Պահոց | 12:42 ե.

Փաշազադեն Էջմիածնում անելիք չունի

23 Հնս

Ռուս ուղղափառ եկեղեցին նախապատրաստում է Կովկասի մուսուլմանների առաջնորդ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի այցը Հայաստան: Նախատեսվում է նրա մասնակցությունը նոյեմբերի 28-30-ը էջմիածնում կայանալիք ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստին։ Ռուսական կողմը համոզված է, թե Փաշազադեի ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի փոխադարձ այցերը «հնարավորություն կտան նոր փուլ սկսել ԼՂ խնդրի կարգավորման գործում»: «Շեյխը պատմական այց կկատարի Հայաստան, ինչպես որ Գարեգինն էր այցելել Ադրբեջան»,- այս առիթով հայտարարել է Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Ռոման Սիլանտևը:
Պատմական կլինի դա, թե ոչ` ժամանակը դեռ ցույց կտա, բայց ռուսներն արդեն իսկ ասում են, որ այն իրենցից քրտնաջան աշխատանք է պահանջելու: «Հասկանալի է, որ կարող են սադրանքներ լինել: Այս հարցին պետք է շատ լուրջ մոտենալ»,- նախազգուշացնում է նույն Սիլանտևը և ապա հավելում, որ եթե ամեն ինչ հաջող ավարտվի, ապա կսկսվի հակամարտության կարգավորման նոր փուլ: «Կրոնական դիվանագիտության դերն աշխարհում տարեցտարի աճում է», — ընդգծում է նա:
Անկասկած, սա չափազանցված տեսակետ է ու հազիվ թե խոսք գնա նոր փուլի մասին, առավել ևս, որ վերջին 20 տարիների ընթացում Ղարաբաղի հարցում կրոնական գործոնն ու դիվանագիտությունն առանձնակի դեր չեն խաղացել: Նույնիսկ 2010 թվականի ապրիլին Բաքվում Համաշխարհային կրոնական գագաթաժողովի շրջանակներում Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Երկրորդի, Փաշազադեի ու Գարեգին Երկրորդի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում մասնակիցները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հռչակագիր ստորագրեցին, բացարձակապես որևէ հետևանք կամ արձագանք չունեցավ այդ երկրների հանրության ներսում: Հասկանալի է, որ Բաքվի հիշյալ հանդիպումից հետո Էջմիածնում կարծում են, որ եթե Փաշազադեին չհրավիրեն Հայաստան, ապա դա չի համապատասխանի կրոնական երկխոսության սկզբունքին:
Այս առումով պետք է չհամաձայնենք Մայր Աթոռի հետ, քանի որ, մեր համոզմամբ, հրավերն է, որ ոչ միայն չի նպաստելու, այլև խաթարելու է նույնիսկ կարծեցյալ երկխոսությունը: Իսկ այս գործում ծագումով թալիշ, կրթությունն Ուզբեկստանում ստացած և արդեն 30 տարի Կովկասի մահմեդականների վարչության նախագահությունը ստանձնած Փաշազադեի անձը միանգամայն համապատասխանում է մեր մտավախություններին:
Դեռ ընթացիկ տարվա մարտին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատուները հայտնեցին, որ կրոնապետերի հերթական նիստի ատենապետերն են Ռուսիո պատրիարք Կիրիլն ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն, և այդ առնչությամբ ակնկալվում է վերջինիս այցը Հայաստան: «Իբրև համանախագահ, ամենայն հավանականությամբ նա ներկա կլինի, մանավանդ որ իր այցերից մեկի ժամանակ այդ մասին ծանուցել է, որը մենք հաստատում ենք»,- նշեցին Էջմիածնից:
Եվ ուրեմն իզուր էր Փաշազադեն ամիսներ շարունակ կոտրատվում, թե իբր դեռ չի որոշել` գնալ, թե՞ չգնալ Երևան: Վերջապես նա հարկ համարեց կեսբերան հաստատել այդ փաստը, սակայն նույնիսկ դա արվեց իրեն հատուկ ցինիկությամբ: «Եթե հայոց կաթողիկոսն այցելելով այստեղ արտահայտում է իր մտքերն ու կարծիքը, մասնավորապես Ղարաբաղի մասին, ինչու՞ ես չպետք է գնամ այնտեղ և իրենց երեսին չասեմ իմ մտքերը: Ես կարծում եմ, որ դա վախկոտություն կլիներ»,- հայտարարեց Փաշազադեն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում: Նրա խոսքով, անհրաժեշտ է պահպանել նման կապերը և ասել «կարևոր խոսքերը»:
Այս բառերը ոչ թե հրավերի հաստատում էին, այլ բացահայտ սպառնալիք: Ստացվում է, որ այցի նպատակը ընդհանուր ոչինչ չունի կրոնական երկխոսության հետ, այլ սոսկ հնարավորություն է հայերին ապտակելու իրենց տան ներսում:
Իսկ այժմ տեսնենք, թե Փաշազադեն այդ ի՞նչ «կարևոր խոսքեր» է պատրաստվում արտաբերել Էջմիածնի պատերի տակ: Դրա համար կռահումներ անելու անհրաժեշտություն չկա, քանի որ վերջինս շատ ու շատ անգամներ է հնարավորություն ունեցել իր անկեղծ վերաբերմունքը դրսևորելու Հայաստանի, Ղարաբաղի և Էջմիածնի հանդեպ: Վերհիշենք դրանցից մի քանիսը:
Տարիներ առաջ նա էր, որ հայտարարեց, թե պատրաստ է գրավյալ տարածքների վերադարձի համար ջիհադ հայտարարել: Նա էր, որ հայերին մեղադրում էր վերջին 100 տարվա ընթացքում երկու անգամ ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն իրագործելու համար: Նա էր, որ Ռամազանի տոնի առթիվ շնորհավորելով ադրբեջանցիներին, ասում էր. «Մեզ համար այս հարազատ օրը մենք աղոթում ենք Ալլահին՝ մեր երկրի տարածքների օկուպացիայից ազատելու, ադրբեջանական դրոշը Ղարաբաղի վրա ծածանելու համար: Ղարաբաղը մուսուլմանական հող է և այն վաղ թե ուշ կվերադարձվի իր իրական տերերին: Նրանք, ովքեր արդարությունը չեն տեսնում, կույր են: Մենք պետք է պահպանենք ադրբեջանական հողերը, որ մեզ տվել է Ալլահը»:
Նույն Փաշազադեն էր, որ բացահայտորն ծաղրում էր Հայոց կաթողիկոսին` ասելով, թե «Շուշին Ադրբեջանի պատմական հողն է, դրա համար էլ ես Գարեգին Երկրորդին կհրավիրեմ Շուշի»: Հիշենք նրա մեկ այլ անպարկեշտ արտահայտությունն իր հայ գործընկերոջ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին: Երբ ընդդիմախոսներից մեկը Փաշազադեին համեմատել էր կաթողիկոսի հետ, վերջինս դրանից սարսափելի վիրավորվել էր ու հանդիմանել էր զրուցակցին` ասելով. «Հասար այն աստիճանի, որ ինձ համեմատեցիր նույնիսկ կաթողիկոսի հետ»:
Իսկ որ մեր ենթադրյալ հյուրը պատրաստ է դիմել նույնիսկ էժանագին զրպարտանքների, դա էլ է փաստ: Հիշենք, թե նա ինչպես լուր տարածեց, որ իբր Գարեգին 2-րդը Բաքու կատարած այցի շրջանակներում գիշերով այցելել է «Շահիդների ծառուղի», որտեղ թաղված են Ղարաբաղի պատերազմում սպանված ադրբեջանցիները, և այնուհետև հենց ինքն էլ հերքեց տեղեկությունը` ասելով, թե իբր իրեն ապատեղեկացրել էին:
Այս «խաղաղասերն» է, որ շարունակ կրկնում է, թե հակամարտության ռազմական ճանապարհով լուծումը չի բացառվում, և նա է, որ Լոս Անջելեսի կրոնական հանդուրժողականության կենտրոնում հայտարարել էր. «Սուտն ու դավաճանությունը հայերի արյան մեջ են: Նրանք նստել են մեր սեղանի շուրջը, կերել մեր հացը, իսկ փողոց դուրս գալուց հետո խոսել մեր դեմ»: Այժմ այս հայատյացին ու կրոնավորի դիմակ կրող ինտրիգանի՞ն են պատրաստվում հացի սեղանի մոտ նստեցնել Էջմիածնի հայրերը:
Փաշազադեի անփառունակ կերպարն ամբողջացնելու համար հավելենք, որ իր հայրենակիցները նրա մասին շատ անգամներ են գրել, որ խորհրդային տարիներին համագործակցել է ՊԱԿ-ի հետ, իսկ ներկայումս համարվում է կոռումպացված տարր ու կոնֆորմիստ: Նրան մեղադրում են այն բանի համար, որ կրոնի անվան տակ կաշառակերությամբ է զբաղվում, հատուկ արարողակարգերի համար հավելյալ գումարներ է գանձում, իրականացնում է ապօրինի գործարքներ: Փաշազադեն իր վերահսկողության տակ է պահում երշիկի ու նրբերշիկի բիզնեսը, հավի մսի արտադրության մենատիրությունը, վերահսկում է Ադրբեջանի կարտոֆիլի, ապակու և շշերի շուկան: Ահա թե ով է նա, որ չի վախենում գալ Հայաստան ու մեր երեսին ասել «կարևոր խոսքերը»:
Հասարակության ներսում, սոցիալական ցանցերում արդեն իսկ արդարացի դժգոհության ու բողոքի բառեր են հնչում աշնանը սպասվող հյուրընկալության մասին: Եվ մարդիկ իրավացի են: Այս նրբերշիկի առևտրական զազրախոսը Էջմիածնում անելիք չունի: Եվ Էջմիածինը հարվածի տակ կդնի իր հեղինակությունը ոչ թե նրա այցը մերժելով, այլ անարժանին իր դռներից ներս թողնելով:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մենք գնացինք, դուք մնացիք

23 Հնս

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի առաջին աշխատանքային օրը կայացավ Լեռնային Ղարաբաղի հարցերով ենթահանձնաժողովի նիստը: Այս ենթահանձնաժողովի ձևավորումը կանխելու համար այնքան ջանքեր գործադրած հայկական պատվիրակությանն այլ բան չէր մնում, քան բոյկոտել նիստը` հայտարարելով, որ մեր դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է մնացել: Բայց առաջին նիստն այնուամենայնիվ գումարվեց ենթահանձնաժողովի ղեկավար Խուգլա Ի Կոստայի նախագահությամբ: Մասնակցում էին նաև Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ալեքս Ֆիշերը:
Ավելորդ չէ հիշեցնելը, որ ԵԽԽՎ ներկա նախագահ, ազգությամբ թուրք Մովլուդ Չավուշօղլուն, չնայած հայկական պատվիրակության դիմադրությանը, կարողացավ վերականգնել ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները։ Կա համոզմունք, որ այս գնով թուրք–ադրբեջանական տանդեմը փորձում է հակամարտության կարգավորումը Մինսկի խմբի ձևաչափից տեղափոխել այլ հարթություն, իսկ հայկական կողմը, բնականաբար, պիտի դեմ արտահայտվեր դրան:
Մի խոսքով, ենթահանձնաժողովն իր աշխատանքը սկսեց ադրբեջանական պատվիրակության, ինչպես նաև ԵԽԽՎ քարտուղարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնակիցներն այս անգամ ձեռնպահ մնացին ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հիմնական էլեմենտներին անդրադառնալուց, այլ քննարկեցին ենթահանձնաժողովի կառուցվածքը, իսկ այնուհետև հնչեցին մի շարք առաջարկներ, մասնավորապես` Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերը առաջարկեց լսումներ անցկացնել Ղարաբաղի տարբեր ազգություն ունեցող բնակիչների մասնակցությամբ, և այլն:
Ինչ խոսք, այսպես` թերի կազմով շարունակելը հազիվ թե նպատակահարմար դիտվի նույնիսկ նրանց համար, ովքեր ի սկզբանե շահագրգռված էին կառույցի գործունեությամբ: Նույնիսկ ենթահանձնաժողովի նախագահն է խոստովանում, որ իր համար ցանկալի է հայկական պատվիրակության ներկայությունը ու դեռ հույսեր է փայփայում, որ հայերը կփոխեն իրենց որոշումը ու ետ կգան: Միևնույն ժամանակ կասկածից վեր է, որ հայաստանյան պատվիրակության միակողմանի բոյկոտը չի խոչընդոտի ԵԽԽՎ Բյուրոյի որոշմանը, այսինքն ենթահանձնաժողովի աշխատանքներիը կշարունակվեն, այլապես սա կարող է վատ նախադեպ դառնալ այլ դեպքերի համար, երբ բոյկոտը կվերածվի ցանկությունների ի կատար ածման միջոցի: «Ես համբերատար մարդ եմ, ունեմ մեկ տարվա մանդատ, և հույս ունեմ, որ հայկական պատվիրակությունը ապագայում կմասնակցի ենթահանձնաժողովի աշխատանքներին»,- ասում է Խուգլա Ի Կոստան` ինքն էլ չհավատալով նման հեռանկարին: Ու թերևս դա է պատճառը, որ հաջորդ պահին նա անմիջապես խոստովանում է. «Առանց հայկական պատվիրակության անհնար է քննարկել կարևորագույն հարցեր, և ես կոչ եմ անում նրանց վերանայել իրենց որոշումը»:
Այս բանը գիտակցում են նաև ադրբեջանցիները, և եթե այժմ նրանց հաղթանակը լիակատար չէ, քանի որ տվյալ պարագայում բացառվում է որևէ կառուցողական երկխոսության հնարավորությունը, ապա վաղը ընդունվելիք որոշումները նույնպես կարող են այն կշիռն ու ազդեցությունը չունենալ, ինչի համար ամիսներ շարունակ պայքարել էին:
Գալով տարաձայնությունների հիմնական նյութին, այսինքն այն պնդումներին, թե ենթահանձնաժողովն իր գործունեությամբ ու բանաձևերով խանգարելու կամ բարդություններ է հարուցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի համար, ապա պետք է ասել, որ մտավախություններն այնքան էլ իզուր չեն, որքան փորձում են ներկայացնել ոմանք: Բավական է վերհիշել, որ դեռևս այս տարվա փետրվարին Կոստան հայտարարում էր, որ մինչև տարեվերջ կներկայացվի «եզրակացությունների նախագիծ»` կատարված աշխատանքի վերաբերյալ: Իսկ որ այդ նախագիծը մեծ հաջողությամբ կարող է հիմք կհանդիսանա ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեկ այլ բանաձև ընդունելու համար, այսօր ոչ ոք բացառել չի կարող: Եվ ուրեմն այսպիսի հեռանկարի պայմաններում եթե հայկական կողմը չէր կարող դա կասեցնել, ապա գոնե ստիպված էր իր բացակայությամբ չակտիվացնել մի գործընթաց, որի արդյունքներն ի սկզբանե կանխատեսելի են եղել: Նույն կերպ տարեվերջին ընդունվելիք բանաձևը հայկական կողմի համար երբևէ չի կարող իրավական ուժ ունենալ և կհանդիսանա բոլոր այն մոտեցումների խախտումը, որով պետք է կարգավորվեն հակամարտությունները: Վերջին հաշվով մեր ներկայացուցիչները կհայտարարեն, որ այդ փաստաթղթի քննարկմանը Հայաստանն ու Ղարաբաղը չեն մասնակցել, հետևաբար հայկական կողմը որևէ պարտավորություն չի պատրաստվում ստանձնել կամ իրականացնել:
Մենք մեր հերթին պիտի խոստովանենք, որ եթե հայկական պատվիրակության անդամները դիմում են նման ծայրահեղ գործողությունների, ապա սա վկայում է, որ ինչ-որ բան այնուամենայնիվ այնպես չի արվել, ինչպես պետք էր, բացթողումներ կան աշխատանքներում, որոնք հանգեցրեցին ներկա պահի դեմարշին: Եվ որքան էլ շարունակենք պնդել, թե այդ Չավուշօղլուն էր մեղավորը, ով փորձում է մինչև իր պաշտոնավարման ավարտը Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձև հրամցնել, ապա դրան զուգահեռ հարկ է ասել նաև, որ ի վերջո նա միանձնյա չկայացրեց այդ որոշումը, այլ ստացավ ԵԽԽՎ-ի պատվիրակներից շատերի աջակցությունը, մի բան, որը պետք էր կանխատեսել և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ճնշումը չեզոքացնելու համար:
Հայկական պատվիրակությանն այժմ մնում է միայն սպասել և հետևել դեպքերի հետագա զարգացմանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: