբ, ի՞նչ ասաց: Ինչ էր հագել, ինչ կերավ, ուր գնաց, ի՞նչ լիաթոք ծիծաղեց… Եթե գաղտնի կինոխցիկով նկարահանվեր, դա կլիներ ամենաանմիջական, ամենաջերմ ու հուզիչ հուշ-երեկո, որին երբևէ արժանացել է աշխարհի որևէ գրող։
Սպասասրահում Սարոյանի երկրպագուներն էին. նրանք, որ չդիմացան ու գնացին, պատճառը հոգնությունն էր ու խոնավ ցուրտը։ Գրողները, լրագրողները, ռադիոյի, հեռուստատեսության, Սփյուռքի կոմիտեի աշխատողները, հուշերով և սպասումներով լցված, ներս ու դուրս էին անում։ Հորդ անձրևը երկարեց. Երևանը օդանավ չէր ընդունում։ Իսկ երբ մեզ մոտ երկինքը պարզվեց, հայտնեցին, որ ամպրոպ է սկսվել Մինվոդի քաղաքում։ Եվ այդպես՝ ութը ժամ։
Գիշերվա ժամը մեկին օդանավը վայրէջք կատարեց։
Սարոյանին էին բերում։ Լուռ Սարոյանին։ Հիմա պետք է ժպտար ու թևը լայն տարուբերեր` «Այսքան սպասե՞լ կըլլա»։ Սպիտակ անձրևանոցը պետք է քամուց փողփողար ու բեղի տակից ծիծաղի հետ խառը` «Չեղա՜վ, չեղա՛վ, անհանգստություն ըրի…»։ Այդ ամենի փոխարեն օդանավից իջան չորս հայեր, թանկագին մասունքը պարանակող ճամպրուկով։
Հենց օդանավի առաջ, լուսանկարչական սարքերի առաջ, դիմավորողների բազմության առաջ Օշին Քեշիշյանը սափորը հանձնեց Վարդգես Պետրոսյանին։ Հետո, ինքնաբերաբար սափորը անցավ ձեռքից ձեռք։ Եվ ողջագուրվելու այդ կերպը շատ էր անսովոր ու ցավալի։ Երբեք չեմ մոռանա այն սառն այրոցը, որ զգացի, երբ ձեռքերս հպվեցին սափորին։
Ավտոշարասյան առջևից գնում էին Ամերիկայից ժամանածները։
«Արմենիա» հյուրանոց. այնտեղ Օշին Քեշիշյանը պատմեց, թե ինչքան դժվարություններ է անցկացրել, մինչև որ կարողացել է բոլոր խնդիրները կարգադրել ու գալ։
Վաղը, ժամը 14-ին աճյունասափորը պետք է տեղափոխվի գրողների միություն։
Գիշերը երկար ժամանակ չէի կարողանում քնել։ Հուշերը գալիս անցնում էին աչքերիս առջևով։ Մտածում էի. ահա Սարոյանը Երևանում է, և այդ մասին գիտե ընդամենը մի քանի տասնյակ մարդ։ Մեծն Սարոյանը, ազնիվ հոգին, բարի մխիթարողը։ Մեր ընտանիքում ինչքա՜ն օրեր ու ժամեր են լցված եղել Սարոյանով։ Ով որ հիվանդ էր լինում, նրա համար բարձրաձայն Սարոյան էինք կարդում։ Հիվանդի վիճակը թեթևացնելու դրանից էլ լավ միջո՞ց։
Մի՞թե ամեն ինչ վերջ ունի, ինչպես որ, ահա, անմահ թվացող Սարոյանը մի բուռ հող դարձած եկավ խառնվելու իր պապենական երկրին։ Գիշերը ես երկար խոսում էի Սարոյանի և մեր մյուս անցավորների հետ։ Վիշտը չի մարում։ Վիշտը թմրում է, որպեսզի մարդը կարողանա դիմանալ։
Աչքիս առաջից չէր հեռանում օդանավակայանը, որտեղ մենք ինչ ոգեղեն արարողության մասնակից եղանք։
Տուն էր դառնում հարազատ որդին, աշխարհը ոտի տակ տված, իրենով աշխարհը լցրած որդին, որի ամենամեծ բաղձանքը նախնիների հողին խառնվելն էր։
Ազգերը այսպես են հարատևում։
Օտարամոլները, ինչքան էլ մեծ լինեն, գիսաստղ են, աստղից պոկված բեկորներ, որ օտարության մեջ մոռացության են տրվելու ժամանակի ընթացքում։ Դեպի աստղը ձգվող ու նրան ձուլվող բեկորներն են՝ ողջ թե մահացած, որ պայծառացնում են աստղը ու երկարացնում նրա կյանքը։
Հայրենիքը աստղ է։ Հայրենիքը երկրպագության ամենից առավել արժանավորն է։
Վիլյամ Սարոյան՝ մեր աչքի լույս, մեր թանկ հարազատ, որ շիրիմ ես ունենալու մայր հայրենիքում։
Խոնարհվում եմ քո մարդկային մեծ հոգու առաջ, քո գրականության առաջ, հայրենի հողը քեզնով հարստացնելու քո կտակի առաջ։

27 մայիսի, 1982թ.
Ժամը 14-ն է։ Գրողների միությունում ենք։ Աճյունասափորը դրված է ծաղիկների մեջ։ Այդպես հանգիստ կառնի մինչև մայիսի 31-ը, երկուշաբթի՝ հուղարկավորության օրը։
Օշին Քեշիշյանը սրտառուչ մի բան ասաց.
— Ճանապարհին մենք մտահոգ էինք, ինչպե՞ս անենք, որ առանց քերծվածքի Սարոյանի աճյունները հասցնենք Հայաստան։ Ահա անվնաս տուն ենք եկել, մեր պարտքը համարում ենք կատարած։

31 մայիսի, 1982թ.
Վիլյամ Սարոյանի աճյունի հանձնումը մայր հողին։
Հիմա, որ ամեն ինչ ավարտված է, և մեծ մարդու կտակը ի կատար է ածված, նոր եմ հասկանում, թե ինչ վիթխարի երևույթի ականատես եղանք։
Վիլյամ Սարոյանը կշեռքի թեթև նժարին դրեց իր՝ ամերիկյան-համաշխարհային-աշխարհի շատ լեզուներով թարգմանված գրականությունը, իսկ նժարի ծանր կողմում …իր աճյունը հայրենիք տեղափոխելու իրողությամբ՝ անլռելի ձայնով ոչ միայն այսօր, այլև ապագա դարերի համար խոսեց Հայկական դատի մասին։
Արդար, գեղեցիկ և ճշմարիտ։
Նա ամերիկյան գրող էր դարձել «իր կամքից անկախ», իր ժողովրդի ճակատագրի բերումով։ Բայց նա Հայկական դատը պաշտպանեց ի՛ր կամքով։ Նրա մեջ դրված աստվածային շնորհը ծլարձակեց օտար հողում, բայց նրա հայկական ոգին վերադարձավ իր ստեղծողների բնօրրանը՝ նրան ուժ ու ավյուն հաղորդելու։
Կոմիտասի անվան զբոսայգու հանգստարանում արարողությունն ավարտվեց շատ գեղեցիկ կերպով։
Երբ ծաղկեպսակները քնքշորեն գրկել էին հողաթումբը, Լուսինե Զաքարյանը մոտեցավ և երգեց ամենասքանչելի երգերը։ Հնչեցին հոգևոր երգեր։ Հնչեց Կոմիտաս։ Երգչուհու գեղեցիկ ձայնը ղողանջում էր հանգստարանում, և ժողովուրդը պատկառանքով անցնում էր շիրիմի կողքով։
Եկա՜ն ու եկան։ Անցա՜ն ու անցան… Ձեռնափայտին հենված ծերունիներ, գեղանի պատանիներ ու աղջիկներ, սպիտակամազ կանայք, մանուկներին գրկած մայրեր և երիտասարդնե՜ր, երիտասարդնե՜ր։ Սարոյանի երկրպագուներին վերջ չկար։
Լուսինեի կողքին կանգնած էր սևազգեստ հոգևորականը, և նրա ներկայությունը, երգի ելևէջներին խառնված, մեր ազգային ավանդական ծեսը եղավ, ընծայված մեծ Սարոյանին։
Երկար երգեց Լուսինեն, մարդիկ հեռանում էին, իրենց հոգիներում տանելով այդ զուլալ ղողանջը, իբրև սպեղանի մեծ կորստի։ Սարոյանական մի գեղեցիկ, ինքնաբուխ պատկեր էր դա, որ մխիթարեց ու խաղաղեցրեց ներկաներին, ու մարդիկ հանգստացած, հոգեպես հարստացած, ցրվեցին տները։

5 նոյեմբերի, 1987 թ.
Այսօր ուշացումով ստացանք «Շիրակ» ամսագրի հունիսյան համարը։ Այ քեզ ուրախության։ Անձամբ ինձ «Շիրակը» մեծ անակնկալ է մատուցել, տպագրել է Սարոյանի անծանոթ երկու պատմվածք և Հովհաննես Շէօհմելյանի «Սերն ու բարին և հայն ու հայկականը Սարոյանի գործերուն մեջ» արժեքավոր հոդվածը։
«Ա»-ով սկսող Արլենն ու Արմենիան»։
«Մանուկներու մահը»։
Նուրբ, գեղեցիկ, ազնիվ, ուրախ, բայց և միաժամանակ տխուր, սրամիտ, բայց և շա՜տ միամիտ Սարոյանն է եկել մեզ հյուր։
Եվ «Շիրակը» ձեռքից ձեռք է անցնում։ Եվ շնորհակալ ենք անչափ, որ Սարոյանը իր մաքուր ձայնով խոսում է մեզ հետ, ասում է բաներ, որոնք վերաբերում են մեզ՝ բոլոր հայերիս, հայրենիքում թե սփյուռքում։
«Հասկացա թե մեր երկրէն՝ հայրենիքէն եկած էր։ Տեսած էր ինչ-որ կատարուած էր հոն եւ այս բոլորով հանդերձ տակալին կապրէր։ Իր փրկաթեամբ փրկուած էին մեր քաղաքները, սարերը, դաշտերը, գետերը, ծառերը, եկեղեցիները, մեր ծիծաղը, երգը, եւ անոր միջոցով էր, որ մենք կը դառնայինք ժողովուրդ, ազգ ամբողջական և անմահ»։
Այո, ամբողջական և միասնական, այդ է միայն, որ կարող է ապահովել մեր անմահությանը։

Մարգո ՂՈԻԿԱՍՅԱՆ
«Գարուն» ամսագիր, 1988, թիվ 7

Թողնել մեկնաբանություն