Պահոց | 12:20 ե.

Ոչ քաղաքակիրթ առևտրի տարրերը

27 Հլս

Երեկ ավարտվեց Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի աշխատանքային այցը Ադրբեջան: Ճիշտ կլինի ասել, ավարտվեց դրա առաջին փուլը, քանի որ վերջնական համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել և կողմերը պատրաստվում են օգոստոսի կեսերին շարունակել բանակցությունները: Իսկ գլխավոր կռվախնձորն այս անգամ էլ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանն էր, որի առկայության փաստը Բաքուն հմտորեն շահարկում է արդեն մի քանի տարի` մի դեպքում դա օգտագործելով իբրև խաղաթուղթ քաղաքական դիվիդենտներ կորզելու համար, մեկ այլ դեպքում թեթևացնելով ռուսների գրպանները իր մատուցած ծառայությունների դիմաց:
Ինչ վերաբերում է կայանին, ապա 1985 թվականից շահագործման հանձնված «Դարյալ» տիպի այդ ռադիոլոկացիոն կենտրոնը ԽՍՀՄ հակահրթիռային համալիրի 8 կայաններից մեկն էր, որը թույլ է տալիս վերահսկել 6000 կմ շառավղով տարածք՝ ներառյալ Իրանը, Թուրքիան, Հնդկաստանը, Մերձավոր Արևելքը, մինչև Հնդկաստան օվկիանոսի լայնությունները։ 2002 թվականին Ադրբեջանն այն վարձակալությամբ հանձնեց Ռուսաստանին` դրա դիմաց պահանջելով տարեկան 14 միլիոն դոլար վարձավճար: Այժմ կայանում աշխատում են 1400 ռուս զինծառայողներ, ինչը մեծ հաշվով նաև ռուսական զինուժի ներկայությունն է այդ երկրի տարածքում, և դա նույնպես թերագնահատել չի կարելի: Ռուսներն այս ամենը լավ են հասկանում ու անկախ այն բանից` իսկապե՞ս նրանց անհրաժեշտ է իր դարն արդեն ապրած կայանը, թե ոչ` շարունակում են հետևողականորեն անփոփոխ պահել դրա հանդեպ շահագրգռվածության աստիճանը: Նույնիսկ այն բանից հետո, երբ նրանք Կրասնոդարի երկրամասում (Արմավիրի մոտ) նոր սերնդի ռադիոլոկացիոն կայան կառուցեցին ու թվում էր, թե այդքանից հետո Գաբալան կկորցնի այս տարածաշրջանում իր բացառիկ լինելու հատկանիշը, իսկ Մոսկվան էլ առհասարակ կհրաժարվի կայանի վարձակալումից, դարձյալ ռուսները շահագրգռված են շարունակելու վարձակալումը:
Նախարար Սերդյուկովը Բաքվում հայտարարեց, որ իրենք Գաբալայի կայանը արդիականացնելու հետ կապված Ադրբեջանի համար առաջարկներ են պատրաստել, ինչպես նաև ցանկություն ունեն քննարկել վարձակալության ժամկետների երկարաձգման հեռանկարները։ Սա պետք էր սպասել, քանի որ ռադիոլոկացիոն կայանի վարձակալության ժամկետը լրանում է 2012-ին, և նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելու համար այժմ ճիշտ ժամանակն է: Դրա հետ մեկտեղ արժե նաև հիշել, որ Ռուսաստանը արդեն մի քանի անգամ Միացյալ Նահանգներին առաջարկում է կայանը համատեղ շահագործել` որպես Արևելյան Եվրոպայում տեղադրվելիք ամերիկյան հակարհթիռային համակարգերի այլընտրանք: Եվ ուրեմն Գաբալան շատ ավելի մեծ խաղի բաղկացուցիչն է` դրանով իսկ լավ պատրվակ ադրբեջանցիների համար` կարևորելու իրենց «ապրանքի» արժեքը:
Բաքվում Սերդյուկովը հանդիպում ունեցավ ոչ միայն իր ադրբեջանցի գործընկեր Սաֆար Աբիևի հետ, այլև արժանացավ նախագահ Իլհամ Ալիևի ընդունելությանը: Գնահատելով այդ քննարկումների ընթացքը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ասաց. «Այո, բանակցություններն ընթանում են, հնարավոր է՝ ոչ շատ ինտենսիվ, սակայն այդ թեման քննարկվում է: Ամեն դեպքում Գաբալայի ՌԼԿ վերաբերյալ գործող պայմանագրին համապատասխան կամ պետք է երկարաձգել այն, կամ էլ վերանայել: Այսինքն` հենց միայն դա է դրդում, որ վերստին վերանայվեն պայմանագրի պայմանները: Ներկայիս պայմաններում կայանն ունի շատ կարևոր ռազմավարական նշանակություն, և այն, որպես ռազմավարական օբյեկտ, պետք է արժանանա համարժեք գնահատականի»: Նման խոսքերի ենթատեքստը պարզից էլ պարզ է. ադրբեջանցիներն ակնհայտորեն թանկացնում են իրենց ու գին են բարձրացնում: Հիմա նրանք ռուսների հետ նաև խոսում են այն մասին, թե անհրաժեշտ է, որպեսզի վճարվի կայանին մատակարարվող էլեկտրաէներգիայի արժեքը, և բացի դա, վատ չէր լինի, եթե տեղի բնակիչների հաշվին ավելանար ռադիոտեղայնացման կայանի աշխատակիցների քանակը, ինչպես նաև նյութական վնասի համար փոխհատուցում տրվեր, քանի որ կայանի պատճառով հազարավոր զբոսաշրջիկներ խուսափում են այցելել Գաբալայի շրջան, իսկ դա ծանր հարված է երկրի գրպանին: Այլ կերպ ասած, մի գնդակով մի քանի նապաստակ խփելու համար Բաքուն չի էլ պատրաստվում համեստ ձևանալ և Ռուսաստանից առավելագույնն է պահանջում:
Վերադառնալով խնդրի քաղաքական կողմին, հարկ է ուշադրություն դարձնել որոշ վերլուծաբանների այն պնդումներին, թե Ադրբեջանի որոշումը՝ վերանայել կայանի վարձակալման պայմանները, այլ բան լինել չի կարող, քան Բաքվի պատասխան Ռուսաստանին՝ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը մինչև 2044 թվականը երկարաձգելու վերաբերյալ: Սա միանգամայն հավանական տարբերակ է, եթե հիշենք, որ ադրբեջանցիները նախկինում բազմաթիվ առիթներով այդ մասին հայտարարել են, իսկ այժմ որոշել են խոսքից անցնել գործի: Նկատենք նաև, որ կայանի համար Բաքու եկած Սերդյուկովի հետ ադրբեջանցի պաշտոնյաները բավականին հանգամանալից զրույցներ են ունեցել Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ, ինչը մեկ անգամ ևս անուղղակիորեն հաստատում է նրանց մտադրության երկրորդ շերտի մասին:
Անատոլի Սերդյուկովին չհաջողվեց բանակցություններն ավարտին հասցնել: Առայժմ չկա հստակ պայմանավորվածություն կայանի վարձակալման արժեքի շուրջ։ Կողմերը տարակարծիք են նաև վճարի ձևի ընտրության հարցում: Եթե Ռուսաստանն ասում է, որ պատրաստ է վարձակալության համար վճարել անուղղակի տարբերակով, օրինակ, ռուսական ռազմական ուսումնական հաստատություններում ադրբեջանցի սպաների անվճար ուսում ստանալու քվոտաների ընդլայնման ձևով, ապա Բաքուն դրան համաձայն չէ և պնդում է, որ վճարումներն ուղղակիորեն կատարվեն: Իբրև միջանկյալ լուծում նրանք որոշել են ձևավորել աշխատանքային խումբ, որի անդամները մինչև օգոստոսի 15-ը կզբաղվեն նոր համաձայնագրի մշակմամբ: Դրանից հետո միայն բանակցությունները կվերսկսվեն: Ըստ ամենայնի, ռուսները ստիպված կլինեն գնալ որոշակի զիջումների, սակայն դրա հետևանքները ադրբեջանցիները կճաշակեն այլ առիթով, այլ խնդիրների առնչությամբ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՄՈՐԻՍ ՄԵՏԵՐԼԻՆԿ

27 Հլս

Մեր մահը ղեկավարում է մեր կյանքը, և մեր կյանքն այլ նպատակ չունի, քան մեր մահը: Մահվան սարսափն ընդամենը անհայտության վախ է, որին ենթարկում է մեզ: Իսկ կյանքը արվեստ է այն մասին, թե ինչպես նշանակալի օգուտներ քաղել աննշան հանգամանքներից:
Աշխարհը չի վերջանում մեր տան շեմին: Մեր ճանաչողության սահմանը մեզ արժանահավատ է թվում, բայց միակ բանը, որ նրանում արժանահավատ է` մեր անգիտությունն է: Սահմանափակ խելքը ոչ այլ ինչ է, եթե ոչ սահմանափակ հիմարություն: Ժամանակի ընթացքում կյանքը համոզում է յուրաքանչյուրին, որ հրաշքներ չկան, բացի ճշմարտությունից: Սակայն երբեմն անհրաժեշտ չէ առանց մտածելու տրվել այն ժամանակահատվածի ճշմարտություններին, որում ապրում ես: Բավական չէ տիրել ճշմարտությանը, պետք է, որ նա էլ մեզ տիրի: Մենք արժենք սոսկ նրան, ինչին արժեն մեր տագնապներն ու տխրությունները: Մենք ճաշակում ենք միայն այն երջանկությունը, որն ընդունակ ենք ընկալելու: Իսկ երջանկությունը ծիծաղի մեջ չէ:

%d bloggers like this: