Պահոց | 10:09 ե.

Վեհափառն այլընտրանք չունի

10 Հնս

Այսօր մեկնարկում է Ամենայն Հայոց կաթողիկոսը Գարեգին Երկրորդի միջեկեղեցական և հովվապետական վեցօրյա այցը Վրաստան` Վրաց Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հրավերով: Անկեղծ ասած, մի փոքր զավեշտական է հնչում հյուրընկալվելու այդ ձևակերպումը, եթե վերհիշենք, թե ինչ գնով հաջողվեց իրականություն դարձնել կաթողիկոսի ուղևորությունը: Հազվադեպ է պատահում, երբ հյուրերն իրենք են համառորեն ծեծում ուրիշի դուռը` ամեն գնով այնտեղ մուտք գործելու մտադրությամբ: Իսկ մեր կաթողիկոսի պարագայում հենց այդպես էլ կար: Գարեգին Բ-ի այցը Վրաստան պետք է կայանար դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին, սակայն այդ ժամանակ հայտարարվեց, որ վրացական կողմի առաջարկությամբ այցը կտեղափոխվի նոյեմբերի երկրորդ կես: Ի վերջո, ոչ նոյեմբերին, ոչ էլ դրանից հետո նշանակվող ու փոփոխվող նոր ամսաթվերին Հայաստանյայց եկեղեցու առաջնորդին չհաջողվեց հատել սահմանը: Իսկ հիմա, պարզվում է, որ կարոտալի հյուրը կարող է նույնիսկ եղածին գումարել հովվապետական այցը: Առաջիկա օրերին Հայոց հայրապետը հանդիպումներ կունենա Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու, ինչպես նաև Վրաստանում հավատարմագրված դիվանագետների, կրոնական համայնքների առաջնորդների, վրաց և հայ մտավորականության հետ: Հունիսի 12-ին Նորին Սրբության ձեռամբ կվերաօծվի Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցին: Իսկ հունիսի 13-15-ը վեհափառը` վրաց պատրիարքի ուղեկցությամբ, Թբիլիսիից կմեկնի Ջավախք, ուր կայցելի Ախալցխա, Ախալքալաք, Գանձա, Ասպինձայի, Նինոծմինդայի ու Ծալկայի շրջկենտրոններ: Սա պիտի համարվի ամենագլխավոր և պատմական քայլը: Հիշեցնենք, որ 1894-ից ի վեր (երբ Խրիմյան Հայրիկը այցելեց Ջավախք), հայոց որևէ կաթողիկոս պաշտոնական այցով Ջավախքում դեռևս չի եղել:
Եվ, այնուամենայնիվ արժե մեկ անգամ ևս մտաբերել, թե ինչեր հաջորդեցին այս ուղևորությանը: Մի քանի հետաձգումների փաստից նյարդայնացած և վիրավորված հայ հոգևորականությունը այս տարվա մարտին Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված ժողովում լրջորեն քննեց խնդիրը և որոշում կայացրեց ամեն գնով հասնել այն բանին, որպեսզի հունիսին այցը կայանա: Խնդրին միջամտեցին նաև դիվանագետները: Ապրիլի վերջին անընդհատ ինչ-որ պատրվակներ հորինող և գերզբաղված ձևացող Իլիա Երկրորդն ի վերջո ընդունեց Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու եկեղեցիների հարաբերություններին առնչվող հրատապ հարցեր, այդ թվում` Վրաստանում ներկայացված ավանդական դավանանքների եկեղեցիներին իրավաբանական կարգավիճակ տրամադրելու խնդիրը: Ու երբ պարզ դարձավ, որ այլևս փոփոխություններ չեն լինելու, Էջմիածինը անմիջապես նախահարձակ եղավ` տեղեկացնելով, որ Թբիլիսի հասնելուն պես բարձրացվելու են բոլոր խնդիրները, այդ թվում` նաև հայկական եկեղեցիների և Ս. Նորաշենի հարցը, որոնք «անհրաժեշտ են քաղաքական տեսանկյունից»: Վերջին որակումը չափազանց հատկանշական էր: Հոգևոր դաշտից քաղաքական դաշտ տեղափոխվելու ակնարկը խորացնում և սրում էր հարաբերություններում առկա դրամատիզմը` իր հերթին վրացական կողմին զգուշացնելով հնարավոր հետևանքների մասին: Այդ շրջանում նույնիսկ կաթողիկոսն ինքը անհրաժեշտ համարեց հանդես գալ հարցազրույցով: Անդրադառնալով Վրաստանում հայկական եկեղեցիների կարգավիճակի խնդրին, նա հույս հայտնեց, որ ջանքերը կպսակվեն հաջողությամբ ոչ միայն Վիրահայոց թեմի գրանցման, այլև Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիների վերադարձման հարցում: Վեհափառը նշեց, որ Վիրահայոց թեմից պահանջ է ներկայացվել Վրաստանի իշխանություններին` հետ ստանալու Վրաստանում գտնվող 6 հայկական եկեղեցիները, որպեսզի դրանք դառնան գործող ու ծառայեն թեմին: Այժմ թեմը սպասում է պատասխանին:
Ինչ խոսք, վրացական կողմը տեսնում և զգում է այս համառության ճնշումը: Չի կարելի ասել, թե նրանք գտել են վերջնական լուծման բանալին: Այդ իսկ պատճառով էլ շատերի պարզաբանումների մեջ նկատելի են մանևրելու, խուսանավելու միտումները: Ինչպես վիճելի եկեղեցիների, այնպես էլ Հայ Առաքելական եկեղեցուն իրավաբանական կարգավիճակ տալու հարցերի առնչությամբ վրաց միտրոպոլիտ Գերասիմն ասում է. «Տվյալ փուլում ոչինչ չեմ կարող ասել վիճելի եկեղեցիների մասին: Երբ պատվիրակությունը ժամանի, կնշվեն քննարկվող հարցերը: Ինչ վերաբերում է իրավաբանական կարգավիճակին, դա պետության գերակայությունն է: Իր հերթին Վրացական պատրիարքությունը դեմ չէ, որ հայկական, կաթոլիկ, հրեական համայնքները կարգավիճակ ունենան Վրաստանում»:
Դեմ չեն: Բայց արի ու տես, որ ոչինչ անել չեն կարող: Դրա համար նրանք շատ տեղին պատրվակ ունեն: Ինչպես բացատրում է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, Վրաստանում օրենքը, որը կարգավորում է կրոնական հարաբերությունները, առայժմ ընդունված չէ: Կնշանակի` խնդիրը միայն հայկական եկեղեցուն չի վերաբերում, քանի որ այդպիսի հարց առաջադրում է նաև Վրաստանում կաթոլիկ եկեղեցին եւ մյուս կրոնական հաստատությունները: Եվ ուրեմն թող հայերն էլ մյուսների օրինակով սպասեն, մինչև որ օրենքը կլինի: Կամ չի լինի ընդհանրապես:
Գալով Գարեգին Երկրորդի առաքելությանը, նշենք նաև, որ նրա ուղեբեռում միայն կրոնական խնդիրներ չեն: Վրաստան ճանապարհվելուց առաջ մի շարք հասարակական կազմակերպություններ ու կառույցներ նրան դիմեցին պահանջ-դիմումներով` կոչ անելով անհապաղ այդ երկրի իշխանությունների առաջ բարձրացնել շատերին հուզող հարցերը: «Երկիր» միությունը վեհափառին հիշեցրեց, որ Վրաստանի իշխանությունները հետզհետե խստացնում են իրենց քաղաքականությունը վիրահայության ու ջավախքահայության նկատմամբ, վրացերենի իմացության բարելավման պատրվակով միջոցներ են ձեռնարկվում հայոց լեզուն հանրային կիրառությունից հանելու ուղղությամբ, և դա անտեսելն ու շրջանցելը այլևս անթույլատրելի է: «Լեռնաշխարհ» միությունն ու Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդը անվերապահորեն պահանջեցին. «Եթե գալիս եք՝ պետք է բարձրանաք Սուրբ Նշան եկեղեցի: Գիտեք, որ այն վրացականացման շեմին է, և հավանաբար Ձեր այցելության ձգձգման խնդիրն էլ այդ է եղել»: Իսկ ահա ջավախահայությունը այցի նախօրյակին հանրագրով դիմեց կաթողիկոսին: Հանրագրում մասնավորապես ասվում էր. «Մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում Ձեզ Վրաստանի Հանրապետություն կատարելիք այցի ընթացքում, վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլիա Երկրորդի և Վրաստանի պետական այրերի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի նկատմամբ քաղաքական հետապնդման, ապօրինի ձերբակալության, դատավարության, բանտարկության թեման»: Հանրագիրը ստորագրել էին 1200-ից ավելի մարդ՝ Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Բորժոմի և Ծալկայի շրջանների հայեր:
Այսքանից հետո Գարեգին Երկրորդն ու նրան ուղեկցող պատվիրակության անդամները պարզապես պարտավոր են դատարկաձեռն ետ չվերադառնալ: Հակառակ պարագայում թե վեհափառի և թե եկեղեցու հեղինակությունը հանրության աչքում կարող է լրջորեն սասանվել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: