Մոտեցված դիրքորոշում. ի՞նչ բան է դա

13 Հնս

Այն, որ հունիսի 11–ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը աշխատանքային հանդիպում էին ունենալու Մոսկվայում, նախապես հայտնի էր: Եվ, ելնելով համանման այլ հանդիպումների արդյունքներից, այս անգամ էլ հանրությունն առանձնապես լուրջ սպասելիքներ չուներ նրանց քննարկումներից: Բոլորն այն կարծիքին էին, որ երեք նախարարներն ուղղակի հավաքվել էին` տեխնիկապես նախապատրաստելու իրենց նախագահների Կազանում կայանալիք հանդիպումը, հստակեցնելու աշխատանքային բնույթի դրվագներ: Եվ այս ամենից հետո տեղեկությունը, որ շաբաթ ուշ երեկոյան շտապ կարգով տարածեցին լրատվամիջոցները, իր բովանդակությամբ և անսպասելիությամբ չէր կարող առաջին իսկ պահից հակասական տրամադրություններ չհարուցել: ԶԼՄ-ները փոխանցում էին, որ Մոսկվայում կայացած քննարկման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային հարցերի շուրջ կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները: Այնուհետև տեղեկացվում էր, որ հիշյալ փաստաթղթի նախագիծը կքննարկվի հունիսի վերջին կայանալիք նախագահների մակարդակով հերթական եռակողմ գագաթնաժողովի ժամանակ:
Հիմա նույնիսկ դժվար է վերհիշել, թե վերջին անգամ ե՞րբ ենք առիթ ունեցել լսելու նման բառակապակցություն`« հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները»: Սովորաբար եղել է ճիշտ դրա հակառակը` դիրքորոշումները տրամագծորեն տարբերվել են և անգամ ամենաչնչին ընդհանրությունները տեղիք են տվել այլատեսակ մեկնաբանությունների:
Ինչ-որ պահի նույնիսկ կասկածներ ծնվեցին այն մասին, որ գուցե թե լրագրողները խտացրել են գույները և ցանկալին ներկայացվել է իրականության տեղ: Սակայն այդ վարանումներն անմիջապես փարատվեցին, քանի որ շատ չանցած փաստը հաստատեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը: Սա այն բացառիկ դեպքերից էր, երբ երկու երկրները պնդում էին միևնույն բանը: Կնշանակի` իսկապես համաձայնություն ձեռք է բերվել: Բայց ինչի՞ շուրջ: Ահա մի հարց, որի պատասխանը ոչ ոք այս պահին չունի: Ընդհանուր բնույթի ձևակերպումները սոսկ թույլ են տալիս խոսել առաջընթացի մասին, միայն թե դրան հաջորդած լռությունը ստեղծում է այնպիսի մի անորոշություն, որից անհնար է կռահել` առաջընթաց դեպի ու՞ր:
Այստեղ թերևս հարկ է հիշել, որ Ռուսաստանի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հանդիպումից ժամեր առաջ ակնարկել էր այն մասին, թե քննարկումներն ունենալու են «փուլային, սահմանագծային բնութագիր»: Դրանից հետո նա ասել էր, որ ներկա պահին բանակցությունների սեղանի վրա են Հինարար սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն ձեռք բերելու դեպքում հետո հերթը կգա համաձայնագրի մշակմանը` խարսխված այդ փաստաթղթի դրույթների վրա: Ռուսական կողմը նաև չափազանց թափանցիկ կերպով զգուշացրել էր, որ այս գործընթացը հետաձգելը կամ հռետորաբանությամբ զբաղվելը կգնահատվի իբրև հակում դեպի անարդյունավետություն:
Ի դեպ, նկատենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել վատ քողարկված սպառնալիքով հորդորները: Նույն բանը կրկնվեց նաև մայիսի 26-ին, Դովիլում: Այնտեղ էլ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները հակամարտող կողմերին կոչ էին անում քաղաքական կամք դրսևորել, իսկ այնուհետև զգուշացնում էին, որ «հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»: Գուցե իսկապե՞ս այս անգամ Հայաստանն ու Ադրբեջանը լուրջ վերաբերվեցին հզորների նախազգուշացմանը: Ամեն դեպքում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծես թե հարկ համարեց սա ընկալել ի գիտություն: Նրա վերջին ելույթը էականորեն տարբերվում էր նախորդներից: Բացի այն, որ Ալիևը գտնում էր, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման համար այժմ բարենպաստ պայմաններ են ստեղծվել, նա նաև խոստովանում էր, որ անձամբ իր համար «համանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը շատ լուրջ ազդակ էր»: Նախկինում նա երբեք նման բան չէր ասել, թեև այդ նույն ղեկավարները ճիշտ նույն բովանդակությամբ այլ հայտարարություններ ևս արել էին:
Ասվածին պետք է հավելել նաև այն, որ Ադրբեջանի կարծիքով այժմ խնդրին առնչվող մի շարք դրույթներ ամբողջովին բխում են Ադրբեջանի շահերից։ Դրանցից կարևորագույնը Բաքուն գնահատում է այն, որ միջնորդներն անընդունելի են համարում ներկայիս ստատուս քվոն: Եվ հենց սա է, որ իրավունք է տվել Ալիևին մի հերթական անգամ վերջնագիր ներկայացնել Երևանին ու շահագրգիռ երկրներին. «Իմ համոզմամբ, այս փուլում քննարկվող տարբերակը խաղաղ կարգավորման վերջին հնարավորությունն է, որը մենք պետք է օգտագործենք»։
Վերջին է սա, թե՞ հերթականը, պարզ կդառնա մի քանի օրից` Թաթարստանի մայրաքաղաքում կայանալիք հանդիպմանը: Գուցե և կատարվի հրաշքը և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հավանություն տան Մադրիդյան հիմնարար սկզբունքների վերջնական տարբերակին: Հատկանշականն այն է, որ հայկական կողմը նույնպես բավարար չափով ոգևորված է այս հեռանկարով, և դա առավել ակնհայտ դարձավ օրերս նախագահ Ս. Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի պատվիրակության հանդիպման ժամանակ: Միայն թե այս համընդհանուր լավատեսության ֆոնի վրա, որտեղ բոլորը հաղթողներ և շահողներ են, որտեղ դիրքորոշումները մոտեցված են ու հարաձայնությունները` հարթված, ակամա հարց է ծագում` իսկ ո՞վ է լինելու պարտվողը…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել մեկնաբանություն