Պահոց | 1:23 ա.

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՓԱԿԵՑԻՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ

17 Հլս

Հայաստանի ատոմային էլեկտրակայանն իր հիմնադրման օրից ի վեր մշտապես ունեցել է թե ընդդիմախոսներ և թե երդվյալ պաշտպաններ: Մինչ առաջինները պնդում էին կայանի վտանգավորության հանգամանքը, մյուսները փաստում էին այլընտրանքային էներգիայի աղբյուրներից զուրկ հանրապետության համար ԱԷԿ-ի կենսական անհրաժեշտությունն ու հրամայականը: Եվ եթե այս բանավեճը շարունակվում է նաև այսօր, ապա թերևս ավելորդ չի լինի ետադարձ հայացք նետել ոչ վաղ անցյալի դեպքերի վրա` մեկ անգամ ևս վերհիշելու, թե ինչպես եղավ և ինչ եղավ, որ որոշվեց ատոմակայանը փակել:
Դա 1988 թվականի աշնանն էր: Դեռևս տեղի չէր ունեցել Սպիտակի աղետալի երկրաշարժը, և նրանք, ովքեր հետագայում ջանում էին Մեծամորի կայանի փակման փաստը պայմանավորել երկրաշարժի հանգամանքով, ժամանակային առումով ակամա կամ միտումնավոր սխալ էին թույլ տալիս: Այդ սխալը տեղ գրավեց գրքերում և նույնիսկ որոշ հանրագիտարանային հրատարակութունններում հենց այդպես էլ նշված է. «Փակվեց 1988-ի երկրաշարժի պատճառով»: Սակայն ճշմարտությունն այն է, որ մինչև դեկտեմբերյան աղետը կառավարությունն արդեն իսկ հանրությանը խոստացել էր դիմել նման ծայրահեղ քայլի, իսկ երկրաշարժի փաստը սոսկ արագացրեց գործության իրականացումը: Կայանի առաջին բլոկի աշխատանքները դադարեցվեցին 1989 թվականի փետրվարի 25-ին, իսկ երկրորդ բլոկինը` նույն թվի մարտի 18-ին: Դրանից հետո շատ կարճ ժամանակ էր անհրաժեշտ համոզվելու համար, թե որքան սխալ ու ճակատագրական որոշում էր դա և ինչ հետևանքներ ունեցավ Հայաստանի համար: 1990-ականների առաջին տարիները մեր երկրի պատմության և մարդկանց հիշողության մեջ հենց այդպիսի անվամբ էլ մնացին` «ցուրտ ու մութ տարիներ», իսկ եթե եղածին էլ գումարենք շարունակվող պատերազմը, ապա ուրիշ ոչինչ անհրաժեշտ չի լինի հավելել` իրական կացության ողբերգականությունը ներկայացնելու համար: Արդեն 1993 թվականին Հայաստանի կառավարությանը այլ բան չէր մնում անել, քան որոշում կայացնել ԱԷԿ-ի վերաբացման մասին: «Սարք 2» ռեակտորը գործողության բերվեց 1995 թվականի հոկտեմբերի 26-ին:
Բայց վերստին ետ գնանք դեպի այն օրերը, երբ առաջին անգամ հրապարակ եկավ հայկական ատոմակայանը փակելու պահանջը: Իսկ նման վերադարձի հնարավորություն մեզ տալիս են հրաշքով պահպանված վավերագրերը: Հավանաբար քչերը գիտեն, որ 1988-ին Ազատության հրապարակում տեղի ունեցող ցույցերը ոչ միայն ձայնագրվում էին, այլև ճշտությամբ սղագրվում: Եվ այժմ մեր ձեռքի տակ են այդ սղագրությունների մի քանի էջեր, որոնք կատարվել են 1988 թ. սեպտեմբերի 10-ի` այն ժամանակ դեռ Թատերական հրապարակի հավաքի ժամանակ: Այդ օրը հրապարակում «Ղարաբաղ» կոմիտեն հրապարակային երկխոսության էր հարվիրել Հայաստանի կառավարության և Կոմունիստական կուսակցության ղեկավարներին: Մասնակցում էին Հայաստանի ԳԽ նախկին նախագահ Հրանտ Ոսկանյանը, ՀԿԿ ԿԿ քարտուղար Կառլեն Ղամբարյանը, Երևանի քաղաքագլուխ Էդուարդ Ավագյանը, մայրաքաղաքի քաղկոմի առաջին քարտուղար Միքայել Մինասբեկյանը և ուրիշներ: Ստորև ներկայացնում ենք նրանց խոսքը առանց որևէ միջամտության:


{…..}
ԿԱՌԼԵՆ ՂԱՄԲԱՐՅԱՆ
(Կոմկուսի կենտկոմի քարտուղար)
Հարգելի ընկերներ, մի շարք հարցեր են ստացվել քաղաքում էկոլոգիայի մասին: Այդ հարցը շատ է անհանգստացնում մեր ազգաբնակչությանը: Ես պետք է ասեմ, որ իսկապես ձեր անհանգստությունը հիմքեր ունի, որովհետև մենք նույնպես այդ բանը գիտենք և մտահոգված ենք քաղաքի օդային ավազանի վիճակով: Այդ թվում մենք նաև գիտենք ձեր պահանջը…. մենք նույնպես համաձայն ենք այդ ատոմակայանը փակել….
(Ժողովուրդը վանկարկում է. «Փակել, փակել, փակել»):
… Մենք համաձայն ենք ատոմային էլեկտրակայանը փակելու հարցին: Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար ընկեր Հարությունյանը պաշտոնապես դիմել է վերադաս մարմիններին` ատոմային կայանը փակելու համար: Այդ հարցը շուտով կքննարկվի Կենտկոմի առաջկա պլենումում:
(Ժողովուրդը դարձյալ աղմկում է):

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
( «Ղարաբաղ» կոմիտեի անդամ)
-Սիրելի հայրենակիցներ, դուք արդեն խախտում եք մեր պայմանավորվածությունը: Մենք պայմանավորվել էինք, որ պետք է ելույթ ունեցողներին լսենք մինչև վերջ…

ԿԱՌԼԵՆ ՂԱՄԲԱՐՅԱՆ
— Այս ինֆորմացիան, որ ես ուզում եմ ձեզ տալ, ես դա գիտեմ, ձեզ համար եմ ասում, որպեսզի իմանաք, թե ինչի մասին է խոսքը: Մեր ժողովրդական տնտեսությունը առանց էլեկտրաէներգիայի մենք պահել չենք կարող: Մեր բալանսը այսօր առանց ատոմակայանի չի ապահովում հանրապետության ժողովրդական տնտեսության….
(Ժողովուրդն աղմկում է, լսելի չէ):
… Մենք որոշել ենք ընդլայնել մեր էներգետիկ կարողությունները Հրազդանի (անհասկանալի բառ) սկսելու ենք նոր բլոկների շինարարություն: Պետք է կառուցել 4 բլոկ, բայց առանց սպասելու 4 բլոկի շինարարությանը, առաջին բլոկն ավարտելուց հետո մենք կփակենք ատոմակայանի առաջին բլոկը: Երկրորդ բլոկը կառուցելուց հետո մենք կփակենք ատոմակայանը:
(Ժողովուրդն աղմկում է, լսելի չէ):
Ես զգում եմ մեր շահագրգռվածությունը ատոմային կայանի շուտ փակման համար, և ինչ, կոչ եմ անում ձեզ, եկեք մեզ օգնեք, այս շինարարությունը եկող տարի վերջացնենք, եկող տարի ատոմային կայանը փակենք:
(Ժողովուրդը գոռում է. «Ոչ: Հիմա փակեք: Գործադուլ»):

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
— Ես մի փոքր զարմացած եմ. առաջին անգամ մեր ղեկավարությունից լսում ենք այնպիսի խոսքեր, որոնց ութ ամիս շարունակ սպասում էինք, իսկ դուք նորից սկսել եք հուզվել… Այս վերջին ելույթի առիթով ես կկարդամ մի փոքրիկ հաղորդում, որ տպագրված է «Գիտատեխնիկական հեղափոխություն» բյուլետենում: Այս հաղորդագրությունը Երևանից է: Թույլ տվեք կարդալ ռուսերեն:
(Ժողովուրդը դժգոհում է. «Ոչ, հայերեն: Հայերեն»):
Ռուսերեն թերթ է, որ հենց նոր են բերել մեզ:
(Ժողովուրդը դարձյալ ընդհատում է):
— Ուշադրություն, ուշադրություն, ուրեմն. (ռուսերեն կարդում է հաղորդում այն մասին, որ Սևանում և Հայաստանի այլ շրջաններում հնարավոր է օգտագործել քամու էներգիան): Ուրեմն, միայն քամու հզորությամբ Հայաստանում Սևանում կարելի է ստանալ այնքան էներգիա, որքան այժմ ծախսում է մեր ամբողջ հանրապետությունը տարվա ընթացքում… Ուստի, ինձ թվում է, ընկեր Ղամբարյանն էլ ասաց, որ ատոմակայանի տված էլեկտրաէներգիան կարող են փոխհատուցել մեր ջերաէլեկտրակայանները և, այսպես կոչված, ժամանակակից հողմաղացները: Ինձ թվում է, մեր ղեկավարությունը պետք է հոգ տանի այդ ուղղությամբ: Այժմ ընկեր Ղամբարյանին մի հարց ունի կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը:

ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ
(«Ղարաբաղ» կոմիտեի անդամ)
— Ես ուզում եմ հարցնել ընկեր Ղամբարյանին. եթե ջերմաէլեկտրակայանը փակվի երկու տարի հետո, իսկ ատոմակայանը (եթե մեզ վստահեցվի, որ չի պայթելու) 10-20 օր հետո, ապա այս դեպքում ժողովրդի ճակատագի՞րն է կարևոր, թե՞ էներգիան, որ կարող է լրացվել էներգիայի այլ աղբյուրների հաշվին: Խնդրում եմ ժողովրդին վստահեցնել, որ հրդեհ չի լինելու, վթար չի լինելու, չի պայթելու:
(Ժողովուրդը աղմկում է):

ԿԱՌԼԵՆ ՂԱՄԲԱՐՅԱՆ
— Ընկերներ, բոլորդ գիտեք, որ մենք սկսել ենք կառուցել ատոմային էլեկտրակայանի երկրորդ հերթը` նույնքան հզորությամբ: Մենք այդ շինարարությունը դադարեցրել ենք, և երկրորդ հերթը այլևս չենք կառուցելու: Սկզբունքային համաձայնություն ենք ստացել եղած ատոմակայանը փակելու մասին (ես դրա մասին արդեն ասացի): Մենք ունենք ատոմակայանի վերակառուցման նախագիծ և սկսել էինք դա, բայց երբ հարցը դրեցին, որ առաջիկայում փակենք, մենք պայմանավորվել էինք այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված էին վերակառուցման նախագծով, որոնք պետք է ապահովեն անվտանգությունը. այդ բոլոր միջոցառումները մենք կատարում ենք, որպեսզի մինչև փակելը որևէ բան չպատահի: Ուրեմն, մեզ տրված գումարները ուղղում ենք միայն նրա անվտանգության պահպանման գործին:
(Ժողովուրդը վանկարկում է. «Փակել, փակել, փակել»):

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
— Մեր ղեկավարները, ինձ թվում է, մեզ հասկացան. մեր ժողովուրդը պահանջում է, վճռականորեն պահանջում է փակել ատոմակայանը, ուրեմն ատոմակայանը պետք է փակվի:
(Ժողովուրդը. »Այո, փակել: Փակել, փակել: Գործադուլ»): {… }

Ահա այսպես կայացվեց որոշումը` հրապարակավ, բոլորի ներկայությամբ ու բոլորի ցանկությամբ: Միամիտ հավատն այն մասին, թե քամու էներգիան կամ ջերմաէլեկտրակայանները կփրկեն Հայաստանին, չարդարացավ, ինչպես որ ժամանակի ընթացքում ի չիք դարձան համանման տասնյակ «փրկիչ» գործոնների մասին միֆերը:
Ժողովուրդը պահանջեց: Նրա առաջնորդները կատարեցին ժողովրդի կամքը: Եվ նա, ով դեռ կպնդի, թե ժողովուրդը երբեք չի սխալվում, թող առաջինը քար գցի մեզ վրա:

Հովիկ Չարխչյան

%d bloggers like this: