Պահոց | 11:23 ա.

Քրդերը «վա բանկ» են գնում

22 Հլս

Անցած շաբաթ, երբ քրդական ուժերին միավորող «Ժողովրդավարական հասարակությունների կոնգրես» կազմակերպությունը Դիարբեքիրի գրասենյակում 6 ժամ տևած արտակարգ համագումարից հետո հայտարարեց, որ քրդերը Թուրքիայի ամբողջականության շրջանակներում «ժողովրդավարական ինքնավարություն» են հռչակում, այս լուրը չարժանացավ միանշանակ ընկալման: Ոմանց համար դա սոսկ դեկլարատիվ սպառնալիք էր, մյուսները կարծում էին, որ քրդերը շտապում են և ներկա պահին ի զորու չեն իրականություն դարձնել իրենց մտադրությունը: Ամեն դեպքում, քուրդ կին պատգամավոր Այսել Թուղլուքը հանդես եկավ հայտարարությամբ և նշեց, թե իրենք չեն ընդունում թուրքական իշխանությունների կողմից քուրդ ժողովրդին մերժելու քաղաքականությունը և ցանկանում են հասնել նոր կարգավիճակի։ Վերջինիս խոսքով՝ ներշնչվելով պատմական իրադարձություններից, հիմնվելով մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաների ու համատեղ հայրենիքի հասկացության վրա, քուրդ ժողովուրդը ինքնավարություն է հայտարարում ու կոչ է անում միջազգային հանրությանը՝ ճանաչել քրդերի ինքնորոշման իրավունքը, որը կարող է մոդել ծառայել Թուրքիայում ապրող մյուս ժողովուրդների համար։ Մոդել ասվածն իրենից ներկայացնում էր 8 հիմնական սկզբունքներ, որոնց հիման վրա էլ ենթադրյալ ինքնավարությունը կյանքի պետք է կոչվի: Ըստ այդմ, քրդերն ինքնավարություն են պահանջում ինքնապաշտպանության, քաղաքական, իրավական, մշակութային, բնապահպանական, տնտեսական, դիվանագիտական և սոցիալական ոլորտներում: «Մենք նշում ենք, որ ունենք համապատասխան ուժ և կամք մեզ ղեկավարելու համար։»,- ասվում էր նրանց հայտարարությունում։ Սրա հետ մեկտեղ քրդերը հրաժարվում էին հարկ վճարել պետությանը, պահանջում էին անկախ տնտեսական համակարգ ու տեղական մեջլիսներ ստեղծելու իրավունք, և միևնույն ժամանակ կոչ էին անում թուրքաբնակ քրդերին` իրենց որդիներին թուրքական բանակ չուղարկել:
Հիշեցնենք նաև, որ այս կարևոր քայլից մեկ օր առաջ Դիարբեքիրի Սիլվանի շրջանում քուրդ գրոհայինները սպանել էին 13 թուրք զինվորականի ու վիրավորել 6-ին։ Դա վերջին 3 տարիներին քրդերի ու թուրքերի ամենամեծ բախումն էր: Այնպես որ, այս երկու դեպքերը բավարար էին, որպեսզի իրապես ցնցեին Թուրքիան: Երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անմիջապես արտակարգ խորհրդակցություն անցկացրեց բարձրագույն զինվորական ղեկավարության և հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ: Իսկ Թուրքիայի դատախազությունն իր հերթին լրջորեն ձեռնամուխ եղավ տվյալ խնդրի հետազոտմանը։ Դատախազությունը հայտարարեց, որ անջատողականների այդ քայլը սպառնում է երկրի ազգային միասնությանը։ Մինչ այդ Իմրալի բանտում ցմահ բանտարկված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլա Օջալանն իր փաստաբանների միջոցով Թուրքիայի ղեկավարությանը հղած ուղերձում սպառնաց թուրք-քրդական բախումների ընդգրկման տարածքներն ընդարձակել և դրանք տեղափոխել քաղաքներ:
Թեև այս ներքին առճակատումը տասնամյակների պատմություն ունի, բայց և այնպես ակնհայտ է, որ մենք գործ ունենք բարդ հարաբերությունների նոր փուլի հետ: Թուրքիայի իշխանություններն իրենց հերթին լավ են գիտակցում, որ քրդական խնդիրը երկրի կառավարման համակարգում էլ ավելի մեծ կշիռ է ստանում, և ուղղակի ստիպված են լինելու դրան ավելի լուրջ վերաբերվել։ Հատկապես վերջին խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ուժերի հարաբերակցությունը որակական փոփոխություններ կրեց, իսկ քրդերը պարբերաբար հիշեցնում են առավել արմատական քայլերի դիմելու իրենց մտադրության մասին, Անկարան հարկադրված է խոստովանել, որ մրցակիցներն այս դեպքում ոչ թե մարտավարական մանր քայլեր են իրականացնում` թուրքական իշխանություններից ինչ-ինչ լուծումներ կորզելու ակնկալիքով, այլ պատրաստվում են ռազմավարական խնդիրներ առաջադրել, ինչն իր հերթին հղի է լուրջ զարգացումներով:
Առայժմ դժվար է միանշական ասել, թե Թուրքիան ինչ պատասխան քայլեր կձեռնարկի: Ամեն բանից զատ նրանք տեսնում են նաև, որ երկրի ոչ բոլոր քրդական շրջանակները ողջունեցին ինքնավարության ստեղծման գաղափարը` համարելով այն վաղաժամ: Ասվածին հավելենք նաև այն, որ հայտարարություններ հնչեցնելը մեծ հաշվով դեռևս ոչինչ չի նշանակում, իսկ կարգավիճակի հետ կապված հարցը այնքան անորոշ է ու անմշակ, որ սրա հստակեցման համար ժամանակ կպահանջվի: Հենց այս հավելյալ ժամանակահատվածն էլ Անկարան կօգտագործի քրդերի նկատմամբ նոր քաղաքականություն որդեգրելու համար` խուսափելով ավելորդ սրացումներից, ինչը կարող է հանգեցնել նոր բախումների երկրի առանձին նահանգներում: Առավել հավանական է թվում, որ Թուրքիայի կառավարությունը ինչ-որ պահի նպատակահարմար կգտնի բանակցությունների սեղանի շուրջ նստել քրդական ուժերի հետ: Դա կլինի հարկադրական քայլ, քանի որ երկիրը նախապատրաստվում է սահմանադրական բարեփոխումների, իսկ քրդերն այդ հնարավորությունը ձեռքից բաց չեն թողնի ու կանեն հնարավորը թուրքական սահմանադրության շրջանակներում իրենց խնդիրները կյանքի կոչելու համար:
Հայաստանում ուշադիր հետևում են քուրդ-թուրքական նոր զարգացումներին, սակայն որևէ կերպ միջամտելու կամ արձագանքելու մտքից հեռու են մնում: Ոչ պատահաբար մեզ մոտ այդ վերջին դեպքերը նմանեցրեցին 1908 թվականի հայերի ոգևորության հետ, ինչը ավարտվեց մեծ ողբերգությամբ: Եվ այժմ վերլուծաբանները կարծում են, որ նույնն էլ ապագայում կարող է սպառնալ քրդերին: Հայաստանում նաև ժամանակ առ ժամանակ կրկնում են, որ այդ առճակատման մեջ կողմերից որևէ մեկը ոչ մեր դաշնակիցն է և ոչ էլ բարեկամը: Այնպես որ նրանց կռիվը հազիվ թե անհանգստություն կամ հուզմունքի պահեր պատճառի հայերիս: Ու եթե այս անգամ քրդերը տրամադրված լինեն գնալու մինչև վերջ, ապա մենք լավագույն դեպքում կարող ենք լինել ամենահետաքրքրասեր հանդիսատեսների շարքում: Չմոռանանք նաև, որ քրդական հարցում Թուրքիան, Սիրիան և Իրանը դաշնակիցներ են, նրանք բոլորն էլ դեմ են քրդական պետության առաջացմանը, իսկ համաձայն «Wikileaks»-ի գաղտնազերծումների, դեռևս 2003 թվականին Վաշինգտոնն Անկարային խոստացել էր թույլ չտալ քրդական պետության ստեղծումը: Եվ ուրեմն քրդական ուժերի համար պայքարի ճակատների պակաս չի զգացվի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: