Պահոց | 12:53 ե.

Թուրքական արկածախնդրություն-2

2 Հնս

Մեկ տարի անց այն բանից հետո, երբ Միջերկրական ծովում դեպի Պաղեստին ուղևորվող «Ազատության նավատորմի» ընթացքը կասեցվեց Իսրայելի հատուկջոկատայինների ջանքերով և սպանվեցին Թուրքիայի մի քանի քաղաքացիներ, այդ վտանգավոր նավարկության կազմակերպիչները դարձյալ հայտարարում են իրենց վճռականության մասին՝ ամեն գնով ճեղքել Գազայի շրջափակումը: Նախորդ անհաջող փորձից հետո Անկարան կատարվածը որակեց «թուրքական սեպտեմբերի 11»` միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այն բանի վրա, որ իրենց քաղաքացիները սպանվել են այլ երկրի կանոնավոր բանակի կողմից: Սակայն կարծես թե նույն ջուրը երկրորդ անգամ մտնելու ցանկությունն ավելի զորել է, քան պարզ բանականությունը, և այժմ սպասվում է հումանիտար օգնություն տեղափոխող նավերի նոր քարավանի մեկնարկը, որը տեղի կունենա հունիսի 20-ին: Սկզբում ասվում էր, թե «Ազատության նավատորմ 2»-ը կուղևորվի մայիսի վերջին` նախորդ միջադեպի տարելիցի օրը: Այնուհետև ժամկետը փոփոխվեց, ինչը առաջին հերթին պայմանավորված էր հունիսի 12-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններով, որից առաջ թուրքական իշխանությունների շահերից չի բխում լարված իրավիճակների հրահրումը:
Ինչպես անցյալ տարի, այս անգամ էլ «Ազատության նավատորմը» գլխավորելու է «Մավի Մարմարա» նավը: Նավեր են տրամադրել Կանադան, Իսպանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Հունաստանը, Իռլանդիան, Իտալիան: Ընդհանուր հաշվով նավատորմը բաղկացած է լինելու 15 նավերից, ավելի քան 1500 մարդ` աշխարհի 100 երկրի քաղաքացի: Նրանք դուրս կգան Միջերկրականի մի քանի նավահանգիստներից ու այնուհետև կմիանան իրար: Ասվում է, որ դրանք Գազա են տեղափոխելու բժշկական սարքավորումներ, շինանյութեր, դեղորայք, դպրոցական պարագաներ և խաղալիքներ: Սակայն ամենայն հավանականությամբ մեծաքանակ բեռն այս անգամ էլ չի հասնի հասցեատերերին:
Թել Ավիվում առավել քան մարտականորեն են տրամադրված: Երկրի ռազմածովային ուժերի անանուն աղբյուրները նախազգուշացրել են, որ եթե իրենց պահանջներն անտեսվեն, ապա անպայման միջոցներ կձեռնարկվեն դադարեցնելու նավատորմի երթը: Այդ նպատակով նրանք այժմ զորավարժություններ են անցկացնում։ Քաղաքագետներն իրենց հերթին նախապես հայտարարում են, որ թեև հակված են բոլոր կարգի խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն հարկ եղած դեպքում իսրայելական կողմն ուժ կգործադրի։ Իսկ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին լրջորեն բարկացրել է «Ազատության նավատորմի» ուղևորությունը կազմակերպված Միջազգային օգնության հիմնադրամի այն հայտարարությունը, որ «Իսրայելն այս տարի չի կարող կրկնել իր մեծ սխալը և չի հանդգնի նորից հարձակվել»: Ի պատասխան այս խոսքերի Նեթանյահուն ասել է. «Իսրայելը կողմ է խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելուն, սակայն եթե դա բավարար ազդեցություն չունենա, կդիմենք ուժի»:
Համառության հարցում հրեաներին ոչնչով չեն պատրաստվում զիջել թուրքերը: Արդեն մեկ տարի շարունակվող գժտությունը ոչ միայն լուծման նախանշաններ ցույց չի տալիս, այլև պատրաստ է խորանալ մինչև աղետալի չափերի: Մինչ օրս Թուրքիան չի նշանակել Իսրայելում Թուրքիայի դեսպան, և երկու երկրների հարաբերությունները շարունակում են մնալ պայթյունավտանգ: Հանրությունն իր հերթին ամեն կերպ նպաստում է տարաձայնությունների խորացմանը: Ստամբուլում կայացած հակաիսրայելական զանգվածային ցույցի ժամանակ, որը նվիրված էր «Մավի Մարմարայի» միջադեպի տարելիցին, շուրջ 30 հազար մասնակիցներ` «զինված» պաղեստինյան դրոշներով, կառավարությունից պահանջում էին խստորեն պատժել իրենց հայրենակիցների արյունը հեղած հրեաներին: Իսկ Անկարայի իշխանություններին ներկա պահին կարծես թե հաճելի է ժողովրդի պահանջը: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն համառորեն հրաժարվում է արգելել նավատորմի երկրորդ նավարկությանը դեպի Գազայի հատված։ «Մենք իրավունք չունենք արգելք հանդիսանալ այն մարդկանց, ովքեր դեմ են օրենքից դուրս շրջափակմանը։ Այս խնդրում պատասխանատվությունն ընկած է Իսրայելի ուսերին»,- ասել է Դավութօղլուն: Արտգործնախարարը պնդել է, թե Իսրայելը նախորդ տարի մարդկության դեմ հանցանք է գործել։ «Ոչ ոքի մտքով թող չանցնի, որ մինչև Իսրայելը ներողություն չխնդրի և փոխհատուցում չվճարի, թուրք-իսրայելական հարաբերությունները կվերադառնան նախկին վիճակին։ Դա մեր քաղաքացիների պաշտպանության համար մի պայման է։ Իսրայելը մի քանի անգամ այս ուղղությամբ քայլեր կատարեց, սակայն երկրի ներսի քննարկումներն արգելք հանդիսացան դրան»,- հիշեցրել է Դավութօղլուն։ Իսկ իբրև նախապայման թուրքական կողմը հայտարարում է, որ հրեաները պետք է ճանաչեն պաղեստինյան նոր ղեկավարությունը և վերացնեն ծովային շրջափակումը:
Ահա այս վերջին խոսքերի մեջ է ամփոփված «հումանիտար օգնության» առաքման ողջ իրական նպատակը: Գազային օգնել-չօգնելու երկընտրանքն իբրև այդպիսին մեծ հաշվով գոյություն չունի, այլ կա Թուրքիայի ներսում սեփական քաղաքական ռեսուրսը հզորացնելու վարչապետ Էրդողանի ու նրա թիմի ցանկությունը, ինչպես նաև մուսուլմանական աշխարհում Թուրքիայի առաջատարությունն ամեն գնով ապահովելու հրամայական պահանջը: Իսկ եթե այդ նպատակի համար դարձյալ մի քանի տասնյակ մարդիկ պիտի զոհաբերվեն, դա Անկարայի չափանիշներով դա այնքան էլ թանկ գին չէ:
Գերազանց հասկանալով, թե ինչի կարող է հանգեցնել այս նոր արկածախնդիր նավարկությունը, և ելնելով այն իրողությունից, որ ոչ մեկին ձեռնտու չէ լրացուցիչ լարվածությունը մի տարածաշրջանում, որտեղ առանց այն էլ ամեն ինչ եռում է` կրակին դրված կաթսայի պես, քաղաքական մի շարք ազդեցիկ ուժեր փորձում են ամեն գնով կանխել թե «Ազատության նավատորմի» ընթացքը և թե Թուրքիայի ու Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների վերջնական խզումը: Ներկա պահին այդ ուղղությամբ ջանքեր են գործադրում ԱՄՆ-ի դիվանագետները: Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դիմել է միջերկրածովյան երկրների կառավարությունենրին` կոչ անելով թույլ չտալ բեռների ծովային առաքումներ Գազայի հատված` շրջանցելով ձևավորված կանոնները: Միայն թե առայժմ տպավորությունն այնպիսին է, որ դեպի մեծ ընդհարում գնացող նավերը պիտի լողան…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: