Պահոց | 1:48 ե.

ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿԸ ՅԱՆԻԻՆ

15 Ապր

1912, ապրիլ, Լոզան

Իմ հրաշակերտ տիկին,
Այսօր կիրակի է, ոչ լավ, ոչ վատ, այսինքն` անտանելի եղանակ: Ջերմաչափը շատ ցածր է ցույց տալիս, քթիս մեջ եմ զգում… (շատ գիտական քիթ ունեմ): Առավոտյան ժամը 7-ից շուտ վեր կացա, շատ ցուրտ էր, ձանձրացա պատմություններ կարդալով, որոնք սակավ են հետաքրքրում ինձ… Ժամը 1-ին շատ անորակ ճաշ ընտրեցի (այն օրից, ինչ այդ ռեստորանում անհամ սալատ են կերցրել ինձ, այլևս ախորժակով չեմ ուտում, ի դեպ, գինու փոխարեն ռոմանելի ջուր եմ խմում): Դարձյալ վերադարձա տուն, ուր այսպես թե այնպես երկարաձգեցի ձանձրույթս մինչև այս պահը` երեկոյան ժամը 5-ը: Իսկ հիմա վերցնում եմ գրիչս քեզ գրելու համար: Խոստացել էի հետաքրքիր նամակ գրել, բայց… անել այն, ինչ ուզում ես, միշտ չի հաջողվում: Կհարցնես, թե ինչու՞ եմ այդքան ձանձրանում այսօր: Այն պատճառով, որ Թագվորը (մուշտակի վաճառականը) այսօր Leysin-ից գալու է ինձ մոտ: Որքան ատում եմ նման տիպերին, այնքան թափվում են գլխիս: Եվ ասե՞լ, որ երկրիս երեսին ապրող մարդկանց մեծագույն մասը այդպիսի տիպեր են… Ոհ, ինչ տխուր է ապրել մի կյանք` նման պրոզայիկ մարդկանց մեջ: Եվ որքան քաղցր է ունենալ մի փոքրիկ կին և մենակյաց օջախում մի փոքրիկ աշխարհ կերտել: Տեսնում ես, ավելի ու ավելի երեխա եմ դառնում, ավելի ու ավելի խորությամբ եմ երազում ունենալ մեր փոքրիկ Տաճարը, Յան (դու գիտես, այն, որ արդեն գծել ենք): Իսկ հիմա, երբ վերջապես հասել է ժամը մտածելու առօրյա կյանքի, փողի, տիտղոսների, փառքի, դիրքի, ապագայի մասին, հիմա ինձ ավելի երազող եմ զգում, քան երբևիցե: Առօրյա կյանքը նողկանք է պատճառում, մարդիկ սոսկում են պատճառում ինձ, միայն մի բան կցանկանայի` Երջանկություն և Արև (գիտես, Ֆեբուսը…): Հիշու՞մ ես, առաջարկում էիր 6 ամիս միասին ապրել և 6 ամիս առանձին (թատրոնի համար): Ասում էի, որ անկարելի է ինձ համար: Եվ որքան իրավունք ունեի: Որքան վատ եմ զգում միայն մեկ ամսվա բաժանման ընթացքում… Եվ ինչպես եմ հաշվում դեռևս մեզ իրարից բաժանող օրերը… Եվ որքան մենակ եմ, մենակ, մենակ, ախ, եթե իմանայիր… Ինչի՞ է պետք կյանքը: Եթե իրոք սիրում ենք իրար և եթե կարող ենք երջանիկ լինել այդքան քիչ բանով: Աստված իմ, ինչու՞ չլինել… Ի՞նչ իմանանք, դեռ երկա՞ր ենք ապրելու (ես ամենևին վստահ չեմ, այն թոքատապով, որ վաղուց ունեմ): Ինչու՞: Ուրիշներին հաճույք պատճառելու համար: Իսկ ովքե՞ր են այդ ուրիշները: Եկ, իմ Յան, երջանիկ, երջանիկ կդարձնեմ քեզ: Ես գանձ գաղտնիքներ ունեմ կախարդական աշխարհից, անծայրածիր բաներ, հազար ու մի գիշերների երազներ, քեզ կտամ այդ ամենը, իսկ ես միշտ էլ ավելի շատ կունենամ: Սիրում եմ քեզ, իմ գանձ, դու միակ էակն ես իրոք ընդունակ անկեղծորեն և հավերժ սիրելու ինձ… Սիրում եմ քեզ, սիրելիս… Ես քեզ եմ տենչում, աչերդ, տենչում եմ մոլորվել քո հայացքում, տենչում եմ փաղաքշել, քեզ ունենալ, իմ անձը տալ քեզ, հուզվել սիրուց և զգալ, որ ապրում եմ… Սիրելիս…
Ռուբեն

Հրաժե՞շտ «Մադրիդյան սկզբունքներին»

15 Ապր

Պաշտոնապես ընդունված է ասել, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում բանակցությունները շարունակվում են այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքների» շուրջ: Գոնե դրա մասին են վկայում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների, միջնորդների և այլ պատասխանատուների հայտարարությունները: Եվ ահա համանախագահները տարածաշրջան կատարած իրենց վերջին այցից հետո վերստին համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորաբար խորին համոզվածությամբ գրում են, թե «ժամանակն է՝ հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնել, հաստատել և առաջ շարժվել խաղաղության համաձայնագրի նախագիծ մշակելու ուղղությամբ»:
Նրանց ցանկությունն, ինչ խոսք, բարի է և արժանի խրախուսանքի: Դրա միակ խոցելի կետն այն է, որ յուրաքանչյուր անգամ Մինսկի խումբը հայտարարություն է անում՝ այդպես էլ ըստ էության հասարակությանը չտեղեկացնելով բանակցությունների ընթացքի մասին։ Եվ ստացվում է այնպես, որ մենք կարծես թե գիտենք, սակայն ոչինչ էլ չգիտենք այն մասին, թե նրանք ինչ են խոսում։ Սրանից բացի կա ևս մի անհամապատասխանություն, ինչի մասին արդեն վաղուց խոսք է գնում, և կարծես թե այդ անհանգստությունն անհիմն չէ: Բանն այն է, որ Մինսկի խմբի դիվանագիտությունը նշանակալիորեն փոխվել է և այն մեծ հաշվով այլևս չի վերաբերում ոչ Մադրիդյան սկզբունքներին և ոչ էլ Ղարաբաղի կարգավիճակին։ Որոշ քաղաքական դիտորդներ նույնիսկ հակված են պնդելու, որ միջնորդներն իրենց գործունեությամբ մի տեսակ վերադարձ են կատարել դեպի ետ` ղարաբաղյան հակամարտության սկզբին, իսկ ավելի կոնկրետ` 1994թվին, երբ դիվանագիտության համար առկա էին ամենանվազագույն պայմանները։
Օրերս այս փակուղային կացությանը անդրադարձավ նաև Le Monde պարբերականը` գրելով, թե
Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են հանգիստ պաշտոնապես «այո» ասել ԼՂ խնդրի կարգավորման մադրիդյան սկզբունքներին, հատկապես, որ գիտեն` դրան չեն կիրառվելու: Ընդ որում, այդ բանը շատ լավ հասկանում են Եվրոպայում ու ԱՄՆ-ում, սակայն առայժմ զգուշավորություն են հանդես բերում և ջանում են զերծ մնալ կտուկ քայլերից: «Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը հավասարապես բավարարված չեն Մադրիդյան սկզբունքներով: Մոսկվան դեմ է Հարավային Կովկասում միջազգային ուժերի գործարկմանը: Ադրբեջանը դեմ է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը: Հայաստանը դեմ է տարածքներից զորքերի դուրսբերմանը»,- ասված էր Le Monde-ի հրապարակման մեջ:
Բայց սա դեռ հակասությունների ամբողջ պաշարը չէ: Գործընթացում վերջին տարիներին նկատվող ապաակտիվացման դրդապատճառներից մեկն էլ այսօր դիտվում է Ղարաբաղի մասնակցության խնդիրը և այն համոզմունքը, որ հատկապես Մադրիդյան համաձայնությունը փակեց դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհները: Մի քանի տարի առաջ, երբ Հայաստանն այդ փաստաթղթին «ոչ» էր ասում, ԼՂՀ-ն արտահայտվելու ավելի մեծ հնարավորություններ ուներ: Իսկ հենց որ ընդունվեցին Մադրիդյան սկզբունքները՝ Հայաստանը միայնակ մնաց բանակցային դաշտում: Թերևս նաև սա է պատճառը, որ Ստեփանակերտը ամեն անգամ հարկադրված է լինում հիշեցնել, որ ինքն առնչություն չունի սկզբունքների ընդունման ու քննարկման հետ։ Ասենք ավելին` ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստաթուղթը պաշտոնապես չի ներկայացրել ԼՂՀ-ին, թեև, ըստ սթափ տրամաբանության, դա պիտի արվեր, քանի որ Ղարաբաղն այսպես թե այնպես հակամարտության կողմերից մեկն է և նրա կարծիքի հետ վաղ թե ուշ ստիպված են լինելու հաշվի նստել:
Թեր և դեմ կարծիքների այս խառնաշփոթի մեջ հարկ է արձանագրել ևս մի իրողություն: Հատկապես Մադրիդյան սկզբունքներում էր, որ ԼՂ ինքնորոշման իրավունքն առաջին անգամ ամրագրվեց: Դա ոչ միայն այդ իրավունքը վավերացնող առաջին բանակցային փաստաթղթն էր, այլև արժանացավ միջազգային հանրության պաշտպանությանը: Եվ հիմա, երբ նշում ենք, որ Հայաստանի ներկա արտաքին քաղաքականությունը բոլորովին այլ ուղղությամբ է ընթանում, ինքստինքյան ի հայտ է գալիս նաև այն մտավախությունը, որ գուցե թե վերջնական արդյունքում դա հանգեցնի այդ մի ձեռքբերման կորստին:
Երկընտրանքն ամեն դեպքում առկա է: Մի կողմից պարզ է, որ քանի դեռ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց աշխատանքները իրականացնում են կարգավորման հիմնարար ու դրանց հարակից տարրերի համաձայնեցման ուղղությամբ, փոխզիջումային լուծման հասնելը խիստ դժվար կլինի։ Մյուս կողմից կա մտավախություն, որ փոխարինելու եկող նորը կարող է շատ ավելի վատը լինել, քան իր նախորդն էր, իսկ դրա հավանականությունը ներկա իրողությունների պայմաններում փոքր չէ: Եվ այս իմաստով եթե խոսում ենք տարածաշրջանային հնարավոր զարգացումների, Մադրիդյան սկզբունքների ոչ իրատեսական լինելու, միջազգային մոտեցումները վերանայելու անհրաժեշտության և Արցախի միջազգային ճանաչման՝ որպես ներկա պահին տարածաշրջանային կայունություն ապահովելու միակ միջոցը լինելու մասին, պետք չէ մոռանալ նրան, ում հետ նստում ենք բանակցությունների սեղանի առաջ:
Բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով կառավարության նիստում, նորից յուրայիններին վստահեցրել, թե «այն առաջարկները, որոնք ներկա պահին գտնվում են բանակցությունների սեղանին, կապահովեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը»: Դրա հետ մեկտեղ նա կրկնեց, որ Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը չի եղել ու չի լինելու բանակցությունների թեմա: Ահա այսպես են Բաքվում ընկալում Մադրիդյան սկզբունքների տառն ու ոգին: Այտեղ հակված են ղարաբաղյան կարգավորման գործընթացում պահանջել ամեն ինչ՝ չտալով ոչինչ։ Իսկ սա արդեն դիվանագիտություն չէ։ Ու հետևաբար որևէ քիչ թե շատ նախընտրելի փաստաթուղթ հազիվ թե կարողանա ընթացքը պահել ցանկալի հունի մեջ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ

15 Ապր

ՁԿՆՈՐՍԸ

Ջուրն էր թշշում, ջուրն էր ուռչում,
Ձկնորսն ափին նստած՝
Կարթին նայում էր, անրջում՝
Կուրծքը զովին տըված։
Նստել, ականջ է լուռ դնում,
Մեկ էլ ջուրը ճողփաց,
Ու հորձանքից դուրս է ելնում
Մի կին՝ մարմինը թաց։

Այսպես երգեց, խոսեց փերին.
«Նենգ հնարքով մարդոց
Ի՜նչ ես թովում իմ ձագերին
Վերև՝ մահվան հնոց։
Թե իմանաս ոնց է խորքում
Խայտում ձկնիկն անվիշտ,
Դու էլ կիջնես և ընդերքում
Կապրես առողջ առմիշտ։

Մի՞թե արևն ու հեզ լուսին
Չեն զմայլվում ծովում,
Ալեծածան լույս երեսին
Շքեղ արտացոլվում։
Քեզ չի՞ դյութում երկինքն անհուն,
Կապույտը՝ ջինջ շաղով,
Եվ դեմքդ չի՞ սքանչանում
Անմահական ցողով»։

Ջուրն էր թշշում, ջուրն էր ուռչում,
Կառչում էր մերկ ոտից.
Սիրտը կարծես դուրս էր թռչում
Սիրո վառ կարոտից։
Այսպես խոսեց, այսպես երգեց,
Ու մոլորվեց տղան.
Կես նա ձգեց, կես սա սուզվեց-
Աներևույթ եղան։

ԳՈՏՀՈԼԴ ԼԵՍՍԻՆԳ

15 Ապր

Թովչանքը` դա գեղեցկությունն է շարժման մեջ: Իսկ երբ մենք գեղեցիկ ենք, ապա ամենից շատ գեղեցիկ ենք առանց զգեստների: Բայց հոգու գեղեցկությունը կարող է հրապույր տալ նույնիսկ անբարետես մարմնին, ճիշտ այնպես, ինչպես հոգու այլանդակությունը ամենահոյակապ կազմվածքի և մարմնի գեղեցկագույն անդամների վրա դնում է ինչ-որ յուրահատուկ դրոշմ, որն անբացատրելի զզվանք է առաջացնում մեր մեջ: Այն թույնը, որ անմիջապես չի ներգործում, դեռ չի դառնում նվազ վտանգավոր:
Չի կարող մեծ լինել այն, ինչը ճշմարտացի չէ: Կյանքում ամենափոքր բարիքը հարստությունն է, ամենամեծը` իմաստությունը: Ով որոշակի հանգամանքներում չի զրկվում խելքից, նա զրկվելու ուրիշ ոչինչ չի ունեցել: Եթե հիմարը պատահաբար լավ խորհուրդ է տալիս, դարձյալ այն պետք է կատարի խելացի մարդը: Վիճեք, մոլորվեք, սխալվեք, սակայն, ի սեր աստծո, խորհրդածեք, ու թեկուզ սխալ, սակայն ինքնուրույն: Միշտ եղեք այն ինչ կաք, հակառակ դեպքում կլինեք ոչինչ…

ՀԵՐԲԵՐԹ ՈՒԵԼՍ

15 Ապր

ԽՆՁՈՐԸ

-Պետք է ազատվեմ դրանից,-ասաց վագոնի անկյունում նստած մարդը՝ հանկարծ խզելով լռությունը:
Հինչքլիֆն աչքերը բարձրացրեց: Նա գրեթե չէր լսում: Ամբողջ ուշադրությունը կենտրոնացել էր իր ճամպրուկի բռնակներից կախված քոլեջյան գլխարկին: Այն նշան էր նոր ձեռք բերված ուսուցչի պաշտոնի: Նա ամբողջովին տարված էր գլխարկը դիտելով, հաճելի ակնկալություններով ու մի տեսակ երաշխիքի զգացումով, որ վերջինս ծնել էր նրա մեջ: Հինչքլիֆը հենց նոր էր ընդունվել Լոնդոնի համալսարան եւ պատրաստվում էր Հոլմհուդի միջնակարգ դպրոցում ուսուցչի կրտսեր օգնական դառնալ, որն, անկասկած շատ նախանձելի պաշտոն էր: Նա հայացքը սևեռեց իր ուղեկցին:
-Ինչու՞ այն չտալ որևէ մեկին,-ասաց վերջինս:- Տալ որևէ մեկին: Իսկ ինչու՞ ոչ:
Մարդը բարձրահասակ էր, թուխ, արևախանձ ու գունատ: Նա ձեռքերը պինդ խաչել էր կրծքին, ոտքերը դրել դիմացի նստարանին ու խաղում էր իր ուղիղ, սև բեղերի հետ: Մարդը հանկարծ հայացքը սևեռեց իր ոտքերին:
-Իսկ ինչու՞ ոչ:
Հինչքլիֆը հազաց:
Անծանոթը բարձրացրեց աչքերը, նա շատ տարօրինակ մուգ մոխրագույն աչքեր ուներ և գրեթե մի ամբողջ րոպե անտարբերությամբ նայեց Հինչքլիֆին: Հետո նրա աչքերն արտահայտություն ստացան:
-Այո,- ասաց նա դանդաղորեն,- իսկ ինչու՞ ոչ, տալ ու հաշիվները փակել:
-Չեմ հասկանում ձեզ, բանն ի՞նչ է,-հարցրեց Հինչքլիֆը կրկին հազալով:
-Չե՞ք հասկանում,-ասաց անծանոթը մեքենայաբար իր տարօրինակ աչքերը Հինչքլիֆից սահեցնելով պայուսակից ցուցադրաբար կախված գլխարկին և հետո՝ կրկին Հինչքլիֆի աղվամազով ծածկված դեմքին:
-Դուք այնքան անսպասելի սկսեցիք,-արդարացավ Հինչքլիֆը:
-Իակ ինչու՞ չպետք է սկսեի որ,- պատասխանեց անծանոթը մտքերի մեջ ընկած:
-Ուսանո՞ղ եք,- դիմեց նա Հինչքլիֆին:
-Այո, հեռակայում եմ Լոնդոնի համալսարանում,- պատասխանեց վերջինս անզուսպ հպարտությամբ, ջղային քաշելով փողկապը:
-Գիտությամբ եք տարված,- ասաց անծանոթն ու հանկարծ ոտքերն իջեցրեց նստարանից, բռուցքը դրեց ծնկին և հայացքն այնպես սևեռեց Հինչքլիֆին, որ կարծես թե մինչ այդ ուսանող չէր տեսել:
-Այո,- ասաց նա՝ տնկելով ցուցամատը: Հետո վեր կացավ, վերևից իջեցրեց մի պայուսակ ու լռությամբ այնտեղից դուրս հանեց արծաթյա թղթի մեջ փաթաթված ինչ-որ կլոր բան, զգուշությամբ բացեց այն և պարզեց Հինչքլիֆին մի փոքրիկ, շատ ողորկ ոսկեդեղնավուն պտուղ: Հինչքլիֆի բերանը բաց մնաց զարմանքից: Անծանոթը չառաջարկեց վերցնել այն, եթե անգամ ինքը ցանկանար:
-Սա,- ասաց տարօրինակ մարդը,- իմաստության ծառի խնձորն է: Ապա նայեցեք սրան. փոքրիկ, փայլուն ու հրաշալի: Իմացություն: Ուզում եմ այն ձեզ նվիրել:
Հինչքլիֆը մի պահ տենդագին մտածեց, որին հաջորդեց բացատրությունը. «խենթ է»,- կայծակի նման անցավ նրա մտքով, և ամեն ինչ հասկանալի դարձավ: «Հումորով խենթ»: Հինչքլիֆը գլուխը մի փոքր թեքեց:
-Իմացության ծառի խնձորը, ահա թե ինչ,- ասաց նա՝ զննելով այն կեղծ հետաքրքրությամբ: Հետո նայեց զրուցակցին:
-Բայց ինչու՞ ինքներդ չեք ուտում այն: Համ էլ ինչպե՞ս է ձեր ձեռքն ընկել:
-Ոչ մի կերպ գույնը չի գցում: Արդեն երեք ամիս է, ինչ մոտս է, բայց միշտ փայլուն է, ողորկ, հասած ու ցանկալի, ինչպես տեսնում եք:
Անծանոթը ձեռքը դրեց ծնկին ու սկսեց զննել պտուղը՝ ընկնելով մտքերի մեջ: Հետո թղթով փաթաթեց, կարծես հրաժարվելով ուրիշին տալու մտադրությունից:
-Բայց ինչպե՞ս է այն ձեր ձեռքն ընկել,- Հինչքլիֆը սիրում էր վիճել,- հետո որտեղի՞ց գիտեք, որ այն իմացության ծառի պտուղն է:
-Ես գնել եմ այն մի հայից, երեք ամիս առաջ, մի բաժակ ջրով ու մի կտոր հացով: Հայաստան: Այդ հրաշք երկիրը միակն է, որտեղ մինչեւ օրս պահպանվում է Նոյյան տապանը՝ Արարատ լեռան սառցադաշտերի մեջ թաղված:
Հայը, հետապնդվելով քրդերից, մյուս գաղթականների հետ բարձրացավ լեռները, հասավ մարդկանց մինչ այդ անհայտ վայրեր: Փախչելով մոտալուտ հետապնդումից, նրանք հասան լեռնագագաթների մեջ ընկած մի զառիթափի՝ ամբողջովին ծածկված կանաչ խոտով: Խոտը նման էր դանակի շեղբի և ներս մտնողին անգթորեն կտրատում էր: Քրդերը մոտենում էին, նրանք ստիպված էին նետվել խոտի մեջ, սակայն ամենասարսափելին այն էր, որ գաղթականները այդ գնով ճամփա էին հարթում քրդերի համար: Բոլորը սպանվեցին, կենդանի մնացին միայն երկուսը: Հայը լսում էր իր ընկերների աղաղակները, մյուս կողմից գալիս էր խոտի խշշոցի ձայնը. խոտը մարդաբոյից բարձր էր: Հետո լսվեցին բղավոց ու պատասխան գոռոցներ և, երբ նա կանգ առավ, շուրջն ամեն ինչ լռեց: Նա նորից սկսեց ճանապարհ բացել իր համար՝ առանց ըմբռնելու եղածը, կտրտված ու արյունաքամ: Շուտով դուրս եկավ ժայռերով շրջապատված մի գահավիժող զառիթափ: Հետո տեսավ, որ ամբողջ խոտը կրակի մեջ է, որից ելնող ծուխը վարագույրի պես կանգնել է իր և թշնամիների միջև:
Անծանոթը կանգ առավ:
-Հետո՞,- ասաց Հինչքլիֆը,- իսկ հետո՞:
-Կանգնած էր նա խոտերի շեղբերից պատառոտված ու արյունաքամ, իսկ ժայռերը փայլում էին կեսօրվա արևի տակ, երկնքի հալեցրած արույրը և կրակից ելնող ծուխը գալիս էին դեպի նա: Հայը չհամարձակվեց մնալ այնտեղ: Մահից չէ, որ վախենում էր, այլ տանջանքներից: Կրակից շատ հեռու ճիչ ու աղաղակ լսեց, լսեց թե ինչպես էին կանայք ճչում: Դժվարությամբ մագլցեց ժայռերից մեկի գագաթը, ամենուր մացառուտներ էին չորացած ճյուղերով, որոնք փշերի նման ցցվել էին տերևների միջից: Հետո մագլցեց մի ուրիշ բլուր: Այստեղ նա գտավ իր ուղեկցին, որը հովիվ էր, փախստական: Արհամարհելով ցուրտը, քաղցը, ծարավը, նրանք ձյան ու սառույցի միջով շարունակեցին իրենց ճանապարհը դեպի բարձունքները: Երեք օր շարունակ թափառեցին: Եվ ահա երրորդ օրը հայտնվեց տեսիլքը: Հիրավի, քաղցած մարդկանց հաճախ են տեսիլքներ երևում: Եվ դրանից հետո հայտնվեց այս պտուղը:
Անծանոթը բարձրացրեց թղթով փաթաթված պտուղը:
-Ես ուրիշ լեռնաբնակներից էլ եմ լսել այդ լեգենդի մասին,- ասաց նա ու շարունակեց:- Արդեն երեկո էր: Երկինքը աստղաշատ էր դառնում: Նրանք լերկ զառիկողի վրայով իջան մի մութ դաշտավայր: Վերջինս ամբողջովին ծածկված էր տարօրինակ, ծուռտիկ ծառերով: Դրանցից կախված էին լուսատիտիկների նման փոքրիկ գնդեր, արտասովոր կլորավուն դեղին լույսեր: Հանկարծ դաշտավայրը լուսավորվեց հեռու-հեռվում փայլուն ոսկեգույն բոցով, որն առաջ էր շարժվում: Գաճաճ ծառերը կորել էին մթության մեջ, իսկ շրջակայքի զառիթափերը դարձել էին բոսորագույն: երբ տեսիլքը հայտնվեց, նրանք, որ քաջատեղյակ էին լեռնային լեգենդներին, անմիջապես գլխի ընկան, որ իրենց տեսածը դրախտն է: Երկուսն էլ անշնչացած փռվեցին գետնին: Երբ նորից սիրտ արեցին նայել, դաշտավայրը միառժամանակ մթության մեջ էր, հետո կամաց-կամաց լուսավորվեց ու դարձավ դեղնադարչնագույն: Այդ տեսնելով հովիվը ոտքի կանգնեց ու ճչալով վազեց դեպի լույսը, մյուսը վախեցավ հետևել նրան: Նա կանգնել էր զարմանքից քար կտրած, ահաբեկված ու դիտում էր դեպի կրակը վազող իր ուղեկցին: Հազիվ էր հովիվը տեղից շարժվել, երբ լսվեց պայթյունի ձայն ու դեպի դաշտավայրը շտապող աներևույթ թևերի թափահարում: Սոսկալի ահն ու սարսափը տարածվեց օդում: Տեսնելով այս ամենը, իմ հերոսը շրջվեց՝ հույս ունենալով փախչել: Նա նորից վազեց զառիթափն ի վեր: Լսելով ետևից եկող թևերի թափահարումը, սայթաքեց, ընկավ գաճաճ թփերից մեկի մոտ: Այստեղ մի հասած պտուղ ընկավ նրա ձեռքը: Հենց այս խնձորը: Ձայներն անմիջապես շրջապատեցին նրան: Նա ընկավ ուշակորույս: Երբ ուշքի եկավ, պառկած էր իր ավերված գյուղում:
Մենք այցելեցինք վիրավորվածին: Տեսի՞լք: Բայց պտուղը դեռ նրա ձեռքին էր: Կային մարդիկ, որոնք լսել էին այդ լեգենդը, և գիտեին թե ինչ պտուղ է:
Նա կանգ առավ:
-Ահա հենց այս պտուղն է,- ասաց նա:
Դա ամենևին էլ Սասեքս մեկնող գնացքի երրորդ կարգի վագոնում պատմելու բան չէր: Այստեղ իրականը կարծես սոսկ վարագույր էր անիրականի համար, եւ ահա անիրականը երևան էր գալիս:
-Այդ պտու՞ղն է,- հազիվ արտաբերեց Հինչքլիֆը:
-Լեգենդը պատմում է,- ասաց անծանոթը,- որ պարտեզի շրջակայքում եղած գաճաճ ծառերի մացառուտներն աճել են Ադամի ձեռքի խնձորից: Տեսնելով կծած խնձորը, Ադամը հասկացել էր իր արածի ամբողջ լրջությունը և բարկացած մի կողմ նետել այն: Ահա հենց այդ տեղում էլ աճել են դրանք, այդ ամայի դաշտավայրում՝ շրջապատված հավերժական ձյունով: Իսկ հրեղեն սրերը Ահեղ Դատաստանի պահապաններն են:
-Բայց ես կարծում էի, թե այդ ամենը հեքիաթ է եղել, ավելի ճիշտ՝ զրույց: Ուզում եք ասել, որ Հայաստանում…
Անծանոթն անավարտ հարցին պատասխանելու փոխարեն կրկին պարզեց խնձորը:
-Բայց դուք հաստատ չեք կարող ասլ, թե դա իմացության ծառի պտուղն է: Հնարավոր է, որ այդ մարդը երևակայական տեսիլք է տեսել, ենթադրենք…
-Հապա նայեցեք սրան,- ասաց անծանոթը:
Այն մի տարօրինակ գունդ էր, ոչ թե իսկական խնձոր: Հինչքլիֆի աչքին զարնեց անսովոր կերպով փայլփլող ոսկեգույնը: Փայլն այնքան ուժեղ էր, որ թվում էր, թե լույսը գնդի մեջ է մտել: Երբ նա նայեց խնձորին, ավելի հստակ պատկերացրեց լեռների մեջ գտնվող ամայի դաշտավայրը, պահապան հրեղեն սրերը, հասկացավ ամբողջ զրույցի իմաստը, այդ պատմության այն տարօրինակ կողմերը, որոնք հնուց են գալիս: Նա ձեռքով տրերեց աչքերը:
-Բայց,- ասաց նա…
-Երեք ամիս է, նույնիսկ մի փոքր ավելի, ինչ այս պտուղն ինձ մոտ է, բայց այն դարձյալ ողորկ է ու լիքը: Ոչ չորանում է, ոչ թառամում, ոչ էլ փչանում:
-Եվ դուք ինքներդ հավատում եք, որ այն իսկապես…
-Արգելված պտուղն է,- շարունակեց անծանոթը:
Ոչ մի կերպ հնարավոր չէր կասկածել նրա անկեղծությանն ու ողջախոհությանը:
-Իմացության պտուղը,- շարունակեց նա:
-Ենթադրենք, թե դա իրոք իմացության պտուղն է,- ասաց Հինչքլիֆը մի փոքր լռելուց հետո. նա շարունակում էր նայել խնձորին:- Բայց վերջիվերջո սա այն իմացությունը չէ, որին ես եմ ձգտում: Ուզում եմ ասել Ադամն ու Եվան արդեն այն կերել են:
-Մենք ժառանգել ենք նրանց մեղքերը, ոչ թե իմաստնությունը,- ասաց անծանոթը:- Այս խնձորը կրկին ամեն ինչ հստակ ու պարզ կդարձնի: Մենք պետք է փորձենք հասկանալ ամեն ինչի էությունը, պետք է փորձենք ըմբռնել ամեն ինչի ամենախոր իմաստը:
-Այդ դեպքում ինչու՞ ինքներդ չեք ուտում այն,- ասաց Հինչքլիֆը ոգևորված:
-Ես վերցրի այն ուտելու համար: Բայց ես իմ կյանքն արդեն ապրել եմ, պարզապես այն ուտելը հազիվ թե…
-Իմաստնությունն ուժ է,- ասաց Հինչքլիֆը:
-Բայց մի՞թե այն երջանկություն է, ես ձեզնից մեծ եմ, ձեր երկու տարիքն ունեմ, գուցե մի բան էլ ավելի: Քանի անգամ ձեռքս առա այն, բայց ամեն ինչ իմանալու մտքից քաջությունս կորցրեցի: Այդ սարսափելի պարզությունը… Եվ հանկարծ ամբողջ աշխարհը դառնում է անգթորեն պարզ ու հասկանալի:
-Կարծում եմ, որ այդ ընդհանուր առմամբ մեծ առավելություն կլիներ:
-Ենթադրենք, դուք իմացաք, թե ինչ են զգում ու մտածում ուրիշները ձեր մասին, թափանցեցիք այն մարդկանց սրտի խորքերը, որոնց դուք սիրում եք, գնահատում նրանց սերը:
-Այդ դեպքում անմիջապես կճանաչեք ստախոս ու անազնիվ մարդկանց,- ասաց Հինչքլիֆը՝ խորապես ցնցված այդ մտքից:
-Իսկ ինքդ քեզ ճանաչելն ավելի վատ է, ինքդ քեզ՝ առանց ամենաներքին պատրանքների: Ինքդ քեզ ուրիշի աչքով ընկալելը: Այն բոլոր ցանկություններն ու տենչանքները, որոնք առաջնորդում են քո արարքներին: Այս ամենն, ըստ իս, այնքան էլ լավ հեռանկար չէ:
-Ինքդ քեզ ճանաչելը հիանալի բան է:
-Դուք երիտասարդ եք,- ասաց անծանոթը:
-Եթե չեք ուզում խնձորն ուտել, և այն ձեզ անհանգստություն է պատճառում, ինչու՞ մի կողմ չեք նետում:
-Տեսնու՞մ եք, դարձյալ ինձ չհասկացաք: Ինչպե՞ս կարելի է նման սքանչելիքը դեն նետել: Ձեռք բերելուց հետո դժվար է դրանից բաժանվելը: Մյուս կողմից, անհրաժեշտ է այն նվիրել այնպիսի մեկին, ով գիտության ծարավի է և չի սարսափում պայծառատես լինելուց:
-Իսկ գուցե այդ պտուղը թունավոր է,- ասաց Հինչքլիֆը:
Հետո վագոնի պատուհանից դուրս նայելիս նրա հայացքն ընկավ մի անշարժ բանի. ճերմակ տախտակի վրա սև տառերով գրված էր «…ՄՀՈՒԴ»: Նա նյարդացած վեր թռավ տեղից:
-Օ, արդեն հասանք Հոլմհուդ:
Եվ ներկան ջնջեց բոլոր այն խորհրդավոր մտքերը, որոնք պաշարել էին նրան: Հաջորդ րոպեին Հինչքլիֆն արդեն ճամպրուկը ձեռքին բացում էր վագոնի դուռը: Հսկիչը թափահարում էր կանաչ դրոշակը:
-Խնդրեմ,- լսեց նա իր ետևում ու տեսավ անծանոթ մուգ, փայլուն աչքերն ու վագոնի բաց դռնից իրեն պարզված ոսկյա պտուղը:
-Ոչ, ոչ,- բղավեց անծանոթն ու ձեռքը պարզեց կրկին այն ետ վերցնելու համար:
-Մի կողմ քաշվեք,- գոռաց գյուղական ուղեկցորդն ու առաջ նետվեց դուռը փակելու:
Անծանոթն ինչ-որ բան գոռաց, գլուխն ու թևերը դուրս հանեց պատուհանից:
Բայց հետո կամուրջը Հինչքլիֆի տեսադաշտը փակեց:
Նա կանգնել էր ապշած, հրաշք պտուղը ձեռքի մեջ ու նայում էր, թե ինչպես էր վերջին վագոնը ծածկվում ոլորանի ետևում: Մի ակնթարթ կանգնել էր շփոթված, հետո զգաց, որ կառամատույցին կանգնածներից ոմանք հետաքրքրությամբ իրեն են նայում. արդյոք սա իրենց դպրոցի ուսուցիչը չէ՞: Իր առաջին ելույթն է, ինչ է: Նրանք հիմա իր ձեռքինը նարինջ կկարծեն: Նա կարմրեց այդ մտքից ու խնձորը գրպանը դրեց: Հիմա էլ գրապանն ուռավ: Ուրիշ ելք չկար, ու նա շարժվեց նրանց կողմը՝ անհաջող փորձ անելով թաքցնել իր անճարակությունը: Նրան պետք էր իմանալ դպրոց տանող ճամփան և մեկ էլ՝ թե ինչպես կարելի է տանել իր ճամպրուկներն ու սնդուկները, որոնք տախտակամածի վրա էին: Ինչ հեքիաթներ ասես, որ նրան չպատմեցին. ուղեբեռը կարելի է տանել բեռնակառքով, արժեքը՝ վեց պենս, ինքը կարող է ետևից ոտքով գնալ: Նրանց ձայների մեջ կարծես թե հեգնանք կար: Եվ նա դառնորեն հասկացավ գործի էությունը: Գնացքում հանդիպած անծանոթի տարօրինակ անկեղծությունն ու պատմածի արտաքին փայլը միաժամանակ շեղեցին Հինչքլիֆի մտքերի հոսքը: Նրա առաջիկա ծրագրերը մի տեսակ աղոտ տեսք ստացան: Ինչ կրքեր ասես, որ չբորբոքվեցին ու մարեցին: Սակայն մտահոգությունը նոր պաշտոնի համար և այն տպավորությունը, որ նա պետք է թողներ Հոլմհուդի ու իր աշխատակիցների վրա, ավելի քան խառնեցին նրա մտքերը:
Խնձորը տհաճորեն ուռեցրել էր նրա սև պիջակի գրպանը, որի կարերն անգամ չէին երևում: Նա անցավ մի սևզգեստ տարեց կնոջ կողքով ու զգաց, որ վերջինս նայում է իր ուռած գրպանին: Հինչքլիֆը միայն մի ձեռնոց էր դրել, իսկ երկրորդը ձեռնափայտի հետ պահել էր մյուս ձեռքում, այնպես որ խնձորը ձեռքին բռնելը բացառվում էր: Մի տեղ, երբ ճանապարհը բավականին մեկուսացած էր քաղաքից, նա հանեց խնձորն ու փորձեց տեղավորել գլխարկի մեջ: Խնձորը շատ մեծ էր, եւ գլխարկը ծիծաղելիորեն տարուբերվում էր: Եվ երբ նա փորձեց այն դուրս հանել գլխարկից, հանկարծ անկյունում հայտնվեց մսագործի աշակերտը:
-Գրողը տանի,-ասաց Հինչքլիֆը:
Նա ցանկանում էր ուտել խնձորն ու անմիջապես իմաստնանալ, բայց փողոցում այդ անելն անխոհեմություն կլիներ: Եթե աշակերտներից մեկը տեսնի իրեն այդ պահին, անկասկած խիստ նկատողություն կստանա նման վարքի համար: Խնձորը շատ հյութալի էր երևում: Նրա հյութը կարող էր թափվել դեմքի, շապիկի, թևքերի վրա: Կամ էլ, թերևս կիտրոնահյութի պես թթու էր, որից հագուստները կարող էին գունաթափվել: Հանկարծ արահետի ոլորանին հայտնվեցին արևով ողողված երկու աղջկական կերպարանք: Նրանք զրուցելով դանդաղ քայլում էին դեպի քաղաք և ամեն վայրկյան կարող էին իրենց շուրջը նայել ու տեսնել մի կարմրատակած երիտասարդի, որի ձեռքին ֆոսֆորափայլ, դեղնավուն լոլիկ կար:
-Գնա գրողի ծոցը,- ասաց նա ու մի թեթև շարժումով քարե պատի վրայով խնձորը շպրտեց ճանապարհին կից մի պարտեզ: Երբ արդեն այն չկար, Հինչքլիֆը մի պահ միայն կորստի թեթև ցավ զգաց: Նա ձեռքին հարմարեցրեց ձեռնափայն ու ձեռնոցը և, դեռ չհասած աղջիկներին, շարունակեց քայլել ուղիղ, ամոթխած ու այլայլված:
Սակայն գիշերը Հինչքլիֆը երազում տեսավ դաշտավայրը, հրեղեն սրերը, գաճաճ ծառերն ու հասկացավ, որ սխալ է վարվել, քանի որ խնձորն իրոք իմացության ծառի պտուղն էր: Նա արթնացավ ծանր զգացողությամբ: Առավոտյան նրա ափսոսանքն անցավ, բայց հետո նորից վերապրեց այդ զգացումը, այս անգամ այն սկսեց տանջել նրան:
Վերջապես, մի լուսնկա գիշեր, ժամը տասնմեկին մոտ, երբ ամբողջ Հոլմհուդն արդեն քնած էր, Հինչքլիֆի ափսոսանքի զգացումն այս անգամ նրան մղեց արկածախնդրության:
Նա աննկատ դուրս եկավ տնից, խաղահրապարակի պատի վրայով, քաղաքի միջով գնաց Լեյն կայարանը և մագլցեց այն պարտեզը, որտեղ նետել էր խնձորը: Բայց, ավաղ, ոչինչ չգտավ ցողոտ կանաչի ու կաթնուկների հազիվ նշմարելի գլխիկների մեջ…

Թարգմ. Գայանե Նասոյան