Պահոց | 10:37 ա.

Կազան. նախօրեի բազմաձայնություն

24 Հնս

Վաղը Կազանում կմեկնարկեն Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ բանակցությունները: Միանգամից ասենք, որ առաջներում որևէ անգամ նման ակատիվություն ու բազմաբևեռ հետաքրքրություն չէր դրսևորվել կարգավորման գործընթացքի նկատմամբ, և շատերը դրան նույնիսկ սահմանագծային նշանակություն են տալիս: Սա թերևս պայմանավորված է նրանով, որ, ըստ շրջանառվող լուրերի, հնարավոր է Կազանի հանդիպման ժամանակ «Ղարաբաղյան հակամարտության հիմնական սկզբունքները» կոչվող փաստաթուղթի ստորագրումը կամ գոնե զգալի առաջընթաց դրա տեքստի համաձայնեցման հարցում: Ըստ էության, այնտեղ խոսք է գնալու սկզբունքների մասին, որոնց շուրջ երկու կողմերին էլ դեմ չեն արտահայտվել, սակայն այլ բան է, թե նրանցից յուրաքանչյուրն ինչպես է դա հասկանում կամ ուզում հասկանալ: Կա նաև կարծիք, որ եղածը ոչ այլ ինչ է, քան ճանապարհային քարտեզ` քննարկումների նոր շրջան սկսելու նկատառումով:
Ամեն դեպքում, այսքանը լիովին բավարար էր, որպեսզի կարևորագույն իրադարձությունից առաջ շահագրգիռ թևերից յուրաքանչյուրը ջանար մի վերջին անգամ իր համար բարենպաստ միջավայր ապահովել, շահավետ դիրքեր ստանալու որոշակի տպավորություն ստեղծել: Եվ այդ նպատակին լծվեցին անխտիր բոլորը` և հակամարտող կողմերը, և շահագրգիռ երկրներն ու նրանց սպասարկու միջազգային կազմակերպությունները, և կողմնակալ կամ անկողմնակալ դիտորդներն ու զանգվածային լրատվամիջոցները: Դրանց թվում քիչ չէին նաև այնպիսիք, որոնք վաղօրոք մշակված սցենարի ու դերաբաշխման համապատասխան իրենց խաղն էին խաղում: Ու եթե փորձենք ընդհանուր հայտարարի բերել արդյունքները, ապա պատկերը մոտավորապես այսպիսին կլինի:
Արտերկրից եկող արձագանքներում կա կարծեցյալ միասնականություն: Համենայն դեպս, բոլորը ցանկանում են տպավորություն գործել, թե խիստ շահագրգռված են հաշտեցմամբ ու համաձայնությամբ: Տարբերությունը նրբերանգների մեջ է և այն բանում, թե ով ինչպե՞ս է դա տեսնում: Նախօրեին Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյը հանդես եկավ հայտարարությամբ և ասաց, որ այժմ ժամանակն է լրացուցիչ ջանքեր գործադրել, որպեսզի ավարտին հասցվեն հիմնարար սկզբունքների վրա փաստաթղթի պատրաստումը, ինչն այնուհետև թույլ կտա սկսել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները: Միջազգային ճգնաժամային խումբն այս իմաստով փոքր-ինչ թերահավատ է: «Բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթն այնքան էլ մեծ բան չէ: Ի վերջո, դա միայն նշանակելու է գործընթացի սկիզբ, ոչ թե ամփոփում: Սակայն եթե ՌԴ նախագահ Մեդվեդևն այնպես անի, որպեսզի կողմերը ստորագրեն փաստաթուղթը, դա եզակի ու զգալի առաջընթաց քայլ կլինի այդ հակադրության մեջ, ինչպես նաև Ռուսաստանի առաջնորդի համառության ստուգում»,- կարծում են նրանք:
Ամերիկացիները Մեդվեդևին միայնակ թողնել չեն ցանկանում: Դա հաստատեց նաև ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոներն իր ամենօրյա ճեպազրույցի ժամանակ: Լրագրողի այն հարցին, թե կա՞ արդյոք Վաշինգթոնից կողմերին ուղարկված որևէ մեսիջ, որպեսզի նրանց տեսակետները մոտեցվեն, իսկ ռազմական գործողությունները բացառվեն, Թոները պատասխանեց. «Իհարկե, կա»: Այդ մեսիջի մի դրվագն էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հեռախոսազանգն էր նախագահ Սերժ Սարգսյանին, որի ընթացքում Օբաման կարևորում էր Կազանում տեղի ունենալիք հանդիպումն իր դիրքերից:
Բնականաբար, թուրքական կողմը ևս լռել չէր կարող: Այս առթիվ «Today`s Zaman» պարբերականը գրեց, թե բանակցություններում թարմ դինամիկա մտցնելու և ատելության քարոզչությանը հակադրվելու անհետաձգելի անհրաժեշտություն կա: Բայց դրա հետ մեկտեղ թուրքերը կարծում էին, որ համաձայնագրի կնքումը նախկինի պես անիրագործելի է և վերջնական լուծման համար կողմերից ոչ մեկը չի դրսևորի քաղաքական կամք: Թերթը ուշադրություն էր հրավիրում այն փաստի վրա, որ Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունները նախապատրաստված չեն փոխզիջումների համար, իսկ այդ երկրների առաջնորդներն էլ խոսում են մաքսիմալիստական նպատակների մասին:
Այս ֆոնի վրա առանձնակի բացատրություն պիտի պահանջի ռուսների ընդգծված լավատեսությունը: Կազանում կայանալիք հանդիպման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը ասվածի վառ վկայությունն էր: «Փաստաթուղթը, որը կքննարկվի Կազանում, կողմերի և համանախագահող երկրների համատեղ աշխատանքի կարևոր շրջանի արդյունք է և առաջ շարժվելու ու Խաղաղ պայմանագրի նախապատրաստման իրական հիմք»,- ասված էր հայտարարության մեջ։
Այստեղ, իհարկե, ավելորդ է մանրամասնել, թե այս օրերին ինչ էին ասում Ադրբեջանում: Դա վաղուց է հայտնի: Բաքվի քարոզչամեքենան կրկին դիմում էր շանտաժի` սպառնալով իր ցանկացածը չստանալու դեպքում պատասխանել պատերազմով: Բայց այս սպառնալիքներին հիմա քչերն են ականջ դնում:
Առավել բազմազան ու հետաքրքրական էր հայկական դիրքորոշումների ներկապնակը: Եվ հասարակական տրամադրություններն էլ գոնե մասամբ արտահայտված էին քաղաքական ուժերի տեսակետներում: Եթե իշխող կոալիցիայի ներկայացուցիչները հիմնականում լավատեսորեն էին տրամադրված, ապա ընդդիմադիր ուժերը, մասնավորաբար ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը բացասական հնչերանգներով էին ծավալում քննարկումները: Վերջիններս դեմ են Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին և իրենց պահանջներում չեն խուսափում նաև կոշտ արտահայտություններից: «Մադրիդյան սկզբունքների մեջ պատերազմի վտանգը շատ ավելի է, քան նույնիսկ ստատուս քվոյի պահպանումը, իսկ Արցախի սահմանադիր ինքնիշխանությունը սակարկման առարկա չէ, հետևաբար պետք է ԼՂՀ-ին վերադարձվի բանակցելու և ճանաչվելու նրա իրավունքը»,- ահա նրանց պահանջների էությունը:
Ի դեպ, ծայրահեղ մտքերի պակաս նույնպես չկար: Ոմանք սպառնում էին բողոքի ակցիաներ նախաձեռնել, եթե Կազանում փաստաթուղթ ստորագրվի, մյուսները խոստանում էին ազատագրված տարածքների հարցում ցանկացած զիջման դեպքում ժողովրդի աննախադեպ բունտ սանձազերծել, մի երրորդ կողմ էլ պատրաստ էր փաստաթղթի տակ ստորագրած անձին մեխանիկորեն ընկալել ազգի թշնամի` դրանից բխող բոլոր հետևանքներով: Ասենք, նման արձագանքն այնքան էլ անսպասելի չէր, եթե հաշվի առնենք, որ հանրությունը փաստացի ոչինչ չգիտի բանակցությունների ընթացքի և այն հարցերի մասին, որոնք քննության են առնվում: Իսկ անտեղյակությունից ու անորոշությունից պիտի ծնվի հակազդեցությունն ու զգուշավորությունը:
Վաղը Կազանը գոնե նվազագույն չափով պատասխան կտա շատերին հետաքրքրող հարցերին: Լավատեսական սպասումները կարող են վերափոխվել հիասթափության և կամ հակառակը: Միայն թե որոշակիությունն այդ դեպքում ավելին արժե, եթե նույնիսկ այն հաճելի չէ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: