Պահոց | 6:10 ե.

Մի բաժակ ջրի փոթորիկը

12 Օգս

Մեզ համար փոքր-ինչ անսովոր պիտի դիտվի, եթե հանկարծ ասեն, որ մեր բանակի որևէ բարձրաստիճան սպա հոգևոր թեմայի շուրջ քննարկումներ կամ բանավեճեր է անցկացնում: Նախ կասենք, որ դա զինվորականի գործը չէ, իսկ հետո անպայման կավելացնենք, որ անկեղծորեն չենք հավատում, թե ուսադիրներ կրող մեր պաշտոնյաները որևէ պատկերացում ունեն հոգևոր ոլորտի մասին: Իսկ ահա Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին այդ խնդիրը չի անհանգստացնում: Նա կարող է իրենց ոչ միայն թույլ տալ նման ազատություն, այլև քննադատության նետեր ուղղել հարևան երկրի դեմ, ինչն էլ նա մեծ հաջողությամբ արեց` դատապարտելով Ադրբեջանի կառավարությանը` «իսլամական սկզբունքներին դեմ գնացող միջոցներ ձեռնարկելու համար»: Ֆիրուզաբադին մասնավորապես նշել էր, թե Ադրբեջանի նախագահը պետք է իմանա, որ ժողովրդի զարթոնքը չի կարելի ճնշել, և սպառնացել էր, որ Իլհամ Ալիևին դաժան ճակատագիր է սպասում, եթե նա պատշաճ ուշադրության չարժանացնի իր նախազգուշացումը: «Որոշ հարևան իսլամական երկրներ, որոնց հետ մենք պահպանում ենք բարիդրացիական հարաբերություններ, շարունակում են արհամարհել մեր բարեկամությունը և ազատություն են տալիս սիոնիստական վարչակարգին` թույլ տալով վերջինիս միջամտել իրենց երկրի ներքին գործերին: Նրանք ոտնահարում են Իսլամի օրենքները: Բայց Ադրբեջանի ժողովրդի երակներում հոսում է նաև իրանական արյուն և նրանց սրտում ապրում է իսլամի նկատմամբ անկոտրում սերը»,- ասել էր շտաբի պետը, և հենց այդ խոսքերով էլ ծնունդ տվել միջպետական հերթական սկանդալին:
Միանգամից ասենք, որ վերջին շրջանում Ադրբեջանը դարձել է չափազանց անհավասարակշիռ և հիվանդագին վերաբերմունք է դրսևորում յուրաքանչյուր երևույթի նկատմամբ, եթե այն կարող է որևէ կերպ ստվերել իր ազգային արժանապատվությունը: Լավ է դա, թե վատ` սա այլ խնդիր է, բայց որ Ֆիրուզաբադի լցրած մի բաժակ ջրում Բաքուն փոթորիկ բարձրացրեց, դա նույնպես փաստ է:
Առաջին քայլը եղավ այն, որ Ադրբեջանն Իրանին բողոքի նոտա ներկայացրեց: Արտգործնախարարություն կանչեցին Ադրբեջանում Իրանի դեսպանին ու նոտան հանձնեցին նրան: Այնուհետև հրապարակվեց ԱԳՆ հայտարարության տեքստը, ուր ասված էր. «Ֆիրուզաբադը զինվորական է, և նրա նմանօրինակ քաղաքական հայտարարությունները տարօրինակ են: Լավ կլիներ, եթե զինվորականը հանդես գար զինվորական, իսկ քաղաքական գործիչը` քաղաքական հայտարարություններով»: Ապա գալիս էին երկար-բարակ դատողություններն այն մասին, թե Ադրբեջանում պահպանվում է արտասահմանյան երկրների ներքին խնդիրներին չմիջամտելու սկզբունքը, իսկ փոխարենը Ադրբեջանում չեն ստեղծելու պայմաններ այլ պետությունների կողմից իրենց ներքին գործերին միջամտելու համար և այդպիսի հնարավորություն նրանց չի տրվելու:
Մյուս քայլը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արձագանքն էր: Սրանք էլ ափսոսանք էին հայտնում կատարվածի առնչությամբ և ապա անցնում հեգնական-հանդիմանական ոճին` նշելով, թե «չնայած հայտարարություններին, որոնցով Իրանի ղեկավարությունը հանդես է գալիս Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, այդ երկրում որոշ շրջանակներ, ինչպես երևում է, քաղաքականություն են վարում ընդդեմ Իրանի և Ադրբեջանի շահերի: Մեկ տեսնում ես` ինչ-որ քաղաքում կրոնական գործիչը աղավաղում է պատմությունը, կամ էլ ինչ-որ զինվորական, իր պրոֆեսիոնալ պարտավորություններով զբաղվելու փոխարեն, առանց լողալ իմանալու նետվում է քաղաքականության հորձանուտը»:
Սա, ինչ խոսք, շատ հարմար կեցվածք է` մեղքը վերագրել անհայտ հասցեատերերին և անունը դնել «որոշ շրջանակներ»: Այդ դեպքում կարելի է խոսել ցանկացած շեշտադրությամբ և ցանկացած բանի մասին, ինչն էլ մեծ հաջողությամբ արեցին ադրբեջանցիները, որոնց հատկապես վիրավորել էր այն, որ ադրբեջանցի ժողովրդի երակներում հոսում է ոչ թե թուրքական, այլ իրանական արյուն: Արյան բաղադրության շուրջ ծավալվող այս բանավեճը ի վերջո նրանց կարող է փակուղի հասցնել, իսկ ահա քաղաքական հարթության վրա մտորելու պատճառներ կան, և ոչ միայն նրանց համար:
Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե Իրանում իրավիճակն այնքան անվերահսկելի է, որ յուրաքանչյուր պետական պատասխանատու այրի արտոնված է կարծիքներ արտահայտել, որոնք չեն համընկնում երկրի պաշտոնական դիրքորոշմանը: Նման իրավիճակներն այժմ առավել քան հաճախ են տեղի ունենում: Օրինակ, ինչ-որ մեկը որոշում է խոսել Սիրիայի մասին, կամ Թուրքիայի ու Իսրայելի հասցեին տեսակետներ արտահայտել, հետո այդ խոսքերը տեղադրվում են պաշտոնական կայքէջերում, մեկ-երկու օր անց դրանք կամ ջնջվում են կամ խմբագրվում, սակայն ձնագունդն արդեն գլորված է լինում, իսկ հետևանքը երկար-բարակ պարզաբանումներն են, որոնք անպայման նստվածք են թողնում, որպեսզի վերստին ջրի երես բարձրանան, երբ դրանց անհրաժեշտությունը կզգացվի: Հիշենք, թե ինչպես մի քանի անգամ այդ ծուղակն ընկավ նաև Հայաստանը, երբ հարկ եղավ արյուն պղտորել մի քանի այաթոլլահների արտահայտած մտքերից` կապված Լեռնային Ղարաբաղի հետ:
Սակայն առավել արժանահավատ է այն կարծիքը, որ տվյալ դեպքերում ոչ մի անվերահսկողություն էլ չկա, և ամեն բան շատ լավ կշռադատված ու ծրագրված գործողություն է: Իրանի քաղաքական և հոգևոր վերնախավը արտաքին հարաբերություններում հանդես է բերում միասնական, կուռ դիրքորոշում, և խելացիորեն մտածված դերաբաշխումը ստեղծում է այն պատրանքը, թե տարակարծությունները, դրանց առանձին բռնկումները ներքին քաոսի կամ այլախոհության արտահայտությունն են: Հոլիվուդյան ֆիլմերի օրինակով նախագահ Ահմադինեժադն ու հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին աշխարհի հետ «լավ ոստիկան-վատ ոստիկան» են խաղում: Մյուսներն իրենց հերթին այդ մեծ բեմականացման էպիզոդիկ կերպարներն են, որոնք երբեմն-երբեմն հրապարակ են դուրս գալիս և արտասանում այն խոսքերը, որոնք նախատեսված են այդ պահի համար: Մինչդեռ նպատակը նույնն է, քայլերը` հավասարակշռված, մտադրությունը` ուղղակի: Այս իմաստով միանգամայն սպասելի ու հասկանալի է, որ գեներալ Ֆիրուզաբադի հայտարարությունից երկու օր անց Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հերքեց տեղեկությունն այն մասին, թե Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդես է եկել Ադրբեջանի կառավարությանը քննադատող հայտարարությամբ: Գործն արված էր, կարելի էր փակել վարագույրը:
Իսկ գործի էությունն իրականում շատ խորը գնացող արմատներ ունի: Ադրբեջանում իսլամական գործոնի առկայությունը և դրա շուրջ երկու հարևան երկրների վերաբերմունքների տարբերությունը երկար ժամանակ է, ինչ լուրջ խնդիրներ են հարուցում Թեհրան- Բաքու հարաբերություններում: Վերհիշենք թեկուզ ոչ անհայտ Wikileaks-ի հրապարակումներից մեկը, երբ գաղտնի փաստաթուղթը ներկայացրել էր Ադրբեջանում Իրանի գործունեության ուշագրավ մանրամասներ, ինչպես նաև վերլուծություններ Ադրբեջանում ստեղծված դրության վերաբերյալ։ Հրապարակումը հիմնված էր Բաքվում ԱՄՆ դեսպանությունում իրանական գործակալների հաղորդած տեղեկությունների վրա:
Այնտեղ ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսին մասնավորապես նշում էր, թե Ադրբեջանում իր դիրքերը ամրապնդելու համար Իրանը օգտագործում է աշխարհագրական դիրքի առավելությունները, լեզվական, մշակութային եւ կրոնական գործոնները` ծրագրելով իսլամական վարչակարգ հաստատել այդ երկրում: Ու եթե հիմա Բաքուն այդչափ մեծ աղմուկ է բարձրացնում մի զինվորականի անզգուշորեն արտասանած մտքերի կապակցությամբ, ապա նա անկասկած գիտի, թե հարավի հարևանն ինչ է ասում և ինչու է ասում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: