Պահոց | 10:49 ե.

Քլինթոնի հայկական թեմատիկան

19 Հլս

Եթե հնարավորինս հակիրճ սահմանելու լինենք Միացյալ Նահանգների ներկայիս վերաբերմունքը հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ, ապա կարելի է ասել, որ Վաշինգտոնն ունի կարգավորման ցանկություն, բայց չունի ժամանակ: Դա է պատճառը, որ ամերիկացիներն այդ բացը փորձում են լրացնել հընթացս` այլ հոգսերի արանքում, պարբերական հիշեցումներով ու անուղղակի միջամտություններով: Ու եթե Լիբիայի հարցով շփման խմբի երկրների արտգործնախարների 4-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Ստամբուլ ժամանած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հիշում է հայկական խնդիրները, որոնք կարծես թե ոչ մի ընդհանուր բան չունեն Քադաֆիի աննախանձելի ճակատագրի հետ, ապա դա էլ լիովին ընդգրկվում է ասվածի համատեքստում: Իսկապես, քանի որ առիթը ներկայացել է` ինչու՞ չխոսել նաև այդ մասին:
Եվ Քլինթոնը ոչ միայն խոսեց, այլև հայկական թեմատիկան (մասնավորապես` հայ-թուրքական հարաբերություններն ու Ղարաբաղի հարցը) պետքարտուղարի աշխատանքային օրակարգում սպասվածից ավելի մեծ տեղ զբաղեցրեց: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հանդիպեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Երեքի դեպքում էլ Հայաստանը չշրջանցվեց` պահպանելով այն նույն շեշտադրումները, որոնք Վաշինգտոնը կրկնում է արդեն տևական ժամանակ:
Այս հետևողականությունից ելնելով ԱՄՆ այժմ ասում է, որ մտադիր է կրկին թարմացնել Հայաստանի և Թուրքիայի մերձեցման գործընթացը, կողմերին ոգեշնչել` շարունակելու այն։ Նախագահ Գյուլի հետ հանդիպմանը Քլինթոնը կրկնել է նույն միտքը և ապա հավելել. «Այս խնդրում պատրաստ ենք երկու կողմին էլ խրախուսել»: Նկատենք, որ ինչպես այս, այնպես էլ հետագա զրույցների ժամանակ հնչած մտահոգությունները ոչ ուղղակի կերպով դարձել են վկայությունն այն բանի, որ Վաշինգտոնում հայ-թուրքական շփումների առկախման մեղավոր է համարվում Թուրքիան: Ու երբ Քլինթոնը կողմ է արտահայտվում Թուրքիայի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացմանը և Երևանի հետ Անկարայի վստահության ամրապնդման այլ միջոցների մշակմանը, ապա սրա հետ մեկտեղ չի հապաղում պաշտոնական Անկարային կոչ անել, որպեսզի վերջինս «աջակցի և առաջ տանի Թուրքիայի խորհրդարանում «խցանված» արձանագրությունները, ավելի լայն կապեր հաստատի Հայաստանի հետ` վստահություն ամրապնդելու նպատակով, ինչը ի վերջո կհանգեցնի դիվանագիտական հարաբերությունների վերականգմանը»: Պատահական չէ, որ պետքարտուղարին Ստամբուլում ուղեկցող պաշտոնյաները խոստովանել են, որ նման ցանկության իրագործումը կդառնա ոչ այլ ինչ, քան դարի նախագիծ։
Փակ դռների ետևում է ընթացել Քլինթոնի հանդիպումը արտգործնախարար Դավութօղլուի հետ։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ, մոտ 2 ժամ տևած հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Դավութօղլուն հայտնել է, թե ԱՄՆ պետքարտուղարի հետ մանրամասն քննարկել են ինչպես տարածաշրջանային կարևորություն ներկայացնող հարցեր, այնպես էլ իրադրությունը Հարավային Կովկասում, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակը: Սակայն հետաքրքրականն այն է, որ ամերիկյան կողմը այդպես էլ որևէ անգամ չհիշատակեց ոչ Ղարաբաղը, ոչ իրենց դիրքորոշումն այդ հարցում: Նման լռությունը կարող էր մի քանի բացատրություններ ունենալ: Կամ Վաշինգտոնը չի կիսում Անկարայի այն կարծիքը, թե հայերի հետ հարաբերվելու նախապայմանը պիտի լինի Ղարաբաղի խնդիրը, կամ ամերիկացիները չեն ցանկանում թուրքերին մասնակից դարձնել այդ գործընթացներին` սահմանապակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների շրջանակով և կամ իսկապես ԱՄՆ-ն մի առ ժամանակ իրավիճակը տնօրինելու իրավունքը հանձնել է Ռուսաստանին ու համբերությամբ սպասում է դրա արդյունքներին: Միայն այսպես կարելի է բացատրել Քլինթոնի ընդգծված հետևողականությունը հայ-թուրքական մերձեցմամբ և նույնքան ակնառու չեզոքությունը Ղարաբաղի պարագայում:
Ամեն դեպքում, պետքարտուղարի թուրքական ուղևորության առավել հետաքրքրական դրվագը պիտի լիներ նրա հանդիպումը Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» և քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունների ղեկավարների հետ: ԺՀԿ-ի անդամների հետ զրույցի ժամանակ ներկաներն իսկապես անակնկալի եկան, երբ Քլինթոնը նրանց հարցրեց, թե ինչո՞ւ են ընդդիմադիրները դեմ հանդես գալիս ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին: Իր դժգոհությունը պետքարտուղարն այսպես բացատրեց. «Երբ հանդիպումներիս ընթացքում իշխանության ներկայացուցիչներին հարցրեցի, թե ինչու արձանագրությունները խորհրդարանի օրակարգ չեն ներառվում, ինձ պատասխանեցին, թե դրան դեմ է ԺՀԿ-ն, ինչի պատճառով այդ փաստաթղթերը չեն ներկայացվում խորհրդարանի վավերացմանը»:
ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին այլ բան չէր մնում, քան իր զարմանքը հայտնել այս փաստի կապակցությամբ` նշելով, որ իշխանությունը խորհրդարանում մեծամասնություն է կազմում և ցանկացած ժամանակ նա միայնակ էլ կարող էր անցկացնել փաստաթուղթը: Քըլըչդարօղլուն նաև ասաց, թե իշխանություններն իրենց որևէ տեղեկություն չեն տվել արձանագրությունների ու Ղարաբաղի խնդրի հետ կապված, և իրենք ստիպված մամուլով են հետևում զարգացումներին:
Զավեշտալի իրավիճակ է ստեղծվում: Փաստորեն չունենալով այլ արդարացում ու բացատրություն, Թուրքիայի ղեկավարները ամերիկյան կշտամբանքից խուսափելու համար մեղքը բարդում են ընդդիմության վրա, իսկ վերջինս այդ մասին ոչ միայն տեղյակ չէ, այլև չափազանց դիպուկ է նկատում դրա հնարավորության գոյությունը և միտումնաբար այդ փաստը քողարկելու ջանքերը:
Կարելի՞ է այստեղից հետևություն անել, որ հայկական արձանագրությունների ձախողման պատճառը պետք է փնտրել այդ երկրի ներսում, այլ ոչ թե պայմանավորել այն արտաքին իրողություններով, որոնք մի դեպքում խոչընդոտ, մեկ այլ դեպքում նախապայման էին ներկայացվում: Թերևս` այո: Քլինթոնի ակամա բացահայտումը մեզ իրավունք է տալիս նման կերպ մտածել:
Ի դեպ, նկատենք նաև, որ ԺՀԿ-ն այնքան էլ անմեղ ու անտեղյակ չէ, որքան կցանկանար ներկայանալ: Սակայն ընտրություններից հետո Թուրքիայի ընդդիմության դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում էապես փոխվել է: Եթե մինչև ընտրությունները նրանք կտրականապես դեմ էին արձանագրությունների վավերացմանը, ապա այժմ համաձայն են Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, նույնիսկ առանց նախապայմանների:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: