Պահոց | 1:30 ե.

Սահակաշվիլու քաղցր կենացի դառնությունը

3 Օգս

Հայ-վրացական հարաբերություններում լարվածություն հրահրող պատրվակներն ու առիթները այնքան են շատացել, որ արդեն դժվար է միանշանակորեն պնդել, թե եղածը թյուրիմացություն է և չկա որևէ օրինաչափություն: Դեռ լիովին չեն հանդարտվել կրքերը` կապված հայ եկեղեցու իրավական կարգավիճակի և Ջավախքում հայ պատգամավորների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու միջադեպերի շուրջ, երբ մատուցվեց հերթական տհաճ անակնկալը` այս անգամ ամենավերին օղակներից և ամենաուղղակի ձևով: Բրիտանական «The Business Year» ամսագրի` օրերս լույս տեսած վերջին համարը , որն ամբողջությամբ նվիրված էր Ադրբեջանի անկախության 20-ամյակին, իր էջերում տեղ էր հատկացրել նաև Վրասատանի նախագահ Մ. Սահակաշվիլու ընդարձակ հարցազրույցին: Եվ ահա այդ հարցազրույցում Վրաստանի նախագահը բառացիորեն հետևյալն էր ասել. «Մեր երկու պետությունները լուրջ խնդիրներ ունեն չլուծված հակամարտությունների հարցերում, և Ադրբեջանի ու Վրաստանի ցանկացած հակառակորդ մեր երկու պետությունների թշնամին է։ Մեր ուժը միասնության մեջ է, և սրանք ուղղակի խոսքեր չեն, սա իրականություն է»։ Ասվածն անհնար է այլ կերպ հասկանալ կամ մեկնաբանել, քան պարզ հասցեագրում Հայաստանին: Հայաստանն Ադրբեջանի հակառակորդն է: Եվ ուրեմն ստացվում է, որ իր փայլուն տրամաբանությամբ Սահակաշվիլին Հայաստանին դիտում է նաև իր երկրի թշնամի: Սրանից զատ նա նաև ասել էր, որ ովքեր ձգտում են խաթարել Ադրբեջանի ու Վրաստանի միասնությունը, հանդես են գալիս երկու երկրների ազգային շահերի դեմ, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը պարտավոր են մեկմեկու սատարել` նկատի առնելով ընդհանուր աշխարհագրական դիրքն ու պատմությունը: «Մենք ունենք ընդհանուր տեսակետներ, հաստատել ենք սերտ կապեր: Մենք, ըստ էության, կոնֆեդերատիվ հարաբերություններ ենք հաստատել, մեր երկրների միջև ոչ մի խնդիր չկա»,- նշել էր Վրաստանի նախագահը:
Ի՞նչ կարելի է ասել վերոնշյալի առնչությամբ: Եթե Սահակաշվիլին ունեցել է անկեղծության բռնկման բացառիկ պահ և բարձրաձայնել է այն, ինչ իրոք մտածում է, դա իր խնդիրն է: Հայաստանը հազիվ թե խորը վիշտ ապրի այն բանից, որ մի վրացի իրեն թշնամի է դիտում: Մյուս կողմից` եթե մի երկրի նախագահ շարադրում է իր երկրի պաշտոնական դիրքորոշումը, ապա այս պարագայում մեր լռությունը ոչ միայն տեղին չէ, այլև դատապարտելի: Իսկ պաշտոնական Երևանին մտահոգվելու հիմք պետք է տա նաև այն բացահայտ փաստը, որ մինչ օրս Վրաստանի պաշտոնական աղբյուրները որևէ բացատրություն են տվել Սահակաշվիլու խոսքերի առնչությամբ: Փոխարենը «էշը ցեխից անելու» անհույս փորձեր են կատարում զանազան փորձագետներ և Վրաստանում, և Ադրբեջանում, և նույնիսկ Ռուսաստանում: Հատկանշական է, որ նրանք բոլորն էլ մի հարցում համակարծիք են. Սահակաշվիլին անմտություններ է արտաբերել:
«Վերջին շրջանում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ որդեգրած քաղաքականությունում փոփոխություններ են նկատվում։ Նրա քաղաքականությունը կարելի է անվանել հոգեպես անհավասարակշիռ»,- կատարվածի մասին իր տպավորություններն այսպես է ձևակերպել Ադրբեջանի Քաղաքական նորարարությունների ու տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն: Ադրբեջանցին, որ կարծես թե պիտի ոգևորվեր Վրաստանի նախագահի մտքերից, դրան հակառակ համոզված պնդում է, թե չի հավատում ասվածին, ու եթե ավելի վաղ ադրբեջանա–վրացական հարաբերությունները բարձր մակարդակի վրա էին, ապա այսօր կարելի է ասել, որ Վրաստանի համար թիվ մեկ դաշնակիցը Հայաստանն է: Ի դեպ, նկատենք, որ ադրբեջանցիներն այս կերպ մտածելու համար իրենց տեսակետը հիմնավորում են այնպիսի փաստերով, ինչպիսիք են, օրինակ վրաց իշխանավորների ու եկեղեցու հակասությունները` հայերի պատճառով, կամ այն, որ իբր վրացիները շուտ մոռացան Հայաստանի՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի վերաբերյալ բանաձևին «դեմ» քվեարկելու հանգամանքը, և ոչ Վրաստանի նախագահը, ոչ էլ արտգործնախարարը դժգոհություն չհայտնեցին Հայաստանին: Բաքվում եղածին գումարում են նաև Վրաստանից Իրան էլեկտրաէներգիա արտահանելու համար որպես տարանցման ուղի Հայաստանի տարածքն օգտագործելու որոշումը: Եվ ըստ այդմ էլ` նրանք ցանկանում են, որ Վրաստանի նախագահն «անցկացներ ավելի համբերատար և հոգեբանորեն հավասարակշռված քաղաքականություն, ինչը Սահակաշվիլին, ցավոք սրտի, ներկա պահին չի անում»:
Մի քանի վրացիներ նույնպես փորձեցին փրկօղակ նետել իրենց նախագահին: Վերջիններս պնդեցին, թե չի բացառվում, որ Վրաստանի նախագահն անզգուշաբար է արտահայտվել` ասելով, որ Վրաստանի կամ Ադրբեջանի ցանկացած ընդդիմախոս ընդհանուր թշնամի է: Սակայն այս դեպքում արժե հիշել, որ նախագահների հրապարակային և այն էլ գրավոր ելույթները նախապես շարադրվում, մանրակրկիտ կերպով վերանայվում և միայն հետո են հանձնվում տպագրության, այնպես որ այս ենթադրությունը հեռու է իրականությունից: Իսկ երբ Խաղաղության և ժողովրդավարության կովկասյան ինստիտուտի տնօրեն Գիա Նոդիան հավաստիացնում է, որ վրացական իշխանությունների քաղաքականությունն ընդհանուր առմամբ միտված է պահպանելու հավասարակշռությունը Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում, ապա վերջինս թերևս մոռանում է, որ տարիներ շարունակ նույն Վրաստանը իր թեթև ձեռքով Հայաստանին դուրս է մղել բոլոր կարգի տարածաշրջանային ծրագրերից, իսկ դա հազիվ թե հավասարակշռության առհավատչյան լինի:
Ստեղծված կացության անհեթեթությունը չի վրիպել նաև Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Ռոնդելիի աչքից, ով լիովին համոզված է, թե Վրաստանի նախագահի խոսքերը ոչ մի կերպ չեն կարող ուղղված լինել Հայաստանի դեմ: «Վրաստանը բացարձակապես չեզոք է հայ-ադրբեջանական հակամարտության հարցում, քանզի թե Հայաստանը, թե Ադրբեջանը մեր հարևաններն են, երկուսն էլ եղբայրական ժողովուրդներ են, և Վրաստանի քաղաքականությունը երբեք ուղղված չի լինելու ի վնաս այդ հարաբերությունների»: Իսկ որպեսզի խելքին մոտ որևէ բացատրություն գտնի` արդարացնելու Սահակաշվիլու «շատախոսությունը», Ռոնդելին նրա հարցազրույցը նմանեցրել է բաժակաճառ-կենացի` կովկասյան սեղանի ավանդույթներից ելնող մի քայլ, որն անպայման պիտի համեմված լինի քաղցր-մեղցր բառերով:
Սահակաշվիլու քաղցրությունից մեր լեզվի վրա դառնության համ է մնացել: Թե նրա «անզգույշ» արտահայտություններն ի՞նչ ազդեցություն կունենա Երևանի և Թբիլիսիի հետագա դիվանագիտական հարաբերությունների վրա, առայժմ ոչ ոք ասել չի կրող: Բացառված չէ, որ հետևանքներ ընդհանրապես չլինեն: Միայն թե այլ բան է քաղաքական դաշտը, և այլ բան հասարակությունը: Իսկ հասարակություն ասվածը հազվադեպ է կույր ձևանում: Մենք այս պահին կշրջանցենք, այն վրդովված արձագանքները, որոնք հնչեցին Հայաստանում: Փոխարենն արժե մեջբերել Ռուսաստանի ջավախահայերի միության հայտարարությունը, ովքեր պահանջեցին անհապաղ բացատրություն տալ թշնամական խոսքերի համար: Հակառակ դեպքում նրանք սպառնում են, որ կսկսեն ակտիվորեն հրահրել Սամցխե-Ջավախքի շրջանի հայ ազգաբնակչությանը` վրացական իշխանություններին անհնազանդություն ցուցաբերելու և 2012 թ. խորհրդարանական ու 2013 թ. նախագահական ընտրությունները բոյկոտելու համար: «Սահակաշվիլին պետք է հասկանա, որ հայկական պետությանների դեմ Վրաստանի կողմից ցանկացած արկածախնդրություն միանգամայն կանխատեսելի հետևանքներ կունենա իր կողմից ղեկավարած պետության համար»,-ասված էր հայտարարության մեջ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: