Շփոթվածների շատախոսությունը

14 Հլս

Ամեն ինչ սկսեց նրանից, որ Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը որոշեց նախարարների խորհրդի նիստի ժամանակ ներկաներին տեղեկացնել ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների վերջին զարգացումների մասին: Որոշելն այս դեպքում այնքան էլ ճիշտ ընտրված բառ չէ, քանի որ ըստ էության նման ելույթը հարկադրական քայլ էր` պայմանավորված այն դեպքերով, որոնք տեղի ունեցան վերջին շաբաթների ընթացքում: Իսկ դրանցից կարևորագույնը թերևս կարելի է համարել ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի գրավոր ուղերձը, որի բովանդակությունը առայժմ գաղտնազերծված չէ, սակայն դժվար չէ կռահել, որ այն վերջնագրային բնույթ պիտի ունենա: Եվ ահա այս և նմանատիպ այլ ճնշումներին տեղի տալով, Ալիևը ստիպված էր իր ժողովրդին ասել այնպիսի բաներ, ինչի մասին վաղուց, շատ վաղուց չէր ասել:
Առաջին հերթին նա ասաց, թե խիստ հուսադրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների վերջին համատեղ հայտարարությամբ և այդ գոհունակության զգացումը առաջ է եկել այն բանից, որ այնտեղ կա հղում Հելսինկյան եզրափակիչ ակտին։ Հետո հավելեց, թե նրանց ակտիվությունը կբերի իրական արդյունքներ, այսինքն հիմնարար սկզբունքները շուտով կհամաձայնեցվեն, և այդպիսով պայմաններ կստեղծվեն խաղաղ պայմանագրի նախապատրաստման համար։ Եվ միայն այս լուսավոր նախաբանից հետո Ալիևը անցավ գլխավորին, այն է` բացահայտել մի փաստաթուղթ, որը պիտի գաղտնի լիներ: Խոսքն, անշուշտ, Մադրիդյան սկզբունքների մասին է: Սակայն Ադրբեջանի համար ներկա պահին դիվանագիտական լռությունն այլևս որևէ արժեք չունի, և Ալիևը կարծում է, որ «հասել է ժամանակը, երբ մենք պետք է բացահայտորեն ասենք այդ մասին»։ Ու ասաց:
Ամենից առաջ նա նշեց, որ փաստաթուղթը նախատեսում է հայկական ուժերի դուրսբերումը գրավյալ տարածքներից: «Նախատեսվում է Հայաստանի զորքերի շտապ դուրսբերումը հինգ շրջաններից, հինգ տարի հետո՝ երկու շրջաններից և Ադրբեջանի քաղաքացիների վերադարձը հարազատ հողեր։ Այդ առաջարկություններում եղել է նաև Լեռնային Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակ ներկայացնելը։ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև միջանցքի գործելը նույնպես եղել է այդ սկզբունքներում… Ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական բնակչության անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է եղել տարածաշրջան բերել խաղաղապահ ուժերի»,- մեկը մյուսի ետևից թվարկեց Ալիևը։ Իհարկե, այս ընթացքում նա հանգիստ խղճով շրջանցեց մի քանի այլ կետեր ևս, մասնավորապես այն, որ նույն փաստաթղթով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է սահմանվի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության արդյունքում և նման բաներ: Սակայն այդ «մոռացկոտությունը» այս անգամ նրան կներվի, քանի որ հրապարակած կետերն էլ լիովին բավարար էին, որպեսզի ադրբեջանցիները մի առ ժամանակ հայտնվեին տարակուսանքի ու շփոթության գրկում: Այս բանը հրաշալի գիտակցելով, իր երկարաշունչ ելույթը Ադրբեջանի նախագահն ավարտեց մի ձևակերպմամբ, ինչը լիովին հակասության մեջ էր նախորդ բոլոր մտքերի հետ: «Ինչ վերաբերում է ԼՂ իրավական կարգավիճակի որոշմանը, ապա 2009 թ. սկզբունքներում մատնանշվել է, որ դա ապագայի հարց է, և կողմերի համաձայնության դեպքում այն կարող է գտնել իր լուծումը։ Այսինքն առանց Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի համաձայնության ոչ մի իրավական կարգավիճակ չի կարող լինել։ Հատկապես դրա համար էլ ես բազմիցս ասել եմ և այսօր ուզում եմ կրկնել, որ Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անջատումը, Լեռնային Ղարաբաղին անկախություն տալը կամ Հայաստանին միացնելը երբեք չի եղել ու չի լինի բանակցությունների թեմա»,- եզրափակեց նա:
Նման հայտարարությունից հետո Հայաստանը լիովին իրավունք ունի մեկընդմիշտ դուրս գալու բանակցային գործընթացից, և ոչ ոք Երևանին չի մեղադրի ոչ կառուցողական պահվածքի համար: Սակայն սա այլ քննության նյութ է: Իսկ մինչ այդ Ադրբեջանում ծայր առած խառնաշփոթը գնալով ավելի ու ավելի էր խորանում: Նույն օրը և նույն նիստում «խաղաղասեր» Ալիևը հանձնարարեց ավելացնել երկրի ռազմական ծախսերը` հայտարարելով, թե եղած 3,3 մլրդ դոլարը և շատ է, և քիչ: Շատ է, որովհետև դա մեծ թիվ է, իսկ քիչ է, որովհետև իրենք պիտի ավելի մեծ ուշադրություն դարձնենք այդ հարցերին: «Համարում եմ, որ մինչև տարեվերջ մենք պետք է լրացուցիչ միջոցներ գտնենք մեր ռազմական ծախսերն ավելացնելու համար: Այսօր ես նախարարների խորհրդին նման կարգադրություն եմ տալիս»,- ասաց նա:
Բայց վերադառնանք Ղարաբաղի հարցին, քանի որ Ալիևի ճառից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը նոր երագներ հաղորդեց արդեն ասվածին և հաստատեց, որ ադրբեջանցիներն իսկապես մտադրություն ունեն Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տրամադրել: Հասանովն էլ ավելի հեռուն գնաց` բացատրելով, թե տասնյակ տարիներ հետո՝ բնական, խաղաղ պայմաններում կարող է որոշվել ԼՂ վերջնական կարգավիճակը: Նա դեռ չգիտեր, որ իր ելույթից հաշված ժամեր անց Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովը պիտի հայտարարեր, թե միջանկյալ կարգավիճակ տալու մասին խոսակցությունները աբսուրդային են և ոչ տրամաբանական: Վերջինս նաև պիտի նշեր, որ եթե ապագայում նման հարց քննարկվի, ապա Ղարաբաղն այդ կարգավիճակը պետք է ունենա Ադրբեջանի սահմաններում:
Երբ աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում, դա դեռ հանդուրժելի է: Բայց երբ մեկ իշխանության տարբեր գլուխներ իրար հակասող մտքեր են արտաբերում և այն էլ` կարևորագույն հարցերից մեկի շուրջ, սա արդեն վկայում է համընդհանուր խառնաշփոթի ու խուճապի մասին: Ընդ որում, եթե դրա հետ մեկտեղ նրանք փորձում են այդ սահմանումները վերագրել Մադրիդյան փաստաթղթին, ապա այս դեպքում էլ ավելորդ չէ վերհիշել, որ մեկ ամիս առաջ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացացուցիչ Անջեյ Կասպրշիկն արդեն բացահայտել էր կարգավիճակին վերաբերող դրույթը` տեղեկացնելով, որ «ժամականավոր կարգավիճակը, որ այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներով նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի համար մինչև հանրաքվեի անցկացումը, չպետք է ավելի ցածր լինի, քան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս կարգավիճակն է»:
Բայց կարգավիճակի խնդիրը վերջին ճահիճը չէր, որի մեջ այդ օրը պիտի թաղվեին ադրբեջանցիները: Զավեշտը երկարեց` այս անգամ ի հաշիվ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, որը որոշեց ետ չմնալ մյուսներից ու Interfax գործակալությանը տված հարցազրույցում ասաց, թե իր երկիրը Հայաստանին առաջարկում է առանց հապաղման անցնել ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ պայմանագրի շուրջ աշխատանքներին։ «Ես համարում եմ, որ որոշակի առաջընթաց ձեռք է բերվել, և մենք հանգիստ կարող ենք անցնել խաղաղ պայմանագրի մշակմանը` չսպասելով հիմնարար սկզբունքների շուրջ բանակցությունների հաջորդ փուլին»: Հարցին, թե Բաքուն ե՞րբ է պատրաստ հայկական կողմի հետ սկսել խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունները, նախարարը պատասխանել էր. «Թեկուզ այսօր»։
Հազիվ թե որևէ խելացի մարդու մտքով անցներ, որ կարելի է պայմանագիր կնքել չհամաձայնեցված բաների շուրջ: Իսկ ահա Մամեդյարովի մտքով դա անցավ, և դա այն դեպքում, երբ ուղիղ մեկ օր առաջ նրա անմիջական շեֆը խոսում էր հիմնարար սկզբունքների համաձայնեցման կարևորության մասին:
Այն, որ Բաքվում ամեն բան խառնվել է իրար, դա իրականում այնքան էլ ուրախալի փաստ չէ: Շատ դժվար է գործ ունենալ մեկի հետ, ով ինքն էլ չգիտի, թե իրականում ինչ է ուզում: Մյուս կողմից էլ կասկած չի մնում, որ Ադրբեջանի դիրքորոշումը մի գիշերվա մեջ ձեռք է բերել անսպասելի մեղմություն ու խոնարհություն: Իսկ այդպիսի պահվածքը բնորոշ է միայն նրանց, ովքեր կամ ծանր ապտակ են ստացել, կամ վատ երազ են տեսել և կամ էլ երկյուղ ունեն մի բանից, ինչն արդեն ոչ թե ենթադրյալ, այլ իրական վտանգ է:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s