Պահոց | 12:21 ե.

Նախ քո տան աղբը մաքրիր

1 Հնս

Երեկ Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանիշվիլին մամլո ասուլիս էր հրավիրել: Դժվար էր կռահել, թե այդ ընդարձակ երկխոսության համար հատկապես ինչն էր առիթ հանդիսացել` Վրաստանի անկախության օ՞րը, թե Թբիլիսիի վերջին իրադարձությունները, ինչից հետո վրաց դիվանագիտությունը հարևան երկրներում փորձում է տպավորություն ձևավորել, որ երկրի ներսում ամեն բան գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ: Բոլոր դեպքերում, Շարմանիշվիլիի վիճակն այնքան էլ նախանձելի չէր, քանի որ ի սկզբանե տոնական տրամադրություն ստեղծելու փորձերը ձախողվեցին, և նա հարկադրված էր մեկը մյուսի ետևից պատասխաններ գտնել ոչ այնքան հաճելի (եթե չասենք` տհաճ) հարցերի համար: Դրանցից մի քանիսի առթիվ կարելի է հիմնավոր առարկություններ հնչեցնել և բազում հակափաստարկներ վերհիշել, սակայն այս անգամ մենք կսահմանափակվենք միայն մեկով, ինչը լիովին բավարար է ընդհանուր պատկերը ներկայացնելու համար:
Լրագրողները դեսպանին հարցրեցին, թե ինչու են Վրաստանում Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Շիրակ Թորոսյանին «պերսոնա նոն-գրատա» հայտարարել: Ինչպես հայտնի է, վերջին անգամ նրան արգելել էին հատել հայ-վրացական սահմանը: Այս հարցին Շարմանիշվիլին հետևյալ բացատրությունը տվեց. «Եթե դուք ծանոթանաք այն հրապարակումների հետ, որոնք որևէ ընդհանուր բան չունեն խոսքի ազատության հետ, բայց սրում են իրավիճակը, հասկանալի կլինի թե ինչու է նման որոշում կայացվել»,- ասաց նա` ընդգծելով, որ Թորոսյանը սրում է իրավիճակը երկու ժողովուրդների միջև և ազգային թշնամանք է հրահրում: «Թորոսյանի երբեմն անհավասարակշիռ հայտարարությունների գերազգայնականությունը թույլ չի տալիս նրան Վրաստանում ցանկալի հյուր համարել»,- իր խոսքը եզրափակեց դեսպանը:
Ինչ խոսք, Շ. Թորոսյանի հրապարակային ելույթներին շատերն են ծանոթ և լավ են հիշում, թե նա ինչ է ասում և ինչու է ասում: Վրացիներին այդ ամենն, անշուշտ, դուր չի գա, թեև դժվար է վերհիշել մի դեպք, երբ վրացական կողմը պատշաճ և լիարժեք պատասխան տված լինի պատգամավորի բարձրացրած խնդիրներին ու դիտողություններին: Ամեն դեպքում մի պահ պատկերացնենք, թե պաշտոնական Թբիլիսին իր որոշման մեջ անսխալ է և նրա իրավունքն է` որոշել, թե երկրի տարածք ու՞մ մուտքն է ցանկալի և ու՞մն` անցանկալի:
Սակայն այս պարագայում երևույթը չի կարող սահմանափակվել սոսկ Թորոսյանի անձով: Եթե կա սկզբունքային մոտեցում, եթե բոլոր նրանք, ովքեր սրում են ազգամիջյան հարաբերությունները` արդեն իսկ անցանկալի են Վրաստանի համար, ապա թերևս նրանք սկսեին հենց իրենցի՞ց: Արդյո՞ք հայ պատգամավորն այն «սպիտակ ագռավն» է, որին պետք է ի ցույց դնել և պատժել վրացավարի: Իսկ նույն Շարմանիշվիլին և նրա ղեկավարներն ի՞նչ են մտածում վրաց պատգամավորների և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մասին, որոնց հրապարակային ելույթներում նույնպես «գերազգայնական» ձևակերպումների պակաս չի զգացվում: Դեսպանի հիշողությունը կարող ենք թարմացնել անթիվ-անհամար օրինակներով:
Երբ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գ.Սագարեիշվիլին իր գործընկերնրի համերաշխ հայացքի ներքո ասում էր, թե «հայերը պետք է գիտակցեն, որ հեռու չէ այն օրը, երբ Վրաստանն ու Ադրբեջանը ոտքի կկանգնեն իրենց պատմական տարածքները ազատագրելու համար», կարծես թե ոչ ոք, առավել ևս այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության պարոնները փորձ անգամ չէին անում նրան լռեցնելու համար:
Երբ նույն խորհրդարանի մեկ այլ պատգամավոր` Բեսո Ջուղելին առաջարկում էր որոշում ընդունել և բարձրացնել Թբիլիսիի պատմական կենտրոնում գտնվող անշարժ գույքի հարկը, վերջինս կոչ արեց ներկայացված նախագիծը չդիտարկել որպես հակավրացական, քանի որ Թբիլիսիի պատմական թաղամասերում բնակվում են հիմնականում հայեր: Ջուղելիի համար հիմնավորումը մեկն էր. «Բոլորովին էլ պարտադիր չէ, որ ինչ-որ Մկրտում դարերով ապրի Սոլոլակում»: Ու մինչ բազում Մկրտումներ կփորձեին հակադարձել շովինիստ պատգամավորին, հետաքրքիր է, ի՞նչ էին մտածում Շարմանիշվիլին ու նրա ընկերներն այս առթիվ: Եվ որտե՞ղ էին պարոն դեսպանի զգայուն ականջները, երբ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դմիտրի Լորդկիպանիձեն հայհոյանքներ էր տեղում Հայաստանի հասցեին այն բանի համար, որ հայերը չէին քվեարկել հօգուտ Վրաստանի` ՄԱԿ փախստականների վերադարձին վերաբերող բանաձևի քննարկման ժամանակ: Դարձյա՞լ միայն Շիրակ Թորոսյանի ձայնն էր նրա համար լսելի:
Հեռու չգնանք: Բոլորովին վերջերս ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Յակոբաշվիլին հայտարարել էր, որ Հայաստանն իր զարգացմանն անգամ չնչին ուշադրություն չի կարող դարձնել, որովհետև նրա գլուխն այլ բաներով է զբաղված: Այս առթիվ Հայաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ և վրացիներից պաշտոնական բացատրություն պահանջեց: Թերևս ազնիվ կլիներ, որ դեսպան Շարմանիշվիլին սկսեր հենց այդ կետից, այլ ոչ թե մեծ դաստիարակի կեցվածք ընդունած մեզ դասեր տար այն մասին, թե ինչպիսին պիտի լինի քաղաքական ու պետական գործիչների խոսքի արժեքը: Սա ոչ միայն պատշաճ չէ, այլև բարոյական չէ:
Հայաստանն իր գլուխը լցրել է զանազան բաներով, որովհետև գլուխ ունի: Իսկ Վրաստանի պաշտոնյաներին նախ պետք է աչք ունենալ: Եթե աչքերը լինեն` նրանք գուցե թե սկզբում կտեսնեն իրենց աչքի գերանը: Իսկ հետո կտեսնեն, որ առաջին հերթին անհրաժեշտ է սեփական տան աղբը մաքրել և հետո խոսել ուրիշների բացերի մասին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: