Պահոց | 5:43 ե.

Թե ինչպես ՄԱԿ-ում լեռը մուկ ծնեց

5 Օգս

Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի երեք ամիս շարունակվող տվայտանքների ու որոնումների արդյունքում ի վերջո հրապարակ նետվեց անատամ մի հայտարարություն, որը չունի իրավական ուժ և անընդունակ է որևէ կերպ անդրադառնալ իրադարձությունների զարգացման վրա: Ահա այսպիսին էր Խորհրդի բոլոր 15 անդամ պետությունների համաձայնությունն ի վերջո կորզած ջանքերի իրական արգասիքը: Շարունակական քննարկումներից և վիճաբանություններից հետո ծնունդ առած հայտարարությունը քննադատության է ենթարկվում Սիրիայի ղեկավարությանը` բողոքի ցույցերի կոշտ ճնշման համար: Փաստաթղթում, մասնավորապես, դատապարտվում են «մարդու իրավունքների լայնածավալ խախտումներն ու բռնությունը քաղաքացիական անձանց դեմ»: Միևնույն ժամանակ սա մի վկայությունն էր այն մասին, թե բազմաբևեռ աշխարհն ինչպես է ընկալում ստեղծված կացությունը` առաջնորդվելով հայեցողությամբ, այլ ոչ թե կոնկրետ գնահատումներով:
Այն, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի կողմից ընդունված հայտարարությունը չի համարվում այնքան ազդեցիկ, որքան Անվտանգության խորհրդի ամբողջական կազմով ընդունած բանաձևը, դեռևս խնդրի մի կողմն է: Որոշումը կայացնելիս առանձնակի նշանակություն ունեցավ անցյալի դառը փորձը, մասնավորապես Լիբիայի դեպքերը, երբ նույն Անվտանգության խորհուրդը փաստացի խաբեց Ռուսաստանին` որոշելով մի բան, սակայն իրականացնելով միանգամայն այլ գործողություններ: Եվ այժմ, հին սխաները չկրկնելու համոզմամբ, ընդդիմախոսների դաշտում առավել կարծր կեցվածք դրսևորենցին ինչպես ռուսները, այնպես էլ չինացիները: Պատահական չէր, որ հատկապես Ռուսաստանի միջամտությամբ հայտարարության մեջ քննադատվում էին ոչ միայն սիրիական իշխանությունները, այլև ընդդիմությունը: «Նախագահ Բաշար ալ Ասադը, սիրիական կառավարությունը, ինչպես նաև ընդդիմությունը պետք է անհապաղ դադարեցնեն բռնությունները և հնարավորինս զերծ մնան վրեժի դրսևորումներից ու պետական հիմնարկների վրա հարձակումներ իրականացնելուց»,- ասված էր այնտեղ:
Բայց սա ընդամենը կատարվածի մի դրվագն էր: Իրականում Ռուսաստանը սպառնում էր կիրառել վետոյի իր իրավունքը, եթե Արևմուտքը շարունակեր հին խաղը խաղալ ու խիստ պատժամիջոցներ պահանջեր Դամասկոսի համար: ՄԱԿ–ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինի պնդմամբ, Արևմուտքը համոզված է, որ «ամեն ինչում մեղավոր է Դամասկոսն ու լավագույն լուծումը Սիրիայի իշխանությունների վրա ճնշումներ գործադրելն է», իսկ ԱԽ–ի մի քանի այլ երկրներ գտնում են, որ անհրաժեշտ է սիրիական ուժերին խթանել` գնալու երկխոսության։ Հիշեցնենք, որ անցյալ ամիս ԱՄՆ նախագահ Օբաման ասել էր, թե նախագահ Ասադը իր ժողովրդի աչքում կորցրել է լեգիտիմությունը և վատնել իրական բարեփոխումներ իրականացնելու բազմաթիվ հնարավորություններ: Սրանք համարյա այն նույն ձևակերպումներն էին, որոնք Վաշինգտոնը կիրառում էր «արաբական հեղափոխությունների» ճարակ դարձած մյուս երկրների պարագայում: Իսկ հիմա չափազանց մեղմ բառերի ուղեկցությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ն սոսկ նշում էր, թե իրենք ողջունում են Դամասկոսի բարեփոխումներ կատարելու պատրաստամակությունը, սակայն արձանագրում են առաջընթացի բացակայությունը այդ խոստման կատարման գործում և պահանջում են կյանքի կոչել խոստացվածը:
Հատկանշական էր նաև Սիրիայի հարևան և դաշնակից Լիբանանի պահվածքը, որը թեև չխոչընդոտեց Անվտանգության խորհրդի նախագահի հայտարարության ընդունումը, սակայն հայտնեց հայտարարության տեքստի հետ առնչություն չունենալու մասին:
Ստացված արդյունքի համատեքստում չափազանցված պիտի ներկայանա ՄԱԿ-ի ԱԽ գործող նախագահ Հարդիպ Սինգխ Պուրիի այն կարծիքը, որ ինքը գոհ է ընդունված հայտարարության տեքստից: «Դա լավ տեքստ է: Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք միաձայն լինել և հստակ ազդանշան ենք հղել Դամասկոսին»,-ասել է նա: Մինչդեռ պատկերը բոլորովին այլ է: Ընդհակառակը, հայտարարությունը հատկապես շեշտեց միաձայնության բացակայությունը, և դժվարին կոմպրոմիսների արդյունքում լեռը մուկ ծնեց: Եվ մինչ ՄԱԿ-ում կողմերը բանավիճում էին, Սիրիայի կառավարական զորքերը լայնածավալ գրոհ էին իրականացնում ապստամբած Համա քաղաքի վրա` կիրառելով ծանր զրահատեխնիկա: Նույն պահին նախագահ Բաշար ալ Ասադը հանդես էր գալիս ժողովրդին հասցեագրված ուղերձով` շեշտելով, թե տեղի ունեցող իրադարձությունները Սիրիայի դեմ ուղղված միջազգային դավադրության արդյունք են: Նա այն համոզմունք էր հայտնում, որ դավադրության նպատակը տարածաշրջանի քարտեզը վերաձևելն է, սակայն իրենք ուժեղ են ու միասնական և կկարողանան հաղթահարել իրավիճակը:
Ասել, թե Ավտանգության Խորհրդի նիստից հետո կողմերից որևէ մեկը պիտի վերանայի իր տեսակետը, ոչ միայն սխալ, այլև միամիտ կարծիք է: Նախկինի պես Վաշինգտոնը գտնում է, որ Սիրիայի անկայունության պատճառը Ասադն է: Այդ մասին նույնիսկ վերջին պահին փաստեց Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քառնին` ասելով. «Հանուն կայունության մենք չենք ցանկանում, որ Ասադը մնա Սիրիայում, ընդհակառակը, մենք նրան դիտում ենք որպես այդ երկրում տիրող անկայունության պատճառ: Եվ, անկեղծ ասած, մենք կարծում ենք, թե սխալ չէր լինի ասել, որ Սիրիան ավելի լավը կդառնար առանց նախագահ Ասադի»:
Մտադրությունն այնքան ամուր է ու վերջնական, որ Ասադի կողմից երկրում բազմակուսակցականություն սահմանելու մասին դեկրետի ստորագրումը Ֆրանսիան անմիջապես անվանեց սադրանք: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն վերջնագիր ներկայացրեց` հիշեցնելով, որ ընդունված հայտարարությունը ենթադրում է ընթացիկ իրավիճակի քննարկում յոթ օր հետո: «Եթե մինչև այդ ոչինչ չփոխվի, Անվտանգության խորհուրդը կարող է ավելի հեռուն գնալ»,- ասաց նախարարը` չբացառելով, որ այդ տեքստը կլինի ստիպողական բնույթի:
Լուրջ փոփոխությունների համար սահմանելով այնպիտի մի ժամկետ, որի ընթացքում վճռական քայլեր իրականացնելն ուղղակի անհնար է, Արևմուտքը փաստացի վկայում է իր հեռակա մտադրությունների մասին և հազիվ թե Ասադի վարչակարգին հանգիստ թողնի, եթե նույնիսկ սրանք երկնքից աստղեր իջեցնեն:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

5 Օգս

«Չարենցի կրակոցը» լայն արձագանք է ունեցել…

«Իմ աշխատանքը սկսվում և ավարտվում է գրասեղանի մոտ: Ավելին ինքս չեմ էլ երազում: Ես գրքեր եմ գրում և դրանից ավելի հետաքրքիր բան ինձ համար չկա»,-այսպես սկսեց իր խոսքը գրականագետ Հովիկ Չարխչյանը мardik.am-ի հետ զրուցելիս:
Մեր այն հարցին, թե գո՞հ եք ձեր ընթերցողներից`հաշվի առնելով նրանց ինտելեկտուալ պատրաստվածությունը, պրն Չարխչյանն ասաց.«Ես հասկանում եմ, որ չի կարելի անխտիր բոլորից գեղարվեստի ընկալման նույն մակարդակն ակնկալել: Մարդիկ տարբեր են լինում թե´ իրենց կրթության, թե´ պատրաստվածության և թե´ ճաշակի իմաստով: Բայց ես իմ ընթերցողներից բողոքելու որևէ հիմք չունեմ: Այդ նրանք կարող են ինձնից կամ մեկ այլ հեղինակից դժգոհել, քանի որ ընթերցողը միշտ իրավացի է: Նրանք են ամենաճշմարիտ քննադատները»:
Mardik.am-ը խնդրեց նաև Հ.Չարխչյանին պատմել իր վերջին գրքի մասին: «Վերջին գիրքս փաստագրական վեպ էր` «Չարենցի կրակոցը»:
Պարզվում է, որ փաստագրական այդ վեպը լայն արձագանք է ունեցել ընթերցող հասարակության շրջանում, որի վառ ապացույցն այն է, որ առաջին տպաքանակն ամբողջությամբ սպառվել է և վերահրատարակվել է, որը, ըստ գրականագետի,« ամենախոսուն արձագանքն է»:
Գրականագետը նախաձեռնել էր նաև գրքի ինտերնետային մարաթոն, որն այժմ էլ ընթացքի մեջ է և որին աջակցում են հարյուրավոր քաղաքացիներ ոչ միայն Երևանից, այլև մարզերից: «Այս պահին ևս 2000 գիրք սպասում է իր նոր ընթերցողներին: Ամենայն հավանականությամբ մենք դրանք կտանենք սահմանապահ որևէ զորամաս»:

05.08.2011 17:03

%d bloggers like this: