Ահմադինեժադը «վա բանկ» է գնում

10 Մյս

Իրանում ներքաղաքական ճգնաժամ է: Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և հոգևոր առաջնորդ Ալի Խոմենեիի հարաբերությունները ծայրաստիճան լարվել են: Լինելով իր տեսակի մեջ եզակի պետություն, որտեղ գործող քաղաքական իշխանության յուրահատուկ համակարգը նրա բոլոր թևերի վրա տարածում է հոգևոր առաջնորդի անսահմանափակ լիազորությունները, Իրանը այս նոր մարտահրավերը հազիվ թե կարողանա անհետևանք շրջանցել:
Ինչ վերաբերում է գժտության իրական պատճառներին ու շարժառիթներին, ապա դրանց մասին առայժմ կարելի է միայն ենթադրություններ անել: Իսկ մինչ այդ տարածվում են ամեն կարգի հնարավոր ու անհնար վարկածներ: Դրանցից յուրաքանչյուրը կարող է խնդրահարույց դիտվել և հիմք հանդիսանալ երկու կողմերի լուրջ առճակատման համար: Սակայն համապարփակ պատկերացումների համար շատ ավելի նպատակահարմար պիտի լինի հայտնի փաստերը դիտարկել մեկ ամբողջության մեջ` չկառչելով խնդիրն անձնավորելու մտայնությունից:
Ի սկզբանե ասվում էր այն մասին, թե աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների միջև հակամարտությունը ծագել էր իմամ Մահդիի անխուսափելի հարությանը նվիրված վավերագրական ֆիլմի պատճառով։ Խոսվում էր դրա առնչությամբ Ահմադինեժադի վեաբերմունքի մասին, ով Մահդիին հաճախ է հիշատակել իր ելույթներում, իսկ 2009 թվականին մի առիթով նույնիսկ հայտարարեց, թե Մահդիի հարությանը խոչընդոտում է ԱՄՆ-ը։
Սակայն առավել լայն հանրության ուշադրությունը բևեռվեց Թեհրանին այն ժամանակ, երբ որոշ արևմտյան թերթեր գրեցին, թե այաթոլլա Խոմենեին պահանջել է Ահմադինեժադից հրաժարական տալ: Այնուհետև հաղորդվեց, որ նախագահի մի քանի մտերիմ անձինք գտնվում են փակի տակ, նրանց հսկում են զինված մարդիկ, իսկ Ահմադինեժադը առաջիկա օրերին կհայտարարի իր հրաժարականի մասին: Դրան անմիջապես հետևեց տեղեկությունը լարվածության ֆորմալ պատճառի մասին: Հայտնի դարձավ, որ Ահմադինեժադը ցանկացել էր պաշտոնանկ անել Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհիին, սակայն Խամենեին վերջինիս վերականգնել էր իր պաշտոնում: Նման քայլից հետո նախագահը հրաժարվել էր հրապարակավ ճանաչել հեռացված նախարարի վերականգնումը։
Ինչ խոսք, միջադեպն ըստ էության «արժանի էր» անախորժ վերջաբանի: Սակայն մի շարք վերլուծաբանների կարծիքով, բոլոր խնդիրների պատճառը պետք է որոնել այլ տեղում, մասնավորապես երկրի փոխնախագահ Էսֆանդիար Ռահիմ Մաշայիի շուրջ, ում շատերը համարում են Իրանի փաստացի նախագահը: Խոսակցությունների համաձայն, Մաշային, ով Ահմադինեժադի հետ է շուրջ 25 տարի և կարող է լինել երկրի հաջորդ նախագահը, մշտապես գտնվում է պահպանողական ուժերի թիրախի ներքո: Վերջիններս քննադատում են Մաշայիին ազգայնական հայացքների, մշակութային ու սոցիալական հարցերում ազատական մոտեցումների համար:
Թվարկված բոլոր դեպքերը ներքին կնճիռներ էին, որոնք կարելի էր նաև հարթել, եթե չլիներ այն ծայրահեղ քայլը, ինչին անսպասելիորեն գնաց Ահմադինեժադը` բացահայտորեն բոյկոտելով իր պաշտոնն ու աշխատանքը: Հանկարծ հայտնի դարձավ, որ նա ոչ միայն բաց է թողել կառավարության երկու նիստ ու չեղյալ է հայտարարել Կում քաղաք նախատեսված այցելությունը, այլև օրեր շարունակ չի ներկայանում իր նստավայր: Սա աննախադեպ որոշում էր ոչ միայն Իրանի քաղաքական կյանքում: Կատարվածից ապշած խորհրդարանի մի խումբ պատգամավորներ պահանջեցին անհապաղ փակ նիստ գումարել՝ կապված այն հանգամանքի հետ, որ երկրի նախագահը դադարել է կատարել իր պաշտոնական պարտականությունները։ Հաղորդվեց, որ շուրջ 300 խորհրդարանականներ հանդիպել էին նրա հետ և փորձել համոզել` իր լոյալությունը ցուցաբերել հոգևոր առաջնորդի նկատմամբ: Միևնույն ժամանակ պատգամավորների մեկ այլ խումբ էլ քննարկումներ էր նախաձեռնել` նախագահի իմպիչմենթի գործընթաց սկսելու համար:
Այս անգամ վերլուծաբանները դժվարությամբ էին բացատրություններ ու հիմնավորումներ գտնում միջադեպի առթիվ: Ոմանք ասում էին, թե քանի որ Ահմադինեժադը չի կարող բացահայտ դեմ դուրս գալ այաթոլլային, ապա նա ստիպված է իր դժգոհությունն արտահայտել այս կերպ: Բարդությունը կայանում էր նրանում, որ ի տարբերություն նախորդ անգամների, այժմ առկա տարաձայնությունները ժողովրդից թաքցնել չէր հաջողվել։
Ահմադինեժադն, իհարկե, վերադարձավ: Բացակայության 8-րդ օրը նա մասնակցեց կառավարության նիստին: Սակայն դա դեռ ոչինչ չէր նշանակում: Նրան սպասվում էր մի նոր հարված` նախորդներից ոչ թեթև, սակայն խիստ յուրահատուկ: Բանն այն էր, որ կրկին ձերբակալվեցին նախագահի մի քանի կողմակիցներ, միայն թե այժմ… կախարդության ու մոգության օգնությամբ պետական կառավարման մեղադրանքով։ Կալանքի տակ վերցվեցին նախագահի աշխատակազմի ղեկավարին մոտ կանգնած շուրջ 25 մարդ։ Ահմադինեժադը կառավարության նիստում հերքեց ամեն կարգի միստիկ բնույթի զբաղմունքների գոյությունը: «Եթե կախարդները ինչ-որ բան կարող են իրապես կախարդել, ինչո՞ւ չեն անում իրենց համար»,- հռետորական հարց հնչեցրեց նա: Բայց դրա հետ մեկտեղ նախագահը նաև հերքեց իր հակասությունները հոգևոր առաջնորդի հետ:
Այժմ թե Իրանում և թե նրա սահմաններից դուրս բոլորն անհամբերությամբ սպասում են այս դեպքերի նոր զարգացումներին: Քչերն են կասկածում, որ դրանք շարունակություն կունենան: Այսպիսի համոզվածության է մղում նաև այն տեսակետը, համաձայն որի Իրանի ղեկավարության ներսում ներկա տարաձայնություններն այլ բան չեն, քան սպասվող ընտրությունների նախապատրաստություն: Իրանում հաջորդ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012թ. մարտի 2-ին: Իսկ տվյալ դեպքում խոսքը գնում է այդ երկրում հետզհետե հասունացող երկու մոտեցումների բախման մասին, որտեղ արմատական ուղղվածության առաջնորդը Խոմենեին է, իսկ քիչ թե շատ լիբերալ, պոպուլիստական թևը հարում է Ահմադինեժադին:
Բայց կա ևա մի` ոչ պակաս էական դրդապատճառ: Իրանում առկա ներքաղաքական լարվածությունն ու ներքին տարաձայնությունները մեծապես պայմանավորված են արտաքին աշխարհից եկող դժվարություններով ու ճնշումներով: Իսկ նման իրավիճակներում հաճախ է պատահում, երբ զոհաբերում են մեկին` մյուսներին փրկելու համար:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s