Պահոց | 8:57 ե.

Յուլիան` Կիևի քաղբանտարկյալը

8 Օգս

Ուկրաինայի նախկին վարչապետ, ընդդիմության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն կալանավորված է: Փոքր-ինչ դժվար է պատկերացնել յուրահատուկ սանրվածքով այդ տիկնոջը` ճաղերի ետևում: Ընդամենը մի քանի տարի առաջ նա ինքն էր որոշում ազատության և ազատազրկման գինը, իսկ այժմ Կիևի Պեչորայի շրջանային դատարանի վճիռը ավելի հզոր գտնվեց, քան Տիմոշենկոյի հեղինակությունը: Ընդ որում, պաշտոնական հիմնավորուման համար հարկ չեղավ երկար մտածել. մեղադրյալը խոչընդոտում էր քննության ընթացքին ու վկաների հարցաքննությանը, իսկ դա լիովին բավարար էր նրա խափանման միջոցը վերանայելու համար: Իհարկե, նախկին վարչապետն անմիջապես հայտարարեց, որ իրեն ձերբակալելու որոշումը պայմանավորված է գործող վարչապետ Նիկոլայ Ազարովի հասցեին կոռուպցիոն մեղադրանքներ հնչեցնելու փաստով, սակայն տվյալ պահին դա այլևս էական չէր:
Ինչ վերաբերում է բուն գործին, ապա Տիմոշենկոն մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այլ կերպ ասած` 2009 թվականին Ռուսաստանի հետ գազի առաքման գործարքներ կնքելու համար։ Նա ստորագրել է պայմանագրեր՝ ոտնահարելով սեփական երկրի և ժողովրդի շահերը։ Մասնավորապես, իր ձեռքով հաստատել է «Նեֆտոգազ Ուկրաինի»-ի գրավոր դիրեկտիվը «Գազպրոմ»-ի հետ 2009 – 2019 թվականներին բնական գազի առք ու վաճառքի շուրջ, մինչդեռ այն պետք է հաստատվեր նախարարների ամբողջ կաբինետի կողմից: Կան ապացույցներ, որ Տիմոշենկոն հատկապես անձնական շահերից ելնելով է համաձայնել 1000 խորանարդ մետր ռուսական գազի դիմաց վճարել 450 դոլար: Միայն թե ու՞մն է դա հետաքրքիր, եթե բոլորն անխտիր կատարվածի մեջ որոնում են քաղաքական ենթատեքստը:
Ուկրաինայում 2004-ի նարնջագույն հեղափոխության երբեմնի առաջնորդներից մեկը, ով առաջին ծանր հարվածը ստացավ յուրայիններից, իսկ այնուհետև անցած տարվա նախագահական ընտրություններում պարտվեց մրցակից Վիկտոր Յանուկովիչին, այժմ խիստ հարմար է գտնում իր դեմ հարուցված քրեական գործը որակել որպես քաղաքական հաշվեհարդար: Հատկանշական է, որ ավելի վաղ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել էր, թե իրեն կձերբակալեն մինչեւ օգոստոսի 24-ը` Ուկրաինայի անկախության օրը: Նրա խոսքով, նախագահ Վիկտոր Յանուկովիչը հենց այդ օրն է ցանկանում ազատվել ընդդիմությունից: Սակայն պարզվեց, որ Յանուկովիչն առանձնապես ցանկություն չունի հոբելյանական ամսաթվերի հետ ձեռնածություն անել, և հարվածը եկավ սպասվածից ավելի վաղ:
Իսկ ազատության ու վեհ իդեալների համար մարտնչող տիկնոջն այլ բան չի մնում, քան խոսել իր անձնազոհ պահվածքի ու այն մասին, որ իշխանությունները իր մահն են ցանկանում: Հանուն այդ մտասևեռման նա նույնիսկ չզլացավ և կալանավայրից մի գրություն ուղարկեց առ այն, որ խոստանում է ինքնասպանություն չգործել: «Պարզ է, որ սա հաշվեհարդար է քաղաքական ընդդիմախոսի նկատմամբ, բայց ես դրա մասին չեմ գրում: Ես ուզում եմ հայտարարել, որ ինքնասպանության որևէ հակում չունեմ: Ես երբեք ինքնասպանություն չեմ գործի: Այն ամենը, որ ես անում եմ` դա իմ պայքարն է քրեական վարչակարգի դեմ` աշխարհում Ուկրաինայի արժանի տեղի համար»,- ասվում էր նրա լիրիկական երկտողում:
Այս ընթացքում Տիմոշենկոյի ամենասիրած վայրերում` փողոցներում ու հրապարակներում վերջինիս գլխավորած ընդդիմադիր «Բատիկիվշինա» կուսակցության ակտիվիստներն արդեն հայտարարել էին անժամկետ բողոքի ակցիաներ սկսելու մասին: Անմիջապես դատարանի շենքի մոտ հայտնվեց վրանային ավանը, դրան հաջորդեցին բախումները ոստիկանության ու իշխանամետ ուժերի հետ, իսկ հետո ալիքը տարածվեց նաև երկրի հեռավոր անկյուններում: Ինչպես և պետք էր սպասել, առաջինը ոտքի կանգնեց ընդիմության բաստիոնը`Լվով քաղաքը, որտեղ ձևավորվեց դիկտատուրային դիմադրության կոմիտե: Գաղտնիք չէ, որ երկրի արևմտյան շրջաններում Տիմոշենկոն ավանդաբար մեծ աջակցություն ունի, այդ պատճառով էլ հիմնական հույսն ակնկալվում է այդ կողմերից: Սրանց զուգահեռ ընդդիմությունը նախաձեռնել է Ռադայի արտահերթ նստաշրջան գումարել: «Փոփոխությունների ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Յացենյուկը հայտարարեց, որ ձերբակալելով Տիմոշենկոյին, իշխանությունները պատերազմ են սկսել ժողովրդի դեմ: «Ռուբիկոնն անցել են: Դեմոկրատիան ավարտվել է: Իշխանությունները դարձան ռեժիմ»,- իրավիճակն այսպես սահմանեցին ընդդիմադիրները:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն իր հերթին հայտարարեց, որ չի պատրաստվում դատարանի վրա որևէ ճնշում գործադրել: Սա նշանակում է, որ վերևները կգնան մինչև վերջ: Եվ արդեն իսկ մամուլը կանխատեսումներ է անում, թե երբ կխաղարկվի վերջին արարը: Օրինակ, «Ֆոկուս» ամսագիրը գրում է, որ մինչև սեպտեմբերի 6-ը Յուլյա Տիմոշենկոն մեղավոր կճանաչվի և կդատապարտվի 5 տարվա ազատազրկման, թեև այն հոդվածը, որով նրան մեղադրանք է ներկայացվել, նախատեսում է 7-ից 10 տարի ազատազրկում: Մյուսները համոզված են, որ դատավարությունը գոնե այս տարի իր եզրագծին չի մոտենա: Իսկ քանի դեռ ժամանակ կա, յուրայինների հայացքը ուղղված է փրկչի կողմը` Արևմուտք: Նրանք խորապես համոզված են, որ միայն այնտեղից եկող ճնշումներն են ի զորու ինչ-որ բան փոխել:
Արևմուտքն իր հերթին այդ վստահությունից լավ է զգում և ամեն կերպ ցուցադրում է իր ընդգծված անհանգստությունը: Եվրամիության ղեկավարները մեկը մյուսի ետևից հայտարարություններ են անում` մրցելով այն հարցում, թե ում խոսքերն ավելի ազդեցիկ ու խիստ կհնչեն: Օրինակ, ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ասում է, որ «Յուլյա Տիմոշենկոյի կալանավորման հանգամանքներն անհանգստություն են առաջացնում այդ որոշման՝ հնարավոր քաղաքական շարժառիթներ ունենալու կապակցությամբ, ինչպես նաև կասկածի տակ են դնում Ուկրաինայում իրավական պետության կայացումը»: Իսկ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը քաղաքական դրդապատճառներով պայմանավորված է որակել դատարանի կայացրած որոշումը: Վաշինգտոնը հեռուներից ահազանգում է, թե «նախկին վարչապետի կալանավորումը կասկածի տակ է դնում Ուկրաինայում օրենքի գերակայությունը և կարող է քաղաքական դրդապատճառներով հետապնդումների ալիք բարձրացնել»: Նրանց ձայնակցում են Կանադան, Մեծ Բրիտանիան, Freedom House միջազգային կազմակերպությունը և էլի շատերը` կոչ անելով անհապաղ ազատ արձակել Տիմոշենկոյին։
Սակայն այս ողջ իրարանցման մեջ կա մի «բայց», որը դեռևս իր լիարժեք պատասխանը չի ստացել: Ամենևին էլ միանշանակ ու հստակ չէ, թե իր այդ քայլով ի՞նչ է պատրաստվում անել նախագահ Յանուկովիչը: Նա, ով հայտնի է իր ռուսամետ քաղաքականությամբ, հանկարծ որոշում է պատժել հակառակորդին` պատրվակ ընտրելով նրա մութ գործարքները Ռուսաստանի հետ: Իսկ սա, ինչպես հայտնի է, անհետևանք մնալ չի կարող: Իզուր չէր, որ շատերի առաջին իսկ ենթադրություններն այն մասին էին, որ Տիմոշենկոյի կալանավորման փաստը կարող է լուրջ հակասությունների պատճառ դառնալ Մոսկվայի ու Կիևի միջև։ Կրեմլն արդեն այս առնչությամբ Ուկրաինայի նախագահին նախազգուշացրել է «երկարաժամկետ հետևանքների» մասին։ Մնում է ենթադրել, որ Յանուկովիչը հաշվի է առել նաև դա և ունի այն պահուստային տարբերակը, որը նրան զերծ կպահի մեծ տհաճություններից:
Ինչ վերաբերում է Յուլյա Տիմոշենկոյին, ապա խորամանկ կինը քաղբանտարկյալի իր դափնին անպայման ամբողջապես կծառայեցնի հետագա նպատակների համար: Եվ գուցե թե ինչ-որ մի օր չարչարանքները փոխհատուցվեն բազմապատիկ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: