Պահոց | 3:20 ա.

Եվրոպան պատրաստվում է փրկիչ դառնալ

18 Հնս

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացան երկար սպասված լսումները՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակին: Նախապես այդ կառույցի կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ նյութի առթիվ ասվում էր. «Չնայած հրադադարի ռեժիմին՝ Հարավային Կովկասի այս տարածաշրջանում լարվածությունն աճում է: ԵԱՀԿ-ը փորձում է Մինսկի խմբում համանախագահող Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջոցով կայուն խաղաղություն հաստատել այստեղ»: Այս տողերը համարյա բառացի կրկնում էին Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի մտքերը, որ նա արտասանել էր անցած ամիս` հարավկովկասյան այցի շրջանակներում: Իսկ եթե դրան էլ հավելենք այն, որ վերջինս առանձնակի շեշտվածությամբ կարևորել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա հասկանալի կդառնա, թե ԵԽ լսումների ընթացքն ինչպիսի տրամաբանությամբ էր ուղղորդվում և որքանով էր հակամարտող կողմերի պատկերացումների ամբողջական նկարագիրը ներկայացնում:
Այս անգամ ելույթ ունեցողների, արտահայտվել ցանկացողների, հարցեր հնչեցողների պակաս չզգացվեց: Սակայն դրանցից թերևս առանձնացնենք Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեի այն հատկանշական պատմական էքսկուրսը, որի միջոցով փորձ արվեց ցուցադրել խնդրի կարգավորման ողջ նախապատմությունը: Ըստ Ֆասիեի, Ղարաբյան կարգավորումը կարելի է բաժանել երեք փուլերի: Առաջին փուլում միջնորդները նպատակ ունեին Ղարաբաղը վերաինտեգրել Ադրբեջանի կազմում, բայց դա տապալվեց, քանի որ սպառնում էր Հայաստանի կողմից նոր պատերազմով։ Երկրորդ փուլում միջնորդները փորձեցին իրավական տեսք տալ Ադրբեջանից Ղարաբաղի անջատմանը, սակայն սա ևս տապալվեց՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Երրորդ փուլում միջնորդները առաջարկեցին վերջնական լուծումը գտնելուց առաջ կարգավորել այն հարցերը, որոնք կարող էին լուծվել։ «Եվ այժմ, եթե կողմերը համաձայնության չհասնեն, կնշանակի, որ այս երրորդ հայեցակարգն էլ է ձախողվել»,- իր միտքը եզրափակեց ֆրանսիացի համանախագահը:
Ո՞րն էր այս նախապատմությունը շարադրելու իմաստը և ի՞նչ կարող է հետևել այն բանին, եթե երրորդ փուլն իսկապես հայտնվի փակուղում: Արդյո՞ք կա հերթականը` չորրորդ փուլը և ի՞նչ տեսքով դա պիտի մատուցվի կողմերին: Ոմանք հակված են կարծելու, թե դա այլ բան չէ, քան պատերազմի վերսկսումը: Միայն թե Եվրախորհրդարանն այս հեռանկարին կտրականապես դեմ է: Բրյուսելում շատ լավ հասկանում են և մի փոքր էլ վշտացած են խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Եվրամիության հարևանությամբ գտնվող միակ հակամարտությունն է, որի կարգավորման գործընթացում այդ կառույցը ներկայումս ուղղակիորեն ներգրավված չէ: Ինչպես խոստովանեց Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության՝ Արևելյան գործընկերության հարցերով գլխավոր կառավարիչ Միրոսլավ Լայչակը, ԵՄ-ն պատրաստ է ընդարձակել իր դերակատարությունը բանակցային ձևաչափում, օժանդակել խաղաղության շուրջ համաձայնագրի իրագործմանը, եթե, իհարկե, այն երբևէ ստորագրվի: Մի խոսքով, Արևմուտքը ձգտում է ավելի ակտիվ է մեծ քաղաքական դերակատարության: Բայց այս ամենի հետ մեկտեղ նրանք առայժմ հակված են այն տեսակետին, որ բանակցությունների այս զգայուն փուլում ձևաչափի որևէ փոփոխություն չի նպաստի կարգավորմանը:
Ահա այսպիսի հետաքրքիր դիրքորոշում: Քանի դեռ դժվար է, Եվրոպան հեռվից կդիտի: Իսկ երբ պահը հասունանա և ապագան տեսանելի լինի, այն ժամանակ վրա կհասնի սեփական ներկայությամբ բանակցությունների սեղանը պատվելու ժամանակը: Այն, որ դա վաղ թե ուշ լինելու է, այժմ կարծես թե կասկածի տեղիք չի տալիս: Բրյուսելյան լսումների ողջ էությունը բխում էր հենց այդ հեռանկարից: Եվրամիությունը քայլ առ քայլ շարժվում է դեպի այդ հանգուցալուծումը, ինչը պիտի նշանակի, որ նրա ներգրավմամբ փաստացի ավելի կամրանան Արևմուտքի դիրքերը: Իսկ թե ինչու՞, այս հարցի պատասխանն էլ կարելի է գտնել Եվրախորհրդարանի տարածած վերջին հաղորդագրության մեջ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է հետևյալը. «Միջազգային միջնրոդները` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, դեռ տարածաշրջանում չեն հասել կայուն խաղաղության, իսկ հակամարտության պատճառով Հայաստանը հայտնվել է դիվանագիտական մեկուսացման և Ռուսաստանից կախման մեջ»։
Մոսկվայի հեղինակության աճը, այլ ոչ թե Հայաստանի մեկուսացումն է եվրոպացի պարոնների մտահոգության առարկան: Եվ որպեսզի Ռուսաստանը այլևս չկարողանա նույն տեմպերով առաջ ընթանալ, Արևմուտքն արդեն իսկ մշակած ունի իր հաջորդական քայլերի ծրագիրը: Համաձայն այդ ծրագրի, սեպտեմբերի 1-ից տարածաշրջանում կնշանակվի Եվրամիության նոր հատուկ ներկայացուցիչ, որի հիմնական առաքելություններից մեկն է՝ նպաստել տարածաշրջանային հակամարտությունների, այդ թվում ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Մյուս վճռական գործողությունը, որ պիտի լինի մոտ ապագայում, դա այն է, որ Եվրամիությունն առավել ակտիվ քաղաքական դերակատարություն կստանձնի՝ ամրապնդելով երկխոսությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաեւ նպատակային բանակցություններ անցկացնելով այլ ռազմավարական գործընկերների, ներառյալ՝ Թուրքիայի հետ: Հրաշալի իմանալով, որ Հայաստանը կտրականապես դեմ է Անկարայի որևէ կարգի մասնակցությանը Ղարաբաղի հարցին, Բրյուսելն առանց վարանելու ձեռքը դնում է հենց այդ ցավոտ կետի վրա` միժամանակ դարձ կատարելով այն ակնարկին, որ բանակցային ձևաչափի փոփոխությունը յոթ սարի ետևում չէ:
Իսկ այնուհետև, ըստ օրակարգի, մտրակից հետո պիտի գա կարկանդակ բաժանելու պահը, և ԵԽ-ն խոստումների մեջ ժլատություն չի անում: Նրանք տեղեկացնում են, որ երբ կողմերը համաձայնության գան, պաշտոնական Բրյուսելը պատրաստ է դաշնակիցների հետ համապատասխան օժանդակություն տրամադրել, այդ թվում՝ ետկոնֆլիկտային սցենարներ մշակել՝ ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու համար:
Սա պետք է գնահատել իբրև Արևմուտքի մաքսիմում ծրագիրը հակամարտության գոտում: Իսկ մինիմումն առայժմ կլինի այն, որ նրանք մտադիր են շարունակել ջանքերը՝ շփման գծից դիպուկահարներին հեռացնելու, սահմանին մերձակա տարածքներում զինավարժությունները դադարեցնելու ուղղությամբ: Դա էլ կամ կստացվի, կամ չի ստացվի:
Ասվածն ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Եվրախորհրդարանում անցկացված լսումները մեծ հաշվով ոչ այնքան քննարկումներ էին, որքան նախազգուշացում այն մասին, որ Կովկասը պիտի պատրաստ լինի իր հերթական փրկչի հայտնությանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: