Պահոց | 7:42 ե.

Կարծիքը նույնն է, ակնկալիքները` տարբեր

13 Հլս

Երբ վերջերս պաղեստինյան «Ֆաթհ» շարժման միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, նախկին ԱԳ նախարար Նաբիլ Շաաթի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Երևան, որպեսզի Հայաստանի աջակցությունը հայցի Պաղեստինի անկախության հռչակման գործընթացում, շատերի համար էր պարզ, որ մեր երկիրը նրանց չի մերժելու: Այդ համերաշխության համար կային մի շարք պատճառներ, սակայն առաջի հերթին խոսքը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին: Երկու իրավիճակների ընդհանրությունը շատ հարցերում է ակնհայտ, թեև տարբեր են դրանց լուծման եղանակները: Այժմ Պաղեստինը որոշել է իր անկախությունը ճանաչելու հարցը բարձրացնել սեպտեմբերին մեկնարկող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Այդ առթիվ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հայտարարեց, որ առանց Իսրայելի հետ բանակցությունների հեռանկարի, իրենք հարցը միակողմանի բարձրացնելու են ՄԱԿ-ում: Իսկ նպատակն իրականանալի դարձնելու համար պաղեստինյան պատվիրակությունները այցելություններ են կատարում տարբեր երկրներ, ուսումնասիրում նրանց դիրքորոշումը, հորդորում ճանաչել Պաղեստին պետությունը: Այդ այցերի շրջանակներից մեկն էլ Հարավային Կովկասն էր: Ու եթե Շաաթի նպատակակետը Հայաստանն էր, ապա Մահմուդ Աբասը գնաց Ադրբեջան:
Հատկանշական է, որ Երևանից մեկնելուց օրեր անց Շաաթը հայտարարեց, թե 24 երկիր, այդ թվում` Հայաստանը, պատրաստ է ճանաչել Պաղեստին պետությունը: «Նրանք մեզ տեղեկացրել են այդ մասին, ակնկալում ենք, որ դա տեղի կունենա առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում»,- ասաց նա և հավելեց, թե ակնկալում է, որ Պաղեստինը առաջինը կճանաչի Հայաստանը: Նա նաև խոստովանեց, որ իրենք ուշացել են և վաղուց պիտի հասցրած լինեին դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, ունենային ներկայություն Երևանում, ընդ որում, նույնը նաև Հայաստանի կողմից պետք է արվեր: Սակայն նկատենք, որ այս առթիվ Հայաստանից պաշտոնական արձագանք առայժմ չկա, փոխարենը կան հավաստիացումներ, որ առաջիկայում մեր երկիրն իր դիրքորոշման մասին հրապարակավ կարտահայտվի: Իհարկե, սա չի նշանակում, թե Երևանը կարող է նաև մերժել: Շատ մեծ է հավանականությունը, որ Շաաթը ճշմարտությունն է ասում: Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի ու Իսրայելի միջեւ հարաբերությունների առանձնահատուկ սառնություն կա, այլ նաև նրա համար, որ ավանդաբար հայերի ու արաբների հարաբերությունները եղել են ջերմ ու բարիդրացիական և այդ իմաստով քիչ բան է փոխվել: Ասվածից զատ չի կարելի հաշվի չառնել նաև այն հանգամանքը, որ Հայաստանն այսպես թե այնպես կհետևի այլ երկրների պահվածքին:
Չնայած որ շատ երկրներ աջակցություն են հայտնում պաղեստինցիներին, բայց և այնպես այդ հարցը ուժեղ դիմակայության է հանդիպում Իսրայելի, Միացյալ Նահանգների և Գերմանիայի կողմից: Վերջիններս պնդում են, թե Պաղեստին պետությունը ճանաչելու առաջընթացը պետք է ձեռք բերվի Իսրայելի հետ բանակցությունների միջոցով: Իսկ այս տեսակետն անպայման կգտնի ոչ քիչ աջակիցներ:
Այնուհանդերձ մեզ համար մեծագույն անակնկալը մատուցվեց Բաքվից, և դա այժմ պիտի լինի Հայաստանի քննության առարկան: Բանն այն է, որ Աբասի` Ադրբեջան կատարած այցից մեկ օր անց Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը բառացի հետևյալը հայտարարեց. «Մենք գտնում ենք, որ մոտ ապագայում պետք է ստեղծվի անկախ, ինքնիշխան Պաղեստին պետությունը, որի մայրաքաղաքը պետք է լինի Արևելյան Երուսաղեմը: Սա մեր դիրքորոշումն է, որը մենք պաշտպանում ենք ու կպաշտպանենք միջազգային բոլոր կազմակերպություններում»:
Շատ քիչ է պատահում (կամ ընդհանրապես չի պատահում), որ Հայաստանն ու Ադրբեջանը որևէ հարցի շուրջ տեսակետների նմանություն ունենան: Այս հարցում առավել ևս քիչ էր դրա հնարավորությունը: Այս իսկ պատճառով էլ առաջին պահին Ալիևի հայտարարությունը շատերի վրա «սառը ցնցուղի» ազդեցություն թողեց, եթե նկատի առնենք, որ նման բան է ասում մի երկրի նախագահ, որն իր թիկունքում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ունի: Բայց և այնպես փորձենք հասկանալ այդ կտրուկ շրջադարձի պատճառը և տեսնենք, թե դեպի ուր կարող է թռչել նրա արձակած նետը:
Հայտնի է, որ Ալիևի այդ հայտարարությունը հաջորդեց Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` մեկ օր առաջ արած այն հայտարարությանը, որ Անկարան ամեն ջանք գործադրում է մոբիլիզացնելու միջազգային հանրությանը` Պաղեստին պետությունը ճանաչելու համար: Նույն բանը կրկնեց նաև Թուրքիայի նախագահ Գյուլը: Ինչ խոսք, չի կարելի բացառել, որ համերաշխ լինելու պարտավորվածությունն այստեղ իր դերը պիտի կատարեր: Մյուս կողմից չմոռանանք նշել, որ ինչպես պաշտոնական Անկարան, այնպես էլ Թեհրանը շահագրգռված են Իսրայելի հետ Բաքվի հարաբերությունների թուլացման գործում: Իսկ Ալիևն այդ կարծիքների հետ հաշվի չնստել չէր կարող: Բայց այդ դեպքում ի՞նչ պատահեց Իսրայել- Ադրբեջան վաղեմի ջերմությանը, որի պտուղները բազմամիլիոն ռազմական գործարքներն էին ու դաշնակցային պարտավորությունները:
Այստեղ ավելորդ չէ հիշել նաև, որ, ըստ հաղորդագրությունների, Մահմուդ Աբասը Բաքվում գտնվելիս հետևյալն էր ասել. «Կան ընդհանուր խնդիրներ: Ձեր հողերը նույնպես գտնվում են օկուպացիայի տակ»: Ստացվում է, որ տվյալ կետում ադրբեջանական ու պաղեստինյան կողմերը հեշտությամբ մի կողմ են դնում ամեն կարգի դիվանագիտական նրբանկատություն և նույն հարթության վրա են դիտարկում Իսրայել ու Հայաստան պետությունները: Այսինքն, ազգերի ինքնորոշման հարցն էական չէ, այլ կարևորը մի երկրի կողմից մյուսի տարածքները զավթելու փաստն է, որ կարելի է հմտորեն խաղարկել:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանակին զգուշացրել էր, թե միակողմանիորեն անկախ պետություն հռչակելու և ՄԱԿ-ի օգնությամբ այն ճանաչել տալու պաղեստինցիների մտադրությունն անհրաժեշտ է կանխարգելել` այլ երկրների կողմից Պաղեստինը չճանաչելու միջոցով: Եթե Երևանի ձեռքերն ազատ են այս խնդրում ցանկացած որոշում կայացնելու իմաստով, ապա Բաքուն նման ազատություն չունի: Հիշենք, որ դեռ այս տարվա փետրվարից Բաքվում սկսել էր գործել Ադրբեջանում Պաղեստինի պետության դեսպանությունը: Այդ քայլից հետո, ի նշան բողոքի, Իսրայելը մոտ մեկ շաբաթով դադարեցրեց Ադրբեջանում իր դեսպանատան աշխատանքը: Այն ժամանակ տեղեկություններ էին շրջանառվում, որ Իսրայելի ԱԳՆ-ն դիվանագիտական խողովակներով խիստ զգուշացում էր արել ադրբեջանցիներին, որ եթե նրանք չվերանայեն շփումները պաղեստինցիների հետ, ապա, ի պատասխան, քննարկման կդրվի Լեռնային Ղարաբաղը ճանաչելու հնարավորությունը կամ առնվազն` վերջինիս հետ շփումներ կսկսի` ընդհուպ մինչև հարաբերությունների հաստատում: Ու հիմա Ադրբեջանը պատրաստվում է էլ ավելի հեռուն գնալ: Այս համատեքստում կարելի է համոզված լինել, որ Իսրայելի նոր դիրքորոշումը ի հայտ կգա ամենամոտ ժամանակներս:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ո՞վ եք դուք, պարոն Հեֆերն

13 Հլս

Վաղը Միացյալ Նահանգների Կոնգրեսում լսումներ կկայանան Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր պաշտոնակատարի թեկնածության վերաբերյալ: Այս տարվա մայիսի կեսերին Օբամայի վարչակազմն այդ պաշտոնում առաջադրեց ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալ Ջոն Հեֆերնի թեկնածությունը: Եվ այժմ, Սենատի կողմից հաստատվելու դեպքում, Հեֆերնը կգա փոխարինելու Մարի Յովանովիչին, ով արդեն մեկնել է Երևանից` պաշտոնավարելու որպես ԱՄՆ-ի պետքարտուղարի Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի հարցերով փոխտեղակալ: Բայց Սենատում հաստատվելուց առաջ Հեֆերնը դեռ պետք է ստանա Արտաքին հարաբերություների հանձնաժողովի դրական եզրակացությունը և դրա հետ մեկտեղ հաղթահարի այն պատնեշները, որ նրա առջև արդեն իսկ դրել են հայկական լոբբիստական կառույցները: Սա է պատճառը, որ դիտորդները վաղօրոք հայտարարել են, թե Հեֆերնի թեկնածության հաստատումը ընթանալու է չափազանց լարված մթնոլորտում:
Բայց նախ տեսնենք, թե ո՞վ է մեր երկրում աշխատելու հավակնություններ ունեցող այդ դիվանագետը: Պետք է ասել, որ նրա մասին Հայաստանում շատ քիչ բան գիտեն, այնքան քիչ, որ նույնիսկ մամուլում անունն են սխալ գրում ու բավարարվում են այն հակիրճ կենսագրությամբ, որ տեղադրված է ԱՄՆ Պետքարտուղարության կայքէջում: Ծնունդով Միսսուրիից է, ավարտել է Միչիգանի համալսարանը։ Սկսած 1982-ից ԱՄՆ արտաքին գերատեսչական աշխատանքում ծավալած իր կարիերայի ընթացքում նա մասնագիտացել է Արևելյան Ասիայի խնդիրներում, որտեղ էլ դիվանագիտական առաքելություններ է իրականացրել երկար տարիներ։ Սկսել է Չինաստանից, այնուհետև աշխատել է Թայվանում, Փղոսկրի Ափում, Ջակարտայում, հետո աշխատանքի է անցել Վաշինգտոնում։ Ներկայումս Հեֆերնն աշխատում է ՆԱՏՕ-ի ամերիկյան ներկայացուցչությունում՝ Բրյուսելում։ Թե ինչու՞ հատկապես նրան առաջադրվեց Հայաստանում դեսպան լինելու պատիվը, այնքան էլ պարզ չէ: Ամեն դեպքում, պետք է հուսալ, որ վաղը շատ հարցեր իրենց պատասխանը կգտնեն: Նյու Ջերսի նահանգի դեմոկրատ սենատոր Ջին Շահեյնի գլխավորությամբ կայանալիք քննարկման ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն բացատրություններ պիտի տա սենատորների հարցերին։
Իսկ ի՞նչ հարցեր կարող են հնչել այնտեղ: Այս բանը կռահումներ չի պահանջում: Նախապես Ամերիկայի Հայ դատի գրասենյակը հիմնավոր աշխատանքներ է տարել և հորդորել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բոլոր անդամներին ներկա գտնվել նիստին՝ «դիվանագիտական այս կարևոր պաշտոնում դեսպանի թեկնածու Հեֆերնին իր որակավորումների և թեկնածության վերաբերյալ հարցեր ներկայացնելու նպատակով»։ «Հուսով ենք, որ սենատորները լիարժեք կօգտագործեն այս լսումների միջոցով տրամադրվող հնարավորությունը՝ պահանջելու պարզաբանումներ նախագահ Օբամայի վարչակազմի կողմից Կովկասի տարածաշրջանում իրականացվող արտաքին քաղաքականության մի շարք հարցերի վերաբերյալ»,- ասվում էր Հայ Դատի տարածած հաղորդագրության մեջ:
Սակայն կասկածից վեր է, որ մինչ տարածաշրջանային պարզաբանումներին անցնելը դեսպանի թեկնածուին կուղղվեն ինչ-որ իմաստով անձնական բնույթի և ոչ այնքան հաճելի հարցեր: Հայտնի է, որ, օրինակ, 1990-ականների կեսերին Ջոն Հեֆերնը աշխատել է նախկին կոնգրեսական Դուգ Բարետոյի համար, իսկ սա ընդգծված հակահայկական դիրքորոշում ուներ և զբաղվում էր Կոնգրեսում թուրքական լոբբինգով: Վերջինս բազմաթիվ անգամներ դեմ է քվեարկել Հայոց ցեղասպանության օրինագծերին և այլ` մեզ համար կարևոր նախագծերի: Իհարկե, ինքը՝ Հեֆերնը, հայերին հուզող հարցերի շուրջ իր դիրքորոշումը երբեք բացահայտ չի արտահայտել, ու սխալ կլինի միանշանակ պնդել, թե նրա նախկին շեֆը խորը ազդեցություն է ունեցել քաղաքական հայացքների ձևավորման իմաստով: Սակայն ոչինչ լիովին բացառել չի կարելի, այդ իսկ պատճառով էլ շատերն են այժմ ձեռնպահ մնում նրա թեկնածության մասին վաղօրոք եզրահանգումներ անելուց։
Միևնույն ժամանակ համարյա անհնար պիտի լինի խուսափել այնպիսի հրատապ թեմաների արծարծումից, որոնք հուզում են ինչպես ամերիկահայերին, այնպես էլ հայաստանցիներին: Այնպես որ, վաղը կայանալիք լսումների ժամանակ Հաֆերնի ուշադրությունը կհրավիրվի միանգամից մի քանի խնդիրների վրա: Առաջին հերթին խոսք կգնա Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Չի շրջանցվի այնպիսի մի թեմա, ինչպիսին է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը: Սրանից բնականորեն կբխի այն հարցը, թե դիվանագետը ի՞նչ ծրագրեր է առաջադրելու Հայաստանը տնտեսական մեկուսացումից դուրս բերելու և տարածաշրջանում նրա ինտեգրման վերաբերյալ: Եվ, վերջապես, սենատորները կցանկանան ունկնդրել ԱՄՆ-Հայաստան երկկողմանի հարաբերությունների մասին Հեֆերնի տեսլականը:
Ինչպե՞ս կվարվի հարցաքննվողը: Արդյո՞ք կդիմի բառախաղերի ու հռետորաբանության օգնությանը, ինչպես արել են իր նախորդներից ոմանք: Թերևս այս դեպքում նրան անհրաժեշտ կլինի հետադարձ հայացք նետել ու վերհիշել որոշ փաստեր: Օրինակ, արժե մտաբերել, որ ժամանակին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը պաշտոնաթող արվեց այն բանի համար, որ «անզգուշաբար» գործածել էր ցեղասպանություն բառը: 2006-ին Էվանսին ետ կանչեցին, ու ԱՄՆ այն օրերի նախագահ Ջորջ Բուշը անմիջապես դեսպանի պաշտոնում առաջադրեց Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը: Սակայն երկարատև ձգձգումներից հետո Սենատը մերժեց Հոգլանդին դարձյալ ոչ ճիշտ բառախաղերի համար, և մոտ երկու տարի ԱՄՆ-ն Հայաստանում դեսպան չուներ: Ի դեպ, վատ չէր լինի, որպեսզի Սենատ գնալուց առաջ Հեֆերնը իր մտքում կրկներ նույն այն Ջոն էվանսի մի արտահայություն, որը նա գրել էր պետքարտուղարին ուղղված իր նամակում. «Սնանկ է այն պետական քաղաքականությունը, որը կոչ է անում դիվանագետներին աղավաղել պատմական փաստերը»: Այս դեպքում գոնե Հայաստանում կմտածեն, որ բաց են պահում երկրի դռները ազնիվ քաղաքական գործչի առաջ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: