Պահոց | 1:07 ե.

Ոչ թե հանուն, այլ ընդդեմ

29 Հնս

Մինչ այս օրերին ակտիվորեն քննության են առնվում Ղարաբաղյան բանակցությունների ձախողման պատճառներն ու հետևանքները, այս ընթացքում լսելի են դառնում ոչ պակաս էական ու հետաքրքիր դիրքորոշումներ` պայմանավորված ինչպես ներկա զարգացումների ընթացքով, այնպես էլ առավել ընդգրկուն համատեքստեր ունենալու ցանկություններով: Այդ շարքում հատկապես ուշադրության է արժանի Իրանի պահվածքը: Մշտապես կամենալով ներկայանալ իբրև անկողմնական ու հավասարակշռված դիրքորոշման հետևորդ, պաշտոնական Թեհրանը Կովկասում խաղաղության պահպանման հարցը առաջին հերթին դիտարկել է ընդհանուր-ռեգիոնալ կայունության անհրաժեշտության դիրքերից, իսկ Ղարաբաղի խնդրում հայտարարել է, թե առաջնորդվում է միջազգային իրավունքի սկզբունքներով` չժխտելով ազգերի ինքնորոշման առաջնայնությունը: Սակայն այժմ կարծես թե վրա է հասել անկեղծության պահը, և Իրանի իշխանությունները պատրաստ են նաև բացահայտ կիսել իրենց մտավախություններն ու տագնապները: Եվ երբ ականջալուր ենք լինում նրանց վերջին խոստովանություններին, ապա պարզ է դառնում հետևյալ ճշմարտությունը. Իրանին առանձնապես չի մտահոգում Ղարաբաղի ճակատագիրը, փոխարենը չափազանց մեծ է նրա ուշադրությունը այդ խնդրում արտաքին ուժերի միջամտության և տարածաշրջանում նրանց հնարավոր ներկայության հեռանկարի հանդեպ: Հաշված օրերի ընթացքում իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները այս մասին ակնարկելու մի քանի առիթներ ունեցան:
Դրանց շարքում պետք է նախ առանձնացնել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիին, ով հայաստանցի իր գործընկեր Արթուր Բաղդասարյանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ կոչ արեց տարածաշրջանի երկրներին` զգոնություն ցուցաբերել «արտատարածաշրջանային ուժերի» միջամտության հարցում: Տվյալ դեպքում զգոնություն ասվածը պետք էր հասկանալ ոչ այլ կերպ, քան «երրորդ ուժի» հանդեպ մերժողական վերաբերմունքի դրսևորում, մի բան, որ գոնե Հայաստանի պարագայում ոչ միայն դժվար է, այլև ներկա իրավիճակի պայմաններում` ոչ այնքան ցանկալի:
Սակայն իրանցիները կարծես թե պատրաստվում են համառ գտնվել իրենց պահանջների մեջ: Եվ այս փաստը հաստատեց Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին` ադրբեջանցիներին ու հայերին խորհուրդ տալով Ղարաբաղյան հակամարտությունը լուծել տարածաշրջանի ներսում ընթացող բանակցությունների միջոցով: Նման տեսակետը նախ և առաջ ենթադրում է միջնորդական առաքելության մեջ ներգրավված երկրների ու միջազգային կառույցների մասնակցության բացառում: Եվ Թեհրանը դա չի էլ պատրաստվում թաքցնել: «ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն երկար տարիներ է՝ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցություններ է վարում։ Ի՞նչ արդյունքներ կան։ Ինչքա՞ն են նրանք մոտեցել խնդրի լուծմանը։ Այդ տեսակետից մենք հիմնավորապես կարծում ենք, որ բանակցություններն արդյունավետ կարող են լինել տարածաշրջանի ներսում, քանի որ տարածաշրջանի երկրներն իրար ավելի լավ կհասկանան։ Փորձը ցույց է տալիս, որ երբ տարածաշրջանային խնդիրների կարգավորման գործընթացում ներգրավվում են մեծ երկրները, ապա դրանք ձգձգվում են։ Մեծ երկրներն իրենց շահերն են հետապնդում այդ հարցում»,- իր միտքը բացատրել ու հիմնավորել էր Լարիջանին:
Իհարկե, Լարիջանին ու մյուսները չեն մոռացել, որ եղել է նաև այդպիսի ժամանակ, երբ հենց տարածաշրջանի երկրներն էին փորձում խնդիրները կարգավորել, բայց դրանք որևէ հաջողություն չարձանագրեցին: Այսինքն ներքին փոխըմբռնման ու հասկացողության մասին պնդումները չափազանցված են, և Իրանի նախանձախնդրությունը ոչ մի ընդհանուր բան չունի հակամարտության ապագայի հետ: Միակ ու հիմնական պատճառը բխում է Իրանից և Արևմուտքի հետ նրա լարված հարաբերություններից: Եվ հենց այդ բացահայտ առճակատումն էլ ստիպում է Թեհրանին հորդորելու իր հարևաններին, որպեսզի թույլ չտան կողմնակի ուժերի ներկայությունը իր սահմանների մոտ:
Բաքուն նույնպես մեկ անգամ չէ, որ իրանցիներից հանդիմանանքի խոսքեր ու զգուշացումներ է լսել: Այստեղ սովորաբար առաջնային դերակատարություն են ունենում այն պնդումները, թե ինչ-ինչ արտաքին ուժեր ցանկանում են Ադրբեջանն օգտագործել որպես Իրանի դեմ քարոզչական պլացդարմ: Ավելորդ չէ վերհիշել թեկուզ WikiLeaks-ի բացահայտումների շարքից այն մեկը, ըստ որի Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Իսրայելն ու Ադրբեջանն Իրանը համարում են ամենավտանգավոր երկրներից մեկը և որ Իսրայելի գլխավոր նպատակն է Ադրբեջանին որպես գործընկեր պահել` ընդդեմ Իրանի:
Հիշենք նաև այն դեպքը, երբ իրանցիներն իրենց հակաարևմտյան խաղերում փորձեցին ներգրավել նաև իրանահայ համայնքին: Այդ առթիվ «Աթինյուզ.քոմ» կայքէջը գրեց, որ իբր օտարերկրյա որոշ ուժեր շահագրգռված են թուլացնելու բազմադարյան իրանահայ համայնքը: Մասնավորապես` Իրանում Ավստրիայի դեսպանությունը, համագործակցելով հրեական մի կազմակերպության հետ, իրանահայերին հեշտացված կարգով տրամադրում էր մուտքի արտոնագրեր և որոշ ժամանակ Ավստրիայում ապրելուց հետո իրանահայերը մեկնում էին ԱՄՆ:
Չի կարելի պնդել, թե Իրանի տագնապներն անհիմն են: Սակայն հավասարապես հստակ է, որ տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրն առաջնորդվում է նախ և առաջ իր շահերով և նրանցից որևէ մեկը դեռևս չի պատրաստվում այդ շահերը զոհաբերել հանուն հարևան երկրի անվտանգության: Իսկ այն, որ հիշյալ մտայնությունը օր-օրի նոր հետևորդներ է ձեռք բերում, հերթական անգամ հաստատվեց Կազանի բանակցություններից հետո: Անմիջապես տարածվեց տեղեկություն այն մասին, թե ձախողման մեղավորը Միացյալ Նահանգներն էր: Ըստ լուրերի, երեք նախագահների հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահ Հ. Ալիևը գաղտնի բանակցություններ էր վարել, որից հետո բոլորի համար անսպասելի ներկայացրել էր 10 կետից կազմված առաջարկություններ, ինչն էլ հանգեցրել էր կողմերի առարկությանը: Այս առթիվ Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովը նույնիսկ շրջանառու դարձրեց հետևյալ վարկածը, համաձայն որի Վաշինգտոնը 2013 թվականին ծրագրում է պատերազմել Իրանի դեմ: «Որքան մոտենում է այդ ժամանակը, այնքան ակնհայտ է դառնում, որ պետք է ունենալ մի տարածք Իրանի մերձակայքում, որտեղից օդ կբարձրանան ամերիկյան ինքնաթիռները: Այն, որ դա անհնար է իրականացնել Ադրբեջանի տարածքից, պարզ է ինչպես ամերիկացիների, այնպես էլ ադրբեջանցիների համար, քանի որ Իրանը զգուշացրել է, որ համարժեք պատասխան կտա: Հասկանալի է, որ ամերիկացիները ստիպված են ապահովել իրենց «համաձայնության եղբայրների» անվտանգությունը: Իսկ ահա Ղարաբաղը կարելի է օգտագործել իբրև թռիչքահրապարակ»,- ասել է Վլադիմիր Զախարովը:
Զախարովյան վարկածներն ըստ ամենայնի կշարունակեն մնալ իբրև վարկած: Իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա վերջինս հազիվ թե լուրջ հաջողության հասնի` ամենուր խաղացնելով Արևմուտքի սպառնալիքի խրտվիլակը: Երբ «հանունը»-ը փոխարինվում է «ընդդեմ»-ով, համակիրների թիվը միշտ էլ կտրուկ նվազում է:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: