Պահոց | 5:44 ե.

Հետընտրական Թուրքիայի դեմքը

14 Հնս

Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում վարչապետ Ռեջեփ Էրդողանի կուսակցության հաղթանակը որքան էլ կանխատեսելի էր, սակայն սա դեռ չի նշանակում, թե այսուհետ ևս այդ երկիրը շարունակելու է լինել նախկինի պես և իրագործելու է նույն քաղաքականությունը, ինչ որդեգրել էր մինչ այժմ: Ընդհակառակը, երրորդ անգամ անընդմեջ հաղթանակն իր հետ բերում է միանգամայն նոր ծրագրեր, առաջ շարժվելու հնարավորություններ, փոփոխություններ իրականացնելու միտումներ: Իսկ ինչ վերաբերում է մարտավարությանը, ապա ընտրողների առավելագուն քվեները վաստակած իշխող կուսակցության համար արդեն իսկ պարզ է, որ նոր խորհրդարանը ուժերի հարաբերակցությամբ լինելու է փոքր-ինչ ավելի հավասարակշտված և, ինչն էական է, արևմտամետ:
Եթե խոսելու լինենք թվերի լեզվով, ապա Թուրքիայի 550 տեղանոց խորհրդարանը կրկին հյուրընկալում է 4 կուսակցության: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը օրենսդիր մարմին կմտնի 326 պատգամավորով` նախորդ 341-ի փոխարեն: Սա, ինչ խոսք, զգալի անկում է, մի բան, որ չես ասի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության մասին: Վերջինս նոր խորհրդարանում արդեն կներկայացնի 135 պատգամավոր` նախորդ 112-ի փոխարեն: Լուրջ հաղթանակ պետք է որակել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության ձեռքբերումը: Նրանք նախորդ խորհրդարանում ներկայացված էին 22 պատգամավորով, իսկ այժմ քրդերի թիվը կհասնի 36-ի: Մեկ հատկանշական հավելում ևս. թուրքական խորհրդարանի շուրջ 60 տարվա պատմության մեջ առաջին քրիստոնյա թեկնածուն է ոտք դնելու այնտեղ: Դա ազգությամբ ասորի Էրոլ Դոռանն է:
Նրանք, ովքեր այժմ սպասում են արագ զարգացումների, ամենայն հավանականությամբ մի փոքր կհիասթափվեն, քանի որ առջևում հետընտրական խմորումներն են: Դրանք կլինեն բուռն, կուղեկցվեն ներքին օրակարգի վերանայումներով, սակայն այդ ծանրաբեռնված ընթացքը ամեն պարագայում ընթանալու է երկու հիմնական ուղղություններով: Դրանցից առաջինը լինելու է իշխանական կուսակցության կողմից նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների հարցը, իսկ երկրորդը, որ եղել է ու կմնա իբրև հրատապ գործոն, «քրդական խնդիրն» է:
Դեռ օրեր առաջ Էրդողանն ու նրա համակիրները փոքր-ինչ այլ կերպ էին պատկերացնում երկրի հիմնական օրենքը վերաձևելու հնարավորությունը: Այժմ արդեն հստակ է, որ նրանց ծրագրերը էական շտկումների անհրաժեշտություն են զգալու: Բանն այն է, որ թեև վարչապետի կուսակցությունը հաղթանակ է տարել, սակայն չի ապահովել պատգամավորական քվեների այն քանակը, ինչը թույլ կտար միանձնյա անցկացնել սահմանադրական փոփոխությունները: Ձայների այս հարաբերակցության պայմաններում Էրդողանին այլ բան չի մնում, քան գնալ փոխզիջումների և այդ գնով ապահովել իրեն անհրաժեշտ 367 քվեները: Այլ կերպ ասած, «Արդարություն և զարգացում» կուսակցության 327 պատգամավորներ ստիպված են գտնել ևս 40 համախոհների:
Սակայն մի կողմ թողնենք Թուրքիայի ներքին հոգսերը և վերադառնանք մեր ակնկալիքներին, քանի որ հարավային հարևանի հետ չլուծված խնդիրներն այսպես թե այնպես հիշեցնելու են իրենց գոյության մասին: Եվ քանի որ շատերը հունիսի 12-ի ընտրություններն իբրև սահմանագիծ էին դիտում հետագա հստակեցումների համար, ապա միանգամայն բնական է, որ կանխատեսումներն այն մասին, թե ընտրություններից հետո Թուրքիան վերստին կվերադառնա հայ-թուրքական սառեցված հարաբերություններին, այսօր նոր շունչ են ստանում: Ավելորդ չէ մեկ անգամ ևս վերհիշել, որ վերլուծաբանների շրջանակներում կար տեսակետ, թե Թուրքիայի իշխող կուսակցությունը վերջին ամիսներին հակահայկական հռետորությունն օգտագործում էր սոսկ նախընտրական նպատակներով, իսկ սա ենթադրում էր, որ ընտրություններում տարած հաղթանակից հետո նրանք այնուամենայնիվ կխաղաղվեն ու կվերադառնան այնքան չարչրկված հայ-թուրքական արձանագրություններին:
Հարևան երկրների մերձեցման կասեցված գործընթացի վերակենդանացման հնարավորությանը մեկ անգամ չէ, որ անցնում է նմանատիպ փորձություններով: Իր ստորագրման օրից ի վեր հայ-թուրքական արձանագրությունը նախ շրջանցեց Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի փուլը, ապա դրա ավարտից անմիջապես հետո սկսվեց խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումը, և ամեն անգամ հնարավորության չափաբաժինը նվազում էր, իսկ կողմերի դիրքորոշումներում բարի կամքի դրսևորումն իր տեղը զիջում էր համառ սկզբունքայնությանը: Միակ հուսադրող բանը թերևս մնացել էր այն, որ, համաձայն շրջանառվող լուրերի, ընթանում էին հայ-թուրքական գաղտնի բանակցություններ, որոնք պիտի հող նախապատրաստեն հետագա բացահայտ առնչությունների համար: Միայն թե այժմ հայկական կողմը պիտի հաշվի առնին, որ Էրդողանի ազատ գործելու հնարավորությունները սահմանափակվել են, և նա այսուհետ ստիպված կլինի լեզու գտնել ընդդիմադիր կուսակցությունների հետ կամ, ծայրահեղ դեպքում, ապավինել քուրդ անկախ պատգամավորների բարեհաճությանը: Իսկ սա արագ չի լինի: Կպահանջվի նվազագույնը մի քանի ամիս, մինչև որ Թուրքիան նպատակահարմար կգտնի վերադառնալ հայկական խնդրին: Բայց նույնիսկ այդ պարագայում ելքը մեզ համար կարևոր է: Այս ընթացքում Հայաստանն էլ իր հերթին վերջնականապես հստակեցնի, թե արդյո՞ք Թուրքիան մտադիր է վավերացնել այդ արձանագրությունները: Եթե վերստին մեջտեղ բերվի նախապայմաններ առաջադրելու մարտավարությունը, ապա Երևանում կարող են հանգիստ խղճով լվանալ ձեռքերը և անկատար փաստաթղթերը հանձնել պատմությանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: