Պահոց | 9:50 ե.

Բարեկամների անհաշտության սահմանը

16 Հնս

Ադրբեջանն ու Վրաստանը անհարմար վիճակում են հայտնվել: Բազում անգամներ փոխադարձաբար հավաստիացրել են, որ ճանաչում են հարևան երկրի տարածքային ամբողջականությանը, բայց արդեն քանի տարի է` ձգվում է սահմանային մի վեճ, որը ոչ միայն կասկածի տակ է դնում նրանց խոսքերի անկեղծությունը, այլև շատ անգամներ ուղղակի դուրս է գալիս խնդրի նեղ շրջանակներից` ձեռք բերելով կողմերի համար անցանկալի դրսևորումներ:
Ադրբեջանն ու Վրաստանը 480 կիլոմետրանոց ընդհանուր սահման ունեն: Բայց այն պահից ի վեր, երբ մեջտեղ եկավ այդ սահմանի դեմարկացիա-դելիմիտացիայի հարցը, հանկարծ պարզվեց, որ ամբողջի նվազագույնը 180 կիլոմետրը դեռևս չհամաձայնեցված բաժանարար է: Եվ ծայր առավ անվերջանալի քննարկումների, չափագրում- հաշվարկումների, փաստարկների և դրանց հերքումների շղթան:
Երկու օր առաջ նրան աշխատանքային խմբերը վերստին հանդիպեցին պետական սահմանի սահմանազատման հարցով: Բանակցություններն այս անգամ ընթացան Վրաստանի տարածքում: Երկար-բարակ հետազոտեցին քարտեզագրության և այլ բնույթի փաստաթղթերը, կարծիքներ հայտնեցին, տարբերակներ առաջարկեցին, իսկ հետո ձեռնունայն վերադարձան ետ` մտածելով այն մասին, թե ե՞րբ է նպատակահարմար, որպեսզի հաջորդ հանդիպման օրը նշանակվի:
Եթե մի կողմ թողնենք ընդհանուր սահմանի ոչ այնքան նշանակալի և փոքրիկ հատվածները, ապա պետք է ասել, որ ադրբեջանա-վրացական վիճաբանությունը հիմնականում ծավալվում է երկու երկրների սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի` 20 վանքերից եւ բազմաթիվ քարանձավային օթյակներից բաղկացած վանական համալիրի պատկանելության հարցի շուրջ։ Հասկանալի է, որ թե Թբիլիսին և թե Բաքուն լուրջ հավակնություններ ունեն այս համալիրի նկարմամբ, որն ընդհանուր առմամբ 25 քառակուսի կիլոմետր տարածք ունեի: Եվ որպեսզի իրենց թաքուն նկրտումներն առավելագույնս հաջողվի քողարկել, կողմերն այժմ բանավեճը տեղափոխել են մեկ այլ` հոգևոր-պատմական ոլորտ: Ադրբեջանական կողմը համառորեն պնդում է, որ միջնադարյան այդ կառույցը աղվանական ծագում ունի, և այն անվանում է Քեշիքչի: Վրացիներն իրենց հերթին համոզված են, որ համալիրի վրացական պատկանելության շուրջ կասկածներ լինել չեն կարող։ Եվ խնդիրը կռվախնձորի չվերածելու համար Վրաստանն առաջարկում է սահմանը մոտ 800 մետրով առաջ տանել դեպի Ադրբեջանի խորքը, ամբողջ համալիրը ներառել Վրաստանի կազմում, իսկ դրա դիմաց պատրաստ է Ադրբեջանին փոխանցել նույն չափի մեկ այլ տարածք իր հողերից: Միայն թե Բաքվի համար սա անընդունելի փոխանակում է: Ադրբեջանցիներն այդ մասին բարձրաձայն ոչինչ չեն ասում, սակայն նրանց անհրաժեշտ է ունենալ ոչ միայն պատմական համալիրը, այլև տարածքի վրա գերիշխող դիրք գրավող այն բարձունքները, որոնք ռազմավարական տեսանկյունից չափազանց կարևոր են ու հարմար:
Մինչ այս պահը Վրաստանն իրեն տուժած կողմ է համարում: Ժամանակ առ ժամանակ տարբեր հասարակական խմբեր ու գործիչներ ահազանգում են այն մասին, որ ադրբեջանցիներն օրը ցերեկով թալանում են իրենց հողերը, սթափության կոչ են անում իշխանություններին, սակայն երևում է` պաշտոնական Թբիլիսին չի պատրաստվում մեծ աղմուկ բարձրացնել այդ ամենից, և առայժմ հանրությանը հանգստության հորդոր է կարդում: Վրացի դիվանագետները կարծում են, որ Վրաստան-Ադրբեջան սահմանի վերաբերյալ տարածքների կորուստի մասին խոսելը մեծ սխալ է: Իսկ ահա Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն հանրությանը խորհուրդ է տալիս շուտափույթ որոշումներ չկայացնել և սպասել սահմանազատման վերաբերյալ երկու երկրների միջև ընթացող բանակցությունների արդյունքներին: «Վրաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի վերաբերյալ բանակցություններն ընթացքի մեջ են և համապատասխան հանձնաժողովը բավականին ակտիվ է գործում: Մինչև աշխատանքի ավարտը դեռ վաղ է խոսել, թե որ մասն է պատկանում Վրաստանին, և որը` Ադրբեջանին»,- հայտնել է ԱԳ փոխնախարարը:
Բայց մարդիկ, այնուամենայնիվ, շարունակում են խոսել: Խոսում են, օրինակ այն մասին, որ մինչ այժմ իրականացված 69 տարածքային ուղղումներից 42-ը եղել են ի վնաս Վրաստանի, իսկ 27-ը` ի վնաս Ադրբեջանի, ինչի արդյունքում Վրաստանի տարածքային կորուստները կազմել են մոտ 293 հեկտար: Նույն մարդիկ չզլացան պատմել նաև այն մասին, թե ինչ կատարվեց, երբ հորդառատ անձրևների հետևանքով Վրաստանում հունից դուրս եկավ Ադրբեջանին սահմանակից Ալազանի գետը և ողողեց Կախեթիի շրջանի Դեդոպլիսցկարոյի շրջանին պատկանող թերակղզու մի մասը: Բանն այն է, որ հեռատես ադրբեջանացիները մշտապես աշխատանք էին տանում ափամերձ շրջանի ամրացման ուղղությամբ, ինչը չէր արել Վրաստանը: Եվ ահա գետի հունի փոփոխության արդյունքում վրացիները կորցրեցին իրենց հողերը: Ինչպես այդ մասին գրում է «Գրուզիա Online»-ը, «եթե միջոցները չձեռնարկվեն, 180 հեկտար վրացական հողեր կհայտնվեն Ադրբեջանի տարաքում»:
Ամիսներ առաջ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբաևը ադրբեջանա-վրացական բարեկամությանը նվիրված իր բոցաշունչ ելույթի ժամանակ այն միտքը հայտնեց, թե երկու հարևան երկրների սահմանի դեմարկացիա-դելիմիտացիայի հարցը իր արդիականությունը շատ շուտով կկորցնի: Նրա խորին համոզմամբ, երկու պետությունների միջև առկա գերազանց հարաբերությունների ֆոնի վրա սահմանի խնդիր չպետք է ծագեր:
Բայց այս անգամ էլ, սովորության համաձայն, Բաքվում ասում են ոչ այն, ինչ մտածում են: Խնդիրը ոչ միայն ծագել է, այլև արմատ է նետել ու շիվեր է տվել: Եվ այլևս կասկած լինել չի կարող, որ դրա պտուղները դառն են լինելու:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: