Պահոց | 3:49 ե.

Երկարակյացի վերջին օրերը

29 Ապր

Արդեն տևական ժամանակ է, որ լուրեր են պտտվում այն մասին, թե Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը մոտ ժամանակներում կհեռացվի պաշտոնից ու նրա փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի նախագահ Իլհամ Ալիևի` ռազմական հարցերով խորհրդական Վահիդ Ալիևը: Կադրային այսպիսի փոփոխությունները հազիվ թե էականորեն ազդեն բուն հակամարտության վրա և կամ կարողանան կանխորոշել նախկինից տարբերվող այլ գործընթացներ: Եվ այնուամենայնիվ, եթե այդ բանը կատարվի, այն չի կարող անհետևանք լինել:
Աբիևի գլխին սև ամպերը սկսեցին կուտակվել այս տարվա ձմռանը, երբ ադրբեջանական բանակում արձանագրված արյունալի միջադեպերը եկան լցնելու համբերության բաժակը: Այն ժամանակ այդ երկրի խորհրդարանի պատգամավորները պաշտպանության նախարարին ուղղակիորեն մեղադրեցին կատարվածի մեջ: «Նա, ով մեղավոր է բանակում տեղի ունեցող ողբերգություններում, ով չի կարողանում կատարել ստանձնած պարտավորությունները, պետք է ներողություն խնդրի ժողովրդից ու հեռանա»,- հայտարարեցին պատգամավորները: Միլի մեջլիսը, որ գտնվում է նախագահի խիստ վերահսկողության ներքո, հազիվ թե կարողանար իրեն թույլ տալ նման անկեղծություն, եթե չլիներ վերևից եկող աջակցությունը: Նույն օրերին Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը (ՂԱԿ) պահանջեց պաշտոնից ազատել նախարարին և Գլխավոր շտաբի պետին: «Ժամանակն է փրկելու ադրբեջանական բանակն այդ երկու անհաջող հարսանյաց գեներալներից»,- ասացին ՂԱԿ-ի ակտիվիստները: Բայց այդ բանը հեշտ չէր անել: Անհրաժեշտ էին նոր ու առավել համոզիչ կոմպրոմատներ: Այդ ժամանակ էլ սկսվեցին զինկոմիսարիատներում զանգվածային ստուգումները, և նախարար Աբիևին չհաջողվեց դրանք կանխել: Ասվում էր, որ նրա` ստուգումներ չանցկացնելու մասին երկրի գլխավոր զինդատախազին ուղղված դիմում-խնդրանքն անպատասխան էր մնացել: Իսկ մեկ ամիս առաջ նախագահ Ալիևը որոշեց անձամբ ստուգել իրավիճակն ադրբեջանական բանակում և առաջին գիծ գործուղեց անվտանգության ու պաշտպանության հարցերով իր օգնականին` նույն Վահիդ Ալիևին: Ակնկալվում էր, որ Վ.Ալիևը հատուկ զեկույց կնախապատրաստի նախագահի համար բանակի մասին, որից էլ կախված կլիներ Սաֆար Աբիևի ճակատագիրը: Դրա համար «բարենպաստ» հող առատորեն կար: Զինված ուժերում կարգապահություն թույլ է, բարոյական վիճակը` ցածր, բռնությունները` համատարած: Զինվորները չունեն բավարար ուտելիք, վառելանյութ, համազգեստ: Եթե ասվածին էլ հավելենք այն, որ պաշտպանության նախարարությունը երկրի կոռուպցիայի խոշորագույն օջախն է, ապա էլ ի՞նչ էր անհրաժեշտ Աբիևի կարիերային վերջ դնելու համար:
Բայց նախ տեսնենք, թե ո՞վ է պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը և ինչո՞վ է պայմանավորված վերջինիս աննախադեպ «քաղաքական դիմացկունությունը»: Փաստ է, որ Աբիևը ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարներից ամենաերկարակյացն է, իսկ աշխարհում` ամենաերկար ժամկետով ծառայողներից մեկը: Նա արդեն 60 տարեկան է, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ղեկավարում է 1995թ. փետրվարից: Այդ ընթացքում նա կարողացավ յուրացնել երկու կարևոր նախապայման` առաջինը` բացարձակ ու անսասան հավատարմությունն էր Ալիևյան տոհմին, իսկ երկրորդը Ղարաբաղի հարցում անվերապահ աջակցությունը նախագահին: Պետք էր անվերջ կրկնել այն նույն բանը, ինչը պնդում էր Իլհամ Ալիևը, այսինքն հանրությանը համոզել, որ Ադրբեջանն անպայման մի օր կվերադարձնի կորցրած տարածքները և Լեռնային Ղարաբաղը կրկին կդառնա ադրբեջանական:
Սակայն այսօր կարծես թե դրանք այլևս չունեն նախկին ներգործությունը և վրա է հասել պահը, երբ իրավիճակը պահանջում է նոր դեմքեր ու նոր մոտեցումներ: Այս տեսանկյունից Վահիդ Ալիևի թեկնածությունը շատ ավելի նախընտրելի է: Ճիշտ է, սա ևս սուրբ չէ, սակայն փոփոխությունների պատրանք ստեղծելու համար մինգամայն հարմար թեկնածու է: Ի դեպ, Բաքվի թերթերն արդեն գրում են, թե Վահիդ Ալիևն իր մոտ շրջապատում հայտարարել է, որ առաջիկայում նշանակվելու է նախարարի պաշտոնում: Այս առթիվ Milaz.info կայքէջը նույնիսկ գրել էր. «Երևի դա է պատճառը, որ այդ պնդումից ոգևորված` նա կարողացել է իր ղեկավարած փոքրիկ բաժնի միջին զինվորական կրթությամբ միանգամից երեք անձանց համար գեներալի կոչում հաջողացնել»:
Ներկայիս նախարարը մեկ ուրիշ լուրջ մրցակից էլ ունի: Խոսքը Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի մասին է: Վերջինիս և պաշտպանության նախարարի միջև առանց այն էլ խնդիրնելով լի հարաբերություններն այս օրերին հասել են բացահայտ առճակատման: Երկու «հզորների» միջև մրցակցությունը գնում է «յուղոտ» հայտամրցույթների շուրջ, իսկ կռվախնձորը պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնող երկու` տանկերի վերանորոգման և ավիացիոն վերանորոգման գործարաններն են, որոնք Ջամալովը ցանկանում է մտցնել իր նախարարության կազմ: Հրապուրված նոր եկամուտի աղբյուրներ տնօրինելու հեռանկարով, Աբիևն ակնհայտորեն կորցրել է իրականության զգացողությունը ու թերևս չի պատկերացնում , որ մի առավոտ կարող է արթնանալ` ամեն բանից զրկված մարդու կարգավիճակով:
Սակայն եթե այս հանգամանքը չափազանց էական է նախարարի համար, ապա Ադրբեջանը հազիվ թե նման հեռանկարից ոգևորվելու լուրջ հիմքեր ունի: Զինված ուժերի անմխիթար կացությունը ընդհանուր պատկերի մի մասն է միայն: Եվ այս պարագայում նույնիսկ բանակին հատկացված միլիարդները այլևս չեն կարող երաշխիք լինել սպասվող հաղթանակների համար:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: