Պահոց | 8:03 ե.

Ոչ մի օր առանց պատերազմի

10 Օգս

Երբ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների իշխանությունները Բեյրութից ետ են կանչել իրենց դեսպանին, առաջին արձագանքը միանշանակ էր. «Այս ամենից պատերազմի հոտ է գալիս»: Իսկ այդպես ենթադրողները գուցե թե այնքան էլ չեն սխալվում: Մերձավոր Արևելքին պատերազմով չես զարմացնի, իսկ մտավախությունն այն մասին, որ Լիբանանն ու Իսրայելը ցանկացած պահի կարող են պատերազմական գործողություններ սանձազերծել, միանգամայն հիմնավորված է: Ընդամենը հաշված օրեր առաջ էր, երբ կրկին լարվածությունն իր գագաթնակետին հասավ Լիբանանի հարավային սահմաններում: Լրատվամիջոցները հաղորդեցին, թե լիբանանյան զինվորները կրակ են բացել իսրայելյան սահմանապահների ուղղությամբ: Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանն անմիջապես հայտարարեց, թե Իսրայելը հերթական սադրիչ գործողություններն է հրահրել, իսկ լիբանանյան բանակին այլ բան չէր մնում, քան կանխել դրանք: Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի խոսնակի համաձայն, պատահարը տեղի էր ունեցել Վազանի շրջանում, և կապույտ բերետավորներն անմիջապես արձագանքել էին` լարվածության սաստկացումը կանխելու համար: Ավելի ուշ Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղարար զորակազմի (UNFIL) ներկայացուցիչները, ուսումնասիրելով միջադեպի հանգամանքները, հայտարարեցին, թե զինված միջադեպը սադրել էին լիբանանցիները, սակայն այս ճշտումները քիչ բան կարող էին փոխել իրադարձությունների զարգացման ընթացքի մեջ:
Այն, որ վաղ թե ուշ այդ հատվածում ինչ-որ բան պիտի հասունանար, ոչ ոք չէր կասկածում: Եվ այս անգամ դա արդեն ուղղակի առնչություն ուներ Սիրիայում ծավալվող իրադարձությունների հետ: Հաշվի առնելով Լիբանան-Սիրիա հարաբերությունները, վերլուծաբանները մեկ անգամ չէ, որ կանխատեսում էին, թե Դամասկոսն անպայման ստեղծված խառնաշփոթի մեջ կներքաշի Բեյրութին: Եվ սահմանային փոխհրաձգություններն այժմ կարող են գնահատվել իբրև լավ ծրագրված մանևր, որի նպատակն է ուշադրությունը շեղել այն բանից, թե ինչպես են սիրիական իշխանությունները հաշվեհարդար տեսնում ընդդիմադիրների հետ: Իսկ Լիբանանի մասնակցությունը համանման «հանգամանքների պարզաբանմանը» ոչ առաջին անգամն է և ոչ էլ վերջինը: Այդ երկիրը, ուր առկա է մշտական ներքաղաքական անկայունություն, քաղաքացիական պատերազմի սպառնալիք և կամ ահաբեկչական որևէ գործողությամբ իրավիճակն ապակայունացնելու հնարավորություն, խրվել է Իսրայելի ու արաբական աշխարհի անվերջ բախումների մեջ, և այնտեղից դուրս գալու ելքերն օր-օրի ավելի են նվազում: Այս հարցում Բեյրութին քիչ «ծառայություններ» չի մատուցում նաև ծայրահեղական «Հեզբոլլահ» խմբավորումը, որն ամեն պահի պատրաստ է մատուցել ինչպես ներքաղաքական ճգնաժամեր, այնպես էլ տարածաշրջանային խմորումներ:
Սակայն հնարավոր պատերազմի սանձազերծման համար Սիրիայի պարագան դեռևս բավարար չէ: Կա ևս մի խնդիր, ինչը կարող է Լիբանանին իսկապես հրել կրակների մեջ: Խոսքը վերաբերում է Միջերկրական ծովի արևելյան ջրերում` Իսրայելի ու Լիբանանի սահմանային հատվածում բնական գազի ահռելի պաշարների առկայությանը, որի պատկանելության հարցը այն գայթակղության քարն է, ինչի վրա կարելի է իրապես սայթաքել: Լիբանանն այժմ պնդում է, որ այդ պաշարները անօրինական կերպով շահագործելու ցանկություն ունեն ամերիկյան ընկերությունները, իսկ հորատումների աշխատանքներին նրանց հետ ակտիվորեն համագործակցում է Իսրայելը: Փաստն իսկույն հարուցեց ինչպես «Հեզբոլլահի», այնպես էլ երկրի մի շարք քաղաքական ուժերի բողոքը: Լիբանանի հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանը նախազգուշացրեց Թել Ավիվին Լիբանանին պատկանող ջրերում էներգետիկ պաշարները յուրացնելու առիթով ու նշեց, թե հրեաներն այս անգամ կարող են արժանանալ իր ժողովրդի կտրուկ պատասխանին և դիմադրությանը: Իր հերթին «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլան հայտարարեց, որ շարժման զինված թևը պատրաստ է պատասխանել Իսրայելի ցանկացած ոտնձգության` ուղղված լիբանանյան նավթի ու գազի հանքերին: Դրանից հետո վիճաբանող երկու կողմերն էլ դիմեցին ՄԱԿ-ին` ներկայացնելով իրենց տեսակետները, թե ինչպես պետք է անցնի ծովային սահմանը: Ու մինչ նրանք ջանում են վերստին հստակեցնել այդ փոփոխական գիծը, վերլուծաբաններն արդեն իսկ համոզված են, որ Միջերկրական ծովում Լիբանանի տարածքների նկատմամբ հավակնությունները սոսկ նավթով կամ գազով չեն սահմանափակվում: Որպես Իսրայելի դժգոհությունների գլխավոր պատճառներ կարող են համարվել մի դեպքում` Պաղեստինի հետ Լիբանանի սահմանների ճշտման խնդիրը, մեկ այլ դեպքում` այն, որ Բեյրութն այս բանավեճում վայելելու է Իրանի աջակցությունը: Պատահական չէ, որ վեճի ամենաթեժ պահին Իսրայելի ծովուժի հետախուզական բաժնի հրամանատար Յարոն Լևին հայտարարեց. «Հիզբոլլահ» խմբավորումը Իրանի աջակցությամբ հնարավորություն ունի Իսրայելը ծովային լիարժեք շրջափակման ենթարկել», իսկ նման հնարավոր կամ կարծեցյալ վտանգի պարագայում Թել Ավիվն իրեն իրավունք կվերապահի դիմել ցանկացած միջոցի: Հրեաներն այժմ պնդում են, թե «Հիզբոլլահը» իրանական ծովային հզոր հրթիռներ ունի ու ցանկության դեպքում կարող է հարվածել ծովում գտնվող Իսրայելի գազահանքերի սարքավորումներին: Նրանք նաև ասում են, որ բացի Իրանի կողմից «Հիզբոլլահին» տրամադրված S 802 ցամաքային-ծովային արդի հրթիռներից, վերջիններս այժմ փորձում են ձեռք բերել ռուսական արտադրության հրթիռներ, ինչի արդյունքում կողմերի միջև առկա ռազմական հավասարակշռությունը խախտվելու է:
Իհարկե, հազիվ թե մի քանի հրթիռով հնարավոր լինի ուժային հավասարակշռության հասնել Իսրայելի հետ: Բայց դա կարևոր չէ: Էականն այն է, որ այժմ բոլոր կարգի պատրվակներն ու առիթները առկա են հերթական զինված բախումը սանձազերծելու համար: Իսկ այդ տարածաշրջանում սովորություն է դարձել, որ երբ կողմերից ինչ-որ մեկին որևէ բան չի բավարարում, ձեռքն անմիջապես պարզում է զենքին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: