Պահոց | 8:27 ա.

Ինչու՞ եկան, ինչու՞ գնացին…

13 Ապր

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությունները մեր տարածաշրջան վաղուց այլևս իրադարձություն չեն: Երբ տեսանելի չէ արդյունքը, շատ դժվար է համոզել հանրությանը դրանց կարևորության իմաստը: Այնպես որ, այս անգամ էլ Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ներկայությունը Երևանում կարող էր աննկատ մնալ, եթե չլիներ անսովոր մի հանգամանք: Բանն այն է, որ ժամանումից առաջ ԵԱՀԿ մամուլի ծառայությունը հայտարարել էր այն մասին, որ համանախագահների այցի նպատակն է շարունակել քննարկումները հիմնարար սկզբունքների շուրջ` հենվելով Սոչիի հանդիպման դրական առաջընթացի վրա: Սակայն թե նախագահի մոտ, թե արտգործնախարարությունում կայացած հանդիպումների ժամանակ էական ոչինչ չասվեց բուն բանակցային գործընթացի, առավել ևս` հիմնարար սկզբունքների առումով: Նույն էր փաստում նաև ԱԳ նախարարության տարածած տեղեկատվությունը` վկայելով, որ զրույցները բացառապես ընթացել էին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով արձանագրված զինանդադարի խախտումների և դրանց վերահսկողության մասին: Սրանից զատ հայկական կողմը միջնորդների ուշադրությունն էր հրավիրել անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում իրականացված համանախագահների դաշտային գնահատման առաքելության զեկույցի` Ադրբեջանի կողմից աղավաղման ու այդ փաստաթուղթն իբրև սեփական ռազմատենչ հռետորաբանությունն արդարացնող միջոց ծառայեցնելու փորձերի վրա: ԱԳ նախարար Է. Նալբանդյանն այս առիթով ասել էր, որ «Ադրբեջանի կողմից զեկույցի առնչությամբ արվող մեկնաբանությունները հակասում են համանախագահների ներկայացրած գնահատականներին, դրանով իսկ ոչ միայն ստվեր գցելով նրանց ջանքերի, այլև բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա»:
Ստացվում էր այնպես, որ համանախագահներն այցելության որևէ հստակ ծրագիր չունեին, կամ կարելի է ասել` նրանց այցն ավելի ընդհանրական էր և խնդրի կարգավորման ուղղությամբ նոր գաղափարների քննարկման նպատակ չկար: Դատարկ ձեռքերով Կովկաս ժամանած միջնորդներին այլ բան չէր մնում անել, քան հայտարարել, որ տեղում իրենք քննարկել են Սոչիի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձել շփման գծում միջադեպերի հետաքննության անցկացման մեխանիզմներին, նաև արծարծել առաջիկայում արտգործնախարարների կայանալիք հանդիպումների թեման: Իսկ սա կարող է ներկա պահին նշանակել միայն մի բան. գլխավոր թեման իր տեղը զիջել է առանձին վերցրած մեկ խնդրի և այդ խնդիրն է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննություն անցկացնելու պարտավորությունների կատարումը: Սա իր հերթին պիտի նշանակի, որ ներկա իրավիճակում միանգամայն անիմաստ է խոսել կողմերի միջև համաձայնություն ձեռք բերելու մասին, և ամենաառաջնայինն այժմ հակամարտության գոտում խաղաղության պահպանումն է, որը յուրաքանչյուր պահի պատրաստ է դուրս գալ վերահսկողությունից:
Երեկ երեկոյան համանախագահներն արդեն Ստեփանակերտում էին, որտեղ հանդիպեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Դռնփակ զրույցի ավարտից հետո լրագրողներին տեղեկացվեց, որ միջնորդներն այս անգամ ճեպազրույց չեն ունենա: Իսկ այսօր, հատելով շփման գիծը, նրանք մեկնելու են Բաքու: Ադրբեջանում վերջիններիս շատ ավելի դժվարին երկխոսություն է սպասվում: Հեշտ չէ հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտության մասին համոզել մի երկրի նախագահի, ով օրերս ռուսական հեռուստաընկերություններից մեկի եթերով փաստացի կոչ արեց միջազգային հանրությանը ռմբահարել Լեռնային Ղարաբաղն ու անվտանգության գոտին` համաձայն լիբիական սցենարի: Իսկ ընդհանուր առմամբ վերջին շրջանում ադրբեջանական քաղաքական վերնախավում նկատելի է մի տենդենց, որի համար հիմք են ծառայում կարծիքներն այն մասին, թե աճել է եվրոպական կառույցների հետաքրքրությունը ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ: Սրա հետ մեկտեղ Բաքվում նաև մտածում են, թե չպետք է հույս դնել այն բանի վրա, որ ղարաբաղյան հարցում եվրոպական կառույցները կաջակցեն Ադրբեջանին: «Գերտերությունները ցայժմ երկակի, երբեմն նաև եռակի ստանդարտներ են կիրառում: Եվրոպական կառույցների հետ աշխատանքներ են տանում ոչ միայն Բաքուն, այլև` Թբիլիսին և Երևանը»,- ասում են ադրբեջանցիները և անմիջապես հավելում, որ Եվրոպան մտադիր է զբաղվել ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, այլ դրա վրա վերահսկման բանալիների հայտնաբերման փնտրտուքով, քանի որ Արևմուտքը երկրագնդի «թեժ կետերի» նկատմամբ համակարգային մոտեցման կարիք է զգում:
Այստեղ ավելորդ չէ վերհիշել օրեր առաջ գերմանական Frankfurter Rundschau թերթում հրապարակված «Կովկասում պատերազմի վտանգի առաջացումը» խորագրով հոդվածը, ուր նշված էր, թե միջազգային հանրությունը և, որ առավել կարևոր է, ԵՄ-ը Ղարաբաղի հարցում մի կողմ են քաշվել, քանի որ պատերազմի հրձիգ Ադրբեջանն իրենց համար կարևոր գործընկեր է Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա նավթի մատակարարման և Nabucco նախագծի իրականացման հարցում:
Թերևս երկու տեսակետներն էլ զուրկ չեն իրատեսության ատաղձից: Չի կարելի ժխտել, որ Եվրոպային առավելապես մտահոգում է տարածաշրջանում պատերազմի վերսկսման հավանականությունը: Սակայն նույն Եվրոպան նաև գիտակցում է, որ ներկա պահին անցանկալի հետևանքները կասեցնելու համար նա Հարավային Կովկասի տարածաշրջանում բավարարար լծակներ չունի: Եվ այս տեսանկյունից համանախագահների հաճախակի դարձած այցելությունները մի տեսակ նպատակ են հետապնդում ինչ-որ կերպ լրացնելու այդ բացը, թեև հազիվ թե դրանք հաջողությամբ պսակվեն: Սահմանային գոտուց ստացվող վերջին ամփոփագրերը լավատեսության համար հիմքեր չեն թողնում: Միայն անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ: Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ադրբեջանական զինուժը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 2300 անգամ` արձակելով շուրջ 13 հազար կրակոց: Եվ այս ահագնացող հրակոծությունները սաստելու համար այսօր ընդամենը շփման գծում` Աղդամ-Բարդա հատվածում կայանալու է ԵԱՀԿ առաքելությունների հերթական դիտարկումը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՅՈՒՍՈՒՖ ԻԴՐԻՍ

13 Ապր

Հատվածներ «Ֆարֆուրները» պիեսից

Ֆարֆուր- Աշխատիր որպես մտավորական:
Սիդ- Իսկ ի՞նչ են անուն այդ մտավորականները ձեզ մոտ:
Ֆարֆուր- Ոչինչ էլ չեն անում:
Սիդ- Ինչպե՞ս թե՝ ոչինչ չեն անում:
Ֆարֆուր- Քո այդ հարցը վկայում է, որ դու մտավորական չես:

* * *
Ֆարֆուր- …Աշխատիր պետական ծառայող: Դու դրա համար ընդունակություններ ունես:
Սիդ- Այդ ինչպե՞ս:
Ֆարֆուր- Չե՞ս ուզում քո անկյունը ունենալ, որտեղ կարող ես քնել և երազում տեսնել, որ երազ ես տեսնում: Աշխատավարձից աշխատավարձ դու մի ամբողջ ամիս կունենաս երազ տեսնելու համար:

* * *
Սիդ- Քանի դեռ ես քո տերն եմ, իմ կարծիքը քոնից ավելի լավն է:
Ֆարֆուր- Նույնիսկ եթե իմ կարծիքը ճիշտ է, իսկ քոնը՝ սխա՞լ:
Սիդ- Որդիս, ճիշտ և սխալ կարծիքը որոշվում է այսպես. ճիշտ կարծիքը իմ կարծիքն է, իսկ սխալ կարծիքը՝ քոնը:

* * *
Ֆարֆուր- …Ինչու՞ ես դու տեր, և ինչու՞ եմ ես Ֆարֆուր:
Սիդ- Որովհետև յուրաքանչյուր տեր պետք է ունենա Ֆարֆուր:
Ֆարֆուր- Ինչու՞:
Սիդ- Որովհետև յուրաքանչյուր Ֆարֆուր պետք է տեր ունենա:
Ֆարֆուր- Բայց ինչու՞ պետք է ունենա:
Սիդ- Որովհետև այդպես է: Պետք է, նշանակում է՝ պետք է:
Ֆարֆուր- Պիեսու՞մ, նկատի ունես:
Սիդ- Պիեսում և պիեսից դուրս: Ամեն, ամեն տեղ: Այդպես է պետք… Յուրաքանչյուր ոք կամ լինում է տեր, կամ լինում է Ֆարֆուր: Ամեն Ֆարֆուր տեր ունի, և ամեն տեր ունի Ֆարֆուր:

* * *
Սիդ- Ֆարֆուր, եղբայրս, մեզ պետք է մեկը, որը կղեկավարի մեզ:
Ֆարֆուր- Ինչու՞ է պետք… Բնավ պետք չէ:
Սիդ- Գոնե նրա համար, որ ասի, թե երբ ենք մենք աշխատելու և երբ ենք հանգստանալու:
Ֆարֆուր- Ամեն մեկը ինքն է իրեն ասում:
Սիդ- Շատ լավ, ուրեմն հիմա ես ինքս կասեմ՝ հանգստացիր, ո՜վ ինքս: Վերջ, ես հանգստանում եմ:

* * *
Ֆարֆուր- Ես գոնե մեկ օրենք գիտեմ, ով աշխարհ, որը վերաբերվում է մարդկանց: Եվ Ալլահը վկա, այդ օրենքը չափազանց պարզ է… Օրենք, որ ես քեզ նման եմ, և դու ինձ նման ես: Եվ մենք պետք է մաքրենք մեր հարաբերությունները աշխատողի և աշխատացնողի, ամբոխի և պատասխանատուի, Ֆարֆուրի և տիրոջ, գիտունի և տգետի, ուժեղի և թույլի հարաբերություններից: Մարդկության օրենքը, ով աշխարհ, ինը ամիսների և մեր կերած կաթի օրենքը, այն օրենքը, որ ղեկավարել է մեզ, երբ մենք փոքր էինք և թրջում էինք մեր անկողնում, օրենքը, որը թույլ է տալիս բոլոր երեխաներին լինել եղբայրներ: Նրանց մեջ չկան ոչ Սիդ և ոչ Ֆարֆուր: Բնության օրենքը, կենդանիների օրենքը, երբ առյուծը չունի տեր առյուծ, և ոչ մի ագռավ Ֆարֆուր չէ ուրիշ ագռավի մոտ:

ԱՆՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

13 Ապր

ՇԻՐՎԱՆԶԱԴԵՆ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՄԱՍԻՆ

«… Ես գրել էի մի հայ բանաստեղծի մի ոտանավորի մասին, որի հեղինակը հրճվանքով պատմում է, թե ինչպես նա իր տասներեք տարեկան ազգականուհու հոգին բռնաբարել է և մարմինը գերեզման ուղարկել:
Երեկ իմ բարեկամներից մեկի ցուցմունքով կարդացի մի ուրիշ հայ «բանաստեղծի» մի ավելի զազրելի ոտանավոր: Այդ «բանաստեղծի» անունն է Դանիել Վարուժան, ոտանավորի վերնագիրը «Ով Լալագե…»: Տպված է այդ կեղտոտ ոտանավորը նույն «Գեղարվեստ» հանդեսի նույն համարում:
Դատեցեք ինքներդ: Մեր բանաստեղծը պատմում է, թե ինչպես ինքը մի օր իր հղի կնոջ հետ մտնում է մի այգի այգեկութի ժամանակ: Այգում աշխատում են եթովպացի կանայք կիսամերկ, «ծիծերն ի վար գոգին մեջ»: Տեսնում է նրանց թե չէ, իսկույն գրգռվում է: Գոնե ինքն այսպես է երգում.
«Ես ունեցա ընդվզումներ արյունի.
Ու ցանկացա արեգակին, հողին պես
Բեղմնավորել ինձ մերձացող ամեն հունտ…
Այսինքն, հասարակ մահկանացուներիս լեզվով ասած, «հայ բանաստեղծը» ցանկություն է ունենում սեռական հարաբերություն ունենալ բոլոր եթովպուհիների հետ, որոնց, «պորտին տակը» այնպիսի բանաստեղծական էքստազի է բերում նրան, որ մոռանում է անգամ իր հղի կնոջ ներկայությունը: Եվ ահա այն միջոցին, երբ հղի կինը զբաղված է նուռը քաղելով և ուտելով, մեր երևելի բանաստեղծը մի եթովպուհու…
Համբուրեցի… բռնած հընդիկ մազերեն,
Պառկեցուցի ժըպտագին գլուխը կրծքին
Ու հեշտաբուռըն շրթերով, Լալագե,
Համբուրեցի…
Եվ այլն:
Դա արդեն պոռնկագրություն չէ, այլ կատարյալ պոռնկություն: Եվ ահա Դանիել Վարուժանի պես էրոտոմանները մեզ իրանց պոռնկության նմուշները ծախում են բանաստեղծության տեղ և «Գեղարվեստ»-ի նման մի հանդես այդ նմուշները օրը ցերեկով թավազա է անում մեզ: Ոհ, մարդու փսխանքն է գալիս այդ տեսակ գռեհիկ, կոպիտ, ամոթից ու ամենատարրական ճաշակից զուրկ «բանաստեղծների» գործերը կարդալիս:
Խեղճ հայ ընթերցող:
Ես գնահատում եմ «Գեղարվեստ» հանդեսը, հավանում եմ նրա նկարները, սիրում եմ խմբագրի եռանդը և անկեղծ ցանկությունը ծառայելու իր հայրենակիցների մեջ գեղեցիկի ճաշակը զարգացնելու գործին, բայց չեմ կարող իմ նողկանքը չհայտնել, որ շատ գեղեցիկ էջերի հետ նրա համակրելի հանդեսի մեջ կան և լինում են և այնպիսի աղտոտ էջեր, որպիսին է «Ով Լալագե…»:
Կցանկանայի, որ պ. Գ. Լևոնյանը չենթարկվեր մի խումբ տգետ, անճաշակ արևելյան կեղտը՝ իդեալական սիրո և գորտերի կռկռոցը սոխակի դայլայլի տեղ ընդունող ասիացիների խրախուսանքին…»:

ԲՐԱՅԸՆ ՓԵԹԸՆ

13 Ապր

Դիմանկար աղջկա՝ բռնաբարված արվարձանային երեկույթի ժամանակ

Եվ այս հանկարծակի հարվածից հետո
Ոտքի կկանգնես ու խարխափելով կհեռանաս՝
Մտածելով, թե որքան դատարկ էր քո կյանքը
Ու հայելու առջև քո ուշիմ խնամքը ամեն երեկո,
Եվ բոլոր մերժված տղաները
Ուր հասցրեցին քեզ:
Դատապարտված գալիք օրերով՝
Այս ծառերի մեջ՝
Այս սառը պարտեզում,
Դու դողում ես ու փսխում…

Սարսափահար ու գինովցած՝
Զարմանում ես, որ քնքշության կոչող այդ գործողությունը
Բնավ քնքուշ չէ:
Հիմա մոռացել ես քո քմծիծաղը սիրո վրա,
Մանկամտությունը մնաց ետևում,
Դու, որ ծերությունից այդքան հեռու ես,
Փսխում ես ծաղիկների մեջ,
Իսկ տաք ու գաղջ սենյակներում
Երեկույթը շարունակվում է դեռ:

Հասկացար, որ հեռանալ է պետք
Արբեցած կյանքերի խմբից,
Թեև տասը րոպե է, ինչ հղի ես,
Դու տասը հազարներով չես մոռանա
Այս երեկույթը
Եվ այս մռայլ շաբաթ երեկոն,
Երբ քո աչքերից մոլորակներ ժայթքեցին
Որ ճողփացին արվարձանային խոտերի մեջ:

 

Առակ Օշոյից

13 Ապր

ԸՆԴՈՒՆԵԼ ԻՆՔՆ ԻՐԵՆ

Դուք չեք կարող լինել ոչ այլ բան, քան այն, ինչ կաք: Թուլացեք: Գոյությանը դուք հարկավոր եք հենց այնպիսին, ինչպիսին կաք:
Մի անգամ թագավորը եկավ այգի և տեսավ թոշնող ու մեռնող ծառեր, թփեր ու ծաղիկներ: Կաղնին ասաց, որ ինքը մեռնում է, որովհետև չէր կարող լինել այնքան բարձր, որքան սոճին: Դիմելով սոճուն` թագավորը տեսավ, որ նա տերևաթափ է լինում, որովհետև չէր կարող խաղողի վազի նման խաղող տալ: Իսկ խաղողի վազը մեռնում է, որովհետև չէր կարող ծաղկել, ինչպես վարդը: Շուտով նա բույս գտավ, որ սրտին ուրախություն էր պատճառում, ծաղկուն էր և թարմ: Հարցուփորձ անելով` նա այսպիսի պատասխան ստացավ.
— Ես դա ինքնին հասկանալի բան եմ համարում: Չէ որ, երբ դու ինձ տնկում էիր, դու ցանկանում էիր ուրախություն ստանալ: Եթե դու կաղնի, խաղողի վազ ցանկանայիր ստանալ, դու դրանք կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ չեմ կարող որևէ այլ բան լինել, բացի այն, ինչ կամ: Եվ ես ձգտում եմ զարգացնել իմ լավագույն հատկանիշները:

%d bloggers like this: