Պահոց | 6:45 ե.

Եվրոպական հայացք Կենտրոնական Ասիային

9 Հնս

Վիեննայի «Հոֆբուրգ» կոնգրես-կենտրոնում մեկնարկած Համաշխարհային տնտեսական իններորդ համաժողովն իր պայմանական կարգախոսով հուշում էր աշխարհի նոր հայացքի ուղղությունը: «Գործարարներ, դեմքով դեպի արևելք»,- կոչ էր անում այդ կարգախոսը` նախ և առաջ նկատի ունենալով այն ընդհանուր կացությունը, որն այսօր առկա է Արևելյան Եվրոպայից մինչև Կովկաս ու Կենտրոնական Ասիա փռված տարածաշրջանում: Հանդիպման վայրի ընտրությունը ևս պատահական չէր: Ավստրիան Եվրոպայի ու Ասիայի միջև կարևոր խաչմերուկ է դիտվում, և այդ կետից ավելի տեսանելի պիտի լիներ երկու բևեռների թե ընդհանրությունները, թե տարբերությունները:
Համաժողովը, որ նաև մի երկրորդ` «Ընդարձակելով ինովացիայի սահմանները» խորագիրն ուներ, իր հարկի տակ էր մեկտեղել է 67 երկրների կառավարությունների, գործարար աշխարհի, գիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության ավելի քան 500 ներկայացուցիչների: Երկօրյա քննարկումների առանցքային թեմաներն առնչվում էին էներգետիկ, առողջապահական, տնտեսական անվտանգության խնդիրներին, ինչպես նաև ենթակառուցվածքային, կիբեռ անվտանգության, մրցունակության բարձրացման հարցերին: Այս բոլորն ինչ խոսք, կարևոր էին: Սակայն հարցրի հարցը պիտի լիներ այն, թե ինչպես և դեպի ուր է պետք շարժվել հետցնցումային ժամանակում: Մեծ մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը այժմ բոլորին ստիպել էր վերանայել ոչ միայն նախկինում որդեգրած խաղի կանոնները, այլև ճիշտ արձագանքել գլոբալ զարգացման ներկա փուլում ի հայտ եկած բարդ խոտորումներին: Իսկ դրանք ծնունդ առան ինչպես համաշխարհային տնտեսական ճգնաժամի, այնպես էլ արաբական աշխարհում անակնկալ «գարնանային վարարումներից», Ճապոնիայում տեղի ունեցած աղետներից հետո` ցուցադրելով անառողջ աշխարհի այն խոցերը, որոնք շտապ վիրահատական միջամտության կարիք էին զգում:
Մի բան ակնհայտ էր. բոլոր տնտեսությունները կառուցվածքային բարեփոխումների կարիք ունեն, մասնավորապես աշխատանքի, ծառայությունների շուկայում: Այժմ արդեն նախկինը չեն կարող լինել պահանջները ատոմային և վերականգնվող էներգետիկայի, սոցիալական և նորարարական ծրագրերի բնագավառում տարվող քաղաքականության մեջ: Հարկ է արագորեն արձագանքել փոփոխվող դեմոգրաֆիական իրավիճակներին: Այդ իսկ պատճառով էլ Վիեննայի համաժողովում ելույթ ունեցողները ջանում էին բացահայտել առկա կարողություններն ու հնարավորությունները, որ դեռևս ունի Եվրամիությունը, իսկ դրա հետ մեկտեղ հստակեցնել իրենց ակնկալիքներն առավել թույլ զարգացած և փոքր պետություններից` Եվրամիությանն ավելի սահուն ինտեգրվելու, ենթակառուցվածքները բարելավելու առումով: «Կենտրոնական Ասիան ու Եվրոպան ունեն ընդհանուր շահեր ու հետաքրքրություններ և դիմակայում են ընդհանուր մարտահրավերների: Տարածաշրջանների միջև ավելի արդյունավետ համագործակցությունը շատ կարևոր է: Բոլոր տարածաշրջանները հետաքրքրված են կայունության ապահովմամբ ու տնտեսական զարգացմամբ: Կայուն, հուսալի և կանխատեսելի պետական կառուցվածքը ներդրումների ապահովման միջավայրի բարելավման բանալին է»,- իր ելույթում շեշտեց Ավստրիայի դաշնային կանցլեր Վերներ Ֆայմանը:
Գործարար ու քաղաքական աշխարհների համար հիմա այլևս երկրորդական խնդիր չէ ինտելեկտուալ ռեսուրսների օգտագործման նպատակով ավելի բարենպաստ պայմանների ստեղծման հարցը, որն իր արդյունքում շահաբեր կլինի երկու տարածաշրջանների համար էլ: Միտքը, որ նորարարությունը տնտեսական աճի ու զարգացման շարժիչ ուժն է, հիմա քչերի համար է օտար փաստարկ դիտվում: Իսկ երբ այդ գաղափարները հնչում են այնպիսի մարդկանց շուրթերից, ովքեր քաղաքական որոշումների վրա ունեն ազդեցություն և ունակ են ձևավորելու բարենպաստ նախադրյալներ, այդ պարագայում երևույթը դադարում է սոսկ դատողություն մնալ:
Ինչ-որ իմաստով Համաշխարհային տնտեսական համաժողովը կարելի էր անվանել ծանոթություն աշխարհագրության հետ: Կարծես դրա մասնակիցները նորովի էին իրենց համար բացահայտում Կենտրոնական Ասիան` զուգահեռաբար հստակեցնելով, թե այն ինչ ունի իրենց առաջարկելու: Հին Աշխարհն այլևս նեղ է գալիս մեծ թռիչքների համար, պահանջում է ընդարձակում, նրա դեմոգրաֆիական պատկերն ու ռեսուրսները չեն կարող մտահոգության պատճառ չդառնալ, իսկ սա տրամաբանորեն թելադրում է մտածել այլ շուկաների մասին, լուրջ ներդրումներ կատարել այնտեղ և ստեղծել նոր աշխատատեղեր:
Իր հերթին Համաշխարհային բանկն այս օրերին հրապարակեց «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցը: Ըստ այդ զեկույցի, Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժն ու քաղաքական ցնցումները Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում փոքր-ինչ դանդաղեցրել են համաշխարհային արդյունաբերության ու առևտրի զարգացման տեմպերը: Այնուամենայնիվ, կա համոզմունք, որ համաշխարհային տնտեսությունն աճում է ավելի արագ, քան կանխատեսվել էր: Այս աճի հիմնական հատվածը բաժին է ընկնում զարգացող երկրներին: Տեմպերն այդ երկրներում կրկնակի ավելի կլինեն, քան զարգացած տնտեսությամբ երկրներում: Զեկույցի հեղինակները կարծում են, որ որպես հետևանք` աշխարհի տնտեսական աճի գրեթե 46 տոկոսը 2011 թվականին կգա հենց զարգացող երկրներից:
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի երկրներին, ապա սպասվում է, որ մոտակա երեք տարիների ընթացքում մեր տարածաշրջանում տնտեսական աճը կլինի միջինը 4,5 տոկոս: Սա կախված կլինի հումքի բարձր գներից ու Ռուսաստանում և Եվրամիությունում տնտեսական վերականգնման հետևանքներից: Եթե, օրինակ նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանում կանխատեսվում է 4,2 տոկոս աճ ու ֆինանսական վիճակի բարելավում, ապա Հայաստանում ու Վրաստանում տնտեսությունները չափազանց զգայուն կլինեն շուկայի տրամադրությունների նկատմամբ այն պատճառով, որ նրանց բյուջեի պակասուրդը մեծ է: Այնպես որ, մեզ վիճակված է դարձյալ մի քանի տարիների համբերատարություն, եթե, իհարկե, երկիրը գտնվի հուսալի ձեռքերում, իսկ այդ երկրի բախտը տնօրինող կառավարիչները չտանեն մեզ «ի փորձություն»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

«Բացառիկ», «եզակի», «բեկումնային»….

9 Հնս

Պահպանելով դեպի զարգացում տանող դեպքերի հաջորդականությունը, այս օրերին տարածաշրջանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանք նոր առաջարկներ չեն բերել: Հանդիպումների ընթացքում քննարկումներ են ընթանում նախկին առաջարկների շուրջ: Ավելի ուշ` հունիսի 11-ին, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կհավաքվեն Մոսկվայում: Եթե վստահելու լինենք այդ առթիվ տարածված տեղեկատվությանը, վերջիններս իրենց նախագահներից հանձնարարություն են ստացել` լուծել Սոչիի հանդիպումից հետո մնացած հարցերը: Ոչինչ նոր չէ, անակնկալ քայլեր չեն արվել, և այնուամենայնիվ բոլորը խոսում են հունիսի 25-ին Կազանում սպասվող մեծ բեկումի մասին: Ընդ որում, այդպես ասում են նաև նրանք, ովքեր քիչ թե շատ մոտ են կանգնած խնդրին, գիտեն ոչ միայն դրա էությունը, այլև այնպիսի մանամասներ, որոնց մասին լայն հանրությունն անտեղյակ է: Այսպես, Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարում է, թե գործընթացն ակտիվացել է և կարելի է արագ արդյունքներ ակնկալել: Նույնն է պնդում ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն. «Ներկայումս խնդրի խաղաղ կարգավորման եզակի հնարավորություն է ստեղծվել, և կողմերը չպետք է բաց թողնեն այս հնարավորությունը, քանի որ այս հակամարտությանն այլ լուծում չկա»: Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն իր հերթին է կարծիք հայտնում, թե Ղարաբաղյան գործընթացում «ճեղքման դրական նշաններ» է տեսնում` միաժամանակ ողջունելով Ադրբեջանի «վճռական ու լավատեսական» դիրքորոշումը այդ առնչությամբ: Իսկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից ասվում է, որ վերջին ժամանակներս շատ դրական ազդանշաններ են երևան եկել, որոնք հնարավորություն են տալիս արդյունքներ սպասել: Նրանք նույնիսկ չեն բացառում, որ նախագահները կստորագրեն արձանագրություն կամ ինչ-որ մի այլ փաստաթուղթ։ Արդեն ասվածին իր լուման է բերում նաև ամերիկյան Heritage վերլուծական կենտրոնը` խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման «բացառիկ հնարավորության» մասին: Միաժամանակ, ամերիկացի վերլուծաբանները գտնում են, որ հայկական կողմը կարող է կորցնել այդ հնարավորությունը, քանի որ «ավելի անզիջում է»:
Ինչպես տեսնում ենք, համատարած օպտիմիզմ է ու պայծառ հույսերի առատություն: Առայժմ միայն Հայաստանն է, որ անթափանց լռություն է պահպանում և էական ոչինչ չի ասել Կազանում սպասվող շրջադարձերի մասին: Փոխարենն այստեղ վերապահությամբ են լսում մյուսների ոգևորիչ բացականչությունները` փորձելով հասկանալ դրանց նպատակը: Ոմանք կարծում են, թե ավելորդ լավատեսությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդամենը ձգտում են ցույց տալ, թե իբր լուրջ ջանքեր են գործադրում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման գործում: Իսկ իրականում միանգամայն հնարավոր է, որ սա սոսկ ընդհանուր դիվանագիտական բանաձև է, որի նպատակն է հերթական անգամ հիշեցնել արդյունքների ակնկալիքի մասին: Մինչդեռ բոլորին է հայտնի, թե որքան դժվարությամբ է գործընթացն առաջ ընթանում` միմյանց հակասող սկզբունքների առկայության պայմաններում: Ավելորդ է հիշեցնել նաև այն մասին, որ հիմնարար սկզբունքների համաձայնեցումը դեռևս չի նշանակելու խաղաղ համաձայնագրի ձեռքբերում։ Եթե անգամ դրանք ընդունվեն, ապա երկար ամիսներ են պահանջվելու համաձայնագրի վրա տարվող աշխատանքները վերջնական տեսքի բերելու համար:
Հայաստանում նաև այն կարծիքին են, որ սխալ է պնդելը, թե իբր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դովիլյան հայտարարությունում ամեն ինչ բխում է հայկական կողմի շահերից: Հիշեցնելով, որ նրանց հայտարարության մեջ ասվում էր, թե կողմերը պետք է աշխատանք սկսեն առկա փաստաթղթերից ինչ-որ մեկի վերամշակման ուղղությամբ, ոմանք համոզված են, որ առկա փաստաթղթերից և ոչ մեկի մոդիֆիկացումը չի արտահայտում մեր տեսակետը: Այս կացությունից դուրս գալու մի քանի ելքերից է համարվում նաև այն ծայրահեղ քայլը, համաձայն որի հայկական կողմը պետք է ինչ-որ փուլում դուրս գա բանակցություններից և պնդի դրանք զրոյից սկսելու անհրաժեշտությունը, ընդ որում` արդեն Ստեփանակերտի մասնակցությամբ:
Ի դեպ, օրերս ԼՂՀ ներկայության անհրաժեշտության մասին խոսեց նույնիսկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը` նկատելով, որ չնայած հրադադարի հաստատման համաձայնագրի տակ կա երեք կողմի ստորագրություն` Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ, այնուամենայնիվ պաշտոնական Բաքուն ամեն կերպ խուսափում է Ստեփանակերտի հետ երկխոսությունից` դրանով իսկ խուսափելով «Ղարաբաղի իրավասուբյեկտությունը ճանաչելուց»: Իսկ դիվանագետը գտնում է, որ բանակցությունների ներկայիս ձևաչափի պարագայում անգամ անհրաժեշտ է հաշվի նստել Ստեփանակերտի կարծիքի հետ: «Որևէ բան առանց Ստեփանակերտին տեղյակ պահելու չի կատարվում: Երբ գործը հասնի կոնկրետ արդյունքներին, Ղարաբաղն էլ պետք է ընդունի դրանք»,- ասաց Կասպրչիկը:
Ապագա զարգացումների մասին ենթադրություններ անելու ժամանակ դեռ կա: Իսկ այս օրերին հասարակության ուշադրության կենտրոնում երկու այլ դրվագներ են, որոնք հմտորեն մեջտեղ բերվեցին և դարձան բուռն քննարկումների առարկա: Դրանցից առաջինի հեղինակը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն էր, ով հանկարծ որոշեց խոսել խաղաղապահ ուժերի տեղակայման մասին: Ըստ նրա, կողմերի միջև արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել խաղաղապահ ուժերի մասին, որոնք տեղակայվելու են Լեռնային Ղարաբաղում, և դրանք չեն լինելու ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից, ոչ էլ տարածաշրջանի երկրներից: Հայտնի փաստ է, որ Հայաստանը կտրականապես դեմ է արտահայտվում ամեն կարգի օտար ռազմական միավորների ներկայությանը տարածաշրջանում, և այդ իմաստով Մամեդյարովի այս «բացահայտումը» որոշ իմաստով կասկածելի է թվում:
Հաջորդ դրվագը, որ հրապարակ եկավ օրերս, վերաբերում է ԼՂՀ ժամականավոր կարգավիճակին, որը Մադրիդյան սկզբունքներով նախատեսվում է սահմանել մինչև հանրաքվեի անցկացումը: Ահա սրա մասին նույն Անջեյ Կասպրչիկը հայտարարեց, թե այդ կարգավիճակը չպետք է ավելի ցածր լինի, քան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս կարգավիճակն է: Այդ պարագայում անհրաժեշտ կլինի հիշյալ ժամականակավոր կազմավորման միջազգային ճանաչումը: «Շրջանակային համաձայնագրի ընդունումից հետո մանրամասների շուրջ բանակցություններ կընթանան»,- կարծում է Կասպրչիկը: Այստեղ ավելորդ չէ վերհիշել այն հին թեզը, ըստ որի Մադրիդյան սկզբունքներով առաջարկվող «ժամանակավոր կարգավիճակն» այսպես կոչված «ներկայիս կարգավիճակ գումարած միջազգային ճանաչում» բանաձևն է ենթադրում: Սակայն սրա հետ մեկտեղ նկատենք նաև, որ նախագահներ Օբամայի, Սարկոզիի և Մեդվեդևի հայտարարություններում «հանրաքվե» տերմինը չի օգտագործվում, փոխարենը տրված է «իրավական պարտադիր հետևանք առաջացնող կամարտահայտություն» ձևակերպումը: Թե ինչպիսի անակնկալներ հետագայում կարող է մատուցել այս տարբերությունը, դժվար է ասել: Էականն այս պահին այն է, որ Կազանի բանակցություններից առաջ ամենքն էլ մի վերջին անգամ հստակեցնում են իրենց դիրքորոշումները և «մարտադաշտ» գնում «ոչ մի քայլ ետ» կարգախոսի ուղեկցությամբ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Վրաստանի տիկին ընդդիմությունը

9 Հնս

Որքան էլ ջանանք Վրաստանի ընդդիմադիր «Ժողովրդական ժողով» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի քաղաքական գործունեությունը դիտարկել միայն ներկա զարգացումների ֆոնի վրա, դարձյալ անհրաժեշտություն է ծագելու հետադարձ հայացք նետել դեպի ոչ հեռու անցյալը, երբ Արևմուտքի սցենարի հնազանդ դերակատարը «Վարդերի հեղափոխության» ալիքների հետ վրացական իրականություն էր ներմուծում հասարակական գործչի նորագույն տիպարը` հիմնված այլ արժեհամակարգի և այլ պատկերացումների վրա: Սակայն ժամանակն անցավ, և իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարներից մեկը վերստին հայտնվեց ընդդիմության շարքերում` այս անգամ պայքարի մեջ մտնելով երեկվա իր դաշնակիցների ու համախոհների հետ: Պետք էր կարծել, որ նման անհատական շրջադարձը որոշակի շտկումներ կմտցներ ինչպես անձի աշխարհընկալման, այնպես էլ նրա հետագա գործողությունների որակական շերտերում: Բայց արի ու տես, որ հին սերմերն ամուր ծիլեր էին տվել, և այժմ էլ Բուրջանաձեն շարունակում է հավատարմություն պահպանել նախկին հավատամքին` դրանով իսկ լինելով կանխատեսելի և մնալով արտաքին ազդակների կախյալը:
Մայիսյան ընդվզումները, նախագահ Սահակաշվիլու վարչակազմի կողմից անհնազանդների ճնշումները բացահայտեցին ոչ միայն երկրում առկա հակասությունները, այլև ի հայտ բերեցին Բուրջանաձեի հեղափոխական պատկերացումների ճշմարիտ նկարագիրը: Ասվածի լավագույն ապացույցը դարձավ նրա սկանդալային հեռախոսազրույցը, որտեղ տիկին ընդդիմությունը որդու հետ խոսում էր պետական հեղաշրջման ծրագրի մասին: Ձայնագրությունից պարզ էր դառնում, որ Բուրջանաձեի համար ընդունելի էր իրադարձությունների եգիպտական տարբերակով զարգացումը` 400-500 զոհերի արյան գնով: Գունավոր հեղափոխությունների սիրահարն այս անգամ էլ իր նախընտրած երագն էր ցանկանում հավելել կայուն ներկապնակին:
Սակայն Սահակաշվիլու համար էականը դարձավ ոչ թե դա, այլ նույն հեռախոսազրույցի այն հատվածը, որտեղ ասվում էր Ռուսատանի հետ հարաբերությունների զարգացման մասին: «Բուրջանաձեի և նրա համակիրների թիկունքում կանգնած են կայսերական մեծ հավակնություններ ունեցող երկրի (Ռուսաստանի) մեծ բանակը, անվտանգության մեծ ծառայությունը, կաշառքի ու նավթի մեծ պաշարները, ինչից էլ նրանք կորցնում են գլուխները: Եթե իշխանափոխության պլանների հղացումը վերաբերեր միայն տեղական ոչնչություններին, ապա ես նրանց լուրջ չէի ընդունի: Բայց երբ մենք գիտենք, թե ովքեր են կանգնած այդ պլանների ետևում, լուրջ ենք ընդունում նահանջել չցանկացող այդ ուժերին»,- անմիջապես հակադարձեց նախագահը:
Լիովին դեպի Միացյալ Նահանգներ հակված Սահակաշվիլին պիտի հասկանար, որ իր հակակշիռը այլ կերպ լինել չէր կարող: Ընտրությունն ամեն դեպքում կանգ էր առնելու Մոսկվայի վրա, և սա վրացական կողմնորոշումների նոր` Բուրջանաձեի բևեռն է: Կոփված ընդդիմադիրը, որն արդեն մեկ անգամ հասել էր իշխանության դրսի ուժերի աջակցությամբ, երկրորդ փորձը իրականացնելիս վերստին պիտի դաշնակիցներ փնտրեր Վրաստանի սահմաններից դուրս: Իսկ Ռուսաստանն իր հերթին չէր հրաժարվի փաղաքշել նրան, ով պատրաստվում է երկրի ներսում հարվածել հակառուս ուժերի ողնաշարին: Միակ դժվարությունը կայանում էր նրանում, որ հասարակության հիշողության մեջ դեռ չէին սպիացել 2008-ի օգոստոսի վերքերը, և մեծ համարձակություն էր պահանջվելու նրանց հետ խոսել ռուսների հետ ձեռք-ձեռքի տալու հեռանկարի մասին: Սակայն Բուրջանաձեն գտավ նաև այդ ձևը: «Սահակաշվիլին միայն հակառուսական հիստերիայից է կառչում: Նա ստիպված կլիներ հորինել ռուս-վրացական կոնֆլիկտը, եթե այն իրականում չլիներ,- հայտարարում էր նա, իսկ ռուսների հետ իր սերտացած կապերի մասին հետևյալն էր ասում:- Վերջին տարվա ընթացքում ես Մոսկվայում եղել եմ ընդամենը երեք անգամ: Սահակաշվիլու էմիսարները շատ ավելի հաճախ են լինում ՌԴ-ում: Նրանք Ռուսաստանի իշխանություններին առաջարկում են ամեն ինչ, միայն թե իրենց իշխանությանը ոչինչ չսպառանա»:
Այս խոսքերն ակամա մատնում էին թե նրան, թե Սահակշվիլուն այն իմաստով, որ երկուսի պարագայում էլ երկրի ապագան պայմանավորվում էր հյուսիսային հարևանի կամեցողությամբ: Ի դեպ, ավելորդ չէ վերհիշել, որ մեկ տարի առաջ Բուջանաձեն նույնի առիթով ստիպված եղավ վերստին բացատրություն տալ, երբ հերթական անգամ ուղևորվում էր Մոսկվա: «Ռուսաստանն առաջին հերթին հարևան երկիր է, որի հետ պետք է հարաբերություններ հաստատել: Այն ժամանակ, երբ ընդդիմությունը զբաղվում է առաջիկա ընտրություններով, իսկ իշխանությունները զբաղվում են ընդդիմության դեմ «սև PR-ով», ես մեծ քաղաքականությամբ եմ զբաղվում»,- ասել էր նա: Մեծ թռիչքների ու մեծ անկումների սովոր տիկինը այսօր էլ շարունակում է պնդել, որ ինքն իրականում վրացամետ գործիչ է, ով կարծում է, որ Վրաստանի համար սկզբունքորեն կարևոր է ռազմավարական ու սերտ համագործակցություն ունենալ արևմտյան երկրների հետ, լրջորեն ինտերգվել արևմտյան կառույցներին, բայց միաժամանակ նորմալ կապեր պահպանել Ռուսաստանի հետ:
Հաշվի առնելով նրա ծավալած գործունեության ընդգրկման տարածքները, դժվար չէ կռահել, որ այն դեռ լինելու է շարունակական ու երկարատև: Բուրջանաձեն այսօր վստահ է, որ Վրաստանի իշխանությունները վախենում են իրեն կալանավորել: «Եթե ինձ ձերբակալեն, բանտից իբրև հերոս դուրս կգամ»,-ասել է նա, մինչդեռ հերոսականության լուսապսակը չէ դրա իրական շարժառիթը: Ի վերջո, Բուրջանաձեի պես քաղաքական ֆիգուրների ներկայությունը միշտ էլ ձեռնտու է եղել բոլոր կողմերի համար` լինի դա Արևմուտք թե Ռուսաստան: Սա շատ հարմար դագանակ է Սահակաշվիլուն մշտապես հնազանդ պահելու համար, և հավասարակշռման գործոն է ցանկացած բարդ իրավիճակում: Ու եթե հիմա նա մերթ Մոսկվայում է, մերթ Կիևում, իսկ վաղը պատրաստ է ուղևորվել Եվրոպայի խորքերը, իր բառերով ասած` Բրյուսել կամ մեկ այլ մայրաքաղաք, որպեսզի եվրոպացի քաղաքական գործիչներին «ճշմարտությունը պատմի Վրաստանում իրականացվող հալածանքների և մայիսի 26-ին Թբիլիսիում խաղաղ ակցիան ցրելու մասին», ապա լսարանի պակաս Բուրջանաձեն երբեք չի ունենա: Նրա խոսքերն այնտեղ կլսեն, կմտապահեն ու անհրաժեշտության դեպքում դրանք կօգտագործեն հենց Վրաստանի դեմ:
Մայիսյան իրադարձություններից հետո վերջնականապես հստակ է դարձել, որ այդ երկրում արագ բռնկվող և նույնքան էլ արագ մարող ընդդիմության կրակը վառ պահելու համար գլխավոր խաղադրույքը կատարվել է Նինո Բուրջանաձեի վրա: Մինչև մոտակա ընտրություններ նրան է վերապահվելու այդ ծանր բեռը կրելու իրավունքը: Իսկ նա իր հերթին հաճույքով է ստանձնել վեր նշված մտադրությունների իրագործումը` «վրաց ժողովրդի հետ միասին, այն մեթոդներով, որ ընդունված են քաղաքակիրթ երկրներում»: Վերջին շեշտադրումը խիստ էական է, քանի որ քաղաքակիրթ աշխարհը ուշի ուշով հետևելու է մեթոդների անսխալ գործադրմանը: Իսկ երբ այժմ Բուրջանաձեն ասում է, թե պայքարելու է մինչև վերջ, եթե անգամ միայնակ մնա այս պայքարում, ապա դա սոսկ գեղեցիկ հռետորաբանություն է: Բուրջանաձեն և նրա նմանները երբեք միայնակ չեն մնում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: