Պահոց | 12:25 ե.

Նոր էջի վրա գրառումներ չկան

25 Հլս

Հայ-թուրքական գործընթացի տապալումից հետո Թուրքիան հայտարարեց, որ անցնում է լուռ դիվանագիտության: Քաղաքական շփումների այս անհասկանալի նորամուծությունը, որից արդյունք ակնկալելը նույնն էր, թե անամպ երկնքից տեղատարափ սպասելը, վաղ թե ուշ պիտի ի հայտ բերեր ինչպես իր սնանկությունը, այնպես էլ իմիտացիոն էությունը: Բայց նույնիսկ այդ պարագայում Անկարան համարում է, որ ինքը պարտված կողմ չէ և նույնիսկ շահած է դուրս եկել խճճված իրավիճակից: Ու որպեսզի դա դիտվի հիմնավորված, այժմ թուրքերն առաջարկում են (կամ ավելի ճիշտ կլինի ասել` նրանց պարտադրում են) խաղալ երկրորդ պարտիան:
Ո՞րն է այս երկրորդ խաղակեսի իմաստը: Գրեթե նույնը, ինչ սկզբնախաղում: Այսինքն` վերստին «թոզ փչել» միջազգային հանրության աչքին: Իսկ թուրքերի համար առանձնապես մեծ դժվարություն չէ ստեղծել տպավորություն, որ իրենք ստանձնած պարտավորություններից չեն հրաժարվում, մանավանդ կայացած ընտրություններից և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Թուրքիա կատարած այցից հետո, ով նրանց ուշադրությունը հրավիրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության վրա, իսկ նրանք էլ խոստացան:
Այժմ նոր խաղի առաջին քայլն արված է: Օրերս թուրքական մամուլում հայտնվեցին հրապարակումներ, որոնք պնդում էին, թե Թուրքիան նախատեսում է հարևան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում վստահության ամրապնդման միջոցների նոր փաթեթ ներկայացնել։ «Hurriyet» թերթը փոքր-ինչ բացեց հիշյալ փաթեթի ծալքերը` հայտնի դարձնելով, որ թուրքական կողմը որոշում է ընդունել դրական ազդանշաններ ուղարկել Երևանին ու դրանցից առաջինը վերաբերելու է փակ սահմաններին: Ի՞նչ է ենթադրվում: «Գաղափարը կայանում է նրանում, որ բացվելու է ոչ թե սահմանը, այլ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանային անցակետերը։ Սա կողմերի միջև իրականացվող բանակցությունների՝ գաղտնի դիվանագիտության թեման է»,- գրում էր «Hurriyet»-ը և ապա հավելում. «Հայկական կողմը երկու ուղերձ է հղել. Առաջինը` «Մենք Թուրքիային ենք սպասում», և երկրորդը՝ «Հայաստանի համբերությունն անվերջ չէ»։ Այդ իսկ պատճառով վստահության ամրապնդման քայլեր ձեռնարկելը կարևոր է»։
Հաջորդ առաջարկը, որի մասին նշում էին թուրքական աղբյուրները, նախորդից ոչ պակաս ինքնատիպ էր: Ասվում էր, որ «Թուրքական ավիաուղիներ» ազգային ավիաընկերությունը պատրաստվում է գրասենյակ բացել Երևանում։ Եվ մինչ հայաստանցիները կփորձեին մտավի պատկերացնել թուրքական ինքնաթիռները` Երևանի երկնքում, դեպքերը զարգացան աննախադեպ արագությամբ: Հայաստանում գումարվեց հայ-թուրքական բիզնես-ֆորում, որի ընթացքում երկու երկրների ներկայացուցիչները տուրիստական գործակալությունների համատեղ ասոցիացիա հիմնելու մասին հուշագիր ստորագրեցին։ Թուրքիայից հրավիրվել էին 27 գործարարներ, մի քանի հասարակական ու բիզնես կազմակերպությունների պատասխանատուներ։ Ու այստեղ էլ Վանի առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի ղեկավար Աբդուլլա Թյունջդեմիրը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 11-ին կարող է կայանալ Երևան-Վան առաջին ուղիղ չվերթը։
Այն, որ երկու երկրների գործարար շրջանակների լոբբինգի արդյունքում քաղաքական ուժերը կարող են նաև վերանայել իրենց դիրքորոշումները, անհավանական հեռանկար չէ: Այսօր համագործակցություն իրական նախադրյալներ կան զբոսաշրջության, տրանսպորտի, ոսկերչության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թեթև արդյունաբերության, շինարարության, կահույքագործության, առևտրի ոլորտներում: Այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիայից ներմուծումը տարեկան կազմում է շուրջ 250 միլիոն դոլար, իսկ արտահանումը` ընդամենը 160-170 հազար դոլար, և տուժողը կրկին մենք ենք:
Սակայն վերադառնանք քաղաքական դաշտ, քանի որ թուրքերի հաջորդ անակնկալը լիովին լրացնում էր մյուսներին: Համարյա նույն օրերին Թուրքիայի տնտեսական քաղաքականության հիմնադրամի (TEPAV) հրավերով այդ երկիր մեկնած հայաստանյան 5 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ընդունեց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Առիթը չափազանց հարմար էր, և Դավութօղլուն անմիջապես սկսեց հայերին մի գեղեցիկ հեքիաթ պատմել երկու ժողովուրդների լուսավոր ապագայի մասին` ասելով, թե հայերը «մի օր կարող են գալ, տուն գնել ու հաստատվել» իրենց պատմական հայրենիքում: Այդ հուզական զեղումի պահին արտգործնախարարը հավանաբար մոռացել էր իր երկրի օրենքներից մեկի մասին, որը արգելում է տեղահանվածներին, ցեղասպանության ենթարկվածների ժառանգներին վերադառնալ իրենց երկիր: Բայց դա նրա համար էական չէր, քանի որ ներկա պահի խնդիրը բոլորովին այլ պահանջներ էր ներկայացնում և հարկ էր շարժվել դրանց համապատասխան:
Մոտավորապես այդպես էլ վարվեց մեկ ուրիշ թուրք գործիչ`Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Օսման Քորութուրքը: Նա, ով մեկ ամիս առաջ Հայաստանի հետ հարաբերվելու ոխերիմ հակառակորդն էր, այսօր, «Turkish Weekly» պարբերականի փոխանցմամբ, արդեն քննադատում է Թուրքիայի կառավարության կողմից վարած արտաքին քաղաքականությունը` այն համարելով «անսկզբունքային»: Այս համատեքստում ԺՀԿ փոխնախագահը դիտողություն արեց կառավարությանն այն բանի համար, որ վերջինս պարտավոր էր կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն մինչև հիմա ոչ մի առաջընթաց չի գրանցվել:
Իսկ մինչ Թուրքիայում բոլորը ձայն ձայնի տված սկսել էին խոսել հայերի հետ մերձենալու մասին, Ադրբեջանը ուշի-ուշով հետևում էր այդ ջերմացմանը` փորձելով կռահել, թե ի՞նչ է դա, արդյո՞ք իրենց արյունակից եղբայրները լուրջ են խոսում, թե՞ նախորդ անգամների պես փորձում են փափուկ բարձեր շարել միամիտների գլխի տակ: Այդ պատճառով էլ Բաքվի պաշտոնական արձագանքը հենց այդ սպասողական ոգով էր շարադրված. «Մենք չենք խառնվում երկու երկրների գործերին, սակայն Ադրբեջանի ազգային շահերի ոտնահարման դեպքում մեզ իրավունք ենք վերապահում արձագանքել»,- ասվում էր Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցչի հայտարարության մեջ: Դրա հետ մեկտեղ նրանք զգուշացնում էին, որ իրենք հետևում են իրադարձությունների զարգացմանը և կարձագանքեն՝ ելնելով հետագա սցենարներից:
Իսկ ծավալուն սցենարներ հազիվ թե լինեն: Այս օրերի զարգացումները Թուրքիայի PR ակցիաների առանձին դրվագներ են։ Ինչպիսի մանրումեծ փոփոխություններ էլ տեղի ունենան առաջիկայում, հազիվ թե հիմքեր կան կարծելու, որ դրանք կվերաճեն ավելի լուրջ և խորը հարաբերությունների կամ դրանք արմատական կարգավորման: Ներկա պահին Անկարան ոչ նման ձգտում և ոչ էլ նպատակ ունի: Ու եթե այսօր թուրքերը մեզ հորդորում են, թե` եկեք մոռանանք «100 տարի առաջ կատարվածը, եթե անգամ փոխադարձաբար է կատարվել, նոր էջ, մաքուր էջ բացենք», ապա հիշողության կորստի հաշվին գրվող նոր էջերը Հայաստանի համար հատուցման գին լինել չեն կարող:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: