Պահոց | 8:08 ե.

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

11 Հլս

«ԱՅՍ ԳԻՐՔԸ ՉԻ ԿՈՐԵԼ. ԿԱՐԴԱՑԻՐ` ՓՈԽԱՆՑԻՐ ՄԵԿ ՈՒՐԻՇԻՆ»

«Սովորաբար ի՞նչ ենք անում կարդացած գիրքը։ Տարիներով մոռանում ենք դարակներում: Բայց ինչո՞ւ թողնել, որ գիրքը փոշու տակ կորչի, եթե այն կարող է օգտակար լինել ինչ-որ մեկին»։
Առաջնորդվելով այս սկզբունքով, նպատակ ունենալով աշխարհը դարձնել մի «մեծ գրադարան»` ինտերնետային տեխնոլոգիաների մասնագետ Ռոն Խորնբեկերը 2001-ին սկսեց «BookCrossing» կամ, ինչպես ասում են, «Գրքերի ազատում» շարժումը:
«BookCrossing»-ի գաղափարը հետևյալն է. մարդիկ թողնում են իրենց կարդացած գրքերը հասարակական վայրերում, նրանք, ովքեր գտնում են այդ գրքերը, վերցնում են, կարդում ու իրենց հերթին «ազատում» դրանց:
«BookCrossing»-ը Հայաստան է թափանցել ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ նախաձեռնությամբ:
«Կիրակի օրը ես իմ սիրելի գիրքը կնվիրեմ քեզ». այս խորագիրն էր կրում Կասկադի այգում կազմակերպված միջոցառումը, որի շրջանակում հավաքված գրքերն ընդգրկվելու էին «BookCrossing»-ի մեջ: Մտքովս անցավ, որ շատերը գուցե ներկայանան միջոցառմանը ոչ թե իրենց հետաքրքրող գրքով, այլ ում ձեռքն ինչ ընկնի: Արման Ղազարյանը, սակայն, այդ կարծիքին չէր, նրա խոսքով` մասնակիցները քիչ թե շատ կարդացող մարդիկ են և չէին ցանկանա պատահական գրքով ներկայանալ: Ինքը` կազմակերպիչը, իր հետ բերել էր Ալեքսանդր Դյումայի «Քամելիազարդ տիկինը», Սոմերսեթ Մոեմի «Լուսին և վեց պենսանոց»-ը և այլ գրքեր:
Ընթերցասերների արձագանքը, դատելով մասնակիցների թվից, այնքան էլ հուսադրող չէր: Նկատելի էր նաև արվեստագետների, գրողների բացակայությունը: Շոուի, մոդայիկության, ըստ այդմ` անցողիկության վտանգ չունե՞ն այս միջոցառումները` գրական ընթերցումներ, «BookCrossing» և այլն:
Գրող, գրականագետ ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆԻ խոսքով` ցանկացած քայլ, միջոցառում, որ արվում է հանուն գրքի, հանուն ընթերցասիրության, արդեն մեծ երևույթ է, իսկ եթե դա անում են երիտասարդները, կրկնակի հաջողություն է: «Անկախ նրանից` սա միջոցառո՞ւմ էր, հաջողվա՞ծ էր, թե՞ անհաջող, շա՞տ մարդ եկավ, թե՞ քիչ, կա հարցի որակական կողմը, որն ինձ շատ է ուրախացնում,- ասաց նա:- Մի քանի տարի առաջ մեր երիտասարդները երազում էին չկարդալ և շատ փող ունենալ, հեռու էին մշակույթից, գրականությունից: Այսօր իրենք են նախաձեռնում, խրախուսում մշակութային միջոցառումները: Չնկատել այս ամենը սխալ է: Ես այսօր որևէ էական մասնակցություն չունեցա, բայց եկա, որ մասնակիցների թիվը մեկ հոգով ավելի լինի»:
«Գրքապտույտը» շարունակվում է. արդեն մի քանի տասնյակ գրքեր պտտվում են Երևանում այս շարժման շնորհիվ, և այդ գրքերի թիվն օրեցօր ավելանում է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Կանգ առ, ակնթարթ, դու լրտեսական ես…

11 Հլս

Լուրն այն մասին, որ Վրաստանում լրտեսների հերթական խմբին են բացահայտել, ոչ զարմանք պատճառեց, ոչ էլ հետաքրքրություն: Այդ երկրում այնքան հաճախ են սկսել տարբեր կարգի գործակալների որսալ, որ երևույթը վաղուց կորցրել է թե իր արժանահավատությունը և թե բացառիկությունը: Սակայն վերջին դեպքն այնուհանդերձ ուներ մի առանձնահատկություն: Դա այն էր, որ բոլոր կալանվածները լուսանկարիչներ էին: Եվ այն էլ` ոչ սովորական լուսանկարիչներ: Այս անգամ վրացական հակահետախուզության ցանցում էին հայտնվել երկրի նախագահ Մ. Սահակաշվիլու անձնական լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեն, նրա կինը`Նատիան, Associated Press լրատվական գործակալության ֆոտոթղթակից Շահ Այվազովը, երկրի ԱԳՆ-ի լուսանկարիչ Գիորգի Աբդալաձեն ու եվրոպական ֆոտոգործակալություններից մեկի թղթակից Զուրաբ Կուրցիկիձեն: Ավելի ուշ 10 հազար լարի (մոտ 6 հազ. դոլար) գրավի դիմաց Նատիա Գեդենիձեն ազատ արձակվեց, բայց մյուսները մնացին: Վրաստանի ՆԳՆ-ը շատ արագ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ձերբակալվածներին մեղադրանք է ներկայացվել օտարերկրյա պետություններից մեկի հովանու ներքո գործող կազմակերպություններին տարաբնույթ տեղեկատվություն փոխանցելու համար: Նույնիսկ հարկ էլ չկար նշելու այդ «չարաբաստիկ» երկրի անունը, քանի որ միշտ ու բոլոր դեպքերում հասցեն մեկն է` Ռուսաստանը: Իսկ ավելի կոնկրետ, լուսանկարիչները համագործակցել էին ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության հետ: Այնուհետև նշվում է, թե EPA գործակալության թղթակից Կուրցիկիձեն մյուս ձերբակալվածների հետ գաղտնի տեղեկատվություն է փոխանցել Մոսկվային, մասնավորապես` համապատասխան դրամական փոխհատուցման դիմաց Գեդենիձեն եւ Աբդալաձեն մասնագիտական պարտականությունները կատարելիս կարողացել են գաղտնի լուսանկարներ անել և դրանք տրամադրել Կուրցիկիձեին, իսկ սա էլ իր հերթին կապ է պահպանել ՌԴ հետախուզական վարչության աշխատակիցներ Անատոլի Սինիցինի ու Սերգեյ Օկորոկովի հետ: Խուզարկության արդյունքում հայտնաբերվել էին Վրաստանի նախագահի նստավայրի վարչական մասի գծագրերը, նրա այցերի մասին մանրամասներ և գաղտնիք պարունակող այլ տեղեկություններ: Իսկ հետո վրացական հեռուստաալիքների էկրաններին հայտնվեց Սաակաշվիլիի լուսանկարիչը, որը խոստովանական ցուցմունքներ էր տալիս` անընդմեջ հիշատակելով ռուսներին:
Բեմականացումն առաջին հայացքից հաջող էր ստացվել: Ֆոտոլրագրողների համար որպես խափանման միջոց ընտրվեց կալանքը: Նրանց մեղադրանք առաջադրվեց քրեական օրենսգրքի 314 հոդվածով (լրտեսություն): Ասվեց, որ գործի քննությունը գաղտնի է տարվելու: Դատաքննությունը կսկսվի սեպտեմբերի 1-ից, և մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում: Ու թերևս հենց այդպես էլ կլինի: Այս ամենից հետո կարիք չկա սրբագրումներ կատարել կամ նահանջել հաստատուն դիրքերից: Լրտեսական կամ դետեկտիվ ժանրը չի սիրում մեղմ հանգուցալուծումներ: Ի դեպ, այդ մասին` մի երկու խոսք:
Զուգադիպություններ կան, որոնց ոչ մի գնով զուգադիպություն չես անվանի: Իսկ Վրաստանում այժմ հենց դա էլ կատարվում է: Հուլիսի 7-ին Բաթումիի դատարանը վճիռ կայացրեց Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեջ կասկածվող 9 անձանց նկատմամբ: Նրանք բոլոր էլ մեղավոր ճանաչվեցին, և հինգ Վրաստանի քաղաքացիներ, չորս ռուսաստանցիներ (որոնցից 2-ը հայ են) դատապարտվեցին 11-ից 14 տարվա ազատազրկման: Եվ ահա նույն այդ հուլիսի 7-ի երեկոյան ձերբակալվեցին ֆոտոլրագրողները: Այլ կերպ ասած, առանց դադարի սկսվեց հաջորդ սերիան, քանի որ լրտեսական բազմասերիանոց պատումը ընդհատումներ ունենալու իրավունք չունի: Նման դադարից հանրությունը կարող է մի պահ թուլացնել զգոնությունը և տարվել այլ բաներով, ասենք` այնպիսի զբաղմունքներով, որոնք չեն բխի իշխանության պահանջներից: Իսկ իշխանության պահանջն ու ցանկությունը ներկա պահին հստակ է` հանձին Ռուսաստանի տեսնել ոխերիմ թշնամու, փոխարենը Վրաստանը դիտարկելով որպես մի երկիր, որ կանգնած է հյուսիսից եկող վտանգի առաջին գծում և պաշտպանում է այդ վտանգից ոչ միայն իրեն, այլև համայն քաղաքակիրթ մարդկությանը:
Մենք ամենևին հակված չենք պնդելու, թե այս պատմությունը ծայրից ծայր կեղծիք է: Միանգամայն հնարավոր է, որ իսկապես եղած լինի ասվածը կամ դրա մի մասը: Հակված ենք նաև ի գիտություն ընդունելու Վրաստանի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունն այն մասին, որ ֆոտոլրագրողների ձերբակալությունը կապ չունի նրանց պրոֆեսիոնալ գործունեության հետ, այլ վերաբերում է տեղեկատվության լուրջ արտահոսքին: Բայց ահա այն, ինչը նույնի առիթով ասում է նախագահ Սահակաշվիլին, բոլորովին չի նպաստում մեր համոզմունքների ամրապնդմանը: Վերջինս իր հարցազրույցում պնդեց, թե սպասվող ձերբակալությունների մասին իմացել է դրանից կես ժամ առաջ: «Ես իմացա, որ նրանց ձերբակալելու են դրանից բառացիորեն կես ժամ առաջ: Մինչ այդ գործն արդեն պատրաստվել էր: Այսինքն, գործը կարող են առանց ինձ պատրաստել, և դա ճիշտ է»,-ասաց Սահակաշվիլին և անմիջապես էլ հավելեց. «Օրենքի առաջ բոլորը հավասար են: Նախագահ, ոչ նախագահ, ազգական, անձնական ֆոտոթղթակից` բոլորը հավասար են: Սա շատ ուժեղ համակարգ է: Ինչ վերաբերում է անձնական ֆոտոթղթակցին, ապա ես մինչև հիմա շատ վշտացած եմ: Սակայն իմ անձնական զգացմունքներն այստեղ երկրորդ պլանում են: Ես, իհարկե, ունեմ անձնական հարաբերություններ, սակայն այս երկրում business as usual է, և այդպես պետք է լինի»:
Իր անձնական մասնակցության բացառումը և միաժամանակ գործող մեխանիզմների անկախ լինելու մասին հավաստիացումները ոչ մի կերպ չեն ներդաշնակում այն իրականության հետ, որ կա այսօրվա Վրաստանում: Առավել ևս` լրտեսական խաղերի պարագայում, երբ Սահակաշվիլու դերակատարությունն ուղղակի է ու անմիջական, նրա պնդումները վերածվում են գունափոխված լակմուսի թղթի` ցուցադրելով ինչպես մտադրությունների, այնպես էլ դրանք կյանքի կոչելու մեթոդների այն ողջ զինանոցը, որ պիտի ծառայեցվի քաղաքական նպատակներին` դրա համար զոհաբերելով շատերին, այդ թվում նաև լրագրողներին:
Արդեն հայտնի է, որ ձերբակալվածները չեն ընդունել իրենց մեղքը, իսկ Թբիլիսիում նրանց գործընկերները համերաշխության ցույց են անցկացրել Վրաստանի ՆԳ նախարարության շենքի դիմաց: Սակայն հազիվ թե նրանց ձայնը լսելի լինի, քանի որ, ինչպես վրացի նախագահն է ասում, «business as usual»` նախ և առաջ գործը…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: