Պահոց | 3:16 ե.

Մի տիկնոջ երազային ելույթի առթիվ

9 Հլս

Ստրասբուրգում երեկ ավարտվեց Եվրոպական խորհրդարանի հերթական նստաշրջանը` իր բազմաթիվ օրակարգային հարցերով: Քննարկումների մեծ մասն այս անգամ վերաբերում էր Եմենի ու Սիրիայի վատթարացող իրավիճակին, Հյուսիսային Աֆրիկայում բարեփոխումներ իրականացնելուն ուղղված ջանքերին, և այս շարքում ներգրավվեց նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Զեկույցի իրավունքը վերապահված էր Եվրամիության արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին, և նա ներկաների սպասելիքները կարծես թե արդարացրեց:
Ի՞նչ էր ասում և ի՞նչ էր պահանջում տիկին Էշթոնը հակամարտող կողմերից: Երկու բան` համաձայնություն ու արագություն: «Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու ջանքերը պետք է շարունակվեն, և ես ողջունում եմ այն փաստը, որ երկու կողմերն էլ հավատարիմ են մնում բանակցություններին ու խնդրի խաղաղ կարգավորմանը: Սակայն, մենք պետք է ավելին տեսնենք առաջիկա ամիսների ընթացքում: Կողմերը պետք է բազմապատկեն իրենց ջանքերը՝ գտնելու լուծումը մինչև այս տարվա վերջ»,- հայտարարեց նա իրեն վստահված բարձր ամբիոնից:
Բոլոր նրանք, ովքեր մինչև այժմ փորձել են Ղարաբաղի հարցում լուծման ժամկետներ սահմանել, ի վերջո, մեղմ ասած, հայտնվել են անհարմար վիճակում: Ընդ որում նախորդները եղել են Էշթոնից շատ ավելի հեղինակավոր անձինք և ունեցել են ճնշման շատ ավելի գործուն լծակներ: Միայն թե այդ մեթոդը հեռանկար չունի, քանի որ ոչինչ արված չէ ցանկությունները կյանքի կոչելու համար: Սակայն Էշթոնին այդ բանը կարծես թե առանձնապես չի մտահոգում և նա շարունակում է. «Ինչ էլ որոշվի այդ բանակցություններում, դա մեծապես նաև Եվրամիությանն է առնչվում։ Եվ մենք ուզում ենք առաջընթաց տեսնել Արևելյան հարևանության գագաթնաժողովից առաջ, որը նախատեսված է սեպտեմբերին Վարշավայում»:
Հիմա էլ ստացվում է, որ ոչ թե մինչև տարեվերջ է, այլ մինչև սեպտեմբեր: Այսինքն ԵՄ-ում նստած լուրջ դեմքով մարդիկ իրենք աշխատանքային ծրագրերն են կազմում և սեպտեմբերի համար այնտեղ հատուկ նշում են արել` «Լուծել Ղարաբաղի հարցը»: Իսկ Կովկասում պիտի ամեն բան արվի, որպեսզի այդ ժամանակացույցը չխախտվի: Սա, ինչ խոսք, լուրջ չէ: Լուրջ չէ նույնիսկ այն բանի գիտակցման պարագայում, որ դրանից հետո՝ 2012-ին ընտրություններ են նախատեսված Հայաստանում, իսկ 2013-ին՝ Ադրբեջանում: Կարելի է կիսել այն տեսակետը, որ նախընտրական թոհուբոհի մեջ իսկապես փոքր է դառնում հավանականությունը, թե կողմերի միջև ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի: Միայն թե սա սոսկ իրականության գնահատում է, ինչը չի կարող խթան հանդիսանալ այն բանի, որ գործընթացը մեծ թափ կհավաքի հատկապես հիմա:
Գալով Քեթրին Էշթոնի ելույթի հաջորդ հատվածներին, միանգամից ասենք, որ դրանք իրենցից ներկայացնում էին լուսավոր ու պայծառ ապագայի այն եվրոպական տեսլականը, որ նախատեսված է մեզ համար: Իսկ այստեղ ոչ տիկինը և ոչ էլ նրա համախոհները ջանքեր չէին խնայել` գործադրելով մակդիրների ու ածականների գերադրական աստիճանները: Նշելով, որ Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը կարևոր ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար ու այն էականորեն կվերափոխի Հարավային Կովկասը, ելույթ ունեցողն այնուհետև անցնում էր վերափոխման մանրամասներին` մատուցելով դրանք այսպես. «Կարգավորումից հետո կարող են բացվել ոչ միայն Ադրբեջանի ու Հայաստանի, այլև Թուրքիայի ու Հայաստանի միջև առկա սահմանները: Երկաթգծերն ու նավթամուղերը կարող են կառուցվել հնարավոր ամենակարճ ճանապարհով և էլ ավելի սերտորեն կապել միմյանց տարածաշրջանի երկրները: Եվ, ի վերջո, Հարավային Կովկասը կարող է դառնալ այն, ինչ արդեն պետք է որ լիներ՝ կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև»:
Եթե նախօրոք տեղեկացված չլինեինք, որ այս խոսքերը պատկանում են Եվրամիության արտաքին հարաբերությունների բարձրագույն ներկայացուցչին, ապա կարելի էր կարծել, թե դրանք արտասանել է, ասենք, Թուրքիայի վարչապետ Էրդողանը կամ ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղով պայմանավորելու մոտեցումը զուտ թուրքական արտադրության գաղափար է, ինչը Էշթոնը թեթև ձեռքով յուրացրել էր` նույն թեթևությամբ մատուցելով մեզ:
Իսկ հետո պիտի հաջորդեին նրա երազի մյուս հատվածները, որը տիկինը հաճույքով կիսում էր եվրոպացի պատգամավորների հետ. « Եվրամիությունը նաև պետք է էական պատասխանատվություն ստանձնի ձեռք բերված հանաձայնությունը կյանքի կոչելու հարցում, երբ գա այդ ժամանակը: Անելու շատ բան կա՝ վերակառուցումից, ականազերծումից, փախստականների ու բռնի տեղահանվածների վերադարձից մինչև տնտեսական վերականգնում ու անվտանգության ամրապնդում»,- ասաց նա և հավելեց, թե մտադիր է այցելել Հայաստան և Ադրբեջան ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քննարկելու համար։ Նրա հայտարարությունից հետո պատգամավորները ելույթներ ունեցան` գերազանցապես այն միտքն արտահայտելով, որ ղարաբաղյան հակամարտությունը չպետք է անվանել սառեցված, և ստատուս-քվոյի առկայությունն անընդունելի է, ինչի համար էլ պետք է մեծ ջանքեր գործադրել խնդրի լուծման ուղղությամբ։
Եվրախորհրդարանի քննարկման առնչությամբ հայաստանյան քաղաքական ուժերի արձագանքներում անհնար էր չնկատել թերահավատությունը: Մեկ անգամ չէր, որ Երևանում նման մտքեր էին լսում, սակայն չէին լսում այն կարևորը, ինչն էլ պիտի պայմանավորեր այս երկարատև առճակատման ելքը: Օրինակ, իշխող կուսակցության ներկայացուցիչները կարծում էին, որ խնդրի լուծման համար առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը դադարի գործադրել իր ապակառուցողական վարքը: «Այսպիսի մոտեցման դեպքում ինչպե՞ս մենք կարող ենք առաջընթաց արձանագրել: Առաջընթաց կակնկալենք, եթե պրեսինգը ադրբեջանական կողմի վրա խստանա»,- ասում էին նրանք: Իսկ որպես երկրորդ հարց կարևորվում էր հատկապես ԼՂՀ-ի մասնակցությունը բանակցություններին` լիիրավ կողմի կարգավիճակով: Դա թերևս կարող էր նպաստել, որ լինի և բեկումնային առաջընթաց, և հիմնարար սկզբունքների վավերացում:
Հայաստանյան ընդդիմությունը Քեթրին Էշթոնի ելույթում նկատել էր իրական ճնշման նշանները, ինչը նրանց կարծիքով բոլորովին էլ իմիտացիա չէ: «Երևում է, որ միջազգային հանրությունը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան` որպես համանախագահ երկրներ, աննախադեպ ջանքեր են գործադրում կոնֆլիկտը կարգավորելու ուղղությամբ, իսկ դա այդպես չէր լինի, եթե նրանք բավականին իրատեսական չհամարեին առաջընթացի հնարավորությունը»,- նշում էին նրանք:
Ըստ էության Եվրախորհրդարանի քննարկումները էլ ավելի ամրապնդեցին այն ենթադրությունները, որ միջնորդ երկրներն ու շահագրգիռ կողմերը ներկա պահին իրենց ջանքերը միավորելու և ամբողջական ճակատով հանդես գալու ծրագիր ունեն: Դրա հետ մեկտեղ այդ լսումները բացահայտեցին այն խոցելի կետերը, որոնք դեռևս պահպանվում են` կասկածի տակ պահելով յուրաքանչյուր նախաձեռնություն հաջող ավարտի հասցնելու հեռանկարը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: