Պահոց | 7:07 ե.

Ինչ ցանեցին` այն էլ հնձեցին

7 Հլս

Վրացիները մեզնից նեղացել են և այս անգամ կարծես թե շատ լուրջ: Հազվադեպ է պատահում, որ նրանք իրենց դժգոհության մասին բացեիբաց արտահայտվեն: Սակայն հիմա այդ բանն անում են առանց երկմտելու, ամենաբարձր մակարդակներում: Պատճառը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Աբխազիայից և Հարավային Օսիայից փախստականների ու ներքին տեղահանվածների մասին» բանաձևի քվեարկությունն էր: Այս բանաձևն ամեն տարի վրացական կողմը ներկայացնում է ՄԱԿ` հուսալով առավելագույն ձայներ հավաքել: Պետք է ասել, որ դա նրանց առայժմ հաջողվում է: Վերջին քվեարկության արդյունքներով կողմ էին 57 երկիր, որը 7-ով ավելի է, քան նախորդ տարի: Իսկ Ռուսաստանի օգտին քվեարկեց 13 երկիր, որը 4-ով պակաս էր նախորդ ցուցանիշից: Եվս 74 պետություններ ձեռնպահ մնացին: Սակայն այստեղ էականն այն է, որ Հայաստանը նույնպես դեմ քվեարկեց վրացական բանաձևին: Եվ այժմ պաշտոնական Թբիլիսին ոչ միայն Երևանից բացատրություն է պահանջում այդ արարքի համար, այլև ցանկանում է պարտադրել, որպեսզի Հայաստանը վերանայի իր դիրքորոշումը:
Նախ տեսնենք, թե ի՞նչ բան է վրացիների աղմկահարույց բանաձևը: Այդ փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ պետք է հարգել Վրաստանում հակամարտությունների հետևանքով տուժած փախստականների ու բռնի տեղահանվածների սեփականության բոլոր իրավունքները և ձեռնպահ մնալ սեփականության ձեռքբերումից, ինչը կարող է խախտել այդ իրավունքները: Այնտեղ նաև նշվում է, որ «անթույլատրելի է բռնի կերպով ժողովրդագրական վիճակի փոփոխությունը»: Որքան էլ վրացիները ջանում են համոզել, թե սա սոսկ հումանիտար բովանդակությամբ բանաձև է, այնուհանդերձ պարզից էլ պարզ է, թե այն ինչպիսի քաղաքական ենթատեքստեր ունի: Այլապես հազիվ թե նրանք այդքան հիվանդագին կերպով ընդունեին հայերի անհամաձայնությունը: Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեի խոսքերով ասած, պաշտոնական Թբիլիսին «տխուր» է համարել այն փաստը, որ Հայաստանը չի օժանդակել Վրաստանին ՄԱԿ-ում փախստականների վերաբերյալ բանաձևի քվեարկության ժամանակ: «Վրաստանն ու Հայաստանը վիճելի հարցեր ունեն, որոնք երկու երկրները քննարկում են, և դրանց թվում է նշված հարցը»,- ասել է վրացի դիվանագետը:
Շատ հետաքրքիր է, որ տիկինն այս մասին հիշել է, քանի որ հաշված օրեր առաջ իր անմիջական շեֆը` նախարար Գրիգոլ Վաշաձեն հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ճիշտ հակառակն էր ասում և պնդում էր, որ Հայաստանն ու Վրաստանը ապրում են անամպ երկնքի տակ: Բայց, ինչպես տեսնում ենք, մի փոքր անհամաձայնությունը բավական եղավ, որպեսզի երկինքը լցվեր ամպերով և կայծակներ ճայթեին այնտեղից:
Կալանդաձեն նույնպես որոտացող երկնակամարի կողմնակիցն է ու չի զլանում Թբիլիսիից դասեր տալ մեզ: «Մենք գիտենք Հայաստանի դիրքորոշումը հակամարտությունների վերաբերյալ, որը բխում է Հայաստանի խնդիրներից, և որը տարբերվում է Վրաստանի տեսակետից, և մենք բացեիբաց հայտարարում ենք մեր բարեկամներին, որ նման դիրքորոշումը Վրաստանի համար անընդունելի է»,- հայտարարում է փոխնախարարը` տեղեկացնելով, թե Վրաստանի ԱԳՆ-ը ՄԱԿ-ում քվեարկությունից առաջ պաշտոնական նամակ էր հղել Հայաստանի ԱԳՆ-ին` աջակցելու խնդրանքով: Փոխնախարարի խոսքով, «պաշտոնական Թբիլիսին կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի հայաստանյան գործընկերներին համոզի իր դիրքորոշման ճշմարտացիության հարցում»:
Հազիվ թե կողմերին այդքան հուզի տեսական բանավեճեր անցկացնելու հեռանկարը: Կատարվածը կատարվել է, և Թբիլիսիում էլ շատ լավ գիտեն, թե Հայաստանն ինչու նման կերպ վարվեց: Ու եթե ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ-դեսպան Կարեն Նազարյանը պարզաբանումներ տալիս ընտրում է ոչ ամենակոշտ ձևակերպումները, այսինքն չի վարվում այնպես, ինչպես վրացի տիկին դիվանագետը, սա դեռ չի նշանակում, թե Երևանն ասելիք չունի: Համաձայն Կ. Նազարյանի բացատրության, Հայաստանը գտնում է, որ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ, իսկ ԼՂ հիմնահարցի դեպքում նաև միջազգային այլ կազմակերպության շրջանակում, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, տարվում են համապարփակ կարգավորմանն ուղղված կարևորագույն բանակցային գործընթացներ, և այդ հարցերը ՄԱԿ տեղափոխելը, այսինքն` դրանք Գլխավոր ասամբլեայի օրակարգում ներառելը չի կարող խթանել այդ գործընթացները, այլ ընդհակառակը, կշարունակի խոչընդոտել բանակցությունների ընթացքը կողմերի ու միջնորդների միջև:
Հիմա փորձենք հասկանալ թե ի՞նչ է նշանակում այս մանվածապատ միտքը և ի՞նչ կապ ունի Ղարաբաղի հարցը վրացական բանաձևի հետ: Բանն այն է, որ հայ դիվանագետն այս մտքերով փորձում է հիշեցնել վրացիներին երեք տարվա վաղեմության մի դեպք: Խոսքը 2008-ի մարտի 14-ին ՄԱԿ-ի ԳԱ-ի կողմից 9 կետից բաղկացած այն բանաձևի ընդունման մասին է, որով պահանջվում էր հայկական զորքերի դուրսբերում Ադրբեջանի «օկուպացված» շրջաններից, հաստատվում էր այնտեղից վտարված ադրբեջանական ազգաբնակչության վերադարձի իրավունքը բնակության նախկին վայրեր և այլն։ Այն ժամանակ Վրաստանը կողմ քվեարկեց այդ բանաձևին, և բոլորովին չարժանացավ ոչ հայերի հանդիմանանքին, ոչ էլ բացատրություններ տալու պահանջին: Իսկ հիմա Վրաստանը դա հաճույքով ջնջել է իր հիշողությունից, իսկ հայերին մեղադրում է ոչ բարեկամական պահվածքի համար:
Իսկ թե ինչու Հայաստանը դեմ քվեարկեց, այս հարցը կարող է ունենալ մի քանի բացատրություն: Առաջինը, հայկական կողմը իսկապես պատասխանեց վրացիներին 2008-ի քվեարկության համար` ասելով, որ նրանք կհնձեն այն, ինչ ցանել են: Երկրորդ, հայերն այս կերպ ՄԱԿ-ում պաշտպանեցին Ռուսաստանին` իբրև համերաշխության նշան: Եվ, երրորդ, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հետ նույնպես ունի փախստականների վերադարձի խնդիրներ, իսկ վրացական բանաձևին պաշտպանելը կարող էր անուղղակիորեն հարվածել մեզ: Ահա այս երեք տարբերակների միջև վրացիները կարող են ընտրություն կատարել: Ու որն էլ նրանք ընտրեն` դրանից ոչինչ չի փոխվելու:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ռուսաստանը շտապում է, մյուսները` ոչ այնքան

7 Հլս

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ ավետեց բանակցային գործընթացի շարունակման հնարավորության մասին: Նրանք, ովքեր այս ընթացքում շտապել էին հողին հանձնել դրա հույսը, այժմ արդեն գիտեն, որ շատ մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման աշխատանքը կշարունակվի: «Այսօր այդ գործընթացը եզրափակիչ փուլ է հասել, և, ըստ էության, որոշումներ ընդունելու ժամանակն է»,- ասաց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` սահմանելով պահի կարևորությունը և թողնելով այն տպավորությունը, որ այս պարագայում այլընտրանքները բացառվում են:
Իհարկե, կարիք չկա ամեն խոսք բառացի ընկալել, առավել ևս, որ թիկունքում արդեն ունենք Կազանի դառը փորձը, երբ բոլորը նույն համառությամբ պնդում էին մոտալուտ ձեռքբերումների մասին: Բայց նաև անհրաժեշտ չէ լիովին թերագնահատել ստեղծված կացության առանձնահատկությունը, ինչն այս անգամ կարծես թե տարբերվում է իր նախորդներից: Իսկ գլխավոր տարբերությունը կայանում է նրանում, որ ներկա պահին իրավիճակի շարժիչ ուժը ոչ թե հակամարտող երկրներն են, այլ միջնորդ կողմը: Առաջին հայացքից սա կարող է նույնիսկ աբսուրդի տպավորություն թողնել, սակայն փաստերը այս պարագայում ավելի համառ են: Մի բան անժխտելի է. Ռուսաստանը ոչ միայն չի նահանջում, այլև շտապում է: Եվ այդ փութաջանությունն ունի իր լուրջ պատճառները:
Նույն Լավրովը Մոսկվայում Հայաստանի ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը շատ մոտ ապագայում որոշում կընդունի ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ հետագա քայլերի վերաբերյալ: Նրա խոսքերով, Մեդվեդևը որպես միջնորդ, ով գործում է` ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների` ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի աջակցությունը, արդեն վերլուծել է Կազանում կայացած հանդիպումից հետո ստեղծված իրավիճակը և կտեղեկացնի, թե ինչ է պետք անել: Այստեղ հարկ է հիշել, որ մի քանի օր առաջ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանն իր հերթին հայտնեց, որ Մեդվեդևը իրեն հեռախոսով ասել է, թե արդեն ուղարկել է խնդրի իր տեսլականը՝ գրավոր ձևով: «Ես կարծում եմ, որ մենք շուտով կստանանք, կտեսնենք՝ ինչպես այսուհետ առաջ շարժվել»,- ասաց Սարգսյանը:
Կասկածից վեր է, որ ՌԴ նախագահն իր նոր նախաձեռնությունը համաձայնեցրել է Սարկոզիի և Օբամայի հետ: Այս մասին էր վկայում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպենի հայտարարությունը, որ վերջինս արեց` առաջ ընկնելով մյուսներին: Այն ժամանակ Ժյուպենը տեղեկացրեց, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերին լրացուցիչ առաջարկներ են արվելու՝ այդ հարցում համաձայնության հասնելու համար: «Ես, իհարկե, ողջունում եմ Ռուսաստանի, ՌԴ նախագահի ջանքերը, նա շատ ճիգեր է գործադրել այդ ուղղությամբ և Սոչիում, և Կազանում: Բայց, այդուհանդերձ, այն, որ դա չի հանգեցրել որևէ արդյունքի, ցավալի է: Որքան ես գիտեմ, այժմ լրացուցիչ առաջարկներ են արվելու, որպեսզի ինչ-ինչ համաձայնության հասնեն»,- ասաց նա:
Եվ այսպես, նոր փաստաթուղթն իսկապես կա ու այն կներկայացվի առանց ուշացման: Ինչ վերաբերում է բանակցությունների ձեւաչափին, ապա այստեղ էլ Ռուսաստանը գտնում է, որ դրա փոփոխումը արդյունավետ չի լինի: Այս իմաստով ռուսներն իրականում արտահայտում են նաև հակամարտող կողմերի համոզմունքը: Որքան էլ վերջիններս երբեմն-երբեմն խոսում են միջնորդական խմբում նոր դերակատարներ ընդգրկելու մասին, այնուամենայնիվ կա ներքին համոզմունքը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կայացած ձևաչափ է, իսկ դրա շրջանակներից դուրս հանդիպումները այլ բան չեն, քան ինչ-ինչ մանր ու մեծ դժգոհություններ արտահայտելու կամակորություն:
Իսկ մինչ վրա կհասնի վճռորոշ պահը, կատարվում են նախապատրաստական ու բաղկացուցիչ քայլերը: Սովորության համաձայն հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` կողմերին կոչ անելով հնարավորինս արագ համաձայնության հասնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ և անցնել բանակցությունների փուլին, որի ընթացքում մշակվելու է խաղաղ պայմանագրի նախագիծը: Առաջիկա օրերին նրանք Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն և ապա կժամանեն տարածաշրջան: Սրան զուգահեռ ընթանում են ԱԳ նախարարների փոխայցերը: Նալբանդյանը եղավ Մոսկվայում: Պատրաստվում է այնտեղ մեկնել Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը, իսկ այսօր արդեն Բաքու կժամանի Լավրովը, որն ամենայն հավանականությամբ կգա նաև Երևան:
Ռուսաստանի ամառային ակտիվությունը ոչ միայն համընդհանուր է, այլև գերարագ ռիթմի մեջ: Դա նկատելի է նույնիսկ օվկիանոսից այն կողմ, և երբ ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնը եզրակացնում է, թե գլխավոր դերակատարը ոչ Ադրբեջանն է, ոչ էլ Հայաստանը, այլ Ռուսաստանը, սա այնքան էլ չափազանցված դիտարկում չէ: Եվ Վաշինգտոնում, և Եվրոպայում այսօր Լեռնային Ղարաբաղի շուրջ շոշափելի տեղաշարժի հասնելու հեռանկարը նույնացվում է Ռուսաստանի դիրքորոշման հետ, իսկ որպես եզրահանգում անպայման արձանագրվում է, որ ռուսներն այդ բանը հենց այնպես չեն անում, այլ ծանրակշիռ շահեր ունեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում:
Բայց նույնիսկ այդ պարագայում դարձյալ քիչ չեն նրանք, ովքեր շարունակում են մռայլ կանխատեսումներ անել և պնդել, որ ինչպես Մեդվեդևը, այնպես էլ նախագահներ Օբաման ու Սարկոզին սիզիփոսյան ջանք են գործադրում: Համաշխարհային լրատվամիջոցները խոսում են դիվանագիտության ձախողման ու Կովկասում նոր պատերազմի ստվերի մասին: Վերջիններս իրենց տեսակետը հիմնավորում են հետևյալ փաստարկներով. «Նախագահ Մեդվեդևը նախորդ մի քանի տարիների ընթացքում շատ կարևոր դեր էր խաղում: Բայց Ռուսաստանի նախընտրական փուլում նրա գործնական մասնակցությունը դրվում է հարցականի տակ: Նույն տրամադրվածությունն ունեն նաև ֆրանսիացիներն ու ամերիկացիները, որոնք նույնպես պատրաստվում են ընտրությունների: Այնպես որ, եթե առաջիկա ամիսներին համաձայնություն չլինի, ապա բանակցությունները կմղվեն հետին պլան: Ակտիվ բանակցային գործընթացի բացակայությունը երկու կողմերին էլ կխթանի ավելի շատ մտածել ռազմական հակամարտության մասին»:
Սակայն մինչ պատերազմի մասին կանխատեսումներ անելը հարկ է նկատել, որ Մոսկվան կարևոր քայլ կատարելուց առաջ հնչեցրեց իր նախանվագի վերջին ակորդը: Եվ դա այս անգամ արեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Պատասխանելով Բաքվի ագրեսիայի և Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի դիրքորոշման մասին հարցին` նա ասաց հետևյալը. «Ցանկանում եմ կրկնել Ռուսաստանի նախագահի խոսքերը, որոնք նա մեկ տարի առաջ Հայաստանում ասել է նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ, թե Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այլ մեկնաբանություններ չեմ ցանկանում անել՝ հաշվի առնելով հարցի զգայունությունը»:
Սրանք Հայաստանի համար նշանակալի և պատասխանատու բառեր են: Ակնառու է, որ վերջին օրերին Հայաստանի կեցվածքը նկատելիորեն կոշտացել է: Ընդամենը երեկ փոխզիջումների հնարավորության մասին խոսող Երևանն այսօր արդեն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդի ինքնորոշման իրավունքը պետք է կյանքի կոչվի և ԼՂ խնդիրն այլ լուծում չունի: Ու եթե նույնիսկ ընդունենք, որ այս պահի դրությամբ յուրաքանչյուր պայմանավորվածություն կրելու է միջանկյալ բնույթ և ընդունված ցանկացած փաստաթուղթը դեռ չի նշանակելու վերջնագիր, սրանցով հանդերձ միջնորդները չեն կարող մոռանալ Հայաստանի նախագահի օրերս արտասանած հռետորական հարցը. «Պե ՞տք է, որ մենք զիջման գնանք մի պետության հետ, որը պատրաստ է մեր վրա զենք ուղղել»:
Բանակցությունների սեղանի շուրջ նստելուց առաջ այս հարցը կպահանջի իր լիարժեք պատասխանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: