Պահոց | 4:54 ե.

Լռությունը ոսկի չէ

27 Ապր

Վերջին շրջանում վրացի դիվանագետները Հայաստանը ջրի ճամփա են դարձրել: Սովորաբար նման դեպքերի համար ասում են, որ եկվորի կամ աղն է պակաս, կամ մաղը: Իսկ եթե խոսքը Վրաստանի մասին է, ապա եղած ենթադրություններին կարելի է հավելել ևս մեկը. ամենայն հավանականությամբ նրանք կրկին այնպիսի մի բան են արել, որի համար արդարանալու են շտապում:
Եթե դիտելու լինենք սոսկ ժամանակագրական կարգով, ապա դժվար չի լինի վերհիշել, որ միայն վերջին չորս ամիսների ընթացքում արդեն կայացել են Վրաստանի նախագահի ու վարչապետի այցերը Երևան: Դրանից հետո իրենց այցերով մեզ պատվեցին նույն երկրի ներքին գործերի, պաշտպանության և տրանսպորտի նախարարները: Էլ չենք խոսում առավել ցածր կարգավիճակի այն անհատների ու խմբերի մասին, որոնք եկան ու գնացին զանազան պատրվակներով ու գործերով: Հայաստանի պաշտոնյաները բոլոր առիթների համար անմիջապես մատնանշեցին, որ այցելությունների այս ինտենսիվությունը վկայում է «Հայաստանի ու Վրաստանի միջև համագործակցության ոչ միայն ծավալուն բովանդակության, այլև իրական բարեկամական հարաբերությունների մասին», սակայն նման խոսքերը հյուրընկալողի նրբանկատություն լինելուց ավելին չէին:
Այս անգամ էլ աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն: Շատ դժվար էր կռահել, թե հատկապես ինչ նպատակով էր նա ճանապարհ ընկել Երևան, քանի որ ոչ դրանից առաջ և ոչ էլ այստեղ գտնվելու օրերին որևէ հստակ տեղեկատվություն չտրվեց հանդիպումների բուն նպատակի մասին: Ընդհանուր ձևակերպումների ընդգրկման տարածքներն այնքան լայն ու տարողունակ էին, որ տպավորություն էր ստեղծվում, թե Վաշաձեն պատրաստվում է հայաստանցիների հետ զրուցել ամեն ինչի մասին և անվերջանալիորեն: Սակայն նույնիսկ թեմաների նման առատության պայմաններում վերստին պահպանվում էր նախկին տպավորությունը, երբ կարելի էր հանգիստ խղճով ասել` երկխոսություն վասն ոչնչի:
Վաշաձեն հանդիպում ունեցավ հայաստանցի իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ: Հետո պաշտոնական հաղորդագրությունը պիտի տեղեկացներ, որ նախարարները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային մի շարք խնդիրներ, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությանը, հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման գործընթացին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել վիրահայությանը հուզող թեմաներին: Իսկ որո՞նք էին վրահայությանը հուզող խնդիրները: Պարզվում է այն, որ Թբիլիսիում վերանորոգվել է հայկական թատրոնի շենքը: Ինչ խոսք, դա հաճելի լուր է, բայց մի՞թե արժեր տվյալ քայլը որակել իբրև մեծագույն ծառայություն հայ ժողովրդին և այնպիսի տպավորություն թողնել, թե իբր Վրաստանը շենքի վերանորոգմամբ կատարել է իր բոլոր պարտավորությունները տեղաբնակ հայերի հանդեպ: Իսկ Ջավախքը՞, իսկ էթնիկ խտրականությա՞ն բազմաթիվ աղաղակող փաստերը, իսկ ավերվող եկեղեցիներն ու փակվող դպրոցնե՞րը: Այս հարցերը չե՞ն ներդաշնակում այն պոզիտիվ գույների հետ, որ պարտադրվում է մեզ իբրև բարեկամության և համագործակցության առհավատչյա:
Մինչ Վաշաձեն Հայաստանում էր, վրացի քաղաքագետ Լևան Ուրուշաձեն կարծիք էր հայտնել այն մասին, թե չի բացառում, որ Վրաստանի ԱԳ նախարարը իր Երևան այցելության ժամանակ կքննարկի նաև ռուսական ռազմական բեռների տարանցման մասին ռուս-վրացական համաձայնագիրը օրերս Վրաստանի խորհրդարանի կողմից չեղյալ համարելու խնդիրը: Գուցե և դա քննարկվել է: Միայն թե այս պարագայում էլ Վաշաձեն կարող էր իրեն առանձնապես անհարմար չզգալ: Հայ գործընկերներն արդեն շտապել էին նրա ժամանումից առաջ ասել, որ այդ որոշումը չի կարող անդրադառնալ վրաց-հայկական հարաբերությունների վրա: Մի խոսքով, ցանկացած քայլ իր արդարացումն ու բացատրությունը ունի, եթե նույնիսկ դա էապես վնասում և հարված է հասցնում մեր երկրի շահերին: Իսկ ահա սահմանից այն կողմ այդ կարգի բարդույթներով չեն կաշկանդվում: Նույն որոշման մասին վրացիները շատ հանգիստ անկեղծացան և հայտարարեցին, որ իրենց երկիրը չի վստահում Հայաստանին ռուսական ռազմակայանի պատճառով, թեպետ արտաքուստ հայ-վրացական հարաբերությունները ընկերական են թվում: Այս մասին նույնիս գրեց վրացական Journalist.ge լրատվական գործակալությունը` դժգոհությունը հիմնավորելով այն կարծիքով, որ հայերը չափից ավելի շատ զենք են տեղափոխում, իսկ դա բոլորովին էլ Թբիլիսիի սրտով չէ:
Նույն իրավիճակին կարելի է ականատես լինել նաև շատ ավելի թարմ օրինակի հիշատակմամբ: Օրերս հայտնի դարձավ, որ վրացիներն այժմ էլ Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանը շրջանցող մայրուղի են կառուցում: Իսկ սա, ինչպես հայտնի է, ոչ միակ, ոչ էլ վերջին դեպքն է, երբ վրացիները թեթև ձեռքով Հայաստանին դուրս են հրում տարածաշրջանային նշանակություն ունեցող նախագծերից: Հավանաբար շատ շուտով պաշտոնական Երևանը դրա առիթով էլ կասի, թե եղածը ընդամենը երկու ժողովուրդների ամուր կապերի վկայությունն է և անարդար ոչինչ տեղի չի ունեցել:
Իսկ բոլորովին վերջերս էլ հանրությունը տեղեկացվեց, որ Վրաստանը Հայաստանի 17 միլիոնանոց պարտքը կմարի միայն 2025 թվականին: Սա բարեգործությանը հավասարազոր առատաձեռնություն է, որի համար ցանկացած բացատրություն, միևնույն է, համոզիչ լինել չի կարող:
Որքան էլ փորձեր արվեն կանխակալություն որոնել վերը հիշատակված որակումների մեջ, միևնույն է, ճշմարտությունից հեռու փախչել չի հաջողվի: Միշտ չէ, որ լռությունը ոսկի է: Իսկ հաջորդ ճշմարտությունն այն է, որ Հայաստանի վրացական քաղաքականությունը և հայ-վրացական հարաբերությունները արմատապես վերանայելու անհրաժեշտություն են զգում: Եվ այդ պահանջը ոչ նոր է, ոչ էլ անհիմն կերպով չափազանցված:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: