Պահոց | 10:19 ե.

Ոչ մի լավ բան անպատիժ չի մնա

4 Հլս

Կատարվեց անսպասելին` Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ուղղումներ մտցրել Քաղաքացիական օրենսգրքում, որոնց համաձայն 5 կրոնական միավորումների շնորհվում է հասարակական իրավունքով իրավաբանական անձի կարգավիճակ: Կարգավիճակ ստանալու են Հայ Առաքելական եկեղեցին, Հռոմի կաթոլիկ եկեղեցին, մուսուլմանական համայնքը, հրեական համայնքը և Վրաստանի բապտիստական եկեղեցին: Ասում ենք` անսպասելի, քանի որ տառացիորեն նախօրեին հենց Մայր Աթոռի ներկայացուցիչներն էին թերահավատությամբ խոսում նման հնարավորության մասին, իսկ եթե հիշենք նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի` Վրաստան կատարած այցի ձախողումը, ապա նման հեռանկար իսկապես չէր գծագրվում: Եվ, այնուամենայնիվ, կատարվածը փաստ է: Ասենք նաև, որ Վրաստանում իրավական կարգավիճակ կարող է ձեռք բերել այն կազմակերպությունը, որն անկախ պետական վերահսկողությունից, իրականացնում է քաղաքական, սոցիալական, լուսավորչական, մշակութային և այլ բնույթի գործունեություն:
Հասկանալի է, որ նման որոշումը հեշտ չտրվեց ինչպես վրաց եկեղեցուն, այնպես էլ այդ երկրի օրենսդիրներին: Օրինագիծը խորհրդարանում իր հակառակորդներն ուներ, առաջին հերթին ի դեմս «Քրիստոնյա-դեմոկրատական» ընդդիմադիր խմբակցության: Վերջիններիս մտահոգությունը բարձրաձայնեց պատգամավոր Նիկոլոզ Լալիաշվիլին` դիմելով գործընկերներին այսպիսի հարցումով. «Վրացական եկեղեցին նման կարգավիճակ չունի: Մենք պետք է հասկանանք` պատրաստվու՞մ է Հայաստանը նույնպիսի կարգավիճակ շնորհել վրացական եկեղեցուն, որպեսզի դա չլինի մի ուղղությամբ պարզված ձեռք»: Սրա հետ մեկտեղ շատերին մտահոգում էր նաև այն հեռանկարը, թե չլինի` վրացիները այս փոփոխությամբ կորցնեն իրենց գերակա դիրքը: «Իրավական կարգավիճակի ձեռքբերումը չի ենթադրում հատուկ իրավունքների տրամադրում: Վրացական եկեղեցու դերը չի թուլանում, և այն պահպանում է իր բարձրագույն կարգավիճակը»,- նրանց անմիջապես հանգստացրեց վրացական խորհրդարանի խոսնակ Դ. Բակրաձեն:
Սակայն փորձենք հասկանալ, թե հայ եկեղեցին իրականում ի՞նչ ստացավ քմահաճ Թբիլիսիից: Նախ, բոլորովին էլ հստակ չէ, թե հայերին տրամադրված իրավաբանական անձի կարգավիճակը հենց այն կարգավիճակն է, որ ցանկանում էր մեր եկեղեցին: Ինչպես հայտնի է, Վրաստանում կրոնի մասին օրենք գոյություն չունի, քանի որ նման օրենքի առկայության դեպքում եկեղեցիները կստանային կրոնական կարգավիճակ: Ուրեմն դեռ անհրաժեշտ կլինի միառժամանակ սպասել` պարզելու համար, թե ինչ նվեր պարգևեցին մեզ: Մյուս կողմից` լուրեր են շրջանառվում այն մասին, որ հասարակական կազմակերպության կարգավիճակ Հայ առաքելական եկեղեցուն վաղուց էր առաջարկվել, միայն թե Էջմիածինը համեստորեն հրաժարվել էր դրանից, քանի որ փաստացի այն ոչինչ էլ չէր տալիս: Բանն այն է, որ ՀԿ-ն չի ենթադրում եկեղեցապատկանություն և ֆինասավորման առկայություն: Իսկ ներկայիս փոփոխությունը կարող է ունենալ սոսկ մեկ առավելություն` այն որոշ իմաստով կօգնի պահպանել այդ երկրի տարածքում հայկական կրոնական հուշարձանները:
Գալով անորոշության աստիճանին` նշենք, որ դրա ծավալները նախկինից քիչ չեն դարձել: Չլուծված խնդիրների շարքում այդպես էլ շարունակում է գերիշխող մնալ: Ջավախքի եկեղեցիներին թեմի կարգավիճակ տալու հարցը: Հայ հոգևորականների տարակուսանք այս առումով թերևս հիմնավորված է, երբ նրանք նշում են, որ աշխարհում չկա այդպիսի վայր, որտեղ ապրեն 150 հազար հայեր, և չլինի ՀԱԵ թեմ:
Ահա այս թերի վիճակի պայմաններում Վրաց ուղղափառ եկեղեցին Հայաստանում նույն իրավունքները ստանալու պահանջ է ներկայացնում: Սա, իհարկե, մի փոքր հիշեցնում է առևտրային հարաբերությունները` իր անբաժան «ես քեզ` դու`ինձ» կարգախոսով, սակայն սրանից զատ հարկ է արձանագրել ևս մեկ կարևոր իրողություն: Երբ հայերն են վրացիներից կարգավիճակ ուզում, նրանք դա գոնե կարող են հիմնավորել այն փաստով, որ Վրաստանում հարյուր հազարավոր հայեր են ապրում: Իսկ ահա Հայաստանում չկա խոշոր և ակտիվ վրացական համայնք, առավելագույնը 700-800 վրացիներ են ապրում` ցրված երկրով մեկ: Եվ այս պայմաններում վրաց եկեղեցին պահանջել է իրեն փոխանցել Լոռու մարզում գտնվող 5 հայկական եկեղեցիները՝ ի պատասխան Վրաստանի հայկական եկեղեցիները ՀԱԵ-ին վերադարձնելու պահանջներին: Այն, որ նշված եկեղեցիները քաղկեդոնական ոճով կառուցված հայկական եկեղեցիներ են, սա այլ քննության հարց է: Բացի այդ, վրացական կողմը պահանջել է Հայաստանում կառուցել նոր վրացական վանք: Հայտնի է, որ Հայաստանում ապրող վրացիների համար առանց այդ էլ Երևանի Նորագավիթ թաղամասում կառուցվել է վրացական եկեղեցի, այնպես որ ոչ նոր վանքերը և ոչ էլ առավել ևս Վրաց Ուղղափառ եկեղեցուն օրենսդրորեն իրավաբանական կարգավիճակ տալը գործնականում նրանց ոչինչ չի տալի: Փոխարենը պարզից էլ պարզ է, որ դա կարող է ուժեղացնել վրացական պահանջները «քաղկեդոնական շրջանի» եկեղեցիների նկատմամբ:
Այս ընթացքում երկու երկրների հասարակական կարծիքներում կրկին ծայր են առնում թեժացումները: «Վրաստանում բնակվող էթնիկ հայերը ուզում են, որ Վրաստանում նրանց եկեղեցին ունենա այնպիսի իրավասություններ, ինչպիսին ունի ուղղափառ եկեղեցին, դա նորմալ չէ, այդպիսի բան ոչ մի երկրում չի լինում, դա ոչ միայն հոգևոր, այլև քաղաքական պառակտում է»,- բորբոքվում է վրացական կողմը: Հայերն անմիջապես նրանց հակադարձում են. «Այսօր, երբ 21-րդ դար թևակոխած աշխարհն ապրում է բոլորովին այլ կանոններով, վրաց եկեղեցին շարունակում է մնալ միջնադարյան մտակաղապարների գերին, իսկ այնտեղ, ուր էլ նայես՝ հայերն առաջ են վրացիներից։ Հայերն են կառուցել Վրաստանում առաջին եկեղեցին, հայերն են նրան գիր տվել, հայերն են քաղաքակրթել իրենց հյուսիսային հարևանին, որը նրանց թևի տակ ամրապնդվելով՝ 10-12-րդ դարերում լուրջ ուժ է դարձել։ Բայց արի ու տես, որ այդ շրջանում էլ վրաց հոգևորականների մեջ պահպանվել է հայերի հանդեպ անլիարժեքության բարդույթը»։
Ստացվում է, որ այն, ինչը կոչված էր մեղմելու կրքերը, կարող է հարուցել նոր հակասություններ: Եվ սա պատահական չէ: Միշտ էլ այնտեղ, որտեղ տիրում է կասկածամտությունն ու անվստահությունը, ոչ մի լավ բան անպատիժ չի մնում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: