Պահոց | 11:31 ա.

Կպաշտպանի, թե՞ չի պաշտպանի

20 Հլս

Մի առ ժամանակ լռություն պահպանելուց հետո Ադրբեջանը վերստին խոսեց Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի մասին: Պարզվեց, որ մեր հարևանները անհանգստացած են Հայաստանում ռուս զինվորականների ներկայությամբ: Այդ մասին անկեղծացավ ղարաբաղյան հակամարտության հարցերով Ադրբեջանի նախագահի անձնական ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նա ռուսներին խորհուդ տվեց ռազմականից անցնել տնտեսական հայեցակարգին և նույն պահին էլ հուսահատված խոստովանեց, որ, ի ցավ սրտի, Ռուսաստանը անհրաժեշտ է համարում զինված ուժեր պահել Հայաստանի տարածքում: «Ցավոք, Ռուսաստանը համարում է, որ տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը բխում է իր շահերից: Բայց, հաշվի առնելով վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերությունների սերտացումը, Հարավային Կովկասում ռազմական ներկայության այսպիսի հայեցակարգի համար մենք ավելի ու ավելի քիչ հիմքեր ենք տեսնում: Եկել է ժամանակը տանկերը փոխարինել լցանավերով, այսինքն՝ ներկայության ռազմական ձևը՝ տնտեսական ձևով»,- հայտարարեց նա:
Պետք է միանգամից ասենք, որ սա անսովոր ելույթ էր: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես Բաքվում հենց նոր տեղեկացան Գյումրիի ռազմակայանի գոյության մասին: Եվ հետո այդ հիշատակումը` ռուս-թուրքական կապերի առնչությամբ, որ առաջին հայացքից ոչ մի ընդհանուր բան չունի արծարծվող թեմայի հետ, սակայն օգտագործվում է իբրև լեյտմոտիվ խոսքն առաջ մղելու համար: Նման հակակշիռների մատուցման պարագայում ադրբեջանցիները տխրությամբ են ընկալում այն իրողությունը, որ կան գործոններ, որոնք հնարավոր չէ թաքցնել որևէ դիվանագիտական ժեստով կամ ֆրազով: Այդ գործոններից են մեր երկրի և ՌԴ-ի դաշնակցային հարաբերությունները, ռազմական համագործակցությունը, Հայաստանի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, և, իհարկե, Ռուսաստանի ռազմական ներկայությունը: Հենց այս կապերի մասին է, որ Բաքվում ասում են. «Ավելի սերտ երևի թե չի լինում»:
Երևի: Սակայն Ազիմովի անակնկալ ելույթն իրականում այլ դրդապատճառներ ուներ: Բավական է միայն արձանագրել, թե ինչ պահի է նա այս ամենն ասում, և որոշակի պատկեր արդեն իսկ կգծագրվի: Մոսկվայից հակամարտող կողմերին է առաքվել Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման ռուսական տարբերակը` նախագահ Դ. Մեդվեդևի հեղինակմամբ: Ադրբեջանի պատասխանը Ռուսաստան է տանում Ազիմովի անմիջական շեֆը` ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, և հենց այդ ընթացքում էլ նրա տեղակալը հարկ է համարում հրապարակավ գանգատվել ռուսներից: Սա կարող է նշանակել մի բան` ռուսաստանյան միջնորդությունից ադրբեջանցիները դժգոհ են:
Պատկերն էլ ավելի ամբողջական կդառնա, եթե հիշենք, որ հաշված օրեր առաջ ռազմակայանի մասին հիշեց նաև Մամեդյարովը: «Интерфакс» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նա հույս հայտնեց, որ Գյումրիի ռուսական ռազմաբազան չի կիրառվի հակաադրբեջանական նպատակներով: «Մենք նույնպես Ռուսաստանի Դաշնության հետ ունենք բավական բարձր մակարդակի ռազմա-քաղաքական համագործակցություն։ Չեմ կարծում, թե Գյումրիի ռազմաբազան կձեռնարկի որևէ հակաադրբեջանական գործողություն, ինչը կհակասի Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխհարաբերությունների մակարդակին»,- ասաց Մամեդյարովը։
Սա կրկնակի տարօրինակ վերաբերմունք է: Ամիսներ առաջ Բաքուն համոզված պնդում էր, որ ռուսների ներկայությունը Հայաստանում որևէ խնդիր հարուցել չի կարող, քանի որ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում ռուսական զինուժը միջամտելու իրավունք և լիազորություններ չունի: Իսկ բոլորովին վերջերս նույն Մամեդյարովը, վերստին խոսելով ռազմակայանի և այնտեղի սպառազինության մի մասը Հայաստանին տրամադրելու փաստի շուրջ, իր հայրենակիցներին վստահեցնում էր, որ Ադրբեջանը չի միջամտում Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններին, դա Ռուսաստանի գործն է` ինչպես ամրացնել և պահպանել իր ամրակետը։
Ուրեմն այդ ի՞նչ փոխվեց այսքան կարճ ժամանակահատվածում, որ հարևան երկրում սկսեցին մտահոգվել ու սպառնալիքներ տեսնել ռուսական ներկայությունից: Իբրև հնարավոր վարկած, մենք կարող ենք ենթադրել, որ ադրբեջանցիները տեղեկություններ են ստացել այն մասին, որ Ռուսաստանը պատերազմի վերսկսման պարագայում չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել: Բայց սա սոսկ ենթադրություն է և ապացուցման կարիք ունի:
Գալով ռազմակայանի նշանակությանը, ավելորդ չէ վերհիշել թուրքական Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետների կարծիքը, ըստ որոնց Գյումրիի ռազմաբազան հանդիսանում է «Կովկասում ռուսական ամրոց», և նրա օգնությամբ Ռուսաստանը վերահսկում է Կովկասը, Հյուսիսային Իրանն ու Կասպից ծովի ավազանը։ Այդ բազայի ներկայությունը պայմանավորել ընդամենը Հայաստանի խնդիրներով` իսկապես անիրատեսական է: Բայց Ադրբեջանում առայժմ միայն դա է տեսանելին, և նրանց համար թե ռազմակայանը, թե համաձայնագիրը, որ երկարաձգեց այդ հենակետի կենսագործունեությունը Հայաստանում, հանգեցնում է տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության կտրուկ խախտման` ի վնաս Բաքվի: Իսկ որպես դրա հետևանք, լուրջ կասկածներ է առաջ բերում, որ ՌԴ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կանխակալ միջնորդական առաքելություն է իրականացնում:
Գուցե իրավացի են նաև մեր պաշտոնյաները, երբ հավաստիացնում են, թե ռազմակայանի ներկայիս կարգավիճակն ու գործառույթները չեզոքացնում են մտահոգություններն այն առումով, թե ռուսները ստանձնում են Հայաստանի սահմանների անվտանգության ապահովումը միայն Իրանի ու Թուրքիայի կողմից: Բայց քիչ չեն նաև նրանք, ովքեր գտնում են, որ թե ռազմակայանը, թե ՀԱՊԿ-ն մեր երկրի ապահովության երաշխիքը լինել չեն կարող: Ըստ վերջիններիս տրամաբանության, ՀԱՊԿ-ն ընդամենը ԱՊՀ-ի լրացուցիչ տարրն է, որը կարող է և չլինել: Ու դեռևս պարզ չէ, թե այն որտեղ կգործի, քանի որ նախադեպը չկա: Սրան էլ հավելենք այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ը ոչ մի կապ չունի ղարաբաղյան հակամարտության հետ, քանի որ ՀԱՊԿ-ը պայմանագիր է ԱՊՀ-ի արտաքին սահմանների պաշտպանության մասին: Այսինքն, եթե հանկարծ Ղարաբաղում պատերազմ սկսվի, Ռուսաստանը պարտավոր չէ պաշտպանել հայկական կողմին:
Ստացվում է, որ կան կարևորագույն հարցեր, որոնց լիարժեք պատասխանը հնարավոր է ստանալ միայն տվյալ իրավիճակում, կամ ընդհանրապես չստանալ: Ադրբեջանը, ժամանակից առաջ անցնելով, ջանում է ապահովագրել իրեն տհաճ անակնկալներից: Իսկ մեզ համար ինչպես նախկինում, այնպես էլ այսօր մոտեցումը մեկն է` ապավինել միայն սեփական ուժին: Կօգնեն` լավ, չեն օգնի` ինքներս կտեսնենք մեր գլխի ճարը և չենք սնվի վնասակար պատրանքներով:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: