Պահոց | 5:21 ե.

Նշաձողը բարձր էր թռիչքի համար

27 Հնս

Երեկ Բաքվում կայացավ ռազմական շքերթ, որի ժամանակ այդ երկրի նախագահ Հ. Ալիևը կրկին սպառնաց, թե պատերազմը դեռ չի ավարտվել և իրենք ի զորու են ռազմական ճանապարհով հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը: Նման ելույթից հետո պետք էր կարծել, թե հրապարակից զորքն անմիջապես ռազմաճակատ էր մեկնելու: Բայց, բարեբախտաբար, այդ բանը չկատարվեց: Մինչդեռ Կազանում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ բանակցությունների ձախողումից հետո իրավիճակի յուրաքանչյուր փոփոխություն միանգամայն հնարավոր է: Թաթարստանի մայրաքաղաքում Ալիևը նույնիսկ հրաժարվեց մասնակցել ՌԴ նախագահի սահմանած մրցանակի համար անցկացվող ձիարշավին և անմիջապես տուն մեկնեց: Իսկ երբ նա խռոված հեռանում է, միշտ էլ պետք է սպասել տհաճությունների: Այդպես արդեն եղել է: Պատահական չէ, որ նրա մեկնումից հետո Երևանը խորհուրդ տվեց Բաքվին զերծ մնալ դիվերսիաներից, որոնց համար հետո կարող է զղջալ: «Ադրբեջանական կողմի հարձակման արդյունքում ինքն էլ կորուստներ կկրի: ԼՂՀ Պաշտպանության բանակը լավ պատրաստված է և անհրաժեշտության դեպքում կարող է հակառակորդին արժանի պատասխան տալ»,- հիշեցրին Հայաստանից:
Գալով Կազանի անհաջողությանը, պետք է ասել, որ տեղի ունեցածը միանգամայն համապատասխան էր իրերի ներկա վիճակին: Կողմերից պահանջվում էր ավելին, քան նրանք կարող էին անել: Ինչպես իրավացիորեն նկատել էր քաղաքագետներից մեկը, նշաձողը շատ բարձր էր դրված, դրան հասնելու ու դեռ հաղթահարելու համար միայն քաղաքական կամքը բավարար չէ: Փոքր –ինչ ավելին էր պետք: Եվ այդ պատճառով էլ շուրջ 3 ժամ տևած բանակցությունները չհանգեցրեցին որևէ կոնսենսուսի: Քննարկման սեղանին եղած փաստաթուղթը, որը հակամարտող երկրների ու ԵԱՀԿ համանախագահների համատեղ աշխատանքի արդյունքն էր, խոստանում էր առջընթացի իրական հիմք։ Սակայն հետո ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը պիտի տեղեկացներ, որ Կազանի հանդիպումը վճռորոշ չդարձավ, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէր ընդունել հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը, բայց փոխարենը իր կողմից մոտ 10 փոփոխություն էր ներկայացրել, որոնք էլ պատճառ դարձան, որպեսզի Կազանի հանդիպումը մտներ փակուղի: Նույն կերպ Բաքուն անհաջողության ողջ մեղքը բարդեց Հայաստանի վրա: Եվ այս անգամ արդեն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն էր պնդում, թե իբր «պատճառն այն է, որ Հայաստանը Ադրբեջանից մեծ զիջումներ պահանջեց՝ փորձելով վնասել բանակցային գործընթացը, որը սկսվել է յոթ տարի առաջ»:
Ինչ վերաբերում է տարիներին, ապա հիշեցնենք, որ միայն վերջին 3 տարում սա 12-րդ հանդիպումն էր, իսկ վերջին տարում` 4-րդ անգամը, որ կրկնվում է հայտնի սցենարը. ամենավճռորոշ պահին հանկարծ ինչ-որ մեկը որոշում է նոր առաջարկություններ ներկայացնել ու գործընթացքը սկսել զրոյից:
Ոչ պակաս տարօրինակ բովանդակությամբ էր օժտված նաև հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը, ինչն ավելի շատ շնորհակալական ուղերձ էր հիշեցնում, քան քաղաքական փաստաթուղթ: Այնտեղ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն իրենց երախտագիտությունն էին հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդներին` «ղարաբաղյան կարգավորման հանդեպ ունեցած հետաքրքրության համար»: Եվ, վերջապես հաջորդ տարօրինակությունը գալիս էր Բաքվից, որտեղ կազանյան բանակցությունները բավական դրական էին գնահատում` պնդելով, թե դա հիմք է ստեղծում բանակցային գործընթացի հաջորդ փուլի համար: «Այդ հանդիպման արձագանքներն իրենց զգացնել կտան հաջորդ փուլերում»,- ասում էին ադրբեջանական քաղաքական գործիչները, իսկ Ալիևի գործողությունները համարում ոչ այլ ինչ, քան «դիվանագիտական, բարոյական և անձնական գերազանցության դրսևորում»:
Այս բոլորն, ինչ խոսք, քիչ հնարավորություններ են թողնում եղածին լուրջ վերաբերվելու համար: Այնուամենայնիվ, Կազանի հանդիպմանը հաջորդած այս օրերի ընթացքում շատերին է անհանգստացնում այն հարցը, թե ի՞նչ է լինելու հետո: Ճիշտ է, դեռ պահպանվում է շփոթմունքն ու անորոշությունը, ոմանք պարզապես չեն ցանկանում հապշտապ ենթադրություններ կատարել` ակնկալելով առավելագույն ինֆորմացա ստանալ առաջիկա շաբաթների ընթացքում: Բայց գործընթացի ապագան մարդկանց պատկերացումներում արդեն իսկ ունի իր հավանական ծավալման մի քանի տարբերակները: Օրինակ, կարծիք կա, թե մոտակա ժամանակներում կրկին կակտիվանա ԱՄՆ-ը` ելնելով այն փաստից, որ ռուսական դիվանագիտությունը արդյունքներ չտվեց: Լեռնային Ղարաբաղում ենթադրում են, որ այսուհետ խնդիրը թևակոխում է պասիվ փուլ, քանի որ Հայաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում մեկը մյուսի ետևից ընտրություններ են սպասվում, և դրանց ֆոնի վրա կարգավորման կտրուկ առաջխաղացում անհնար է սպասել ընդհուպ մինչև 2014 թվականը: Իսկ ահա հոռետեսների կարծիքով բացառված չէ, որ Կազանի բանակցությունների տապալումը սպառնա շատ ավելի լուրջ հետևանքներով, եթե հիշենք Դովիլի հայտարարության մեջ առկա նախազգուշացումը. «Հետագա ձգձգումը միայն հարցականի տակ կդնի պայմանավորվածությունների հանգելու կողմերի հավատարմությունը»:
Սրան ի պատասխան ոմանք էլ պնդում են, որ բանակցությունները նույն ձևաչափով կշարունակվեն մինչև այս տարվա վերջ, Ռուսաստանի հովանու ներքո կանցկացվեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ևս երկու հանդիպումներ, որից մեկն, ամենայն հավանականությամբ, ամռանը: Հետաքրքիր է, որ նման ենթադրությունները կիսել է նաև Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Վերջինս ասել է, որ եթե մինչև տարեվերջ Սարգսյանն ու Ալիևը ևս մեկ հանդիպում անցկացնեն ՌԴ նախագահի նախաձեռնությամբ, ապա շանս կա, որ հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթուղթը կստորագրվի, իսկ եթե այդ բանակցությունները ձախողվեն, կողմերի միջև նոր զինված բախումների ալիքի հավանականություն շատ մեծ կլինի:
Ի դեպ, Արևմուտքի հիասթափությունն ակնհայտ է, որքան էլ նրանք փորձում են դա քողարկել առանձին հուսադրող բառերի ու ձևակերպումների ներքո: Այդ առթիվ The Washington Post պարբերականն այս օրերին մասնավորապես գրում էր. «Վերջին ժամանակներս յուրաքանչյուր կողմ հանդես է գալիս մյուս կողմին ուղղված սպառնալիքներով, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաների մոտ, ովքեր չեն ցանկանում տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսում, հատկապես որ տարածաշրջանը շատ մոտ է Վրաստանին, Իրանին եւ կասպյան նավթային հանքավայրերին»: Սակայն արևմտյան դիվանագիտությունն առայժմ հակված չէ ընդունել այն ճշմարտությունը, որ Ղարաբաղյան բանակցությունները դուրս կգան փակուղուց միայն այն դեպքում, երբ դրանց, որպես լիիրավ կողմ, մասնակցի ԼՂՀ-ն: Իսկ հիմա հակամարտող թևերը դեռ միմյանցից կանգնած են շատ հեռու և մերձեցումը մոտ ապագայում չի նշմարվում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: