Պահոց | 1:01 ե.

Ինքնաբացարկը որպես պայքարի միջոց

14 Ապր

Հետզհետե ամրապնդվում է այն համոզմունքը, որ յուրաքանչյուր պատեհ առիթ հարմար է հայ-թուրքական լարվածությունը խորացնելու համար: Թվում է` կողմերը միայն հնարավորություններ են փնտրում մեկը մյուսին անվանարկելու, փոխադարձ մեղադրանքներ հասցեագրելու համար: Իսկ առավել տեսանելի թատերաբեմերն ու բարձր ամբիոնները այսուհետ ծառայեցվելու են բացառապես այդ նպատակի համար: Այդ պատճառով ամենևին էլ զարմանալի չէր, որ երբ հայտնի դարձավ այս տարվա մայիսի 9-13-ը Ստամբուլում գումարվելիք ՄԱԿ-ի հերթական գագաթաժողովի մասին, առաջին հերթին ծառացավ այն հարցը, թե ի՞նչ դիրքորոշումներ հանդես կբերեն հայերն ու թուրքերը: Նկատենք, որ ստամբուլյան խորհրդաժողովը հավակնում է դառնալ ՄԱԿ-ի շրջանակում կազմակերպված ամենամեծ միջազգային հավաքը, և նվիրված է լինելու աշխարհի առավել թույլ զարգացած երկրների զարգացման ուղիների որոնմանը: Իսկ նույն խորհրդաժողովի շրջանակներում անցկացվելու է նաև խորհրդարանական համաժողով, որը կկայանա մայիսի 8-ին: Սպասվում է, որ գագաթնաժողովի արդյունքում պետք է հրապարակվի քաղաքական հռչակագիր, ինչպես նաև կազմակերպության առաջիկա 10 տարիներին ուղղված «գործողությունների ծրագիր»:
Ըստ տեղեկությունների, մասնակցության հրավեր են ստացել ՄԱԿ-ի անդամ 192 երկրների շուրջ 200 առաջնորդներ, կառավարությունների ղեկավարներ և նախարարներ: Թուրքական լրատվամիջոցները ամեն գնով փորձում են մեծ կարևորություն վերագրել իրենց երկրի հյուրընկալությանը` գրելով, թե իբր հրավերն ուղարկվել է անձամբ Գյուլի անունից: Նրանց համար առանձնապես հաճելի է հիշատակել, որ Ստամբուլ են կանչվել նաև երեք «անցանկալի» երկրների` Իսրայելի, Ֆրանսիայի և Հայաստանի նախագահները: Սրան հակառակ, այլ աղբյուրներ նշում են, որ օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին հրավերներն ուղարկվում է ոչ թե Թուրքիայի, այլ ՄԱԿ-ի կողմից:
Բայց վերադառնանք Սերժ Սարգսյանի Թուրքիա մեկնելու հավանականությանը: Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ հրավերի մասին, անհրաժեշտ եղավ սպասել ևս մի քանի օր, մինչև որ նախագահի նստավայրից արձագանքեցին տեղեկատվությանը: Երկրի ղեկավարի մամուլի քարտուղարը նախ հաստատեց դա, իսկ այնուհետև հաղորդեց, որ ներկա պահին Հայաստանի նախագահի մասնակցության հարցը քննարկվում է ՄԱԿ-ի համապատասխան ծառայությունների հետ` աշխատանքային կարգով: Դրա հետ մեկտեղ նշվեց, թե առաջիկայում Թուրքիայի ղեկավարության հետ երկկողմ հանդիպումներ նախատեսված չեն: Հասկանալի էր, որ նախագահականից եկող այս բացատրությունն անմիջապես պիտի ընկալվեր մեկ նշանակությամբ. Սերժ Սարգսյանը Ստամբուլ չի մեկնելու: Հենց այդպիսի վերնագրերով էլ լրատվական գործակալությունները շտապեցին լուրը հայտնի դարձնել բոլորին:
Չի բացառվում, որ ճիշտ այդպես էլ լինի ու Ս. Սագսյանը երկրորդ անգամ չհատի հայ-թուրքական սահմանը: Սակայն նկատենք նաև, որ հիշատակված հաղորդման մեջ առայժմ որևէ միտք մեզ հիմքեր չի տալիս նման հետևություն անելու համար: Նախ, եթե հրավերի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի հետ, կնշանակի կա նաև մեկնումի հավանականություն, այլապես ինչի՞ մասին պիտի այնտեղ խոսեին, եթե հրաժարումը վերջնական է: Եվ բացի այդ, թուրք ղեկավարների հետ չհանդիպելը դեռևս չի նշանակում միջազգային գագաթաժողովին չմասնակցել: Կարելի է նաև ներկա գտնվել ու խուսափել հանդիպումներից, ինչպես արվել է շատ անգամներ, թեև, եթե մինչև վերջ անկեղծ լինենք, այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում Հայաստանն ի վերջո ստիպված կլինի շրջանցել բազում ու բազում այլ հավաքներ, որտեղ ներկա կգտնվեն թուրքերը կամ, ասենք, ադրբեջանցիները: Մի՞թե հնարավոր չէ մտածել «անհամատեղելիությունն» արտահայտելու մեկ այլ` ավելի խելացի տարբերակ և չթողնել այնպիսի տպավորություն, որ կարծես դասից անհարգելի կերպով բացակայող աշակերտի պատճառաբանութուն ենք լսում:
Ստամբուլի խորհրդաժողովին մասնակցելու հրավեր էր ստացել նաեւ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նախագահական նստավայրի արձագանքից անմիջապես հետո ԱԺ լրատվականը շտապեց նույնաբովանդակ ու հակիրճ մի տեղեկատվություն տարածել, համաձայն որի «Աբրահամյանը աննպատակահարմար է համարել իր մասնակցությունն այդ խորհրդաժողովին»: Համաձայն նույն աղբյուրի, Հայաստանի խորհրդարանից ընդհանրապես ներկայացուցիչ չի լինելու այնտեղ:
Այս նույն ժամանակ թուրքական լրատվամիջոցները, հղում կատարելով պաշտոնական մարմիններին, գրում են, որ ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի նախագահները դեռևս չեն հաստատել իրենց մասնակցությունը։ Հեյդար Ալիևի անվան հիշատակումն այս պարագայում նույնքան հետաքրքրական է: Բանն այն է, որ Բաքվից խիստ հակասական լուրեր են գալիս: Այնտեղ ասում են, թե իրենք ներկա պահին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլից ՄԱԿ-ի խորհրդաժողովին մասնակցելու հրավեր չեն ստացել: Բայց կա ևս մի արժանահիշատակ դրվագ: Համաձայն այդ աղբյուրների, դժվար թե նախագահ Ալիևը մեկնի Ստամբուլ, եթե այնտեղ լինելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Զավեշտալի կացություն է ստեղծվում: Բոլորը բոլորի համար անցանկալի են, ոչ ոք մտադրություն չունի հանդիպելու մյուսին, բայց կա կնճիռներ հարթելու և հարցեր լուծելու մեծ ցանկություն: Ու եթե պատահի այնպես, որ մայիսին Ստամբուլի «մարտադաշտը» թափուր մնա, ապա հազիվ թե կարելի կլինի դա անվանել խոշոր ձեռքբերում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ

14 Ապր

ԱՍՏԵՐԻԻ ՏՈՒՆԸ

… Գիտեմ` ինձ մեղադրում են մեծամտության, և, գուցե` մարդկանց ատելու, և, գուցե, խելագարության մեջ: Այս մեղադրանքները (որոնց համար ես պատասխան կտամ, երբ ժամանակը գա) պարզապես ծիծաղելի են: Ճիշտ է, որ ես տնից դուրս չեմ գալիս, բայց և ճիշտ է այն, որ իմ տան դռները (որոնք անթիվ են) օրուգիշեր բաց են մարդկանց ու կենդանիների համար: Թող ներս գա` ով ցանկանում է: Այստեղ չես գտնի ոչ պալատական ճոխություն, ոչ կահույքի նշույլ, միայն հանգստություն ու մենություն: Այս տան հավասարը չկա ամբողջ աշխարհում (ստում են նրանք, ովքեր պնդում են, թե նման տուն կա Եգիպտոսում): Մեկ ուրիշ անմտություն է, թե ես` Աստերիս, գերի եմ: Կրկնե՞մ, որ այստեղ ոչ մի փակ դուռ չկա: Բացի այդ, մի օր` մթնշաղին, ես փողոց դուրս եկա, ու եթե մինչև կեսգիշերը վերադարձա տուն, դա այն պատճառով էր, որ ինձ վախեցրին հասարակ մարդկանց դեմքերը` անգույն ու տափակ, ինչպես ձեռքի ափն է լինում: Արևն արդեն մայր էր մտել, բայց երեխայի չկտրվող լացն ու աղերսող աղաղակները վկայում էին, որ ինձ ճանաչել են: Մարդիկ աղոթում էին, փախչում, ծնկի գալիս, մյուսները քարեր էին ձեռքներն առնում: Ինչ-որ մեկը կարծես թե նետվեց ծովը: Իզուր չէր, որ մայրս թագուհի էր, ես չեմ կարող խառնվել կեղտին, նույնիսկ եթե համեստությունից դրդված ցանկանայի:
Բանն այն է, որ ես անկրկնելի եմ: Ինձ հետաքրքիր չէ, թե ինչ կարող է ինչ-որ մեկը հայտնել մյուսին. որպես փիլիսոփա ես ենթադրում եմ, որ նամակի օգնությամբ ոչինչ էլ չի կարելի հաղորդել: Այդ նյարդայնացնող մանրուքներն իմ` մեծագույնիս տրված հոգու համար չեն: Ես երբեք չեմ էլ կարողացել մտապահել մեկ տառի տարբերությունը մյուսից: Ինչ-որ վեհ անհամբերություն խանգարում է, որ կարդալ սովորեմ: Երբեմն ես ափսոսում եմ դրա համար. օրերն ու գիշերներն այնքան երկար են:
Բնականաբար, ես բավականաչափ զվարճանում եմ: Ես ոչխարի պես եմ պատկերասրահներով սլանում, մինչև որ ուժասպառ ցած ընկնեմ: Ես թաքնվում եմ ջրամբարի ստվերում, կամ էլ միջանցքի անկյունում, ու սկսում եմ ձևացնել, թե ինձ փնտրում են: Պատահել է, որ կտուրներից ցած եմ թռչել ու արյունլվիկ եղել: Երբեմն ես ձևացնում եմ, թե քնած եմ` փակած աչքերով ու խորը շնչելով (երբեմն ես իսկապես քնում եմ, իսկ երբ բաց եմ անում աչքերս, տեսնում եմ, թե ինչպես է փոխվել օրվա գույնը): Բայց խաղերից ամենաշատը ես սիրում եմ «ուրիշ Աստերիի» խաղը: Ես ձևացնում եմ, թե նա ինձ հյուր է եկել, իսկ ես նրան իմ տունն եմ ցույց տալիս: Անչափ հարգալից ես նրան ասում եմ. «Արի վերադառնանք այն անկյուն», կամ, «Իսկ հիմա արի գնանք ուրիշ բակ», կամ, «Ես այդպես էլ կարծում էի, որ քեզ դուր կգա այս պատը» կամ, «Հիմա կտեսնես, թե ինչպես է ստորգետնյա մուտքը բացվում»: Ժամանակ առ ժամանակ ես սխալվում եմ, և մենք լիաթոք ծիծաղում ենք:
Ես ոչ միայն հնարում եմ այս խաղերը, ես նաև խորհում եմ տան մասին: Տան բոլոր մասերը շատ անգամ կրկնվում են, մի մասը կարծես մյուսի պատճենը լինի: Չկա մի ջրհոր, բակ, ճաշարան, այլ կան տասնչորս ճաշարաններ, բակեր, ջրհորներ: Տունը նման է աշխարհի, ավելի շուտ, այն հենց աշխարհն է: Այնուամենայնիվ, երկրում անկրկնելի երկու բան կա` մեկը վերևում` անհասկանալի արևը, մյուսը` ներքևում` ես` Աստերին: Շատ հնարավոր է, որ աստղերը, արևն ու այս տունը ես եմ ստեղծել, բայց ես վստահ չեմ դրանում:
Ինը տարին մեկ այս տանը հայտնվում են ինը մարդ, որպեսզի ես նրանց չարիքից ազատեմ: Ես լսում եմ նրանց քայլերն ու ձայները փոշոտ քարե սրահներից մեկից ու ուրախությամբ նրանց ընդառաջ եմ վազում: Ողջ արարողությունը զբաղեցնում է մի քանի րոպե միայն: Նրանք ընկնում են մեկը մյուսի ետևից, ու ես նույնիսկ չեմ հասցնում արյունոտվել: Որտեղ որ ընկնում են, այնտեղ էլ մնում են, ու նրանց մարմինները օգնում են ինձ մի սրահը մյուսներից տարբերել: Ես չգիտեմ, թե ովքեր են նրանք, բայց նրանցից մեկը իր մահվան պահին ինձ հայտնեց, որ մի անգամ իմ փրկիչն էլ կգա: Այդ օրվանից ինձ չի սարսափեցնում միայնությունը, ես գիտեմ, որ իմ փրկիչը գոյություն ունի, ու օրերից մի օր, նա կքայլի այս փոշոտ սրահներով: Եթե իմ լսողությանը աշխարհի բոլոր ձայները հասնեին, ես կտարբերեի նրա ոտնաձայները: Լավ կլիներ, որ նա տաներ ինձ մի վայր, որտեղ շատ ավելի քիչ սրահներ ու դռներ կան: «Ինչպիսի՞ն է լինելու իմ փրկիչը»,- հարցնում եմ ինքս ինձ:- «Նա կլինի ցուլ, թե՞ մարդ: Գուցե ցուլ` մարդու գլխով: Թե՞ կլինի այնպիսին, ինչպիսին որ ես եմ…»

* * *
Առավոտյան արևի շողերը խաղում էին բրոնզագույն սրի վրա: Դրա վրա արդեն գրեթե արյուն չէր մնացել:
— Կհավատա՞ս, Արիադնա, — ասաց Թեսեոսը,- իսկ մինոտավրոսը նույնիսկ չէր դիմադրում:

ՖՅՈԴՈՐ ԴՈՍՏՈԵՎՍԿԻ

14 Ապր

Մարդը մի ամբողջ աշխարհ է, միայն թե նրա մեջ ազնիվ լինի հիմնական մղումը: Լավագույն մարդիկ ճանաչվում են բարձր բարոյական զարգացմամբ և բարձր բարոյական ազդեցությամբ: Կարելի է և նույնիսկ ճիշտ է իմաստավորել ու զգալ միանգամից, բայց միանգամից մարդ դառնալ անհնար է: Մարդը կարող է սխալվել: Սխալը դեռևս կեղծիք չէ: Արդար գործը չի կործանվի նույնիսկ մի քանի սխալներից: Համենայն դեպս, այն գաղափարը, որի վրա է հիմնված ամեն ինչ, կմնա անսասան: Առաջին քայլը եթե չհաջողվի` կհաջողվի երկրորդը: Պետք է մշակվել որպես մարդ: Ով հակամետ է հեշտությամբ կորցնել հարգանքը ուրիշների նկատմամբ, նա ամենից առաջ չի հարգում ինքն իրեն: Առանց իդեալների, այսինքն` առանց լավագույն թեկուզ փոքր-ինչ որոշակի ցանկությունների երբեք չի կարող ստացվել ոչ մի լավ իրականություն: Առանց մեծահոգի գաղափարների մարդկությունը չի կարող ապրել:
Սակայն խելացի վարվելու համար միայն խելքը քիչ է: Գլխավորը ոչ թե խելքն է, այլ այն, ինչը ուղղություն է տալիս նրան` բնավորությունը, հոգին, ազնիվ հատկանիշները, զարգացումը: Աշխատանքով ու պայքարով է ձեռք բերվում ինքնատիպությունը և սեփական արժանապատվության զգացումը: Ու ես չեմ կարող պատկերացնել այնպիսի վիճակ, որ երբևէ անելու բան չլինի: Իսկական գործիչը, ճանապարհ ընկնելով, իր առջև անմիջապես տեսնում է այնքան գործեր, որ չի գանգատվի, թե իրեն չեն թողնում գործ անել, այլ անպայման կփնտրի-կգտնի և կհասցնի գոնե որևէ բան անել, որովհետև իր ներսում խեղդել պարտքի գիտակցումը և չճանաչել պարտականությունները` միևնույն ժամանակ իր համար պահանջելով բոլոր իրավունքները, պարզապես խոզություն է:

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ

14 Ապր

ԱՆՁՐԵՎԸ

Մթին սարերի ամպերից, կապույտ ձյուներից և սառը աղբյուրների ակունքներից գլոր-գլոր իջնում է Ձորագետը, գարնանը՝ հեղեղների աղմուկով, ամառվա տապին՝ զով կոհակներով և աշնանը՝ դեղնակարմիր տերևներով, որ հավաքում են ջրերը ձորերում։ Հետո ջրերի վրա, նուրբ ծանրանում է ցուրտ մառախուղը, և լոռեցիների բարձր աշխարհում մաղում է ձյունը։
Տխրություն, ահ, լեռնային երկրի երկա՜ր ձմեռ…
Արդեն տերևաթափ են թզենիները։ Անտառում երևում են հացենի ծառերը նարնջագույն տերևներով, կաղնիները՝ բաց դեղին և կարմիր տերևներով տանձիները, որոնց շուրջը չոր խազալի վրա գիշերում է մի գազան։ Ծառից ընկնում են տերևները, ահավոր կանչում է կույր մոշահավը և բոլորովին մոտիկ, դեղնած սաղարթի մեջ փայտահարը կտուցով թմբկահարում Է կեղևը։ Անտառում մառախուղ է, կաթում է խոնավությունը մամուռների վրա, ծառերի վրա և քարափների լանջին։ Մի խանգարված մատուռի առաջ դեռ մխում է չոբան Սաբոյի կրակը։ Ես զգում եմ ոչխարների՝ անձրևից տաքացած բրդի հոտը։ Հետո իրար եմ հավաքում կրակը և մոխիրների տակ կարդում գերեզմանաքարի երկաթագիրը՝ «Երեմիա սուրբ ծերունի»… Խշշում են քարափի ուռիները։ Բարձրերում բուք կա, և լեռնային բադերը մառախուղի միջով իջնում են դեպի տաք ձորերը։
Ահա քարանձավը… Նստել է որսկան Չատին, ոտքերի առաջ եղջերուն փռել է բարակ վիզը և սառած աչքերով նայում է գորշ մշուշին։ Քամուց ծփում է որսկանի սպիտակ միրուքը, նրա ոտքերի վրա բուսել է մամուռը։ Կարմիր մասուրներ կան մատների վրա։ Նա նայում է ինչպես եղջերուն, չզիտես խեղճ աղերսով, թե անբարբառ աղոթքով։ Գուցե խարույկ է եղել նրա մոտ։ Վառել է չիբուխը խարույկի կրակից, և գիշերվա ահից կուչ եկած թուխ մանուկներին պատմել քարանձավներում քրքջացող այսերի և մարդագող ալքերի հեքիաթը, երկար, ինչպես լեռնային երկրի ահավոր ձմեռը։
Գվվում է ձորը անհայտ աղմուկից, դողում է գետինը, դողում են ծառերը և տարափով տեղում աշնան անձրևի ծանր կաթիլները։
Գվվում է քարանձավը, և լսում եմ մի ձայն, որ արձագանքի պես հնչում է մութ փչակից.
…Էս խոր ձորերում էս է՝ չորս քսան տարիս լրացավ,
Ոչ մի խնդություն տեսա իմ օրում,
Ոչ էլ մի անգամ աչքս լիացավ։
Խշշում են մասրիները, որ բուսել են քարափի լանջին, որոնց խառնվել են այն տեսիլք ծերունու մեռած մազերը։ Հետո աղմկում է ամբողջ անտառը, քամին է շառաչում և հողմահալած մառախուղը կորչում է փչակներում, մթին քարանձավներում։ Կաղնիների բաց դեղին սաղարթի միջից աշնան արևը լուսավորում է փափուկ արահետները։
Խաղաղ խնդությամբ իջնում եմ գետափը։
Վերևում՝ քարանձավների առաջ, մնացին այն լուսերես ծերունիները, որոնք ապրեցին «ամեն մեռնողին երանի տալով», ոտքերի առաջ մի մեռած եղջերու…

* * *
Գետը։
Գետի վրա, պողպատյա լարերից կախված օրորվում է մի կամուրջ։ Այն ափին բարձրացել է հիդրոցենտրալի բազմահարկ շենքր, որի վիթխարի ապակիներն արտացոլում են Լոռու ձորի ժայռերը, անտառը, ավերակ մատուռը և այն երեք տունը, որ ծվարել են քարափի գլխին։
Շենքի ներսը՝ այս ձորերին անծանոթ եռուզեռով խլրտում են մարդիկ, որոնք հերոսական ջանքերով և դժվար զրկանքներով հաստատեցին լույսի այս ամրոցը։ Ահա երկաթակուռ բետոնի անկործան և անփոփոխ հունով, Ձորագետի ջրերը բարձր ժայռից իջնում են ծանր տուրբինների վրա։ Ամեհի թափով պտտվում է սյունը, հարյուրավոր մեքենաներ դարձ են անում, ռիթմով դառնում և վերևի ընդարձակ դահլիճում գեներատորը երկնում է հազար-հազար կիլովատ։
Մեքենաների ժխորի մեջ լսում եմ տարիների համառ աշխատանքի պատմությունը — երեք ագրեգատ, յուրաքանչյուրը մի քանի հազար ձիու ուժ… բացի այդ՝ մի պեյլտոն ագրեգատ…։ Օդային ֆիդերները տանում են այդ ուժը դեպի պղնձաձուլարանները, դեպի ցիանամիդի և գրանիտի գործարանները, դեպի Ստեփանավան։ Հետագայում մի գիծ կմիանա Քանաքեռի հիդրոկայանին, իրար կմիանան Լենինականը, Երևանը և հիմք կդրվի Հայաստանի էներգետիկ հզոր հանգույցին։
Զվարթ աղմկում են մեքենաները, և դժվար է լսվում այդ պատմությունը։ Բաց պատուհանից ներս է մտնում անտառի գաղջ բույրը և նոր ներկած վահանների հոտը։
Մեկը կանգնել է ամպերոմետրի մարմարե տախտակների մոտ և ուշադրությամբ նայում է պղնձե սլաքների ընթացքին։ Նա երբեմն բաց պատուհանից նայում է դիմացի լեռներին, անտառին և այն երեք տանը, որ կուչ են եկել քարափի գլխին։
Նրա կապույտ աչքերից, նիհար և բարձր հասակից երևում է այդ լեռների մարդը, անբան հովիվների շառավիղը՝ լոռեցի բանվորը։ Ոչ ահ կա սրտում, ոչ խոնարհ վախ աստծուց, թավադից, չարքից ու չարչուց։
Լոռու ձորում կնստի ձմեռը, և ծմակներում կոռնա քաղցած գազանը, հոտոտելով նա կհասնի մինչև քարափի եզրը և ահից ետ կդառնա, երբ տեսնի լույսերով ողողված ձորը։
Ձմռան գիշերը լուսավոր դահլիճում մարդը կլսի մեքենաների զվարթ աղմուկը, ապա նոր ճանապարհներով կդառնա տուն և իր թուխ մանուկներին կպատմի, որպես մի առասպել, այն ժամանակները, երբ քար ու քարափների վրայով, մեջքը կքած, մեջքից ծանր բեռ բարձրանում էր լոռեցին իր գյուղը՝ խավարի ու աղքատության մագիլներում։ Այն ժամանակները, երբ «մի տուն լիքը մանուկներ» ահով էին լսում և բուքի ոռնոցը, և պարտքատիրոջ ոտնաձայնը… Ապա կանցնի նորոգ օրերի պատմությանը, երբ Լոռու ձորում մի խեղճ Չատի սպանեց թավադին և «ղակոնը» նրան քշեց Սիբիր։ Կավանդի և հերոսական նոյեմբերը, որպես նոր պատմության սկիզբ, կպատմի և նրանց մասին, որոնք այս ամայի ձորում բարձրացրին լույսի առաջին ամրոցը… Դուրսը մաղում էր բարակ անձրև ջրերի վրա, արահետների վրա և դեղնակարմիր անտառի վրա…
Այն կապուտաչյա լոռեցին մերթ նայում էր պղնձե սլաքներին և մերթ արահետին, որով մի օր իջավ քարափի գլխիս ծվարած տներից և այստեղ, այս նոր ամրոցի կառուցման հետ, նրա ներսն ամրացավ մի նոր հավատ, նոր բարբառ…
* * *
Ես նայում եմ նրան և հիշում իմ երկրի հին պատմությունը։
Քարերն ու մագաղաթներն ավանդում են նրա քաղաքների կործանումը և սուր, և գաղթ։
Ինչպես մի եղեգն՝ նախ խոնարհել է գլուխը հողմերի առաջ և խաղաղության ժամին նորից հառնել։ Նա սարսափահար փախել է իր գյուղերից, ինչպես նախիրը հրդեհվող անտառից, ապա տուն է շինել քարափների վրա, և անձրևախառն քամին ծեծել է նրա հողաշեն խրճիթը։
Մեր երկրի ժայռերի վրա հաղթողները սնապարծ ոճով փորագրել են ավարառության և կողոպուտի պատմություններ, իսկ խավար խուցերում պատմագիրը հորինել է նույնքան սնամեջ առասպելներ հին փառքի մասին։
Ռամիկն անմռունչ պառկել է խանի, թավադի և սպիտակ ցարի մտրակի տակ, երբեմն ըմբոստացել, որպեսզի մյուս օրն ապավինի իր տխուր երգերին և նորից քաշի հին լուծը։ Նա հերկել է ուրիշի հողը, սերմել է արյուն-քրտինք, իսկ առյուծի բաժին առել են ռեսը վանքը և ռուբլու արքան։
Նրա գորշ հյուղերի վրա երկինքը մաղել է տրտմության անձրևը։
Ես նայում եմ այս նորոգ մարդու աչքերին և կարդում նոր պատմությունը։ Դեռ ինչպիսի շենքեր պիտի բարձրանան մեր լեռների լանջերին և ձորերում, ինչքան քաղաքներ պիտի հառնեն տափարակների վրա և զվարթաձայն հնչեն կառուցողների նոր երգերը։
Երկրի և մարդկանց վրա, հերկած հողերի վրա, իջնում է աշնան բարեբեր անձրևը…

%d bloggers like this: